Շուշան Երիցյանը դարձել է ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ աղջիկը – Հայուհիներինն է նաեւ «Միսս նորաձեւություն» եւ «Միսս համացանց» տիտղոսները… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց «Փյունիկ»-ից… Հույս ունեմ՝ կկարողանանք «Փյունիկ»-ը զարգացնել… Մեր հավաքականը հաղթեց 5:0 հաշվով… Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը… Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստները զիջում են իրենց դիրքերը… Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց… Կայացավ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառումը…

Շուշան Երիցյանը դարձել է ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ աղջիկը

Հայաստանի ներկայացուցիչ Շուշան Երիցյանը դարձել է «Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին Երևանում:

Մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ 4 փուլով: Աղջիկներն իրենց գեղեցկությունը ցուցադրեցին ազգային տարազներով, լողազգեստներով, մարզահագուստով եւ երեկոյան զգեստներով:

Ժյուրիի քվեարկության արդյունքներով, Շուշան Երիցյանը ճանաչվել է լավագույնը ԱՊՀ մյուս գեղեցկուհիների շրջանում:

Հայաստանից մյուս երկու գեղեցկուհիները՝ Արփինե Բալյանը եւ Մարինե Մարգարյանը ստացել են «Միսս նորաձեւություն» եւ «Միսս համացանց» տիտղոսները:

Գեղեցկության մրցույթին մասնակցել է 24 աղջիկ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից եւ ԱՊՀ մյուս պետություններից:

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են  Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի 3-րդ (եզրափակիչ) փուլ անցած մասնակիցների անունները: Ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել 8 երգիչներ՝ Լիլիանա Նատալի Բյուիքիանս (ԱՄՆ/Սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզով (Ղազախստան/Բարիտոն), Տիգրան Օհանյան (Հայաստան/Տենոր), Էկա Հորստկա (Կատերինա Հորստկա) (Ուկրաինա/Հայաստան/Սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյան (Արցախ/Սոպրանո), Ջուլիետտա Ալեքսանյան (Հայաստան/Սոպրանո), Մերի Մովսիսյան (Հայաստան/Սոպրանո), Գագիկ Վարդանյան (Հայաստան/Բարիտոն)։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին եւ 13-ին՝ ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական կոնսերվատորիան։ Իսկ մինչ այդ մասնակիցները փորձերն են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։  

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ եզրափակիչ փուլ անցածներից Արցախը ներկայացնող Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո) այս տարի ԱՊՀ երկրների միջազգային Դելֆյան խաղերի ոսկյա մեդալակիր է, միջազգային այլ մրցույթների մրցանակակիր։  Մարիաննային դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ։ Մարիաննա Մարտիրոսյանը նշել է, որ միջազգային մրցույթներին մասնակցությունը արտիստին հաղորդում է փորձառություն։ Խոսելով եզրափակչում ելույթ ունեցող մյուս մասնակիցների մասին՝ Մարիաննան ասել է, որ մրցակցությունը դժվարին է լինելու, քանի որ նրանք բոլորը մեծ վարպետություն ունեցող արտիստներ են։ Այնպես որ՝ առջևում լուրջ պայքար է սպասվում։ Երգչուհին ընդգծել է, որ հպարտությամբ է ներկայացնում Արցախի Հանրապետությունը. հայկական 2-րդ հանրապետությունում կան լավ կատարողներ, որոնք մասնակցում են միջազգային մրցույթների եւ ճանաչում են վայելում աշխարհում։

Մարզական աշխարհի խաչմերուկներում

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց «Փյունիկ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանի գործերն էլ լավ չեն։  Նա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վաճառել է ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին։ Լուրեր կային, որ վաճառքից հետո մտադիր է լքել երկիրը։

Տեղեկատվություն է սպրդել նաեւ, թե ՀՖՖ նախագահը մտահոգություն ուներ, որ իր որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, չի կարողանալու մարզական ակումբը ճիշտ կառավարել՝ առանց իր մասնակցության, ինչը եւս ազդել է թիմի վաճառքի վրա: «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի ու ֆուտբոլի ակադեմիային հարող տարածքում եւս մեկ ռեստորանային համալիր է կառուցում Ռուբեն Հայրապետյանը, որպեսզի տղան իր սեփական գործն ունենա:

«Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է շարունակել մեր սկսած գործը: Կասկած չունեմ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կհասնի նորանոր հաջողությունների»,- ասել է Երեւանի «Փյունիկի» արդեն նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը, ով իր լիազորությունը փոխանցեց նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանին: «Իսկ թե ինչու չենք վաճառել ակումբի գույքը, դա ուղղակի ներքին պայմանավորվածություն է»,- պարզաբանել է Ռաֆիկ Հայրապետյանը:

«Եթե խոր ուսումնասիրեք, թե վերջին 10 տարին ես ինչով եմ զբաղված, կհասկանք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա: Ես երբեք Հայաստանը չեմ լքի»,- Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանից հեռանալու մասին հրապարակումներին:

Նրա խոսքով, ակումբի համար իրեն չեն վճարել, ինքն էլ միշտ սխալ է համարել, որ ֆեդերացիայի նախագահը լինի նաեւ ֆուտբոլային ակումբի տերը:

Հույս ունեմ՝ կկարողանանք «Փյունիկ»-ը զարգացնել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց հայաստանյան ակումբի նախկին սեփականատիրոջը՝ նման ակումբ ու ակադեմիա ստեղծելու համար, որը կարողացել է ֆուտբոլիստների նման սերունդ աճեցնել: «Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Վարդան Մինասյան ու շատերը: Ուրախ եմ, որ ես էլ այդ պատմության մաս դարձա, հույս ունեմ՝ կկարողանանք զարգացնել ակումբը»,- ասել է նա:

Արթուր Սողոմոնյանի խոսքով, ինքը ակումբը ձեռք չի բերել գումարի դիմաց, այն իրեն հանձնվել է: «Ցավոք սրտի, Հայաստանում  ակումբներն այն վիճակում են, որ ավելի շատ ծախսեր են պահանջում, այս պահին դժվար է խոսել եկամուտների մասին: Բաց ես հույս ունեմ, կամաց-կամաց իրավիճակը կփոխվի»,- ասաց ակումբի նոր սեփականատերը: Նա  դժվարացավ ներդրումների վերաբերյալ հստակ թվեր ներկայացնել, նշեց «տարեկան 1 մլն. դոլարից շատ, գուցե 2 կամ 3»:

«Փյունիկ»-ի նոր սեփականատերը նշել է, որ չի պատրաստվում արմատական փոփոխություններ կատարել ակումբում, «առայժմ կադրային մեկ փոփոխություն ենք արել։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը»:

«Մեր որոշ ֆուտբոլիստներ խաղային փորձի պակաս ունեն»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անչափ կարեւոր էր համարում Սենթ Կիթս եւ Նեւիսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումը: «Անկախ մրցակցի մակարդակից, այս խաղը մեզ պետք էր, քանի որ մեր ֆուտբոլիստներից մի քանիսը վաղուց են ավարտել ելույթներն իրենց թիմերում եւ խաղային փորձի պակաս ունեն: Մեր նպատակներն են բարձրացնել ֆուտբոլիստների խաղային եւ հոգեբանանակն որակները, գտնել տակտիկական նոր լուծումներ», – նախախաղային մամուլի ասուլիսին նշեց մեր ընտրանու գլխավորը:

Խոսելով դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հավաքական չգալու մասին, Արթուր Պետրոսյանն ասել է, որ դրանում լուրջ խնդիր չի տեսնում, քանի որ հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանն իրեն վատ չի դրսեւորել նախորդ խաղերում, իսկ պահեստայինները մրզման ժամանակ հիասթափեցնելու առիթ չեն տվել:

Ինչպես տեղեկացրել էր ՀՖՖ մամուլի ծառայությունը, հրավիրված ֆուտբոլիստներից այս խաղին չէր մասնակցելու միայն Կամո Հովհաննիսյանը, ով հաջորդ օրը խաղ ուներ Բելառուսի առաջնությունում: Իսկ պաշտպան Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիայի հետ ընտրական հանդիպմանը, քանի որ որակազրկված է:

Շատերն էին զարմացած, որ Հայաստանի ընտրանին այսքան թույլ թիմի հետ է հանդիպում անցկացնում, սակայն մարզչի բացատրությունը թերեւս բավարար էր: Եվ Հայաստանի ֆուտբոլիստները մրցեցին «Կարիբյան ծովի ծովահենների» հետ: Կարիբյան ծովի կղզիներում գտնվող այդ երկրի ազգային թիմը մշտական հանդիպումներ սկսել է անցկացնել 1993թ.-ից: Մեր հավաքականի մրցակցի միակ նվաճումը գրանցվել է 1997թ., երբ Կարիբյան կղզիների առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Սենթ Կիտս եւ Նեւիսի հավաքականը հազվադեպ է հանդիպում եվրոպական թիմերի հետ: Վերջին անգամ ֆուտբոլային «ծովահենները» սեփական խաղադաշտում փորձել էին «խորտակել» Էստոնիայի ընտրանուն, սակայն դա նրանց չէր հաջողվել եւ գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Ի դեպ, Սենթ Կիտս եւ Նեւիսի ֆուտբոլիստները Հայաստանի հետ խաղից հետո մեկնել են Թբիլիսի, որտեղ ընկերական հանդիպում են անցկացնելու նաեւ վրացիների հետ:

Հարկ է նշել, որ մեր թիմի մրցակցի կազմում կան նաեւ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Մասնավորապես՝ թիմի ավագ Աֆիբա Հարիսը խաղում է ամերիկյան «Դալասում», գլխավոր ռմբարկու Հարի Պանայոտուն՝ անգլիական «Բարոու» թիմում: Ըստ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ մրցակից թիմը «չոր եւ ագրեսիվ թիմ է, սակայն ոչ կոպիտ»:

Մեր հավաքականը հաղթեց 5:0 հաշվով

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խոշոր՝ 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս եւ Նեւիսին: Հայաստանի ազգային թիմը մեկնարկային րոպեներին ակնհայտ առավելություն ուներ: Ազգային ընտրանու ֆուտբոլիստները խաղի հաշիվը բացեցին 20-րդ րոպեին` գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը: 10 րոպե անց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Եվս 10 րոպե հետո հաշիվն արդեն 3:0 էր: Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան Արթուր Սարկիսովը եւ Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին եւ Ռուսլան Կորյանին: Փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը եւ խաղի 68-րդ րոպեին 4-րդ գնդակը խփեց Արթուր Սարկիսովը: Խաղավարտին Արտակ Եդիգարյանը խփեվ նաեւ 5-րդ գոլը: Ի վերջո ընկերական այս խաղում ազգային թիմը հաղթեց 5:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հավաքականը արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի դեմ:

- Հենրիխ Մխիթարյանը վերջին 6 ամսում 5 անգամ «Մանչեսթր Յոնայթեդւ»-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել - Թիմի երկրպագուները հոլանդական «Այաքս»-ի հետ խաղի ժամանակ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը մայիսի լավագույն գոլ են ճանաչել։ Sports.ru-ն գրում է, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա կապիտանը վերջին 6 ամսում 5 անգամ ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի, հունվարին, փետրվար եւ ապրիլ ֆուտբոլիստի խփած գոլերը եւս լավագույնն էին ճանաչվել։

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում է

The Sun պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանների ընդհանուր խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Բացի հայ ֆոջտբոլիստից՝ խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Ռոմերոն, Ալվեսը, Բլինդը, Վիրգևերը, Սանդրոն, Պոգբան, Տալիսկան, Ռոնալդուն, Մբապեն եւ Լակազեն:

Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Եվրագավաթային մրցաշարի 11 հանդիպումներում 28-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 6 գոլ:

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ պատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրապարակել է աշխարհամասի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները: Խարկովում հանդես կգան. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գոռ Երիցյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 91 կգ Նարեկ Մանասյան, գերծանր քաշային կարգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Մեր շախմատիստները զիջում են իրենց դիրքերը

Հայաստանի շախմատիստները բավական անհաջող հանդես եկան Մինսկում ընթացող Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնության 8-րդ փուլում: Մրցաշարի առաջատարներին հետապնդող Հրանտ Մելքումյանը կրկին պարտություն կրեց եւ էլ ավելի զիջեց իր դիրքերը: Արման Միքայելյանը, որը 5,5 միավորով կիսում էր 3-13-րդ հորիզոնականները, ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ արդեն 1 բալով ետ է մնում առաջնության միանձնյա առաջատար Դեյվիդ Հոուելից: Այս փուլում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տարան ներքեւի հորիզոնականներում գտնվող շախմատիստները:

Առաջնության մրցանակային տեղերի համար այժմ պայքարում են 55 շախմատիստ: Նրանց թվում են նաեւ մեր 4 պատվիրակները՝ Արման Միքայելյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Վահե Բաղդասարյանը, սակայն նրանք պետք է անպայման հաղթանակներ տանեն մնացած 3 փուլերում:

Հ.Գ. – Արման Միքայելյանը հայտնվեց ցայտնոտում եւ պարտվեց – Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում այսօր կայացան 10-րդ փուլի խաղերը: Մրցաշարի հայտնությունը դարձած միջազգային վարպետ Արման Միքայելյանը« որը 7 միավորով բաժանում էր 2-5-րդ տեղերը, չեխ գրոսմայստեր Դավիդ Նավարայի հետ խաղում կրկին մոտ էր հաղթանակի՝ ունենալով դիրքային մեծ առավելություն: Սակայն մեր պատանի շախմատիստը հայտնվեց ցայտնոտի մեջ, կոպիտ սխալ թույլ տվեց եւ ցավալի պարտություն կրեց: Արման Միքայելյանը« ինչպես նաեւ մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք նույնպես 7-ական միավոր ունեն, դուրս մնացին մեդալների համար պայքարից, քանի որ առաջնության 7 առաջատարները դժվար թե համատարած անհաջողության մատնվեն վերջին փուլում:

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess շախմատի սուպերմրցաշարում  կայացան 2-րդ փուլի խաղերը: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ՝ հաշտություն կնքելով 60-րդ քայլին: Նա 2 հնարավորից վաստակել է 1 միավոր եւ այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հիկարու Նակամուրան, ով ունի 1,5 միավոր:

Հ.Գ. – 1 – Լեւոն Արոնյանը 3-րդ անգամ ոչ-ոքի խաղաց Norway Chess-ում – Նորվեգիայում ընթացող Norway Chess շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 3-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Կողմերը տակտիկական երկարատեւ պայքարից հետո 53-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեցին, քանի որ կրկնեցին դիրքը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 3-րդ անգամ ոչ-ոքի խաղաց, վաստակեց 1,5 միավոր եւ այժմ Մագնուս Կառլսենի« Սերգեյ Կարյակինի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Հիկարու Նակամուրան:

Հ.Գ. – 2 – Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս ԿարլսենինՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարուի 4-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Խաղնավարտվեց 35-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ փուլերում մեր շածմատիստն իր խաղրն ավարտել էր ոչ-ոքիներով: Ներկա պահին նա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը ունենալով 2,5 միավոր:

Հ.Գ. – 3 – Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը հենց սկզբից գործել է շատ վստահ եւ արդեն 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն, սակայն  Վլադիմիր Կրամնիկն ընդունել է իր պարտությունը միայն 34-րդ քայլին: 6-րդ փուլում Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա – Կարյակին, Կարուանա– Անանդ եւ Գիրի – Սո խաղերն այս պահին դեռ շարունակվում են: Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով կիսում է 1-2 տեղերը:

Կայացավ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում կայացավ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով մարզական միջոցառումը: Այն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Միջոցառումն իրականացվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:

ՀԱՕԿ նախագահը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեծ սպորտն ու մարզական բարձրագույն նվաճումները, այլեւ, կարեւորելով մանուկների ֆիզիկական դաստիարակության խնդիրները, նրանց համար մշտապես կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ` դրանք վերածելով իսկական տոնի:

Այս միջոցառմանը մասնակցեցին Երեւանի եւ Հայաստանի մարզերի 25 մանկապարտեզների 200 երեխաներ: «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր հայ մարզիկները: Բացման արարողության ընթացքում Հայաստանի եռագույնը մարզադահլիճ բերեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

ՀԱՕԿ նախագահը երեխաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, մաղթեց առողջություն եւ անհոգ մանկություն. «Հույս ունեմ, որ տարիներ հետո այս փոքրիկներից շատերն օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կբարձրացնեն Հայաստանի դրոշը: Ամեն տարի այս միջոցառումը կազմակերպում ենք, որպեսզի մեր փոքրիկները սիրեն սպորտը, սովորեն մրցել, պայքարել եւ հաղթել»,- ասել է նա:

Մարզական միջոցառման ընթացքում երեխաները մրցեցին տարբեր խաղային վարժություններում ու ստացան արժեքավոր նվերներ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։