Կրոնականից ազգայինի անցնելու տեսլականը – Վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական տերտեր դարձած Արամ Աթեշյանը հրաժարական ներկայացրեց Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից… Հայկական զարթոնքի վախից՝ Թուրքիայում հայերին ոչ թե ազգ, այլ քրիստոնեական համայնք են կոչում… Ուրեմն՝ դեռ ժամանակը չէ, որ ամբողջապես բացահայտվեն միլիոնավոր ծպտյալ հայերը Թուրքիայում (եւ ոչ միայն այստեղ)…

Վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական տերտեր դարձած Արամ Աթեշյանը հրաժարական ներկայացրեց Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ կոչվելու իրեն անհարիր պաշտոնից:  Սա ողջունելի է հատկապես այն առումով, որ ստամբուլահայերը կարողացան իրենց կամքը թելադրել, ինչը թուրքական բռնապետության ժամանակներում շատ դժվար գործ է, եւ ո՛չ ասել մի դրածոյի, ով պարզապես հայկական եկեղեցին ու համայնքը պիտի ամեն օր ստորադասեր թուրքական իշխանությունների առաջ: Իհարկե, ողջունելի է նաեւ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների, նաեւ Էջմիածնի ու Անթիլիասի համատեղ աջակցությունը Թուրքիայում բնակվող հայությանը:

Այսպիսի քայլերն անչափ կարեւոր են հայ ինքնության մասին Թուրքիայում բարձրաձայնելու համար, քանզի հայերը տասնամյակներ կոդավորված են թուրքական անվտանգության համակարգի կողմից, իսկ համայնքը տասնամյակներ շարունակ չի նույնականացվում հայ ազգի հետ, քանի որ Թուրքիայում գտել են, որ չկա հայ ազգ (իրականում թուրքական վերնախավը ցայսօր փորձում է հային զերծ պահել ազգ լինելու փաստից, քանզի հասկանում է, որ հետո առաջ են գալու ազգային շահերի ու նպատակների ժամանակները), իսկ համայնքը կարող է միայն կրոնական լինել՝ հերթական մի քրիստոնեական համայնք, ինչպես հույներինը, ասորիներինը եւ այլն:

Իհարկե, դեռ շուտ է, որպեսզի ամբողջապես բացահայտվեն ծպտյալ հայերը Թուրքիայում, բայց կարծում ենք, հայկական բազմաբնույթ աշխուժացումները կհանգեցնեն նպատակների առաջադրումների: Ցայսօր ամենալավագույն քայլերից մեկն արել է Անթիլիասի հոգեւոր առաջնորդ Արամ Ա Կաթողիկոսը, ով նախ թուրքական դատարաններից է պահանջել Կիլիկիո թեմի կաթողիկոսական նստավայրի վերադարձի հարցը, ապա դիմել է եվրոպական արդարադատությանը… Սա կարելի է համարել պաշտոնական պահանջատիրական քայլ:  

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիկոսոպոս Գարեգին Բեքչյանը Ստամբուլում հանդիպել է հայկական հիմնադրամների նախագահներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ «Ակոս» պարբերականը գրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանում։ Քննարկվել են առաջիկա քայլերը, եւս մեկ ընդլայնված հանդիպում տեղի կունենա հունիսի 3-րդ շաբաթվա ընթացքում:

Արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը հունիսի 4-ին ժամանել է Հայաստան, ապա՝ մեկնել Գերմանիա, որտեղ հանձնել է իր պարտականությունները: Ստամբուլում նա իր աշխատանքը կսկսի հունիսի կեսերից:

Ինչպես նշում է Թուրքիայում հրատարակվող «Ակոս»-ը, «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին եւ խոսել են Պոլսո իրադարձությունների եւ անելիքների մասին»:

Անդրադառնալով Պոլսո իրադարձությունների, Թուրքիայում լույս տեսող մեկ այլ պարբերականի՝ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը խոսել է այն մասին, որ «երկար ժամանակ է, ինչ մեր ազգային եկեղեցական կյանքը անգլուխ վիճակում է», իսկ Թուրքիայի հայ համայնքի սպասելիքները Պոլսո պատրիարքի ընտրության հարցում անձնավորված չեն: Ըստ նրա՝ հայ համայնքը միայն ուզում էր նոր պատրիարք ունենալ. «Որքան պատրիարքի աթոռը թափուր մնար, այնքան կյանքը դուրս կմնար բնականոն հունից: Քանի դեռ պատրիարք չկար, մենք կաթվածահար վիճակում էինք, մեր հավաքական կյանքի իմաստով»:

Վերջին 9 տարվա ընթացքում, ինչ պատրիարքարանը կարելի է ասել մնացել է առանց գլխավորի, հայ համայնքը նվազագույն չափով է կարողանում օգտվել Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումներից. «Մեր ազգային եկեղեցական կյանքը անգլուխ վիճակում էր, հետեւաբար համայնքն այդքան ուզում էր ունենալ իր նոր պատրիարքը ու ընկնել բնականոն հունի մեջ»:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։