Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում կամ լեզվի պետական տեսչությանը սահմանափակումների են ենթարկում՝ սպասում ենք, որ Հայաստանի անվանափոխության հարց էլ առաջ կգա… Լեզվաքաղաքականությունը լեզվամտածողության հետեւանք է…

Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում, որը միանշանակ պարտադրվում է օտարի կողմից, այս դեպքում՝ Ռուսաստանի, հայոց լեզվի պաշտպանների նյարդերն այնքան են տեղի տալիս, որ թվում է հաջորդ քայլը Հայաստանի անունը փոխելն է լինելու… Ինքս էլ եմ հայտնվում այդ վիճակում, նախնական հոդվածս նմանվում է պարզապես հայհոյախառն մի գրվածքի, որտեղ տարբերություն չի դրվում դրսի ու ներսի օտարների հարցում… Բայց հասկանալի է, որ հետո գրվածքը պատասխան հոդվածի տեսքի է բերվում եւ թվում է՝ ամեն ինչ ասված է, ուղղակի մի քիչ նուրբ, բայց միեւնույնն է՝ հոգեկան բավարարվածություն չի զգացվում:

Կամ ասենք, ամեն անգամ նորովի մի ոտնձգության փորձ է լինում լեզվի տեսչության նկատմամբ. որին ավելի խեղճացրեցին՝ ինքնուրույն վիճակից կրթության եւ գիտության նախարարության կցորդը դարձնելով: Ի վերջո, լուրջ լեզվական ու լեզվա-կրթական խախտումներ նաեւ նախարարությանը պատկանող ուսումնական հաստատություններում էլ են լինում, որոնք մնում են առանց բացահայտման:  

Ավելի քան 2 ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը: Հարցն ընդգրկված էր նաեւ կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ, բայց այն չքննարկվեց: Ըստ երեւույթին՝ նաեւ ներքին ընդդիմություն կա այս հարցում:

Ինչեւէ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանել է, որ եթե ըստ ներկա քաղաքականության, տեսչությունները պիտի խոշորացման գնան, այնուամենայնիվ, իր կարծիքով, պետք է լինի «մի առանձին օղակ, մի կոմիտե, որը կզբաղվի Հայաստանի լեզվաքաղաքականությամբ, եւ ոչ միայն հայոց լեզվի, այլեւ օտար լեզուների»:

Այլ բան է, երբ խոսվում է լեզվի տեսչության ոչ նպատակային կամ ոչ բավարար աշխատանքի մասին: Այստեղ, իմիջիայլոց կան թերություններ, ինչը ոչ միայն կառույցի սահմանափակ կարգավիճակից է բխում: Այո, շատ ավելի լավ կլինի, եթե լեզվի տեսչությանը ինքնուրույն կարգավիճակ տրվի համապատասխան լիազորություններով ու մեծ ուշադրություն հատկացվի այդ տեսչության աշխատանքներին: Անգամ՝ խիստ հսկողություն սահմանվի, որ մեր պետական ու ազգային լեզվաքաղաքականությունը միշտ հաղթող դուրս գա հայկական, թե օտար գործատուների հետ պայքարում: Իհարկե՝ նաեւ բոլոր սահմանված գործառույթներում:

Սա կարեւոր է նաեւ, քանի որ մեր գերատեսչություններում, առանձին հիմնարկներում կազմակերպված համաժողովներն երբեմն անցկացվում են օտար լեզվով՝ ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն: Հատկապես՝ ռուսերեն, որն ընթանում է առանց համընթաց թարգմանության, իբր ռուսերենի իմացությունը Հայաստանում պարտադիր է…

Սրանք խախտումներ են, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն՝ վերոնշյալ օրենքի պահանջները խախտելու համար։ Լեզվի տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի խոսքով՝ եթե այս կարգի միջոցառումները հրապարակային են, պետք է անցկացվեն հայերեն. «Պետք է առնվազն ունենալ հայերեն սինքրոն թարգմանություն (տեսչության պետին հուշենք՝ համաժամանակյա թարգմանություն,-խմբ.), հակառակ դեպքում տեղի է ունենում օրենքի խախտում, ուստի խախտողները պետք է տուգանվեն։ Իսկ եթե խոսքը նեղ քննարկման մասին է, որը հրապարակային բնույթ չի կրում, կարող է եւ ընտրվել աշխատանքային լեզու, երբեմն նաեւ՝ լեզուներ»,- ասել է նա։ «Լեզվի մասին» օրենքի նմանատիպ խախտումներ միշտ են եղել, լեզվի տեսչությունը անգամ զգուշացումներ է արել ԱԺ-ում տարվող քննարկումներից մի քանիսի առնչությամբ: Իհարկե, հետո որոշ խնդիրներ լուծում են ստանում, բայց միայն տուգանքներով լեզվի պաշտպանությունը չի կարող ամուր լինել:

Ազգային-պետական լեզուն չհարգողները պիտի նաեւ աշխատանքային տույժեր ստանան, անգամ հեռացվեն աշխատանքից:

Շատերի կարծիքով՝ լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային ձեւին: Եվ սա պատվիրված քայլ է ընկալվում: Վարչապետ Կարեն Կարապետյանի «ռուսական կողմնորոշման» հետեւանք են համարում մեր լեզվաքաղաքականության անտեսումը, իսկ լեզվի տեսչության վերացումը վատ նախանշան են համարում՝ համոզված լինելով, որ ռուսական կողմը կրկին նպատակ ունի ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնել:

Անգամ եվրոպական երկրներն են կարեւորում լեզվի կարգավիճակը. Ֆրանսիայում լեզվի տեսչությունը նախարարության կարգավիճակ ունի: Չմոռանանք, որ մեր տեսչությունը ստեղծվել է «Լեզվի մասին» օրենքի կիրարկման կարգի պահանջով, որպեսզի վերահսկի եւ ապահովի այդ օրենքի դրույթների պատշաճ իրագործումը: Ցավոք, այդ դրույթները մեր այսպես կոչված հայրենասեր ու հայերենասեր ժողովրդի կողմից եւս խախտվում են, այն էլ համատարած: Իսկ գործարարներն ու պաշտոնյաները մրցակցում են խախտումների առումով:

Բայց հայերենը մեր ազգային անվտանգության հայեցակարգի անհրաժեշտ բաղադրիչներից է: Հզոր պայքարով 1993թ. ընդունվեց «Լեզվի մասին» օրենքը, որի դեմ ցայսօր գործում են ոչ միայն օտարները, այլեւ օտարասեր հայերը: Ռուսերենը Հայաստանում  տեղը զիջել է անգլերենին, անգամ ֆրանսերենին, ինչը չի կարողանում հանդուրժել Մոսկվան: Եվ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ու մշակութային ճնշումների է գնում երբեմն: Անգամ հայկական դրամը վերացնելու եւ Հայաստանի՝ ռուբլու գոտի մտցնելու փորձեր եղան, զուգահեռ կրկին ռուսերենը Հայաստանում պետական լեզու հռչակելու քայլեր կատարվեցին եւն: Այս վտանգը դեռ կա եւ մեր լեզվի հանդեպ ամենափոքր ոտնձգությունն իսկ կարող է լրջագույն վտանգների հանգեցնել: Ի դեպ, Մոսկվան փորձ արեց նաեւ ռուսերենը Հայաստանում ազգամիջյան լեզու գոնե դարձնել: Այսինքն՝ ազգային փոքրամասնություններին պիտի համարել ռուսալեզու բնակչություն եւ նրանք միմյանց եւ հայերի հետ պիտի ռուսերեն խոսեն…  Իսկ ու՞ր մնաց Հայաստանի պետական լեզվի դերը ազգամիջյան հարցում…

Լեզվի կորստի պայմաններում պարզապես թղթի կտորների են վերածվում նաեւ մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները եւ այսպես շարունակ, ինչը ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ու Արցախի անկախության, ազատագրված տարածքների, ազգային բանակի, ազգային արժույթի եւ ազգային ամեն բանի վրա, օրենքով պաշտպանված մեր պետական լեզուն եւ ազգային դպրոցը եւս կհայտնվեն օտարացման ճանապարհին…

Ինչ մնում է կրթության բնագավառին, այստեղ տեսչության պետը նշել է, որ «ամեն նոր նախարար իր մոտեցումներն է բերում, բայց կրթությունն այն բնագավառն է, որտեղ կտրուկ փոփոխություններ, վայրէջքներ եւ վերելքներ չեն լինում»: Մենք եւս համամիտ ենք, որ շտապելը լավագույնը չէ այս հարցում, սակայն հուսով ենք, որ նախարար Լեւոն Մկրտչյանը անհարկի կտրուկ փոփոխությունների չի գնա: Նա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ շտկելու այն վիճակը, որը կրթական համակարգը դարձրել է փորձադաշտ, որը դեռ փորձարկվում է միջազգային ճնշումների ներքո:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։