Բաքուն սպառնում է նաեւ Նախիջեւանից հարվածել Երեւանին – Տիեզերական Գարնան պահանջը. աշխարհի վերաբաժանումը կընթանա բնական ճանապարհով… եթե Երեւանում առանցքային թիրախներ գրեթե չկան, ապա Բաքվում շատ կտուժեն հայկական իսկանդերային հարվածներից… Նախիջեւանում տեղի են ունեցել նաեւ համաթուրքական համաժողովի նիստեր եւ թուրք-ադրբեջանական զորավարժություններ…

Դեռ տարեսկզբին ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հաղթական ձոներգեր էին պատրաստում, քանի որ տեղեկատվություն էր տարածվել՝ իբր չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ Նախիջեւանից հարվածի, այն էլ Երեւանին: Նույն լրատվամիջոցներն արդեն սկսել էին «փաստել», թե Հայաստանի մայրաքաղաքում խուճապ է:

Բնականաբար, մենք՝ հայերս, ինչ-որ խուճապ չենք կարող հիշել, որովհետեւ դա ադրբեջանական հերթական «հերոսական» կեղծիքն է, իսկ իրականում այդ սուտը Ադրբեջան մտավ այն բանից հետո, երբ Նախիջեւանում նոր զորամասի բացման ժամանակ ցուցադրվեցին մի քանի զինատեսակներ, այդ թվում՝ T-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (Ադրբեջանը ձեռք է բերել դրանք Թուրքիայից):

Իհարկե, մենք երբեք չպետք է բացառենք, որ Նախիջեւանից եւս կարող են սադրանքներ լինել, բայց դա չի կարող Արցախի նկատմամբ իրականացնել, չկա սահմանային որեւէ հատված, ուստի՝ պիտի իրականացվի Հայաստանի ուղղությամբ: Իսկ դա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, ինչին դժվար կարողանա պատասխանել Բաքուն, կամ էլ՝ դա միանգամից կվերածվի մի նոր պատերազմի, եթե ինքնակամ որոշում է, եւ կունենա շարունակություն:

Բայց վերոնշյալ լուրերը որեւէ հիմք կամ իրավիճակային հարմար պահ չունեին, ինչը պարզապես պիտի համարել հերթական սին քարոզչության դրսեւորումը:

T-300 Kasirga համակարգերի ի հայտ գալը այնքան էլ մեծ եւ սարսափազդու տպավորուէթյուն չէր գործել Հայաստանի վրա, որը կարող էր նման ապատեղեկատվության հանգեցներ, հիշեցնենք, որ մինչ այդ Նախիջեւանում տեղակայվել էին «Սմերչ» ՀԿՌՀ–ի առնվազն մեկ դիվիզիա (առավելագույն հեռահարությունը 90 կմ) եւ T–300 Kasirga համակարգի որոշակի քանակություն (առավելագույն հեռահարությունը 100–120 կմ՝ կախված կիրառվող հրթիռից): Այդ համակարգերը, իհարկե, թույլ են տալիս հարվածել Երեւանին: Սակայն դրա համար պետք է գտնվել Հայաստանի հետ սահմանից մոտ 20–25 կմ հեռավորության վրա: Իսկ իմանալով, որ Հայաստանը տիրապետում է գերիշխող դիրք ունեցող բարձունքների (հատկապես այն բանից հետո, երբ հայկական հատուկ ջոկատայիններն զբաղեցրին չեզոք գոտին, վերջին ժամանակներս՝ նաեւ այլ նպաստավոր դիրքեր), որտեղից ինչպես ափի մեջ երեւում է Նախիջեւանի մեծ մասը, թշնամու արձակման կայանները հազիվ թե կարողանան հայտնվել անհրաժեշտ հեռավորության վրա՝ այն էլ հայկական հրետանու պատասխան հարվածի ներքո:  

Բացի այդ, հայ-ադրբեջանական պատերազմում (նաեւ ապրիլյան քառօրյա) հասկանալի եղավ, որ Հայաստանի, հայ զինվորի հետ ուժի դիրքերից խոսելն այլեւս հեշտ չէ, ինչպես նախկինում էր, երբ հայրենակորուստ ու հալածված հայը միայն մասնակի կամավորական շարժումների հնարավորություն ուներ… Այժմ հայկական բանակն է կանգնած հայկական սահմաններին եւ այն հաղթանակած բանակ է ու կամային բարձր հատկանիշներով կազմակերպված:

Իմիջիայլոց նշենք, որ Թուրքիան շահագրգռված է նաեւ Ռուսաստանից մեծ հեռահարության ՀՕՊ համալիրների ձեռքբերմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունեն, եւ ռուսական C-400 համալիրների ձեռքբերման հարցում որոշում կայացնելու վերջանական փուլում են գտնվում: Նա նշել է, որ այդ համալիրների ձեռքբերման հարցում վերջանական որոշումը կայացնելու են երկրի նախագահն ու վարչապետը: Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ բանակցություններ են ընթանում վերոնշյալ համալիրների ձեռքբերման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թուրքիան ՀՕՊ համալիրների ձեռքբերման միջազգային մրցույթ էր հայտարարել, որին մասնակցության հայտ էր ներկայացրել նաեւ ռուսական կողմը:

Երեւանին հարվածելը հիմա շատ վտանգավոր երազանք է Բաքվի տերերի համար, այն վստահաբար կհանգեցնի Բաքվին պատասխան հարված հասցնելուն: Իսկ ահա Հայաստանը նման գործողության հնարավորությունն ունի՝ այդ խնդիրը անվարան կլուծեն «Իսկանդեր» եւ P-17 «Էլբրուս» համակարգերը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ասել է, որ ձեռքը երբեք չի դողա, երբ կարիք լինի այդ հրամանն արձակելու… Նույն կերպ է մտածում նաեւ մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ մասնագետների, եթե Երեւանում առանցքային թիրախներ գրեթե չկան, շատ քիչ են, ապա Բաքվում դրանք ավելի քան շատ են: Բաքվում է գտնվում երկրի միակ նավթային տերմինալը, որը նավթ է մղում դեպի արտահանման ենթակա նավթատարներ, իսկ ոչ այնքան հեռու բուն նավթահորերն են եւ այլն: Բացի այդ, ինչպես նշեցինք, հայկական կողմը Նախիջեւանի հետ սահմանին զբաղեցնում է գերիշխող դիրք ունեցող բարձունքներ: Իսկ բուն Նախիջեւանը մնացյալ Ադրբեջանի հետ ցամաքային ուղղակի կապ չունի: Ավիացիայի միջոցով սպառազինություն մատակարարելը չափազանց ծախսատար եւ բարդ գործ է: Բացի այդ, որոշ լուրերի համաձայն, Նախիջեւանի օդային տարածքն ամբողջովին վերահսկում է Թուրքիան, որը դժվար թե ցանկանա ներքաշվել եւս մեկ ռազմական գործողության մեջ  (սիրիական թնջուկը եւ իր ու հարակից երկրների տարածքում քրդերի դեմ քաղաքացիական պատերազմը դեռ զարգացումների ճանապարհին են):

Նման պայմաններում այդ ուղղությամբ պատերազմ սկսելը պարզապես անմտություն կլինի: Իսկ այն փոքրիկ սահմանը, որը Նախիջեւանն ունի Թուրքիայի հետ, դա կարելի է արագ չեզոքացնել՝ մինչեւ պատերազմի ծավալումը… Իմիջիայլոց, այդ շուրջ 9 կիլոմետրոմոց սահմանային հողատարածքը 1930-ականներին Իրանը հրամցրեց Թուրքիային՝ մի քանի անգամ ավելի մեծ տարածքի դիմաց: Ցայսօր զարմանալի է դեռ, թե ինչպես իրանական դիվանագիտությունը կարողացավ այդքան պարզունակ լինել եւ հողի չափի եւ ռազմա-քաղաքական դիրքի սխալ հաշվարկի պատճառով Նախիջեւանի հետ դուռ տալ համաթուրանականության հեղինակին՝ Թուրքիային: Ի վերջո, նույն Թեհրանը չի խուսափում անգամ իր նկրտումները ցույց տալուց, որի ժամանակ հստակ է դառնում, որ այս հարեւան երկիրը եւս հավակնություններ ունի Նախիջեւանի նկատմամբ: Այս դեպքում ի՞նչ իմաստ ուներ Թուրքիային սահմանակից դարձնել Ադրբեջանի հետ…

Իսկ Իրանը նման ցանկություն ունի վաղուց եւ չի էլ թաքցնում: Անգամ վերջին ժամանակներս, երբ հայկական կողմը ի պատասխան Արցախի նկատմամբ ռազմական հերթական ոտնձգությունների, պատժիչ հարվածների մի մասը նաեւ Նախիջեւանի կողմից իրացրեց, Թուրքիայի հետ նաեւ Իրանը բողոքող կողմ դարձավ:

Բայց ընդամենը հայկական զինուժն իր դիրքերն էր բարելավել բռնազավթված հայկական Նախիջեւանի հետ այսօր սահմանակից տարածքում…

Ինչեւէ, Նախիջեւանից Երեւանին հարվածելու տեղեկատվությունը այսօր ավելի շատ Բաքվի՝ ներքին քարոզչության համար արված հերթական սինաբանությունն է, սակայն կրկնենք, որ երբեք չպետք է բացառել 2-րդ ճակատի բացման հնարավորությունը, հատկապես աշխարհի հերթական վերաբաժանման վճռական փուլում:

Չնայած, այդ դեպքում չի բացառվում նաեւ, որ 2-րդ ճակատը հենց Հայաստանը կբացի…

Վերջերս Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանում: Ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետներ, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունեցել մայիսի 1-5-ը: Արցախի զինված ուժերը ուշի-ուշով հետեւել են ընթացքին, պատրաստ ցանկացած պատասխանի, եթե հանկարծ սադրանքներ տեղի ունենային: «Լուսանցք»-ն այս մասին գրել է թիվ 17 (450) համարում («Համաոհմակային ռազմական ստուգատես», Արամ Ավետյան): Այստեղ նշված է, որ Արցախյան կողն անգամ հայտարարել էր, որ եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել…

Հիշեցնենք, որ այդ ընթացքում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցրել է, որ շուրջ 1 տարի առաջ Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծել էր 1994թ.-ից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում, ինչը ավարտվեց Ադրբեջանի ռազմական անհաջողությամբ:  Իսկ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կարող են խթանել նոր ռազմական քայլերի եւ՝ ոչ միայն Արցախի նկատմամբ, այլեւ՝ Հայաստանի…

Այժմ նորից թուրք-ադրբեջանական զորավարժություններ են ընթանում, սակայն ոչ Արցախի սահմանների մերձակայքում, այլ Նախիջեւանում: Ըստ որոշ վերլուծաբանների, Նախիջեւանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղերձ են ոչ միայն Հայաստանին, այլ ավելի շուտ՝ խոշոր խաղացողներին, որոնք տարածաշրջանում ազդեցության ոլորտների վերաբաժանման մեջ են: Տարածաշրջանն անհանգիստ է, եւ Թուրքիան, Քաթարի, Իրանի շուրջ արտահայտած լինելով սեփական դիրքորոշումը, այժմ էլ կարծես ցանկանում է վերահաստատել իր ուժը մեկ այլ ուղղությամբ։  Ուղղություն, որը Հայաստանի բռնազավթմամբ պիտի տանի դեպի «Մեծ Թուրան»…

Այսպես Թուրքիան նաեւ անկախ Քուրդիստանի հնարավոր կազմավորման դեմ է փորձում քայլեր անել: Բայց այս ամենը առնչվում է նաեւ Հայաստանին, որի հողերի վրա էլ փորձում են «Մեծ Քուրդիստան» կոչվածի հիմքը դնել՝ մասնատելով Թուրքիան: Այսպես կոչված «Անկախ Քուրդիսատան» ստեղծելու գաղափարը աշխարհի վերաբաժանման առանցքում եւս կա, ինչի դեմ պիտի պայքարի նաեւ Հայաստանը:

Բայց մեր պայքարն այլ է, եթե Թուրքիան, Իրանը, Իրաքը եւ Սիրիան պայքարում են, որ այսօրվա իրենց տարածքներից չկորցնեն Քուրդիստանի ստեղծման ճանապարհին, ապա Հայաստանի համար Քուրդիստանի ստեղծումը կարող է հակահայկական չդիտարկվել, եթե այդ արհեստական պետության ստեղծումը հեռու մնա հայկական բնատարածքներից, որոնք այսօր մեկ այլ արհեստական պետության կողմից են տնօրինվում՝ Թուրքիայի (այստեղ Ադրբեջանի հարցը եւս դիտարկելի է):

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը տեսակետ է հայտնել, որ «Նախիջեւանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները շանտաժի պես մի բան են։ Մասնավորապես, Ադրբեջանը զորավարժություններով Ռուսաստանին ցուցադրում է իր քմահաճույքները, ուժն ու անկախությունը։ Թուրքիան իր հերթին փորձում է ապացուցել Արեւմուտքին, որ ազատ է եւ ցանկություն ունի տարածաշրջանում տեր ու տիրական լինել»։

Բայց մյուս կողմից, զորավարժություններն Ադրբեջանին անհրաժեշտ են ներքին սպառման համար, իր ժողովրդին համապատասխան ուղերձներ հղելու առ այն, որ իրենք մենակ չեն, եւ Թուրքիան միշտ իրենց հետ է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ հունիսի 12-16-ը 2 երկրները համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել Նախիջեւանում։ Զորավարժությունների նպատակը կողմերի զինված ուժերի միջեւ փորձի փոխանակման միջոցով համակարգման զարգացումն է:

Հիշեցնենք նաեւ, որ Նախիջեւանում տեղի են ունեցել նաեւ համաթուրքական համաժողովի նիստեր, որին մասնակցում են 6 թյուրքական երկներ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության ոլորտների պատասխանատուների հանդիպումներ:

Նախիջեւանը Թուրքիայի համար նաեւ ռազմա-քաղաքական հենակետ է: Այն մշտապես պիտի հիշեցնի հայ-ռուսական հարաբերությունների այն թերի կողմը, որ Անկարան միշտ կարող է ռուս-թուրքական պայմանագրի կետերից օգտվելով՝ ազդել հայ-ռուսական բարեկամություն ասվածի վրա:

Նախիջեւանը հանգույց է, որի միջոցով Թուրքիան ուզում է իրականացնել իր առաջիկա եւ հեռահար ծրագրերը։ Այնտեղից Երեւանը շատ մոտ է գտնվում եւ առանձին ադրբեջանական բանակ է տեղակայված հատուկ նպատակով։

Սակայն թուրքերը զսպում են Բաքվի նոր ճակատ ստեղծելու մղումները նշված ռազմավարական ուղղությամբ, որպեսզի չկորցնեն Նախիջեւանը։ Անկարան լավ է հասկանում, որ այս պահին հայկական զինուժն առավել պատրաստված է, քան՝ Ադրբեջանինը: Դրա համար այնտեղ նաեւ պաշտպանական միջոցառումներ են ընթանում։

«Նախիջեւանը հենակետ է Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Չինաստան անցնելու համար, ինչպեսեւ պանթուրքական տարածք ստեղծելու համար»,- այսպես է ներկայացրել հերթական գաղափարախոսներից մեկը՝  Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» գրքում: Այստեղ նա նաեւ գրում է, որ եվրոպական քաղաքակրթությունը սպառել է իրեն եւ այն փոխարինելու համար եկել է «թուրքական նմուշի մուսուլմանական քաղաքակրթությունը»։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։