Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

Բոլոր այն խնդիրները, որոնց ես անդրադառնում եմ, հիմնականում, որոշ փոփոխություններով, հրապարակում եմ «Լուսանցք»-ում եւ «Հայաստանի Հանրապետությունում», այն երկու պարբերականներում, որոնք արդեն տարիներ շարունակ իմ կյանքի անբաժանելի մասն են կազմում՝ առաջինը՝ 10, իսկ երկրորդը՝ արդեն 19 տարի: Ու շատ ուրախ եմ, որ իմ ընթերցողներին թվացել էր, թե գրագողություն է լինում. «Լուսանցք»-իս ընթերցողներին թվացել էր՝ ինչ-որ մեկը մեր նյութը գողացել, «ՀՀ»-ում է դրել, «ՀՀ»-իս ընթերցողներին թվացել էր, թե գողացել, «Լուսանցք»-ում են դրել: Շնորհակալ եմ ընթերցողներիս՝ իմ գրչին այդքան ուշադիր հետեւելու համար: Իսկ գրածն էլ, հասկանալի է, գրեթե նույնն է լինում, քանզի գրողը տարբեր թերթերում խնդրի մասին խոսելիս նյութի էությունը չի փոխում, ասելիքը չի փոխում, նպատակը չի փոխում. գուցե առաջարկած լուծումներն օգնեն մեր երկրում եւս մեկ խնդիր լուծելու:

Մեր հերթական թիրախում գյուղատնտեսությունն է, մի ոլորտ, որտեղ օր առաջ մի բան փոխելը հրամայական է:

Գյուղատնտեսությունը մեր երկրի համար այնքան առանցքային ոլորտ է, որ այն, այսպես ասենք, դասական գյուղատնտեսության եզրույթում վաղուց արդեն չի տեղավորվում. այս ոլորտը միայն պետությանը կերակրողի գործառույթ չէ, որ ստանձնել է եւ միայն պարենային անվտանգության խնդիր չէ, որ լուծում է: Այն եւ՛ տնտեսական շարժ է ապահովում, եւ՛ սահմանային անվտանգության առումով պահակի դեր է ստանձնում՝ սրանց հավելած շղթայական բազմաթիվ հարցերի պատասխաններ առաջադրելով: Բայց այսքանով հանդերձ՝ հենց գյուղատնտեսությունն է, որ ամենառիսկային բնագավառներից է, ամենախոցելիներից: Գուցե սա է պատճառը, որ մեզանից շատերը բնակլիմայական շատ երեւույթներ վայելել չեն կարողանում: Չթաքցնեմ՝ նրանցից մեկն էլ ես եմ: Երեւանում հենց շրխկալով անձրեւ է գալիս, մտածում եմ՝ տեսնես որտեղ կարկուտ եկավ ու ինչ փչացրեց: Ձմռանը պարզկա օրեր են լինում, մտածում եմ՝ տեսնես այգեթաղը լա՞վ են արել: Շոգ է լինում, ասում եմ՝ մի անձրեւ գար, հողի սիրտը հովանար: Սա դեռ ոչինչ, եթե եղանակը «չափի մեջ է», գյուղատնտեսությունը ձեւ գտնում է առաջ գնալու: Բայց այ բնակլիմայական աղետների դեմն առնել չի կարող: Պատճառները հասկանալի են, արդարացված նաեւ, երբեմն՝ ոչ, բայց սա չի ենթադրում, որ  իրավիճակից ելք չկա: Մենք շատ առաջարկներ են արել խնդրո առարկայի շուրջ. օրինակ՝ գյուղատնտեսությունը սողանքներից փրկելու մասով: Բայց միայն սողանքները չէ, որ պատուհաս են դառնում մեր գյուղատնտեսսւթյան գլխին, էլ կարկուտ, էլ երաշտ ու սելավ, մեծն Թումանյանի ասած՝ «… մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա, երկնքից կախված»…  

Ինչպես փրկել գյուղատնտեսությունը բնակլիմայական աղետներից:  Գործադիրը հաստատել է բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, որի հիմնական նպատակը բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է:

Երբ կառավարության նիստերից մեկում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց հարցի էությունը, վարչապետը չթաքցրեց ոգեւորությունը.  «Շատ լավ բան եք նախատեսել: Այս միջոցառումների մեջ ներառված է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպան միջոցների՝ ցանցերի հարցը, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ խելացի համակարգ է, եւ ոլորտում շատ բարելավելու բան ունենք: Ձեզնից ակնկալում ենք որակապես փոխել այդ համակարգը: Նրա մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի»:

Որ բնակլիմայական աղետներ էլի կլինեն, գաղտնիք չէ, իսկ թե ինչպես ենք կանխարգելելու այդ վնասները, փորձեցինք հասկանալ՝ խնդրելով գյուղնախարարին որոշ մանրամասներ ներկայացնել: «Նախ՝ հաշվի առնելով տարեցտարի տարերային, տեխնածին եւ կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի ու ինտենսիվության աճը, ինչպես նաեւ դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին, այդ թվում՝ հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն առաջացավ նոր լուծումներ ու մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխման, կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման եւ վաղ ազդարարման ուղղությամբ»,-ասաց Իգնատի Առաքելյանը:

Թյուրըմբռնումից խուսափելու համար ասենք, որ սա խնդրի միակ ու վերջնական լուծումը չէ:

Նախարարի խոսքերով՝ «հայեցակարգը ելակետ պետք է դառնա  գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հստակեցման եւ նպատակային ծրագրերի իրականացման համար»:

«Գույքագրում»

Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք:

Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականությունը, լեռնային ռելիեֆի կտրտվածությունը, սակավահողությունը եւ հողի ոչ բավարար խոնավությունը Հայաստանը դասում են երկրագործության տեսանկյունից ծայրահեղ ռիսկային երկրների շարքը: Գյուղատնտեսության ռիսկայնությունը մեծանում է ցածր հողապահովվածությամբ (0.15 հա վարելահող մեկ մարդու հաշվով): Ընդ որում, հողերի ավելի քան 70%-ը բնութագրվում է անապատացման հատկանիշներով եւ հողերի ձեւի եւ որակի խեղման, քայքայման (դեգրադացիայի) տարբեր աստիճաններով:

Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթները (երաշտ, խորշակ, կարկտահարություն, ցրտահարություն), որոնց հաճախականությունն ու տեւողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի: Երաշտները եւ ուշ գարնանային ցրտահարություններն ավելի շատ սպառնում են Արարատի ու Արմավիրի մարզերին, իսկ կարկուտն առավել վտանգավոր է Շիրակի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի համար: Կլիմայի կանխատեսվող փոփոխության հետ կապված գյուղատնտեսության վրա հիմնականում բացասական ազդեցություն են ունենում հունիսի կեսերից դիտվող երաշտները: Իրավիճակն ավելի շատ կարող են սրել երաշտների հետ ժամանակի առումով համընկնող խորշակները (առավելապես 5-10 մ/վրկ արագության հարավային քամիները): Այս երեւույթը պարբերաբար նկատվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում: Գյուղատնտեսությունում ջրի ամենամեծ պահանջարկը սովորաբար նկատվում է ապրիլ-մայիս ամիսներին, ինչն էլ գարնանային երաշտները դարձնում է ամենավնասակարը, քանի որ դրանք համընկնում են մշակաբույսերի աճի առաջին փուլի հետ: Գործնականում երաշտների ու խորշակների առումով հարաբերական բարենպաստ պայմաններ ունի միայն Արարատյան դաշտը, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ 95%-ը ոռոգվող են:

Ինչպես մասնագետներն են ասում, վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, գարնանային ցրտահարություններից ու սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ դրամ: Ընդ որում, վնասի մեծ մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, հնարավոր է գարնանը եւ ամռանը աճի ամպրոպների ու կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականությունը: Այդ դեպքում առավել խոցելի կլինեն Հայաստանի հյուսիսային եւ հարավային մարզերի միջին լեռնային գոտու գյուղատնտեսական հանդակները: Ներկայումս Հայաստանում մշակվող հողերի գրեթե կեսը ոռոգվում են եւ նրանց բաժին է ընկնում բուսաբուծության արտադրանքի մոտ 70%-ը: Կլիմայի փոփոխությունից ջրային ռեսուրսների կանխատեսվող կրճատումը լուրջ պրոբլեմներ կառաջացնի ոռոգովի հողագործության օգտագործման բնագավառում: Տեւական երաշտները խնդիր են նաեւ անասնապահության ոլորտի համար, մասնավորապես դաշտային կերարտադրության համար: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, 2030թ. Հայաստանում սպասվում է արոտավայրերի ընդհանուր մակերեսի եւ նրանց բերքատվության կրճատում 4-10%-ով, այդ թվում՝ ենթալպյան եւ ալպյան գոտու առավել արժեքավոր արոտավայրերինը՝ 19-22%-ով: Հավանական է խոտհարքների բերքատվության նվազում 7-10%-ով, որն իր հերթին կհանգեցնի կերարտադրության ծավալների կրճատման: Կլիմայի փոփոխությունը կարող է ազդել նաեւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, առաջին հերթին, բնական-օջախային ու տարափոխիկ վարակների կազմի ու տարածման վրա:

Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, նախ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար:

Եվ ուրեմն՝ ըստ գյուղնախարարության տվյալների, տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն) եւ անկանխատեսելի պատահարների հետեւանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները. գյուղատնտեսական արտադրանքի միջին տարեկան կորուստը արտակարգ իրավիճակների նախարարության 1995-2013թթ. ոչ ամբողջական տվյալներով կազմել է ավելի քան 336 մլրդ դրամ: Ամեն տարի կարկուտի  պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում տնտեսավարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի եւ լրացուցիչ ֆինանսական ներդրումներ՝ այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման եւ ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար: 2013թ. Արմավիրում մայիսի 12-ին եւ 17-ին կարկտահարության հետեւանքով 12817 հողօգտագործողների մոտ վնասվել են 11090 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ, պտղատու եւ խաղողի այգիներ: Հասցված վնասը գնահատվել է շուրջ 25.3 մլրդ դրամ: 2014թ. մեր երկրի 6 մարզում ցրտահարության հետեւանքով վնասվել են 287 համայնքների 31716 տնտեսության պատկանող 9185 հա պտղատու եւ խաղողի այգիներ: Հասցված վնասը կազմել է շուրջ 11 մլրդ 181 մլն դրամ: Լոռիում եւ Շիրակում տեղացած կարկտահարության հետեւանքով հասցված վնասը գնահատվել է շուրջ 6.7 մլրդ դրամ: Միայն 2014թ. բնական աղետների (ցրտահարություն եւ կարկուտ) հետեւանքով պատճառած վնասը գնահատվում է շուրջ 17.9 մլրդ դրամ: 2015թ. կարկտահարության հետեւանքով վնասվել են հանրապետության 8 մարզի 82 համայնքի (որոշ համայնքներ կարկտահարվել են 2-ից 3 անգամ) գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 8.8 հազար հա ցանքատարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 57.5 հազար տոննա, վնասը՝ շուրջ 7.8 մլրդ դրամ:

Իսկ 2016թ. կարկտահարության հետեւանքով վնասվել են 9 մարզի 150 համայնքի (որոշ համայնքներ կարկտահարվել են 2-ից 3 անգամ) գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 23.1 հազար հա մշակվող տարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 278.6 հազար տոննա, վնասը՝ շուրջ 33.6 մլրդ դրամ: 2016թ. հունիսի 24-ին Շիրակի մարզի 1 համայնքում սելավի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 2.9 հա ցանքատարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 7.4 տոննա, վնասը՝ շուրջ 1.5 մլն դրամ:

Եթե կանխարգելիչ քայլեր չձեռնարկենք, ամեն հաջորդ տարվա վնասն ու կորած միլիոնները կարող են գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: Թե ինչ է որոշել գործադիրը՝ ի դեմս գյուղնախարարության, կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

2016թ. հունիսյան կարկուտը մեկ րոպե չանցած ծածկեց գետինը

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։