Խոստումներ, որ վարկանիշային եղան ՀՀԿ-ի համար – Ընդդիմությունը դեռ շատ բան չունի ասելու – Իշխանությունը դեռ ասում է, մնում է գործել… ՕՐՕ-ական վերակենդանացման փորձ է լինելու, ինչպես ՕԵԿ-ն արեց՝ ԱՎԿ դառնալով – բայց ի՞նչ տվեց դա… Ու՞մ են պետք այսպիսի «բարելավումները»… Եկել է ընտրողների սպասումների ժամանակաշրջանը ինչպես իշխանակա՛ն, այնպես էլ ընդդիմադի՛ր ուղղություններով…

Ընդդիմությունը դեռ շատ բան չունի ասելու

Մինչ տարանջատված ընդդիմությունը փորձեր կանի վերհառնելու, նոր առաջնորդներ ի հայտ բերելու համար, ինչը շատ դժվար գործընթաց է լինելու, իշխող կուսակցության վարչապետը պիտի այլեւս լրջագույն քայլերի դիմի նախընտրական բոլոր խոստումներին կյանք տալու ուղղությամբ: Շատերը հավատացին Կարեն Կարապետյանի ժրաջան կերպարին եւ հստակ խոստումներին, անգամ պատրաստ են փուլ առ փուլ տեսնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման ընթացքը: Բայց դա պետք է փուլ առ փուլ էլ տեսանելի լինի:

Խորհրդարանական ընտրություններում փլուզված ընդդիմադիր բուրգը այնքան էլ չզարմացրեց ընտրողներին, քանի որ մինչ քվեարկության օրն այդ բուրգն արդեն սասանված էր, իսկ  մասնատված ընդդիմությունը ստացավ այնքան ձայներ, ինչին արժանացավ ընտրողներին հավատ ընծայելու առումով: Իսկ ընտրական տվյալները բոլորին են հայտնի:

Ամենակարկառուն նախընտրական դաշինքը՝ Սեյրան Օհանյան – Րաֆֆի Հովհաննիսյան – Վարդան Օսկանյան՝ ՕՐՕ, որի ստեղծման հեղինակները 3 նախկին նախարարներ էին, ջախջախվեց արդեն նախընտրական գործընթացի ժամանակ, հատկապես, երբ կալանավորվեց դաշինքի ստվերային ղեկավար՝ ԼՂՀ ՊԲ նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը՝ Հայաստան ապօրինի զենք ներկրելու մեղադրանքով:

Նախկին արտգործնախարարները հայտնվեցին ԱՄՆ-ում, իսկ պաշտպանության նախարարը ՌԴ-ում: Հիմա կամաց-կամաց ետ են գալիս: Ամեն բան կախված է Սամվել Բաբայանի հետ կապված քրգործի ընթացքից՝ ուր եւ ում կհասնի այս գործը, դեռ պարզ չէ:

Բայց ԱՄՆ-ում «ռեսթարթ» եղած Րաֆֆի Հոովհաննիսյանը նախատեսում է հունիսի 24-ին կամ 25-ին հրավիրել «Ժառանգության» համագումար:

Փաստորեն, գրեթե բոլոր «ժառանգականները» այլ կուսակցություններում տեղավորվեցին կամ նորերը հիմնեցին, մնաց միայն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մի շարք կուսակիցների հետ… Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կուսակցությունը հանձնել է փոխնախագահին եւ հեռացել… Բայց, ինչպես միշտ՝ որոշողն ինքը չէ, վաղուց հայտնի է որոշող կողմը: 

Կարծում ենք՝ ՕՐՕ-ական վերակենդանացման փորձ է լինելու, ինչպես ՕԵԿ-ն արեց՝ «Ազգային վերածննդի կուսակցություն»՝ ԱՎԿ դառնալով: Բայց ի՞նչ տվեց դա Արթուր Բաղդասարյանի թիմին՝ ոչինչ, ավելին՝ առաջին անգամ այս 25 տարվա մեջ նրանք պարտվեցին ընտրություններում (ավելի ստույգ՝ նրանց այլեւս լրացուցիչ անհրաժեշտ ձայներով չապահովեցին իշխանությունները):

Հիմա «Ժառանգության» ղեկավարը եկել ու նոր փրկչության առաքելություն է ատանձնելու, նախ՝ ընդդիմության փրկության, ապա՝ կրկին ժողովրդի: Կուսակցությունն այլ քաղաքական ուժերի առաջարկ արե՞լ է՝ միանալու իր հետ, թե ոչ: Հարցին նա պատասխանել է, որ դա արդեն քաղաքական հարց է, իսկ ինքը քաղաքական հարցերի չի պատասխանում, քանզի հիմա քաղաքական արձակուրդում է… Ինչպես ասում են … ամեն բան պարզ է այստեղ: Իսկ թե մյուս նախկին նախարարներն ինչ են անելու իրենց կուսակցությունների հետ, դեռ պարզ չէ:

Թե «Ժառանգության» համագումարում օրակարգային ինչ հարցեր են ընդգրկված, եւս հստակ չէ։ Այնուամենայնիվ, կուսակցության ընդլայման հնարավորությունը չի բացառվել, իսկ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ դա բավական լուրջ եւ ժամանակատար գործընթաց է։

ՀԱԿ-ը եւս քաղաքական հանգստի կամ նիհրի մեջ է, ինչը նույնպես որոշ սպասումների փուլ է ակնկալում, իսկ որպես գործող ընդդիմություն, ինչպես Հայաստանի խորհրդարանում, այնպես էլ Երեւանի ավագանիում հանդես կգա «Ելք» դաշինքը, որն իր ղեկավարի կարգավիճակում այսօր տեսնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Թերեւս որոշ ընդդիմադիր գործընթացների եւս ականատես կլինենք «Ծառուկյան» դաշինքի (մեր կարծիքով՝ քաղաքական թեւի՝ ԲՀԿ-ի) կողմից, ինչն, իհարկե, ուղղակի հետաքրքիր կլինի մեր քաղաքական առօրյան հարստացնելու առումով:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դեռ նախընտրական գործընթացներում ներկայացնելով ՀՀԿ-ի գնահատականները, նշել էր, որ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի դիրքորոշումները գռեհիկ չեն, ինչպես նախկինում էր, չնայած մեկ-երկու դժբախտ բացառություններ եղան.. ՀՀԿ ներկայացուցիչը հայտնել է, որ «քաղաքականության մեջ քաղաքական մանկամտությունը չարիք է, երբ քաղաքական որոշ գործիչներ փորձում են սեփական զրոյական մակարդակը բարձրացնել՝ ուրիշների վրա ցեխ շպրտելով, պիտի շատ լավ հասկանան, որ ուրիշի վրա ցեխ շպրտելով իրենց վարկանիշը չի ավելանում», նա հատկապես նկատի էր ունեցել ընդդիմադիր որոշ գործիչների:

Նրա խոսքերով՝ այսօր էլ անթույլատրելի են քաղաքական մրցապայքարի մեջ անձնական վիրավորանքները, հատկապես հակառակորդ կուսակցության ներկայացուցիչներին անձնական վիրավորանքներ հասցնելը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «քաղաքական լաչառներին պատմությունը եւ քաղաքականությունն իրենց տեղը կդնեն… Պարզապես պիտի լինել քաղաքակիրթ, գիտակցել այլոց եւ սեփական թերությունները, սխալները, բայց նաեւ խիզախություն դրսեւորել դեպի ճիշտ ճանապարհը թեքվելու եւ ժողովրդի հետ գնալու կարեւորությունը»:

Սա ոչ միայն ընդդիմությանն է վերաբերում, այլեւ՝ իշխանությանը:

Իշխանությունը դեռ ասում է, մնում է գործել

Նախ նշենք, որ անսպասելի մի տեղեկատվություն է շրջանառվում, թե ամբողջ նախընտրական թոհ ու բոհը ղեկավարող վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական տալ: Իբր նոր կառավարության անդամների նշանակման ժամանակահատվածում բազում խաղարկումներ են եղել, ինչի պատճառով էլ գործադիրի որոշ նախարարներ բավականին ուշ նշանակվեցին կամ չպիտի նշանակվեին, բայց նշանակվեցին…

Էլի ըստ այդ տեղեկությունների, Բաղրամյան 26-ից ջանասիրաբար համոզել են վարչապետին հետ կանգնել պաշտոնից հրաժարվելու որոշումից։ Իբր Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել, որից հետո նա հրապարակավ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը ոչ մի պատճառ չունի հրաժարական տալու: Ամեն դեպքում նշվում է, որ սա նման խոսակցությունների մասին առաջին դեպքը չէ:

Իսկ արդյո՞ք վարչապետն իրապես կարող էր հրաժարական տալ: Որոշակի պատճառներ տեսնում ենք, սակայն նաեւ կարծում ենք, որ այս պաշտոնը ստանձնելով Կարեն Կարապետյանը գիտեր, որ իրեն թույլ չի տրվի ամբողջովին սեփական թիմն ունենալ եւ ՀՀԿ-ից դուրս այլ նախաձեռնություններ ատանձնել…

Վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը հենց սկզբից խոստովանել էր, որ մտադիր է 99%-ով փոխել կառավարությունը, սակայն, հաշվի առնելով իր ասածների տարողունակությունը, հավելել էր, թե կա մի «բայց»… Նրա սրտով կադրեր չկան եւ նա փնտրտուքի մեջ է… Բայց միայն 99%-ի մասին հայտարարությունը արդեն իսկ համարձակ քայլ էր, ու նաեւ բացահայտ հաղորդագրություն ուղարկեց իշխող վերնախավին:

Ամեն դեպքում մարդկանց մոտ հույս կա, թե Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի աղթանակից հետո հաստատ մեծ փոփոխությունների կդիմի եւ ականատես կլինենք նոր կառավարության ձեւավորմանը: Բայց… Սա եւս կարող է պատճառ լինել հրաժարականի համար, իհարկե, թույլ պատճառ:

Մինչդեռ այն կարող է ուժգնանալ, եթե ստացվի, որ վարչապետը, ասենք՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կամ մեկ այլ նախարարի հետ լարված

հարաբերություններ ունի, որ չի կարողանում կարգավորել ի պաշտոնե, քանզի որոշողն ինքը չէ, թեկուզ մեր նոր Սահմանադրությամբ խորհրդարանական երկրի առաջին դեմքն արդեն վարչապետն է:

«Արտաքին պարտքը ՀՆԱ-ում 54% է, դա լավ է, թե վատ՝ կախված է նրանից, թե այդ պարտքի կառուցվածքն ինչպիսին է»,- ԱԺ-ում, դեռ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին, ասել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80% արտաքին պարտքից, չնայած ունենք բյուջետային սահմանափակումներ: Ամբողջ խնդիրը նրանում է, թե այդ պարտքը փող բերում է, թե՝ ոչ, հավելյալ արժեք բերում է, թե՝ ոչ, օգուտ տալիս է, թե՝ ոչ»,- նշել էր վարչապետը (այն, որ այդ 80% չափից էլ վարչապետը չի վախենում, մտահոգվելու առիթ է, եթե այլ բնորոշումներ չտանք-խմբ.):

Այժմ դեռ հայտնի չէ, վախենու՞մ է Կարեն Կարապետյանն արտաքին պարտքից, թե՞ ոչ:

Բայց նա խոստացել էր դա կարգավորել նաեւ բացահայտումներով. որ ի հայտ կբերվեն կաշառակերները եւ պետական հարկերը չմուծողները եւ կամաց-կամաց կփոքրանա ստվերային տնտեսության ծավալը: Անգամ չենթարկվողների «մեջք կոտրելու» մասին խոսք եղավ: Այս խոսքին արձագանքեց

այն ժամանակ դեռ պատգամավոր, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ «արդյո՞ք վարչապետն իր մերձավորների «մեջքը կոտրելուց» կսկսի»…

Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցներին խոստացել էին մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ տալ, ինչը նրանց մաքսային ձեւակերպումների եւ հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտար: ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ 3 տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ:

Հիմա պիտի հետեւել, թե արդյո՞ք գործարարները կարողանում են «ազատ շնչել» եւ պետության հարկերը մուծելով պետության պարտքերը մարել…

Ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար խորհրդակցություններ են հրավիրում հայաստանյան եւ սփյուռքյան գործարարների հետ մեր երկրի տնտեսական զարգացումներին զարկ տալու եւ 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին հասնելու համար: Հանրապետության նախագահը եւս խորհրդակցությունների ժամանակ մասնակիցների ուշադրությունը հրավիրում  է տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տալիս է համապատասխան հանձնարարականներ:

Արդյո՞ք սփյուռքահայ եւ օտարազգի գործարարները գոհ են հայաստանյան օրենքներից եւ վստահաբար կդառնան գործընկերներ՝ այսքան խորհրդակցություններից հետո:

Վարչապետը վաղուց պահանջում է համալիր ծրագիր, որը հավակնոտ ու համարձակ կլինի: «Մենք նպատակասլացություն եւ կամք կունենանք այն իրագործելու համար: Կարող եք հետաքրքրվել, թե վերջին 20-30 տարվա ընթացքում, որ երկրներն են, որոնք փոխել են իրենց կյանքը՝ ունենալով ոչ պակաս խնդիրներ, քան մենք: Ի՞նչ են իրենք կարողացել անել, որ մենք չենք կարող անել, ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում, որ իրականում կարող ենք ունենալ ֆանտաստիկ երկիր: Դրա համար կարծում եմ, որ մեր ծրագիրը մրցակիցների ծրագրերից տարբերվում է ոչ լոզունգային ձեւակերպումներով, կոնկրետ թիրախներով ու հորիզոններով, ինչպես նաեւ՝ բանաձեւով, թե ինչպես ենք դա անելու եւ ուր ենք գնալու»,- նշել է Կարեն Կարապետյանը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հարց է ծագում՝ վարչապետը գտա՞վ այն երկիրը, որ հայաստանյան խնդիրների պես խնդիրներ ուներ եւ հաջողել էր դրանք լուծել ու ֆանտաստիկ դառնալ: Եթե վարչապետին օրինակ են բերել Սինգապուրը կամ Իսրայելը, ապա թյուրիմացության մեջ են գցել…

Որոշակի հարցեր են մնացել նաեւ ԵԱՏՄ-ում: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ եւ ընդլայնված կազմերով: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ամեն անգամ հայտարարում է, որ այս հարթակը հետաքրքիր է, հեռանկարային եւ կարեւոր մեր երկրի, մեր տնտեսության զարգացման համար: Նա  առանձնացրել է մի շարք առանցքային հարցեր, որոնք նեղ կազմով քննարկվել են: Բայց Հայաստանին ներկայացվել է վերլուծություն, թե որտեղ ինչը կատարված չէ:

Հայկական կողմը հայտարարել է, որ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն եւ մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները անխափան կզարգանան:

Թե ֆինանսների եւ թե տնտեսական զարգացման նախարարները միաբերան խոսում են արձանագրված տնտեսական աճից:

«Հիմա կհարցնեք, թե որտեղ են այդ թվերը, եթե մեր կյանքի որակը չի փոխվել: Բայց անտրամաբանականություն չկա։ Կանցնենք մի ժամանակահատված եւ կհասնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություններ կլինեն»,- ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ՝ նախատեսում են իրականացնել 3,2 միլիարդ դոլարի ներդրում, որից շուրջ 830-840 միլիոնն՝ այս տարի: Նրա խոսքերով՝ օրինակ Արագածոտնի մարզում 2017-ին նախատեսվում է 44 միլիոն դոլարի ներդրում:

Սա վարչապետն ասել էր դեռ ընտրական օրերին՝ շեշտելով, որ, իհարկե, սա բավարար չէ, որպեսզի լուծենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները, բայց սա ստաբիլացման սկիզբն է: Ու որ եթե այսպես շարունակվի, ապա ընտրություններից հետո իրենց կարգախոսը լինելու է հետեւյալը՝ ամեն օր մի բան փոխել, մի բան լավացնել:

Մենք վարչապետին չհավատալու հիմքեր չունենք, պարզապես ուզում ենք ասել, որ եթե խոսում ենք իր ասած «թասիբից», ապա դա վերացական կատեգորիա չպիտի համարենք, այլ՝ տնտեսական:

Որպեսզի արժանապատվությունը ոչ թե կենացի թեմա դառնա, այլ՝ գործնական քայլ:

Օրինակ՝ Իսրայելը պաղեստինյան ապրանք թույլ կտա՞ իր տարածք մտնի, ինչպես մենք մտցրինք ադրբեջանականը, մտցնում ենք թուրքականը: Սրանք լուրջ հարցեր են, որ պիտի լուծվեն թե տնտեսական եւ թե քաղաքական օրակարգում:

Սեփական ինքնագնահատականն ու պատճառաբանված կտրուկ որոշումները կարող են «թասիբի» գցել հայկական աշխարհի գործարարներին՝ ներդրումներ անելու հանուն հայրենիքի, որ հստակ ուղենշում է իր ապագա քայլերը:

Նարե Մշեցյան

Ու՞մ են պետք այս «բարելավումները»

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ. զեկույցի համաձայն՝ Գլոբալ մրցակցության 2016-2017թթ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նշված է, որ անցած տարվա համեմատ՝ Հայաստանը 3 տեղով բարելավել է  դիրքերը: Նախորդ տարվա զեկույցում  Հայաստանը 82-րդն էր: Աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, ԱՄՆ-ն, Նիդեռլանդները, Գերմանիան:

Մեր հարեւաններից Վրաստանն աղյուսակում 59-րդն է, Թուրքիան՝ 55-րդը, Իրանը՝ 76-րդը, Ադրբեջանը՝ 37-րդը: Աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան եւ Եմենը: 12 հիմնական չափանիշի հիման վրա է կազմվում աղյուսակը՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների:

Համանման զեկույցներում Հայաստանը վերջին տարիներին հիմնականում բարելավում է իր դիրքերը, բայց դա չի նպաստում օտարերկրյա ներդրումների առատ հոսքին, ինչին այսօր ձգտում է հասնել երկրի կառավարությունը:

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։