Մարդատեսակ, որի հետ գործի պիտի դրվի միա՛յն պատիժը – ԱՄՆ-ում կայացավ այն որոշումը, որը պատիժ է սահմանել Թուրքիայի նախագահի թիկնազորի նկատմամբ, ովքեր ծեծել են ամերիկացի՝ ազգությամբ, հայ, քուրդ, եզդի, ասորի եւ այլազգի խաղաղ ցուցարարներին… Հերթական ադրբեջանական սադրանքներ Մոսկվայում՝ սադրիչ բախում հայերի հետ՝ «Անմահների գնդի» երթին… Ինչու՞ է բողոքավոր Բաքուն… Կպատժվի՞ արդյոք Ադրբեջանը… Կարդարացվի՞ հայ վրիժառուն…

Մարդատեսակ, որի հետ գործի պիտի դրվի միա՛յն պատիժը

Վերջապես կայացավ այն որոշումը, որին սպասում էին բազմահազար ամերիկացիներ, այդ թվում այն ցուցարարները, ովքեր լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ հայեր, հույներ, եզդիներ, քրդեր, ասորիներ եւ այլն, օրինական բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի նախագահի բռնատիրական քաղաքականության դեմ, սակայն այն ճնշվեց ոչ թե ԱՄՆ-ի ուժային կառույցների, այլ՝ թուրք նախագահի թիկնազորի կողմից…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձեւը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը եւ կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձեւին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, նախքան քվեարկությունը խոսելով բանաձեւի մասին, նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի գործողությունները միայն մեկ նպատակ ունեին՝ լռեցնել Թուրքիայի կառավարության դեմ ցուցարարների քննադատությունը: «Մենք պիտի բարձրաձայն ու հստակորեն հայտարարենք, որ պաշտպանելու ենք ԱՄՆ-ի մեր քաղաքացիներին եւ ազատ արտահայտման ու հավաքներ իրականացնելու նրանց հիմնարար իրավունքները»,- ասել է Էդ Ռոյսը:

«Թուրքիայի եւ մյուս բոլոր երկրների համար պետք է հստակ լինի, որ մենք ընդդիմանալու ենք ազատ խոսք ճնշող ցանկացած փորձի դեմ»,- ասել է բանաձեւի հեղինակներից մեկը՝ Սթենի Հոյերը:

Նյու Յորքից ընտրված կոնգրեսմեն Ադրանո Էսպաիլատը քննարկման ժամանակ նշել է, որ Թուրքիայի նախագահը որոշել է սպառնալ ամերիկացիներին այնպես, ինչպես վարվում է իր ժողովրդի հետ: «Նման պահվածքը չի կարող հանդուրժվել: Ներկայացված բանաձեւը հստակ ու վճռական ուղերձ է հղում, որ կոնգրեսն այն չի հանդուրժի»,- ասել է նա:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ասելով. «Երկար տարիներ Անկարայի ցեղասպանական սարսափների, այդ երկրում կատարվող իրավախախտումների ու արտասահմանում բռնության դրսեւորումների վրա աչք փակելուց հետո Միացյալ Նահանգներն այսօր կարեւոր քայլ կատարեց՝ մարտահրավեր նետելով ընդդեմ Թուրքիայի բռնության եւ հակադրվելով այդ երկրի հակաամերիկյան տրամադրվածություններին»:  

Բանաձեւի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քեւին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) եւ դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Բանաձեւը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Բանաձեւի տեքստում նշվում է. «Ժամեր շարունակ տեւած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ նախագահ Էրդողանի կողմնակիցները եւ Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձեւում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, եւ բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձեւում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի եւ այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», եւ սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:

Բանաձեւում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, եւ դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ բանաձեւում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի եւ քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, եւ պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ ու խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ:

Հիմա մնում է, որ ամերիկյան կողմը հետեւողական լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հակաթուրքական ճակատում հայտնված ազգերն ու երկրները եւս հետեւեն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշման ընթացքին:

Արամ Ավետյան

Հերթական ադրբեջանական սադրանքներ Մոսկվայում

Հայ-ադրբեջանական բախումները հատկապես Ռուսաստանում նորություն չեն, սակայն Ռուսաստանի հայերի միությունը այս անգամ որոշեց դիմել ռուսական ոստիկանություն՝ Մոսկվայում ադրբեջանական սադրանքների հետ կապված մեղավորներին պատժելու համար:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի հերթական փորձը՝ միջադեպ հրահրել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, փաստացի ծրագրված էր եւ, ամենայն հավանականությամբ, պատվիրված Բաքվից։ Այս մասին հայտարարեց  Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը՝ խաղաղ ցույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ըստ ավանդույթի, մասնակցել են «Անմահների գունդ» երթին։ Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք նախապես մասնակցության հայտ չէին ներկայացրել, այնուամենայնիվ ներկայացել են՝ խանգարելու մտադրությամբ։

Ինչպես հստակեցրել է Գերման Անանյանցը, նրանք Համառուսական ադրբեջնական կոնգրես ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչներն էին, որի գործունեությունը դադարեցված է  ՌԴ Արդարադատության նախարարության կողմից։ Սա, փաստորեն, լրացուցիչ խախտում է, իրավական հիմքերից զուրկ կազմակերպության անվան տակ սադրանքների դիմելը:

«Նրանցից մեկը խլեց հայկական թափորի վերջից ընթացողի ձեռքից Լեռնային Ղարաբաղի դրոշն ու կոտրեց կոթը»,- պատմել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։ Ապա շարունակել է. «Հայերն էլ, բնականաբար պատասխան տվեցին, սադրիչներին իրենց տեղը ցույց տվեցին, բացատրեցին նրանց ղեկավարությանը, որ նրանք խախտում են Ռուսաստանի Դաշնության օրենքները»։

Ըստ ներկաների, հայերն աշխատում էին խուսափել ձեռնամարտից՝ չնայած ադրբեջանցիների սադրիչ ջանքերին։ «Դա նրանց ոճն է՝ սողոսկել, մի հարված ստանալ դեմքին եւ սկսել բղավել, թե իրենց ծեծի են ենթարկել։ Դժբախտաբար, նրանց հետ շատ դժվար է երկխոսություն վարել»,- պատմում էին ներկաները:

Մի խոսքով, իրականում հայերը պաշտպանել են իրենց իրավունքը՝ ցույց անելու համար եւ մի լավ դաս են տվել ադրբեջանցիներին: Բայց, իհարկե, պետք է այլեւս հարցերը իրավական հարթություն մտցնել: Հատկապես, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից մերժված կառույցով է անցել սադրանքների…

Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է ավելի քան 2,5 մլն հայ, սակայն սփյուռքյան այս հատվածը ավելի քիչ է իրավական դաշտում գործում, քան՝ ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների հայկական համայնքները: Դրա համար էլ ամենամեծ հայկական սփյուռքը դեռ ամենամեծ հնարավորությունները չունի սփյուռքում հայկական նպատակների առաջատարը լինելու համար: Ինչեւէ, քայլն արդեն աւրված է եւ պիտի հետեւել ռուսական ոստիկանության գործողություններին:

Ինչու՞ է բողոքավոր Բաքուն

Ադրբեջանը հերթական տապալված միջազգային նախաձեռնության հեղինակը դարձավ: Այս անգամ այն կազմակերպվել էր ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի: Ադրբեջանի հերթական հակահայկական ձեռնարկը (անգամ համոզված լինելով տապալման մեջ՝ Բաքուն առաջ է տանում հարցը, միայն թե տեղ գտնի իր հակահայկականությունը դուրս թափելու), այս անգամ ՄԱԿ-ում էր: Ամիսներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպության վերին օղակներում Ադրբեջանը փորձել է խանգարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Բաքվին ակնհայտորեն դուր չի գալիս,, որ Արման Թաթոյանն ակտիվ է միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի քննարկման ընթացքում (որոշակիորեն նաեւ ադրբեջանցի քաղբանտարկյալների), եւ ՄԱԿ-ից պահանջել է սահմանափակել նրա գործունեությունը միջազգային այս կառույցում՝ զրկելով նրան ամենաբարձր՝ A կարգավիճակից:

Ադրբեջանի այս նախաձեռնությունը, սակայն, ՄԱԿ-ում արդյունք չի տվել: Պարզվել է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոհ է Հայաստանի Պաշտպանի աշխատանքից եւ կարեւոր է համարում համագործակցությունը նրա հետ:

Կպատժվի՞ արդյոք Ադրբեջանը

«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարության մասով ասել է ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարություննամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը: «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հայտնել է ՊՆ փոխնախարարը:

Կարդարացվի՞ հայ վրիժառուն

ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Turkishny» լրատվակայքը, գրում է, որ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում: Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը բավարարել: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից վավերացվելուց հետո:

Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում) եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ:

1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի եւ Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։

Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ 2 անգամ՝ 2006 եւ 2010 թթ. ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։