Անկարան փորձում է տեղավորվել հաշտարար-միջնորդի դերում – Թուրքիան մտադիր է ռազմական բազա տեղակայել Քաթարում… Անկարան հեռուն գնացող քայլ է անում ռազմաբազա բացելով՝ այն կառնչվի նաեւ ՆԱՏՕ-ի նպատակներին Պարսից ծոցում, արաբական աշխարհում՝ շիա եւ սուննի կրոնական, ինչպեսեւ՝ արաբա-իրանա-իսրայելական քաղաքական հարցերին…

Թուրքիան մտադիր է ռազմական բազա տեղակայել Քաթարում. այս մասին հայտնել է Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը: Նախատեսվում է, որ ռազմակայանում կլինեն ցամաքային զորքերի 3 հազար զինվորներ, ինչպես նաեւ ռազմաօդային եւ ռազմածովային ուժեր: Տեղեկատվությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ով, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի եւ Քաթարի քաղաքական կամքն այս ուղղությամբ առկա է: Ընթացքում մանրամասները կպարզվեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հաստատել է Քաթար թուրք զինծառայողներ ուղարկելու մասին օրենքը: Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ կտա թուրքական զորքերը տեղակայել Քաթարում, ինչպես նաեւ վերապատրաստելու այդ երկրի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Դրանից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Անկարան եւ Դոհան ստեղծելու են թուրքական ռազմաբազա Քաթարում: Նշվում է նաեւ, որ թուրքական զինծառայողների տեղակայումը Քաթարում  կիրականացվի համաձայն երկու երկրների միջեւ 2015թ. ստորագրված համաձայնագրի:

Հիշեցնենք, որ Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրություննեը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Պատճառն այն է, որ այդ երկիրը չի միացել հակաիրանյան ճակատին:  

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը կքննարկեն Քաթարի շուրջ ծավալվող զարգացումները։ «Մեր նախագահը առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկելու են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Կարծում ենք՝ Անկարան հեռուն գնացող քայլ է անում Քաթարում ռազմաբազա բացելով:

Նախ՝ անմիջապես միջնորդի կարգավիճակ է ստանում արաբական աշխարհում՝ շիա եւ սուննի իսլամական կրոնական ուղղությունների հարաբերություններում՝ միաժամանակ սուննի արաբների շրջանում մեծացնելով Թուրքիայի համակիրների թիվը:

Ապա՝ միջնորդ է հանդիսանում արաբա-իրանական հակամարտության կարգավորման հարցում, միաժամանակ հնարավորություն է ստանում Իրանին զսպելու՝ քայլերի գնալու առումով:

Եվ վերջապես՝ ապահովում է իր ներկայությունը Պարսից ծոցում՝ ՆԱՏՕ-ական շրջանակներում ամրապնդելով իր դիրքերը:

Այս ամենին զուգահեռ Անկարան արաբական աշխարհում եւ Իրանի հետ հարաբերություններում ստանձնելով միջանկյալ օղակի կամ հաշտարարի կարգավիճակ, ավելի ազդեցիկ է դարձնում քրդական հարցի դեմ համատեղ պայքարի քաղաքականությունը: Սա նաեւ հենց այն է, ինչի մասին զգուշացնում է «Լուսանցք»-ը՝ համաթուրանականությունը համադրելի դարձնել համաիսլամականությանն ու համաարաբականությանը, ինչը թույլ կտա մտածել ոչ միայն նորօսմանական ծրագրերի, այլեւ «Մեծ Թուրան» ասվածի շուրջ:

Իսրայելի իշխանություններն էլ ուսումնասիրում են քաթարական Al Jazeera արբանյակային հեռուստաընկերության ներկայացուցչությունը փակելու հնարավորությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է դիտարկում այդ հեռուստատեսային ցանցի գրասենյակների փակման հնարավորությունը: Վարչապետը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել՝ այդ թեմայի նախնական քննարկման համար։ Երուսաղեմում հեռուստաալիքի ներկայացուցչությունը մտադիր է դատարանում վիճարկել կառավարության գործողությունները։

Այստեղ էլ Անկարան կփորձի միջնորդի դեր ստանձնել՝ արաբական աշխարհում շահարկելով Իսրայելի թեման, ինչպես դա արեց տարիներ առաջ՝ Պաղեստինի հարցում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։