Տարածաշրջանում կապրի միայն մեկ եռյակը – Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ… Եվրոպան պիտի արագ կողմնորոշի Վրաստանին…

Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ: Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մեջ չի ներքաշվում, քանզի Անկարան ու Բաքուն երբեք չեն համաձայնի տրամադրել իրենց տարածքները եւ բնական պաշարները այն ծրագրերում, որտեղ Հայաստանը եւս դեր ունի:

Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի դերի ու նշանակության մեծացմանը տարածաշրջանում, այլեւ ինքնըստինքյան կարգելափակի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը շատ ծրագրերում: Դա հնարավոր է, քանի որ այս ուղղությունը ազատորեն հասնում է եվրոպական երկրներ՝ Բուլղարիայի կամ Ռումինիայի տարածքներով, որտեղ էլ հասնում է Սեւ ծովի ճանապարհն օգտագործելով: Կարող է նաեւ Ուկրաինա հասնել, որտեղից նույնպես կծավալվի եվրոպական ուղղությամբ:

Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունը կարող է սպասարկող լինել նաեւ Ռուսաստանի համար, ինչը կբարձրացնի այս եռյակի հնարավորութհյունների ծավալները եւ նշանակությունը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական առումով:

Բայց անհանգստացնող է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմական գործերում պարբերանար ներքաշում են նաեւ Վրաստանին, ինչը այս եռյակին կարող է տալ այն հնարավորությունները, ինչը նշեցինք մեր եռյակի դեպքում:  

Վրացագետ Ալիկ Էրոյանցը դժվարանում է կանխատեսել՝ տարածաշրջանի համար ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, քանի դեռ հայտնի չեն պայմանագրի մանրամասները։ Բայց տրամաբանական է, որ հաստատ Հայաստանի հանդեպ բարեկամաբար չի տրամադրվելու մեր երկու բացահայտ թշնամիների ներկայությունը արձանագրած պայմանագիրը:

Վրացագետը միաժամանակ հիշեցրել է, որ նախկինում եղած պայմանավորվածությունների համաձայն՝ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համագործակցում են հակաահաբեկչության, հաղորդակցության ու երկաթգծի անվտանգության ապահովման բնագավառներում։

Հիշեցնենք, որ այս երկրները պայմանագրեր ստորագրելիս չեն մոռանում նշել, որ իրենք եղբայրական երկրներն են եւ իրականացնողներն էլ եղբայր ազգեր են:

Պաշտպանության եւ անվտանգության բնագավառում սույն եղբայր երկրները տարիներ առաջ Նախիջեւանում մի պայմանագիր էլ ստորագրեցին, որտեղ հավաստեցին, թե երեք երկրներից որեւէ մեկին սպառնացողի դեմ հանդես կգան միասնաբար… Վրաստանում այդպես էլ չհասկացան, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշվեն Թուրքիայի հետ միասին, ապա վրաց-ռուսական հակամարտությանը հաստատ թուրք-ադրբեջանական դաշինքը չի խառնվելու… Թուրքերն իրենց համաթուրքական շահերն ունեն, որին միավորվել են նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Իսկ սա նշանակում է՝ դեռ Անկարան ու Մոսկվան համագործակցության եզրեր են փնտրելու:

Անգամ Հայաստանում են հասկացել, որ Մոսկվան իր շահերը երբեք հավասար (էլ չասենք՝ ինչ-որ պահի որոշակի ստորադաս) չի դիտարկել հայկական շահերի հետ եւ պատմության տարբեր ժամանակահատվածներում միշտ առաջնորդվել է վելիկոռուսական շահերով…

Դառնալով վերոնշյալ եռակողմ պայմանագրի՝ Հայաստանի համար վտանգ պարունակելու հանգամանքին՝ նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան միանշանակ Հայաստանին մեկուսացման տանող քաղաքականություն են վարելու։ Մեզ համար սա նորություն չէ, բայց անհանգստացնող է այն, որ այս գործի մեջ են ներքաշում նաեւ վերջին ժամանակներս բարեկամաբար տրամադրված Վրաստանին։ Իսկ այս երկիրը այն կետն է, որտեղից առաջ է գնալու Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցությունը:

Սա իրոք անհանգստացնող է, քանի որ այս փորձերն ինչ-որ առումով միշտ հաջողության են հասնում, Անկարան եւ Բաքուն գրեթե միշտ համոզում են Թբիլիսիին: Այլ հարց է, թե դրանք հետագայում ինչ խորություն կունենան, եւ Վրաստանի հետագա մոտեցումներն ինչպիսին կլինեն։

Բաթումում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիրը ստորագրել են այդ երկրների պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Զաքիր Հասանովը եւ Լեւան Իզորիան: Պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Վրաստանն իր ուղղությունը կհստակեցնի այն պահին, երբ Արեւմուտքը որոշի, որ եկել է Թուրքիայի մասնատման ժամանակը:

Իսկ սա շատ հավանական տարբերակներից է:

Բայց զարմանալի է, որ Թբիլիսին չի նկատում իր տարածքների թուրքացման վտանգը: Խոսքը միայն Ջավախքի թուրքացման մասին չէ, ինչը փորձում են իրականացնել թուրք-մցխեթներին բնակեցնելու ծրագրով:

Այսպես Թուրքիան Ջավախքի ու Մարնեուլի ադրբեջանցիների միջոցով ուղիղ կապ է հաստատում Ադրբեջանի հետ, ինչը չկարողացան անել Նախիջեւանի ուղղությամբ, երբ տարիներ առաջ քննարկում էին Լաչինի միջանցքին (ՀՀ-ԼՂՀ-ն կապող) զուգահեռ ստեղծել Մեղրիի միջանցքը՝ Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապը ապահովելով (ամերիկացի Պոլ Հոբլի ծրագիրն էր):

Անկարան վաղուց աչք ունի Աջարիայի եւ Աբխազիայի տարածքների նկատմամբ, ինչը փորձում է անել կրթա-մշակութային ու կրոնական ուղղություններով: Աջարիայի իշխանությունները խոստացել են վերջերս էլի մեկ մզկիթի կառուցման հարցը լուծել: Բաթումում նոր մզկիթի հարցը առաջիկայում կլուծվի՝ հաշվի առնելով հանրության շահը: Անկարան նաեւ սոցիալ-տնտեսական ներխուժումներով է փորձում հաստատվել Աջարիայում եւ Ջավախքում՝ մանր-մունր աշխատատեղերի բացման հնարքներով:

Մեկ անգամ չէ, որ վրացական կողմը հայտարարել է, որ հարցի վերաբերյալ ամենօրյա քննարկումներ են լինում: Առաջիկայում հարցը կկարգավորվի՝ անկասկած հաշվի առնելով մուսուլմանական համայնքի, տարածաշրջանի, երկրի շահերը: Մենք էլ հավելենք, որ ինչպես միշտ իրապես հաշվի կառնվեն մուսուլմանների շահերը՝ ի վնաս դեռ քրիստոնեական Վրաստանի ու Հայաստանի:

Հիշեցնենք, որ սեւծովյան որոշ տարածքներ Թուրքիային անհրաժեշտ են, որպեսզի կարողանա մոտ լինել Ղրիմի թաթարների խնդրին (եւ ոչ միայն այդ), ինչը համաթուրանական ծրագրի իրականացման հանգրվաններից մեկն է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։