Կդիմե՞ն համանախագահները կտրուկ միջոցների – ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը այս անգամ հետաքրքիր է եւ հասցեական… Ադրբեջանի կողմից համաձայնագրային պարբերաբար խախտումները եւ  լկտի պահվածքը պիտի պատժվի… Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին…

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ ախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն է ձեռք բերվել մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը եւ հրապարակվել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չի կատարել պայմանավորվածությունը, այլեւ հանդես է եկել անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարեւորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը:  

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձեւևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին՝ ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը:

Ի դեպ, ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի

գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն արել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը եւ նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան ու Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում ճեպազրույցի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող վիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵՀԱԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի եւ ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

Երբ ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարություն է լինում, ապա ադրբեջանական կողմը դժվարանում է կեղծիքներ սփռել ինչպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, այնպես էլ սեփական ժողովրդին խաբելու համար: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն այս մասով անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը՝ նշել է, որ քաղաքական առումով շատ կարեւոր էր, որ առաջին անգամ համանախագահները հասցեական հայտարարություն արեցին:

Ինչ վերաբերում է շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտումներին, նա ասել է, որ կարող են լինել ինչ-որ  տրամաբանական պատճառներ, սպասվող քաղաքական հանդիպումներ, տոնական օրեր եւ այլն, բայց հիմնականում իրավիճակի լարումն անտրամաբանական է։ «Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հակառակորդը անկանխատեսելի է եւ արկածախնդիր: Շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական զինուժի տարբեր հրամանատարներ կան, որոնց կողմից կատարած գործողությունները ռազմական առումով անտրամաբանական են»,-  նշել է վարչության պետը՝ հավելելով, որ շփման գծում խախտումները որեւէ ռազմական խնդիր չեն լուծում, այլ իրավիճակը լարված պահելու եւ խնդրին միջազգային ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը բավականին հետաքրքիր եւ յուրահատուկ է։ Ըստ երեւույթին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում սա նոր սկիզբ է, կայունության եւ խաղաղության պահպանման հարթություն: Այսպիսի տեսակետ է ասել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ այն հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։ «Նման հայտարարություն պետք է ավելի վաղ արվեր։ Միաժամանակ, կարելի է հասկանալ համանախագահներին, որոնք չեն ուզում իրավիճակն ավելի բարդացնել՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքը։ Մյուս կողմից, այլեւս հնարավոր չէ հանդուրժել Ադրբեջանի լկտի պահվածքը։ Իսկ լկտի պահվածք այդ երկիրը ցուցաբերում է ոչ միայն շփման գծի երկայնքով, այլեւ տարբեր երկրների նկատմամբ։ Բնական է, որ Ադրբեջանը զզվեցրել է համանախագահող երկրներին»,- նկատել է Դավիթ Բաբայանը: Նա կանխատեսելի համարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որով վերջինս հայտնում է, որ  «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա»: Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, ալիեւյան կլանի գերնպատակն իշխանության մեջ մնալը եւ սեփական երկրի հարստությունը թալանելն է։ Հետեւաբար՝ եթե նույն այդ իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեր ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, իր ժողովրդի աչքում կհեղինակազրկվեր։

ԵԱՀԿ ՄԽ-ն կարծես սկսում է ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը՝ թիրախավորելով հրադադարի ռեժիմը մշտապես խախտող Ադրբեջանին: Սա հայկական դիվանագիտության ձեռքբերումն է.- ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը: Սա դրական զարգացում է, որ ավելի պետք է խորացնել, հակառակ դեպքում ամեն ինչ կմնա նույն կարգավիճակում:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:  Քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։