Եվրամիությունն իրեն է մոտեցնում Հայաստանին – Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-Եվրամիություն բանակցությունները… Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը՝ հավանաբար նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում.…

Ըստ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-Եվրամիություն բանակցությունները: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը. այս մասին հայտնել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:: Եվրոպական շատ երկրներ, ինչպես վերջերս Ֆրանսիան, ողջունել են հայ-եվրոպական բանակցությունների ավարտը:

«ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ եւ ամբողջական փաստաթուղթ է։ Այդպես կարելի է դատել՝ աչքի տակ անցկացնելով փաստաթղթի գլուխներ՝ քաղաքական երկխոսություն եւ բարեփոխումներ, արդարադատության ոլորտին առնչվող բարեփոխումներ, առեւտուր եւ ներդրումներ, ոլորտային համագործակցություն»,- համոզմունք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը «ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով կայացած քննարկման ժամանակ:

Ըստ նրա եւ այլ վերլուծաբանների, այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առեւտրի ու ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը եւ համապարփակ առեւտրի համար։ Սա շատ կարեւոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը։ Սա մեծ ռիսկեր է պարունակում, դրա ստորագրումը չի բացառվում, որ ինքնասպանության նման մի բան կլինի, որը կարող է խոչընդոտել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների զարգացմանը։  

Այս իմաստով Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը չաշխատող փաստաթուղթ է. այսպես կարծում են որոշ մեկնաբաններ: Սահմանային էսկանալացիան նույնպես չի կարող կապ չունենալ ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը։ Ռուսաստանը դեմ է դրան եւ պատրաստ չէ նման բան հանդուրժել։ Բայց համաձայնագրի շուրջ բանակցությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից, այդ կառույցը մեր երկիրը համարում է ընդհանուր տնտեսական, իրավական մշակութային տարածքի մաս։ Ավելին, Եվրոպան ուզում է Հայաստանը տեսնել իր դաշնակիցների թվում, իսկ մեր երկիրն էլ, ի դեմս ԵՄ-ի, ձեռք է բերում սեփական անվտանգության եւս մեկ երաշխավորի։

Ստորագրվելիք նոր փաստաթղթով մեզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության,  ավիացիայի եւ այլ ոլորտներում։ Նոր համաձայնագրով էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ: Եթե շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի, թե Հայաստանում, թե սահմանի վրա կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել։ Եթե նոր քաղաքական դաշնակիցներ ձեռք չբերենք, մեզ համար ամեն ինչ ավելի բարդ կդասավորվի, քանի որ արդեն համոզվել են, որ ԵԱՏՄ-ն հաճախ է անտեսում Հայաստանի շահերը, ինչպես դա արվել է ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեության ընթացքում: Այս համատեքստում կենսական անհրաժեշտություն պիտի համարել շրջանակային նոր համաձայնագիրի ստորագրումը։ Անվտանգության առումով մենք պետք է ճեղքենք ոչ մեր կողմից, բայց մեզ համար արհեստականորեն դրված պատը եւ ձեռք բերենք նոր դաշնակիցներ աշխարհի վերաբաժանման այս ժամանակահատվածում:

Ի դեմս «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի, ոմանք էլ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը, որի ստորագրումը սպասվում է այս աշնանը, քիչ արդյունավետ փաստաթուղթ են համարում՝ ավելի շուտ այն սրտի մխիթարանք նկատելով։

Կարծիք կա, որ ստորագրվելիք համաձայնագիրը էականորեն տարբերվելու է այն մեկից, ինչն ակնկալվում էր տարիներ առաջ։ Այս համաձայնագիրն ունի տարբեր բաղադրիչներ՝ քաղաքական, դատաիրավական, տնտեսական եւ այլն։ Նախկին փաստաթղթում 2 առանձնահատկություն կար, որ նորում չկա։ Առաջինը խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրն էր, որի շրջանակներում հայկական ապրանքները պետք է անարգել արտահանվեին ԵՄ 520 միլիոնանոց շուկա։ Երկրորդը՝ հստակ ժամանակացույցով եւ ոլորտային ծրագրերով փաթեթն էր, որն այս համաձայնագրում ներառված չէ»։

Արա Պապյանի խոսքով, իհարկե, չեղածից լավ է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնագիր է ստորագրվում, սակայն էական ակնկալիքներ այդ փաստաթղթից չարժե ունենալ։ Նոր համաձայնագիրն արդյունավետ կհամարվեր միայն մեկ դեպքում, եթե հնարավորություն ընձեռեր փոփոխելու նախկին փաստաթղթում առկա բացերը։ «Այն, ինչ ունենք ԵՄ-ի հետ, ունենք, եւ դա հնարավոր չէ փոփոխել։ Բայց եթե չենք կարող փոփոխել, ինչների՞ս է պետք նոր փաստաթուղթը, ի՞նչ է մեզ տալու։ Միաժամանակ պիտի շեշտել՝ լավ է այսքանը, քան ոչինչ»,- նշել է քաղաքագետը։

Վերջերս Բելգիայի Թագավորությունում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանրապետության նախագահը բրյուսելյան բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին խոսելով, հույս է հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաեւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Տայանիի հետ հանդիպումները անպայմանորեն իրենց ներդրումը կբերեն Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցության խորացմանը:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը: Նոր համաձայնագիրը, նրա համոզմամբ, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար, եւ դրանում արտացոլված երկուստեք հանձնառություններով կուղղորդվեն նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները, որոնք ընկած են երկկողմ հարաբերությունների հիմքում: Միաժամանակ նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը մեր երկրի բարեփոխումներին կլինի շարունակական: Անհերքելի փաստ է համարել այն, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն արդեն իսկ մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում զգալի առաջընթացին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտի ամրապնդմանը:

Հանգամանալից անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ դրանց հեռանկարին: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մեծ կարեւորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով երկրում շարունակել ու առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը եւ Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ վերջին զարգացումները, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները, բարձր է գնահատել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ձեւակերպումներին: Մտքեր են փոխանակվել նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող վիճակի, այդ թվում՝ սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին եւ բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

Օրերս մեկ անգամ եւս կարեորվեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացումը: «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական գործընթացներում եւ չափազանց կարեւոր են համապարփակ միջխորհրդարանական շփումները, որոնք իրենց առանձնահատուկ դերակատարումն ունեն հայ-էստոնական միջպետական հարաբերությունների սերտացման գործում»,- ԱԺ-ում Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նա նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, քանի որ ԵՄ հետ մեր համագործակցությունը առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում»:

«Էստոնիան, ինչպես եվրոպական այլ երկրներ,  շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը»,- Սվեն Միկսերը հավելել է, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության գագաթաժողովը,  որտեղ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի:

Ինչ վերաբերում է Հայաստան-Էստոնիա հարաբերություններին, այդ երկրի ԱԳ նախարարն ասել է, որ երկկողմանի ուղղությամբ հարաբերությունները սերտ են, բարեկամական, բայց տնտեսական, առեւտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ:

Նշենք, որ Էստոնիան հատուկ ուշադրության է արժանացել նաեւ Միացյալ Նահանգների կողմից: «Արեւելքից եկող սպառնալիքների դեպքում ԱՄՆ-ն կսատարի Էստոնիային»,- նման հայտարարություն է արել այցով Տալինում եղած ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: «Մենք ուզում ենք, որ դուք իմանաք՝ մենք կանգնած ենք ձեզ հետ ուս-ուսի այն սպառնալիքների դեմ, որոնք գալիս են արեելքից՝ Ռուսաստանից, կլինի դա կիբերպատերազմ, թե մեկ այլ բան»,- հայտարարել է նա՝ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք նաեւ, որ Էստոնիան եւ Հայաստանը կարեւորվել են ահաբեկչության դեմ պայքարի համապատկերում եւս, ինչը եւս լրացուցիչ գործոն է եվրոպական ուղղությամբ աշխատանքները ծավալելու առումով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։