«Մեծ յոթնյակը» կազմում է միջազգային օրակարգը – Օրերս մի նոր կոչ են արել Ռուսաստանին եւ Իրանին ուղղված, որ մասնակցեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը – Սիրիայի եւ Իրանի մասնատման փոխարեն պտի կազմաքանդվեն Թուրքիան եւ Ադրբեջանը… Հյուսիսային Կորեան իր ատոմային զենքով դարձել է միջազգային օրակարգի առաջնային խնդիրը…

«Մեծ յոթնյակի» երկրները օրերս մի նոր կոչ են արել Ռուսաստանին եւ Իրանին ուղղված, որ նպաստալից մասնակցեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարծիք կա, որ Ռուսաստանը եւ Իրանը պետք է ճիշտ օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Այդ մասին խոսել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Մենք հանգել ենք նրան, որ ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել առանց քաղաքական կարգավորման եւ իշխանությունից նախագահ Բաշար Ասադի հեռանալու: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ծրագրով առաջընթացը, բայց հստակ հասկացնել ենք տվել, որ Սիրիայի նախագահի կողմնակիցներ Ռուսաստանը եւ Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովվի հրադադարը Սիրիայում եւ նպաստեն իրական ներքաղաքական առաջընթացին»,- ասել է նա Սիցիլիայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները ներկայացնելիս:

G7-ի առաջնորդները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից վտանգը հասել է մի նոր մակարդակի: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության միջուկային եւ հրթռային ծրագրի խնդիրը համաշխարհային հանրության համար առաջնային է, քանի որ Փհենյանի կողմից վտանգը նոր մակարդակի է հասել: Այս մասին նշված է « Մեծ յոթնյակի» երկօրյա գագաթաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ:

«Հյուսիսային Կորեան դարձել է միջազգային օրակարգի առաջնային խնդիրը: Այն ավելի ու ավելի շատ է սպառնում աշխարհի կայունությանը: Վտանգը հասել է նոր մակարդակի»,- ընդգծել են յոթ երկրի առաջնորդները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա):  

Իսկ Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել: Հրթիռն ընկել է Կորեական թերակղզու արեւելյան ափին, թռիչքի հեռավորությունը մոտ 450 կմ է եղել: Տոկիոն իր անհանգստությունն է հայտնել, որտեղ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից օգտագործվող զենքի տեսակները իրական վտանգ են ներկայացնում Ճապոնիայի առեւտրային նավերի եւ ավիացիայի համար:

Ճապոնիայի վարչապետը հիշեցրել է Տոկիոյի ու Վաշինգտոնի դիրքորոշումը G7 գագաթաժողովի ժամանակ. «Ինչպես եւ մենք պայմանավորվել ենք գագաթաժողովին, հյուսիսկորեական խնդիրը միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից պետք է դառնա: Այդ երկրին զսպելու համար մենք պատրաստ են ակտիվորեն գործել Միացյալ Նահանգների հետ»:

Հիշեցնենք, որ Փհենյանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում ինքը կօգտագործի իր զինտեխնիկան ամբողջությամբ: Նախ կպատժի Միացյալ Նահանգների մոտակա դաշնակիցներին՝ Ճապոնիային եւ Հարավային Կորեային, ապա կմարտնչի ԱՄՆ-ի դեմ:

Հյուսիսային Կորեան իրականացնելու է բալիստիկ հրթիռների նոր փորձարկում: Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն արդեն դրանց նախապատրաստման հետ կապված հանձնարարականներ է տվել գիտնականներին եւ տեխնոլոգներին: Նա հայտարարել էր, որ այս փորձարկումը հաջող է եղել: Միջին հեռավորության հրթիռը, ըստ գնահատականների, թռել է մոտ 800 կմ:

Ամերիկյան իշխանություններն արդեն կոչ են արել միջազգային հանրությանը ուժեղացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները եւ հիշեցրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելում է Հյուսիսային Կորեային միջուկային զենքի մշակման ցանկացած գործունեություն: Բայց Փհենյանից նշել են, որ լիարժեք իրավունք ունեն ամրապնդել իրենց պաշպանությունը հատկապես ԱՄՆ-ի հետ ունեցած լարված հարաբերությունների համապատկերում:

Վաշինգտոնն էլ Պեկինին է զգուշացրել, որ զսպի եւ կարգի հրավիրի Փհենյանին: Չինական կողմը խոստացել է ամեն ջանք թափել, որպեսզի բախումների առիթ չառաջանա:

«Մեծ յոթնյակի» երկրներն ընդունել են Ռուսաստանի հետ երկխոսության կարեւորությունը միջազգային հիմնական ճգնաժամերի կարգավորման որոնման ու մշակման համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն: Դիվանագետն ընդգծել է, որ դա չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ ճնշման թուլացում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, որը, նրա խոսքով, ստիպել է G7-ի երկրներին տարբեր ձեւաչափերի սահմանափակումներ մտցնել:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանը G7-ի 2016թ. գագաթաժողովից հետո ոչինչ չի արել, ինչը թույլ կտար փոխել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Վերսալում հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը նույնպես Սիրիայի իրավիճակն էր: «Ես քննարկել եմ Սիրիայի իրավիճակը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ Սիրիայում խաղաղության կարելի է հասնել միայն «քաղաքական, երկարատեւ ու համապարփակ լուծման» հիման վրա։ Նա պատրաստակամություն է հայտնել Սիրիայի հարցում «համագործակցել Ռուսաստանի հետ»։ Նաեւ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը։

Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի հարցը: Երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում ապասրացման գոտու ստեղծման վերաբերյալ հուշագրի ստորագրման արագացմանն ուղղված միջոցառումները, պայմանավորվել են իրականացնել համակարգումը: Նրանք քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, առեւտրատնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, «Թուրքական հոսք» նախագիծը, ինչը եւս G7-ի հետաքրքրությունների շրջանակում է:

Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ եւս հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարեւորագույն խնդիրներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաեւ Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքին ու Հյուսիս-հարավ միջանցքի գործարկմանը:

Իրանի նախագահը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, մասնավորապես ասել է. «Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման գործում երկկողմ համագործակցությունը չափազանց կարեւոր է, եւ Թեհրանը ողջունում է այդ գործում նաեւ Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի եռակողմ ձեւաչափով համագործակցությունը»։ Հասան Ռոհանին, անդրադառնալով Միացյալ Նահանգների ու Սաուդյան Արաբիայի միջեւ տեղի ունեցած վերջին փոխգործակցությանը, մտահոգություն է հայտնել, որ այդ երկրների քայլերը տարածաշրջանում առկա իրավիճակն ավելի են խճճում։ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին կարեւորելով ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը, հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է Իրանի հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Սա կրկին հավաստում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի, ունեն ազդեցիկ ընդդիմախոսներ, ովքեր ի վիճակի են համաձայնության գալու դեպքում աջակցել առկա խնդիրների լուծմանը եւ հակառակը՝ անհամաձայնության դեպքում՝ լրջորեն խոչընդոտել:

Սա հասկանալով՝ ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ անգամ կարող է դրանք ավելի խստացնել. ասել էլ է Սպիտակ տան պատասխանատուն՝ Դոնալդ Թրամփը: «Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)»,- ասել է նա: ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները, բայց միաժամանակ հստակ հասկացրել է, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացմանը:

ԱՄՆ նախագահի կտրուկ գործողություններից հնարավոր է սրացումներ լինեն ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջերս անդրադառնալով Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ նշել է, որ գործող նախագահի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով:

Նման կարծիք նա հայտնել է Մասաչուսեթսում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ «Թրամփը պաշտոնից հեռացրեց մարդու, ով իր նկատմամբ հետաքննություն էր վարում»: Խոսքը Ջեյմս Կոմիի մասին է, ում նախագահը մայիսի 9-ին հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից՝ Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենստայնի խորհրդով: Թրամփն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Ջեյմս Կոմին, ով պաշտոնում նշանակվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013թ., անկարող է արդյունավետ իրականացնել գործառույթները:

Ի տարբերություն Վաշինգտոնի, Եվրոպան էլ կտրուկ քաղաքականություն է սկսել վարել Թուրքիայի նկատմամբ: Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները արդեն քանի տարի է լարված են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման հետ կապված: Նույն վիճակն առաջացավ նաեւ Գերմանիայի հետ:

Բայց Բեռլինը շարունակում է գնալ կտրուկ քայլերի, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից, մինչեւ հունիսի կեսերը կփորձեն հասնել որեւէ լուծման:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է լինել Հորդանանի ռազմաբազան: Նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ նաեւ ամերիկացիների համար, ինչը եւս լուծում ունի. ԱՄՆ-ն ռազմաբազա է փնտրում Սիրիայում:

Անհրաժեշտության դեպքում Թեհրանն էլ կրկին պատրաստ է ռուսական ռազմական ինքնաթիռներին թույլ տալ օգտագործելու Համադանի ավիաբազան: «Սիրիայում իրավիճակը կարող է պահանջել, որ աջակցություն ցուցաբերենք ռուսական օդուժին: Անհրաժեշտության դեպքում մենք կանենք դա»,-ասել է պաշտոնական Թեհրանը: Իրանն առաջին անգամ ավիաբազան տրամադրել է ռուսական օդուժին նախորդ տարվա օգոստոսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելել է Իրան՝ քննարկել երկկող հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի անվտանգության նախարարը:

Եվրոպացիները բացի արտաքին ռազմա-քաղաքական այս խառնաշփոթից, ներքին խառնաշփոթի մեջ են նաեւ հայտնվելու առաջիկայում: Արդեն իսկ Աֆրիկայի ու Ասիայի ներգաղթյալների ու փախստականների հոսքից ճգնաժամի մեջ հայտնված որոշ եվրոպական երկրների ղեկավարներ կրկին մտածում են էժան աշխատուժի եւ սեփական երկրի բնակչության աճը գոնե արհեստականորեն պահպանելու մասին:

G7-ի գագաթնաժողովի քննարկումները եւս արդյունքներ չեն տվել, իսկ առաջիկա տարիներին Եվրոպա կարող են ժամանել մինչեւ 200 միլիոն փախստականներ ու ներգաղթյալներ, որոնց ներգաղթը կանգնեցնել հնարավոր չէ, բայց անհրաժեշտ է այն կարգավորել: Իսկ Եվրոպայի իսլամացման մասին մենք խոսել ենք:

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ով ժամանել էր Սլովակիայի մայրաքաղաք GLOBSEC 2017 միջազգային համաժողովին մասնակցելու համար, գրում է. «Մենք չենք կարող կանգնեցնել միգրացիան, այն միշտ գոյություն է ունեցել, իսկ այսօր ավելի մեծ մասշտաբների է հասել: Սոցցանցերի շնորհիվ մարդիկ ողջ աշխարհում տեսնում են, որտեղ է ապրելը ավելի լավ, եւ ձգտում են այնտեղ: Հետազոտությունների համաձայն՝ առաջիկա տարիներին Եվրոպա կարող են ուղեւորվել մինչեւ 200 միլիոն փախստական: Սակայն մենք նրանց բոլորին ընդունելու հնարավորություն չունենք»:

Այս համապատկերում շարունակվում են լարված մնալ ինչպես սիրիական, այնպես էլ ուկրաինական ու արցախյան հակամարտությունները եւ այն որոշակի հաջորդականությամբ տեղաշարժվում է միջազգային օրակարգի առաջնային հարցերում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռ Սոչի այցից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել էր Դոնբասում ստեղծված իրավիճակը։ Իր ծրագրերի մասի խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ թե կանցլերը արձագանքել է Կիեւի վրա ազդելու Մոսկվայի կոչերին, հայտնի չէ:

Ուկրաինայի արեւելքում պարբերաբար վերսկսվում են ռազմական գործողությունները, խախտվում է հրադադարի ռեժիմը: Վերջերս համաձայնեցված փաստաթղթում դատապարտվել է Դոնեցկի մարզում՝ շփման գծի երկայնքով զինատեսակների կիրառումը, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով եւ որոնք դարձել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների պատճառ։ Խորհրդի անդամները նաեւ լիարժեք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել 2202 բանաձեւին ու Մինսկի պայմանավորվածություններին հետեւելու անհրաժեշտության մասին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները եւս պահանջել են անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում: Ամեն դեպքում ռազմական գործողությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, եւ կողմերից յուրաքանչյուրն այստեղ ունի իր շահերը: Մինչ միջազգային հանրությունը եւ մասնավորապես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը հակամարտության կողմերին հրադադարի վերականգնման կոչեր են անում, երկու կողմերի զոհերի թիվը՝ այդ թվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում, ավելանում է:

Նույն իրավիճակն է նաեւ արցախյան հակամարտության գոտում, որտեղ սակայն հրադադարի ռեժիմը խախտող մի կողմ կա՝ Ադրբեջանը, ու դա անում է պարբերաբար: Սա էլ սրում է իրավիճակը ոչ միայն Կովկասի տարածաշրջանում: Այս մասին անգամ իրանական կողմն է խոսել, եւ Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրներն ուժով լուծելու փորձերն անօգուտ են: Թեհրանը փաստացի ազդակ է հղում, առավելապես Բաքվին, որ դեմ է հակամարտության գոտում ռազմական սրացումներին եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, պատերազմի բռնկմանը:

Թեհրանը դեմ է նաեւ սիրիական սրացումներին եւ հիշեցնում է, որ այստեղ էլ Թուրքիան էր ժամանակին աջակցում Սիրիայի ահաբեկիչներին:

Ըստ պաշտոնական Թեհրանի, Թուրքիան գիտակցել է Սիրիայի հարցում իր սխալ քաղաքականությունը: Այժմ պետք է սպասել, որպեսզի տեսնենք թուրքերն իրենց դիրքորոշմանը հավատարի՞մ են մնում, թե ոչ: «Այսօր Թուրքիան կանգնած է ներքաղաքական լուրջ ճգնաժամերի առջեւ: Սիրիայի հարցում Էրդողանի վարած սխալ քաղաքականությունը հանգեցրեց ներքին խնդիրների առաջացմանը: Եթե թուրքերը վերանայեն իրենց մոտեցումները, ապա Սիրիայի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում նրանց ներկայությունը կարող է օգտակար լինել»,- ասել է ԻՀՊԿ-ում ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդականը:

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի վերջերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Սիրիայի հարցով տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ զինված խմբավորումների ներկայացուցիչները:

«Անկարան ամենայն պատասխանատվություն է կրում մերձավորարեւելյան տարածաշրջանում առկա լարվածության համար»,- թուրքական կողմին մեղադրել է նաեւ Սիրիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆեյսալ Միկդադը: Նա նշել է, որ սա չպետք է մոռանալ: «Անկարան պատասխանատվություն է կրում նաեւ Իրաքում ու Սիրիայում տիրող վիճակի համար»,- ասել է նա:

Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի  գործողությունները գնահատում է որպես իր հյուսիսային նահանգների օկուպացիա եւ Անկարայի հետ չի համակարգում ահաբեկչության դեմ գործողությունները:

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել էր «Աշխարհազորային ուժեր» խմբակցության ազատ գործունեության մասին օրենքը: Իրաքի խորհրդարանի պատգամավորները համաձայնություն էին տվել  «Հաշդ ԱլՇաաբի» խմբակցության ուժերի միացմանը բանակին: Օրենքի ընդունման ժամանակ, Իրաքի խորհրդարանի պատգամավորները խմբակցության անունը փոխել են «Հավաքազորային ուժերի»: Իրաքի  իսլամական գերագույն խորհրդի նախագահ Օմար Հաքիմի խոսքերով, այդ օրենքի ընդունումը համարվում է Իրաքի Սահմանադրության շրջանակում արված ազգային քայլ:

Սիրիական խնդիրը սրել է Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ, այն հասել է այնտեղ, որ Թուրքիայի նախագահը սպառնացել է եվրոպական երկրներին, իսկ Եվրախորհրդարանի բանաձեւը, որով կոչ է արվում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, անվանել է այլամերժություն, ֆաշիզմի դրսեւորում:

ԵՄ-ն դատապարտել է նաեւ Ռուսաստանին ու Իրանին՝ Սիրիայում քաղաքացիական օբյեկտներ ռմբակոծելու համար: Եվրամիության անդամ երկրները պահանջել են սիրիական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին անհապաղ օգնություն ցուցաբերել Հալեպի բնակիչներին եւ միջազգային դիտորդների համար մուտքի հնարավորություն ստեղծել: Բացի Գերմանիայից, հատկապես կտրուկ են արձագանքել նաեւ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան:

Վերջին իրադարձություններին արձագանքել են նաեւ Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ մինչ այդ սիրիական հարցը քննարկվել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում: Երկու նախագահները կհանդիպեն հուլիսին՝ G20-ի գագաթնաժողովում, որտեղ կքննարկվեն նաեւ այլ հարցեր:

Իսկ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՄՆ նախագահը սատարել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գաղափարին. դա պետք է լինի մի տարածք, որտեղ կարգելվեն բոլոր ռազմական գործողությունները եւ ավիացիայի թռիչքները:

Սիրիայում արդեն իսկ սկսվում է ազդեցության գոտիների բաժանում: Սիրիական պատերազմի վերջը հնարավոր է երկրի վրա արտաքին ազդեցությունը քառատելու պայմանով: Ռուսաստանի առաջարկած ծրագրով՝ Սիրիայի կրակի գոտիներում հրադադարը կպահպանեն ընդդիմադիր ու իշխանական թեւերին հաշտեցրած երկրները. դրանք այժմ 3-ն են: Ռուսաստանը այլ համախոհներ էլ է փնտրում:

Սակայն ԱՄՆ-ի նախագահի անսպասելի այցը Սաուդյան Արաբիա՝ սրեց իրավիճակը նորովի: Այնուհետեւ այցը Իսրայել՝ ավելի բորբոքեց իրանյան կողմին: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը փորձում է արաբա-իսրայելական դաշինք ստեղծել Իրանի դեմ: Թեհրանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի սպառնալիքին՝ ասելով, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը սպառնացել էր, թե Էր Ռիադը պատերազմը կտեղափոխի Իրանի տարածք»:  Իրանական կողմը հայտարարել է, որ «Սաուդյան Արաբիան կարծում է, թե ռազմաօդային ուժեր ունի եւ ի զորու է ինչ-որ բան անել: Մենք նրանց խորհուրդ ենք տալիս հիմարություն չանել, բայց եթե հիմարություն արեցին, ապա Իրանը բացի Մեքքայից ու Մադինայից՝ Սաուդյան Արաբիայում շեն տեղ չի թողնի»…

Ամերիկացիները որոշակի խլրտումներ են առաջացրել նաեւ սիրիական գոտում, սիրիական դեմոկրատական ուժերի քուրդ-արաբական խմբերը հայտարարել են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումից Տաբկա քաղաքը ազատագրելու մասին, որն ընկած է Ռաքքայից արեւմուտք։ Դեմուժերն առաջ են շարժվում ԱՄՆ-ի կոալիցիոն զորքերի օժանդակությամբ եւ ծրագրում են հարձակվել Ռաքքայի վրա: Դամասկոսի իշխանությունը այդ գործողությունն անօրինական է համարում: «Մի քանի ժամվա ընթացքում մեր զինվորականները կարողացան ամբողջովին ազատագրել Տաբկա քաղաքի պատմական մասը»,- ասված է սիրիական դեմոկրատական ուժերիհաղորդագրության մեջ:

Ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը խնդիր ունի ընդլայնելու իր դաշնակիցների շրջանակը: Եթե ըստ մասնագետների, Միացյալ Նահանգներին այսօր աջակցում է 60 երկիր, ապա Ռուսաստանի Դաշնության աջակիցների թիվը զգալիորեն քիչ է։ Հետեւապես, լուրջ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան կարողանա վերականգնել իր վստահությունը գործընկերային ոլորտում, ինչը այսօրվա Ռուսաստանի համար դժվարին խնդիր է: Ամենամտերիմ դաշնակից Հայաստանն անգամ հասկացել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է մի կողմ դնել պայմանագրային պարտավորությունները եւ գործել միայն սեփական շահերին հետամուտ:…

Հայաստանը եւս շահեր ունի սիրիական ռազմական գործողությունների հարցում: Նախ՝ Սիրիան բարեկամական երկիր է եւ մեր դաշնակիցը արաբական աշխարհում, հետո նաեւ մերձավորարեւելյան հատվածում ամենակազմակերպված գաղթօջախներից մեկը հայերն ունեն այս երկրում, ինչն խիստ կարեւոր է հետագա մեր պահանջատիրական խնդրում:  Սիրիայի եւ Իրանի ամուր պետականությունը թույլ չի տա, որպեսզի Թուրքիայի մասնատման հարցերում քրդականն գործոնը հանդես գա էլ ավելի միավորված ու հզոր, ինչպես Թուրքիայում եւ Իրաքում է: Արեւմտյան Հայաստանի հարցում նկրտումներ ունեն նաեւ Սիրիայի եւ Իրանի քրդերը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։