Օգնենք, որ պահանջենք – Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը… Այլապես մեր քաղաքն ատող ու աղտոտող թրքանների կողքից անտարբեր անցնելով ու լավամարդ մնալով՝ ոչինչ պահանջելու իրավունք չենք ունենա – Թե չէ դրել ենք մեսիջ-մուսիջ, լա՜վ էլի…

Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում խոսեց Երեւանի խնդիրներից, առաջադրած նպատակներից եւ հստակ ասաց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է եւ հաջորդ ընտրություններում էլ կարող է ընտրվել: Նախագահի խոսքերից մեջբերումը բառացի է. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի։ Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես։ Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը։ Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երեւանին եւ երեւանցիներին։ Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը»:  

Հասկանալի է, որ սրան հետեւեցին «վերլուծությունները» այն մասին, թե ինչ «մեսիջներ» է ուղարկում նախագահը:  Տարոն Մարգարյանին չհամակրող կողմերը, հիմնականում չերեւալով, սեփական սղագրողների (լրագրությունը վեհ ու շատ ազնիվ մասնագիտություն է) միջոցով կարողացան աշխարհի մեղքերը վերագրել քաղաքապետին ու մեղադրել, որ չի կարողացել կանգնեցնել հորդառատ անձրեւը…

«Լուսանցք»-ի ոճին ծանոթները գիտեն, որ մենք երբեւէ որեւէ պաշտոնյայի՝ վերին թե ներքին օղակում գտնվող, գյուղական թե մարզային ղեկավարի, նախարարի, վարչապետի պաշտպանությամբ չենք զբաղվում այն պարզ պատճառով, որ լրագրողի դերը տվյալ համակարգում խնդիրը գտնելը, վերհանելը, ինչու ոչ, լուծման իր տարբերակն առաջարկելն է: Լրագրողի գործը ուրախանալը չէ վատ բան տեսնելիս, այլ՝ այդ վատի պատճառները հասկանալը, ներկայացնելը, քննադատելը: Առողջ քննադատությունը տվյալ համակարգի օգտին է միայն: Առողջ քննադատությունը օգնում է հասցեատիրոջը՝ միշտ զգոն մնալ ու ավելի լավ աշխատել: Առողջ քննադատողը օգնում է, որ հետո պահանջելու իրավունք ունենա: Սա լրագրողի աշխատաոճի նշաձողերից է: Անձրեւը դեռ չկտրված՝ խոսել Երեւանի Մաշտոցի պողոտայում ստեղծված վիճակի պատճառների մասին, մասնագիտական մոտեցում չէ: Իրականում խնդիրը խորքային է (թեմային մենք առիթով կանդրադառնանք) եւ լուծման բանալին տարբեր օղակների միասնական աշխատանքի շնորհիվ է…

Երեւանը լավը դարձնելը բոլորի՛ս պարտականությունն է՝ անկախ այն հանգամանքից, թե ով է քաղաքապետը:

Թող ների մեզ ընթերցողը, բայց Երեւանի փողոցներում չթրքելը ու թրքողին էլ գոմի տեղը ցույց տալը, ջրհորդանների մեջ սեփական ներքնաշորերն ու հիգիենիկ պարագաները չգցելն ու դրանք չխցանելը բոլորիս պարտականությունն է (տարիներ առաջ «Աէրացիա» էի գնացել նյութ պատրաստելու եւ անչափ տգեղ պատկերի ականատես եղա): Այլապես մեր քաղաքն ատող ու աղտոտող թրքանների կողքից անտարբեր անցնելով ու լավամարդ մնալով՝ ոչինչ պահանջելու իրավունք չենք ունենա:

Թե չէ դրել ենք մեսիջ-մուսիջ, լա՜վ էլի…

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։