Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների մրցույթ… Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Ստեփանակերտ… Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում է… Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին… Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը… Լեւոն Արոնյանը կրկին գերգրոսմայստեր է – Նա առանց պարտության 1-ինն է Նորվեգիայի գերմրցաշարում… Այլ մարզական լուրեր…

ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների մրցույթ

Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական եւ հաղորդակցական, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ, կամ ուղարկել իրենց տվյալները atmk@mil.am էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Ամերիկահայ լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը Վարդենիս քաղաքից շուրջ 280 կիլոմետր վազելով, հասել է Արցախ։ Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավորդուհին ասել է, որ շատ արշավների է մասնակցել, բայց սա իր առաջին այցն է հայրենիք:

«Վազքս սկսել եմ Վարդենիս քաղաքից, որտեղից արշավային երթուղով հասել եմ Ստեփանակերտ, իսկ վաղը առավոտյան կշարունակեմ վազքս դեպի Հադրութ քաղաք. արշավս մտադիր եմ ավարտել երեք օրում։ Արշավի ընթացքում մի քանի վայրում կանգ եմ առել՝ զրուցել տեղացիների հետ և ասեմ, որ բավականին տպավորված եմ իմ հայրենակիցների ջերմ եւ անմիջական վերաբերմունքից: «0ւրախ եմ եւ հպարտ, որ այս հողում ապրում են հայրենասեր մարդիկ, հիացած եմ տեսարժան վայրերով եւ հրաշք բնությամբ: Խոստանում եմ, որ նորից կվերադառնամ իմ հայրենիք»,- ասել է Թելմա Ալթունը եւ նշել, որ իր նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիները:  

«Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով հովանավորել է արշավորդուհու ծրագիրը եւ անձամբ մասնակցել վազքին, ասել է, որ իրենց կազմակերպությունը 3 ծրագիր ունի: «Առաջին ծրագիրը Հայաստանի ամենահետաքրքրական եւ կարեւոր արահետներում ցուցանակներ տեղադրելն է, որն արդեն ավարտել ենք: Մյուսը՝ Վրաստանից-Իրան ճանապարհներին ցուցանականեր տեղադրելը, որպեսզի լեռնային զբոսաշրջիկները, անցնելով այդ տարածքի գյուղերով, իրենց դրամական ներդրումը բերեն, եւ կարողանանք ավելի գեղեցկացնել այդ վայրերը: Հաջորդ ծրագիրն այն է, որ Վարդենիս-Հադրութ ճանապարհը բարելավենք լեռնագնացների համար, ցուցանակներ տեղադրենք, որպեսզի զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքրական լինի»,- ասել է Ռոբերտ Ասսարյանը:

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանից արշավորդուհու վազքին միացել են նաեւ արցախցի մարզիկներ, ովքեր նրան ուղեկցել են մինչեւ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ:

- Բակո Սահակյանն ամերիկահայ արշավորդուհու վազքարշավը հայրենասիրության եւ ամուր կամքի դրսևորում է համարել – Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է հայազգի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը ողջունել է Թելմա Ղազարյան Ալթունի նախաձեռնած Վարդենիս-Հադրութ վազքարշավը՝ այն համարելով հայրենասիրության, տոկունության, ամուր կամքի եւ ոգու վառ դրսևորում:

Հենրիխը՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում

The Sun պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանների ընդհանուր խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բացի հայ ֆոջտբոլիստից՝ խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաեւ Ռոմերոն, Ալվեսը, Բլինդը, Վիրգևերը, Սանդրոն, Պոգբան, Տալիսկան, Ռոնալդուն, Մբապեն եւ Լակազեն:

Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Եվրագավաթային մրցաշարի 11 հանդիպումներում 28-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 6 գոլ:

Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Չեռնոգորիային

ԱԱ-2018-ի ընտրական փուլի 6-րդ փուլում Մոնտենեգրոյի հավաքականը հյուրընկալել էր Հայաստանի հավաքականին: Մեր ազգային թիմը ցավալի պարտություն կրեց՝ 1:4 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականը E խմբում 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Մոնտենեգրոն ունի 10 միավոր եւ 2-րդն է:

Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա

Հայաստանի ազգային հավաքականի First Armenian Front երկրպագուների ֆան ակումբիֆեյսբուքյան էջըհայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով, 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից` ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ եւ հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից եւ հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ամբողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»։

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից հայտարարված մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ – Նրանք են՝ Արեգ Հակոբյան, Արման Աբելյան,  Արտուշ Հարությունյան,  Համլետ Գևորգյան,  Նորայր Զորյան, Ռաֆայել Խալաթյան, Ալիկ Դավթյան, Արմեն Գարամյան, Արմեն Մանուկյան, Գրիգոր Գեւորգյան, Դավիթ Մարտիրոսյան, Երվանդ Հարությունյան,  Մարե Մինասյան, Միքայել Մարգարյան, Սամվել Սուքիասյան, Սուրեն Պողոսյան:

Մրցույթի հաղթողը/ները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երեւանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35 մարմնամարզիկներ: Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաեւ Ուզբեկստանի թիմը: Հայաստանը ներկայացրել են մարզիկներ Երեւանից, Գյումրիից ու Էջմիածնից:

Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի եւ պտտաձողի վրա վարժություններում: Ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան):

Մեր հավաքականի առաջատարներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Norway Chess մրցաշարը

7-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին: Մինչ այդ հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին:  8-րդ փուլում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոնի՝ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ…

Լեւոն Արոնյանը մրցաշարի առաջատարն է: Նա ունի 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լեւոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը - Մրցաշարում Մագնուս Կարլսենի եւ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ Լեւոն Արոնյանը այս պահին 10.5 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը, եւ այն այժմ կազմում է 2803.5 կետ, որն այս պահին աշխարհում 4-րդ արդյունքն է:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքում ներկայացված է ընթացիկ վարկանիշների լավագույն տասնյակը.

  1. - Կարլսեն Մագնուս 2823.9 −8.1
  2. - Սո Ուեսլի 2810.6 −1.4
  3. - Կրամնիկ Վլադիմիր 2806.9 −1.1
  4. ↑3 Արոնյան Լևոն 2803.5 +10.5
  5. ↓1 Կարուանա Ֆաբիանո 2802.2 −5.8
  6. ↓1 Մամեդյարով Շահրիյար 2800
  7. ↑2 Նակամուրա Հիկարու 2796 +11.0
  8. ↓2 Վաշիե-Լագրավ Մաքսիմ 2791.6 −4.4
  9. ↑1 Դին Լիժեն 2783

10 ↑1 Կարյակին Սերգեյ 2782.3 +1.3

- Լեւոն Արոնյանը կրկին գերգրոսմայստեր է – Նորվեգիայում ընթացող Norway Chess շախմատային գերմրցաշարում տարած երկու հաղթանակների շնորհիվ մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին հատել է գերգրոսմայստերական սահմանագիծը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը նախկինում արդեն մէկ անգամ հատել էր 2800 կետի սահմանը:

Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» մրցաշարը

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, բազմաթիվ շախմատային մեկնաբանների եւ վերլուծաբանների կարծիքով «Norway Chess»-ը շախմատի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարերից էր, իսկ որոշ մեկնաբաններ նշում են, որ այն, հավանաբար, ուժեղագույնն է: Մրցաշարում հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ միանգամից 1 միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից եւ Հիկարու Նակամուրայից:
Մեր գրոսմայստերը մրցաշարն անցել է առանց պարտությանՆա ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, եւ նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

- Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը – Մինկսում ավարտված Եվրոպայի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին եւ մինչեւ 18 տարեկան պատանիների համար:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ  Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Հայկի արդյունքը մինչև 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Արամինը՝ 2-րդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղին

Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն եւ ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը տեղի կունենա հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչեւ 17 եւ մինչեւ 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է  ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչեւ 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչեւ 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչեւ 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի եւ 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչեւ 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն (Իրան), միջազգային վարպետ Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), գրոսմայստեր Արյան Չոպրան (Հնդկաստան) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան):

Մինչեւ 14 տարեկանների հավաքականում ընգրկված են միջազգային վարպետներ Ֆիրուզա Ալիռեզան (Իրան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան) եւ կանանց միջազգային վարպետներ Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա):

ԱՄՆ հավաքականների կազմերը դեռեւս չեն հրապարակվել:

Շանթ Սարգսյանը՝ Երեւանի տղամարդկանց չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Երեւանի 87-րդ առաջնությունը, որին մասնակցեցին 29 շախմատիստ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր` 2017թ. Երեւանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 15-ամյա միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Նույնքան միավոր վաստակած Դավիթ Քալաշյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սարգիս Մանուկյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Այս 3 շախմատիստներն իրավունք նվաճեցին մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարին:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
Եվրոպայի առաջնություն. մրցաշարային աղյուսակը վերջին 10-րդ փուլից առաջ – Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Արման Միքայելյանը պարտության կրեց չեխ հանրահայտ գրոսմայստեր Դավիդ Նավարայից: Մյուս կենտրոնական խաղերում Մաքսիմ Մատլակովը հաղթանակ տոնեց մրցաշարի առաջատար Դեյվիդ Հոուելի նկատմամբ, իսկ Բաադուր Ջոբավան ուժեղ գտնվեց Անտոն Դեմչենկոյից: Մեր ներկայացուցիչներից կարեւոր հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

Մաքսիմ Մատլակովը եւ Բաադուր Ջոբավան վաստակել են 8-ական միավոր եւ գլխավորում են աղյուսակը: 11-րդ փուլում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: 5 շախմատիստ հետ են կեսական միավորով:

Մեր մասնակիցներից Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արման Միքայելյանը ունեն 7-ական միավոր եւ կիսում են 8-37-րդ հորիզոնականները:

Կարապետ Չալյանը հաղթեց Թբիլիսիի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում՝ հաղթելով 75 կգ քաշային կարգում: Ազատ եւ հունահռոմեական ոճի մեր մյուս ըմբիշները ձախողվեցին նախնական փուլերում: Այդպիսով, 2 օրվա մրցումներում Հայաստանի ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

«Մրցավարը (ով Թուրքիաից էր) պետք է որակազրկվի. Արթուր Ալեքսանյանը չպետք է գորգից դուրս գար»  – Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը: Մրցաշարի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը հասել է մինչեւ եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2 մարզղադահլիճում վիճաբանություն է սկսվել: Այս ամենից հետո հայ ըմբիշը չի շարունակել գոտեմարտը: Մրցավարները նրան տեխնիկական պարտություն են գրանցել:

Թբիլիսիում մեկնարկեց ըմբշամարտի միջազգային մրցաշար

Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 57, 65, 74 եւ 97 կգ քաշայինները: 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր:  Մեր հաղթանակած ըմբիշն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:

74 կգ Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ նվաճեց: Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: Պայքարի մեջ կմտնեն նաեւ 61, 70, 86 եւ 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները:

Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը կկայանա հունիսի 16-ին:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Եվրոպայի առաջնությունում մեր գլխավոր մրցակիցը Կիպրոսն է

Բասկետբոլի Հայաստանի Մ18 7 Մ16 տարեկան աղջիկների հավաքականներն Օլիմպավանում սկսում են համատեղ ուսումնամարզական հավաքը: Թիմերը պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականները գլխավորող Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ երկու դեպքում էլ նպատակը 1-3-րդ տեղը զբաղեցնելն է:

«Մ18 տարեկանների նախորդ տարվա թիմից միայն 3 բասկետբոլիստ ունենք, մնացածը նոր են` արտասահմանի, Հայաստանի եւ Արցախի մեր ազգակիցները: Բավականին մարտունակ թիմ ունենք: Առաջնության մեկնարկային օրը խաղալու ենք Կիպրոսի հավաքականի հետ: Նրանք B դիվիզիոնից են տեղափոխվել: Կիպրոսի հավաքականի միայն վիճակագրությանն եմ ծանոթ: Նրանց խաղերից տեսագրություններ չկան, բայց վստահ եմ, որ լավ թիմ ունեն: Այդ խաղից շատ բան է կախված: Մեր մյուս մրցակիցներին գիտենք:

Կարելի է ասել, որ Մ16 տարեկանները կխաղան նույն ձեռագրով` ինչ իրենցից ավագ տարիքայինները: Առաջնությունից հետո Մ18-երի թիմից նրանց կմիանա 4 բասկետբոլիստ: Այստեղ ևս Կիպրոսն ուժեղ մրցակից է, բայց մենք արդեն ծանոթ կլինենք նրանց խաղաոճին»,- ասել է Վահագն Հարությունյանը:

Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9 Մալթայում, իսկ Մ16 տարեկաններինը` հուլիսի 24-30-ը Ջիբրալթարում:

Մ18 տարեկաների Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող:

Հայ թենիսիստուհիները՝ Մոլդովայում

Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը եւ  Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է: Մրցաշարը կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը:

Հայաստանի թենիսիստուհիները առաջին խաղում ուժերը չափեցին Մալթայի ներկայացուցիչների հետ եւ պարտվեցին 0:3 հաշվով: Աննա Մովսիսյանը մրցակցին տանուլ տվեց 0:6, 3:6 հաշվով, իսկ Գաբրիելա Հակոբյանը՝ 1:6, 0:6 հաշվով: Զուգախաղում Մարինա Դավթյան-Աննա Մովսիսյան երկյակը նույնպես պարտվեց 2 սեթում՝ 4:6, 2:6:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 15 երկրներ: Խմբերում 1-ին տեղերը գրաված ընտրանիները կպայքարեն ավելի բարձր՝ 2-րդ խմբի 2 ուղեգրերի համար:

Հ.Գ. – Հայ թենիսիստները պարտվել են նաեւ Հունաստանին – Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին, Հայաստանը եւս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ 2-րդ խմբում: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի խոսքով, մեր աղջիկները փորձի պակաս ունեն, չնայած գեյմերում պայքարել են եւ հեշտությամբ զրոներով չեն հանձնվել մրցակիցներին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։