Կվտարվի՞ Թուրքիան Եվրոպայից – Հետզհետե բացասականորեն խորանում են Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները – Եթե Միացյալ Նահանգները պահպանում են որոշակի ջերմություն Թուրքիայի հետ, ապա եվրոպական համագործակցությունը կարծես սպառել է ջերմության պաշարը…

Հետզհետե բացասականորեն խորանում են Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները: Եթե Միացյալ Նահանգները քիչ թե շատ պահպանում են որոշակի ջերմություն Թուրքիայի հետ, ապա եվրոպական համագործակցությունը կարծես սպառել է ջերմության պաշարը:

Եվրամիությունը որոշել է աուդիտի ենթարկել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածու դառնալուց հետո այս երկրին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունը: 2007-2013 թթ. ԵՄ-ն Թուրքիային 4,48 մլրդ եվրո նյութական օգնություն է ուղարկել: Ընդ որում, նշված ժամանակահատվածում տրամադրված գումարը կազմում է ԵՄ թեկնածու երկրներին տրամադրվող օգնության 40%-ը: Սա լուրջ թիվ է: Նախատեսվում էր, որ այդ գումարը պետք է ծախսվեր Թուրքիայի եվրաինտեգրման համար սահմանված նախապայմաններն իրագործելու նպատակով: 2014թ. հետո նույն նպատակով Թուրքիային պետք է տրամադրվեր եւս 1,65 մլրդ եվրո, սակայն Բրյուսելը դեռեւս լիովին չի վճարել այդ գումարը:

Աուդիտների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսսբերգը ասել է. «Թուրքիան Եվրամիության արտաքին ֆինանսական օգնությունից ամենից շատ օգտվող երկիրն է: Միեւնույն ժամանակ պաշտպանության, միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի նշանակալից գործընկերն է: Սակայն մինչ օրս մենք երբեք չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված նյութական օգնությունը որքանով է ծառայել իր նպատակին»: Աուդիտորների խնդիրն է լինելու՝ պարզել, թե արդյոք տրամադրված ֆինանսները օգտագործվել են նախատեսված ոլորտներում ծրագրված նպատակների համար եւ արդյոք դրանք արդյունավետ են եղել: Աուդիտի ընթացքում ուշադրություն կդարձվի 3 հիմնական ոլորտների՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն եւ լավ կառավարում, կրթություն, աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն:  

Ակնհայտ է, որ հիասթափությունը մեծ է լինելու վաղուց բռնապետության ուղին բռնած Թուրքիայի խորքերը նայելիս… Աուդիտի արդյունքում կազմված զեկույցը կհրապարակվի 2018թ.:

Իսկ ԵՄ Հարեւանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է. «Եվրոպան չի փակում դռները Թուրքիայի առաջ, սակայն վերջին զարգացումները հուշում են, որ պիտի գտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանն այլընտրանք»:

Քննարկման բացմանը խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին կոչ է արել Թուրքիային հարգել մարդկանց հիմնարար իրավունքները, որոնք Եվրոպայի հիմքն են։ Նա ընդգծել է, որ Եվրոպան իսլամաֆոբիկ աշխարհամաս չէ ու չի փակում իր դռները թուրք ժողովրդի առաջ։

Քննարկման ժամանակ պատգամավորները եւս իրենց մտահոգություններն են հայտնել Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի հետ կապված, որը ընդլայնեց նախագահի լիազորությունները, ու այն անվանեցին ոչ արդար։ Պատգամավորների մեծամասնությունը կողմ է, որ արդեն ժամանակն է վերագնահատել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ու դադարեցնել անդամակցության բանակցությունները։

Որոշ պատգամավորներ էլ նշել են, որ իրենք Թուրքիային երբեւէ չեն կարող տեսնել ԵՄ լիիրավ անդամ, սակայն տեսակետ կար նաեւ, որ բավարար կլինի կասեցնել բանակցությունները, բայց հնարավորություն պիտի թողնել Թուրքիային՝ փոխել իրադարձությունների ներկայիս ընթացքը։ Պատգամավորների մեծամասնությունը համարում էր, որ պետք է մեծ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանն ու մենակ չթողնել այդ երկրի այն 49% քաղաքացիներին, ովքեր դեմ էին քվեարկել սահմանադրությանը ու ցանկանում են լինել Եվրոպայի մաս։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն մայիսի սկզբից սկսել է քննարկել Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ամենամյա զեկույցը։ Զեկուցող Քեթի Պիրին եւս իր ելույթում կոչ է արել կասեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները, քանզի սահմանադրական բարեփոխումների փաթեթն իրականացվել է առանց փոփոխության։

Իսկ Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհդի նիստ, որտեղ կրկին հակաժողովրդավարական եւ ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները կասեցնող որոշումներ են ընդունվել: Նիստի ավարտից հետո քննարկված հարցերի վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակվել:

Դրա համաձայն՝ քննարկվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), ինչպեսեւ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի եւ վերջինիս հետեւորդների դեմ պայքարը: Նշվում է, որ վերջիններիս դեմ թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս պայքարը վճռականորեն շարունակվելու է:

Բացի դրանից՝ նիստում քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու որոշումը: Նշվել է, որ դա հակասում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերություններին:

Նիստի մասնակիցները կարեւորել են Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համագործակցոթյունը՝ սիրիական ճգնաժամի համատեքսում: Կարեւորվել է նշյալ երկրների ջանքերով Սիրիայում 3 անվտանգության գոտիների ստեղծումը, որոնք նպաստելու են Սիրիայում հրադադարի պահպանմանը:

Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների մասին խոսելիս պիտի նշել, որ միշտ կարեւորվել են Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման  եւ երկրի եվրաանդամակցության հարցերը: Բայց, ինչպես վերը նշվեց, Թուրքիայի նախագահը նոր բարեփոխված սահմանադրությամբ դառնում է սուլթան:

«Թուրքիան պատմական քայլ արեց կառավարման համակարգում»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը, ով, ըստ վերլուծաբանների, այս փոփոխությունների շնորհիվ հաջորդ ընտրություններում արդեն կստանա միապետի կարգավիճակ։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2 տարուց՝ ընտրություններից հետո, եթե, իհարկե, վաղաժամկետ ընտրություններ չլինեն։

Նոր փոփոխություններով նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարեւոր պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարներին: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու, երբ հայտարարել արտակարգ դրություն։ Փոփոխվել է սահմանադրության 18 հոդված, բայց ոչ հօգուտ ժողովրդավարության:…

Սակայն, Թուրքիայի ամենամեծ խոչընդոտը Հայոց ցեղասպանության հարցն է, որը ցայսօր մերժված է այս երկրում, իսկ հայերն էլ կրոնական փոքրամասնություն են համարվում, ոչ՝ ազգային: Հատկապես վերջին տարիներին Ֆրանսիան ու Գերմանիան առաջին պլան են մղել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապաչտման հարցը, ինչը եւ ստիպեց Անկարային՝ ընդվզել Գերմանիայի, ապաեւ՝ եվրոպական այն երկրների դեմ, որտեղ հստակ ճանաչել են Հայոց Եղեռնը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ուղերձ էր հղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, ով տակավին վերջերս մնում էր իր դիրքում միայն Թուրքիայի նախագահի կամոք: Միայն վերջերս Արամ Աթեշյանը հրաժարական ներկայացրեց՝ հասկանալով, որ չի ճանաչվում Թուրքիայի հայերի կոմից… Իսկ մինչ այդ, Թուրքիայի նախագահի անձնական տերտերին իր ապրիլի 24-ի ուղերձում դիմել էր Թուրքիայի նախագահը՝ մասնավորապես նշելով. «Թուրքիայի հայ համայնքի անվտանգությունը, խաղաղությունն ու երջանկությունը հատուկ կարեւորություն է ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար: Չենք կարող որեւէ կերպ թույլ տալ անգամ մեկ հայ քաղաքացու օտարմանը, մեկուսացմանն ու իրեն երկրորդ դասի ներկայացուցիչ զգալուն: Կրկին հիշում եմ դարասկզբին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին: Առաջին աշխարհամարտի բարդ պայմաններում կյանքը կորցրած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում»…

Այս ամենին արդեն ոչ ոք չի հավատում, ուստի Եվրամիության եւ Թուրքայի հարաբերությունների վատացման ջրաղացին պարտավոր ենք ջուր լցնել նաեւ հայերս, ու առանց վարանելու:

Թուրքիայի նախագահը իր վերջին հեռուստատեսային հաղորդման ժամանակ կրկին անդրադարձել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդրին: Նրա խոսքերով՝ այժմ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարդ, ճգնաժամային շրջանում եւ դրա լուծման տարբերակը բանակցությունների հարթակի ստեղծումն է. «Այս հարաբերություններն այսպես չեն շարունակվելու: Հարաբերությունների ապագայի հարցով որոնք են մեր առաջարկները, որոնք են նրանց առաջարկները: Եթե համատեղ ուղի գտնենք, Թուրքիայի ազգային շահերին ու տեսլականին համապատասխանի, առաջ կշարժվենք: Եթե չգտնվի անգամ, այս հարաբերությունները քննության ենթարկելուց ավելի բնական իրավիճակ չի լինի»…

Հիշեցնենք, որ այդ «բնական վիճակը» ստիպել էր, որ Թուրքիայի նախագահը, ապա վարչապետն ու տարբեր նախարարներ Գերմանիային նացիստական երկիր հայտարարեն, Ֆրանսիային ու Հոլանդիային՝ ոչ ժողովրդավարական ու այլամերժողական եւ այսպես շարունակ՝ Դանիային, Բելգիային, Ավստրիային, Շվեդիային…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։