Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է… Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ… Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր… ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները՝ հունիսի 1-ի դրությամբ… Մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը… Բացվեց Դուքենդոյի ավանդական մրցաշարը… Սամբոյի, բռնցքամարտի, ծանրանարտի մրցաշարեր… Մեր ֆուտբոլային ակումբները եվրոխաղերում… Այլ մարզական լուրեր…

Ով ձի ունի, թող գա մրցի

Ազգային նժույգի արագավազքի առաջին մրցույթ-փառատոնը կայացած է:

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան Ձիերի արագավազքի հայկական ֆեդերացիայի եվ  «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հետ համատեղ որոշել է վերջ դնել հայկական ձիերի ու ձիասպորտի անկմանն ու վերակենդանացնել նախկին հռչակը:

Առաջին քայլը սա եղավ. մեկնարկեց ազգային նժույգի արագավազքի մրցույթը: Կարգախոսն էլ տիպիկ էր՝ «Ով ունի արագավազ ձի, թող գա ինձ հետ մրցի»:

Հայաստանի տարբեր մարզերից եկան նժույգ ունեցողներ: Նրանք մարզիկներ չէին, բայց չէին խուսափել մրցույթից՝ իսկ ինչու չփորձել սեփական ու սեփական ձիու ուժերը. հեծյալի միա՛կ հպարտությունն իր ձիու արագավազություն է:

Արագավազքի մրցմանը ներկա էր 16 մասնակից, ու նրանց խնդիրը 1860 մ վազքուղին առաջինը հաղթահարելն էր: Արագ պետք է կողմնորոշվեին. դաշտերում չէին վարգելու կամ նախիրը չէին քշելու… Դիմացը վազքուղին էր ու ժամանակահատված կար պարտադրված:

Արագավազքը բաղկացած էր 3 մրցաերթերից, որից հետո մեկ մրցահերթով մասնակցեցին  նաեւ զտարյուն նժույգներ՝ ձիասպորտի տարբեր ակումբներից: Առաջին մրցաշրջանում եզրագիծը 1-ինը հատեց Հայկ Հարությունյանը՝ 6-ամյա հովատակ Կնդոով՝ Արագածոտնի մարզից: Երկրորդում 1-ինն էր Սիրակ Սաֆարյանը 3 տարեկան հովատակ Օռլիկով՝ Գեղարքունիքից, եւ երրորդում 1-ինն էր Գրիշա Թադեւոսյանը 6 տարեկան Քուվի մատակովով՝ Արարատից:

Երզափակչում արդեն հաղթած հեծյալները պայքարեցին լավագույնին բացահայտելու համար:

Հայկ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ տեղը՝ 0:01:41 արդյունքով, իսկ Գրիշա Թադեւոսյանի (0:01:36) եւ Սիրակ Սաֆարյանի անզիջում պայքարը ավարտվեց Սիրակ Սաֆարյանի հաղթանակով (0:01:34):

Պրոֆեսիոնալ հեծյալներն էլ մրցեցին:  6-ը մարզիկներից Ալբերտ Սուքիասյանը իր  6-ամյա մատակ Ռոզայով (0:01:16) արժանացավ հաղթողի կոչմանը «Սիլ Գրուպից», իսկ Վաչիկ Մնացականյանը իր 8 տարեկան հովատակ Պերսեյով զբաղեցրեց 2-րդ (0:01:19) տեղը: Վարդան  Առաքելյանն  էլ 4 տարեկան մատակ Բայասիով՝ 3-րդ տեղը (0:01:22):

Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն էր «Վիվարո» ընկերությունը, որը տեղում ընդունեց խաղադրույքներ եւ սահմանեց 1 մլն դրամ մրցանակային հիմնադրամ:

Մրցանակային հիմնադրամ էին սահմանել նաեւ «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունը, «Արարատ» հյուրանոցային համալիրը եւ Պռոշյանի կոնյակի գործարանը:

Սյուզան Գալստյան

Լուսանկարը՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ֆ/բ էջից

Մարզիչները՝ նաեւ հոգեբաններ

Հայկական հոգեբանների ակադեմիան սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ միասին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել է «Սպորտի արդի հիմնախնդիրները» գիտագործնական պարապմունք, որն ուղղված էր մարզիչների հոգեբանական ասպեկտների կատարելագործմանը:

«Այժմ Հայաստանում արդիական է սպորտային հոգեբանության հարցը: Քանի որ մեր մարզիչները չեն պատկերացնում հոգեբանի ներկայությունն իրենց աշխատանքում, որոշեցինք հենց մասնագետներին վերապատրաստել որպես հոգեբաններ»,- ասել է Հայաստանի հոգեբանների ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը:

Սեմինարին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի մարզիչներ, սպորտային հոգեբաններ, սպորտային մենեջերներ: Ըստ ակադեմիայի տնօրենի, հենց նրանք են անմիջականորեն շփվում մարզիկների հետ. «Արտասահմանյան երկրներում մարզիկներին ոչ միայն մրցումներից առաջ են պատրաստում հոգեբանորեն, այլեւ դրանցից հետո են տանում նմանատիպ աշխատանքներ՝ նրանց հանգստացնելու ու ռելակսացիայի համար: Դա հարկավոր է մարզիկին նոր գործողությունների ուղղորդելու համար»:

Մարզադաշտում սնվելը՝ վտանգավոր

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի մարզադաշտում գիտնականները վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերել այնտեղ առաջարկվող սննդում եւ ըմպելիքում: Սա հայտնել է Մյունխենում լույս տեսնող Bayerischer Rundfunk թերթը:  

Գիտնականները ստուգումները կատարել են Բունդեսլիգայի բոլոր թիմերի մարզադաշտերի սննդի օբյեկտներում՝ ներկայանալով որպես ֆուտբոլասերներ: Պարզվել է՝ Մյունխենում եւ Բրեմենում մասնագետները բակտերիաներ են հայտնաբերել խմելու ջրի, իսկ Քյոլնում՝ գարեջրի մեջ: Բացի այդ, գիտնականները մարսողության համար վտանգավոր նյութեր են հայտնաբերել նաեւ մի  շարք ուտեստներում՝ մասնավորապես՝ խորովածում: Հարկ է նշել, որ ֆուտբոլասերները չեն բողոքել մարզադաշտերում առաջարկվող սննդամթերքից եւ չեն դիմել բժիշկներին՝ թունավորվելու դեպքում:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները՝ հունիսի 1-ի դրությամբ

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները՝ հունիսի 1-ի դրությամբ: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Լեւոն Արոնյանը (2793)՝ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաեւ Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2679) 64-րդ հորիզոնականում է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ (2667)՝ 84-րդ:

Լավագույն տասնյակ – 1. Մագնուս Կարլսեն՝ 2832, 2. Ուեսլի Սո՝ 2812, 3. Վլադիմիր Կրամնիկ՝ 2808, 4. Ֆաբիանո Կարուանա՝ 2805, 5. Շահրիյար Մամեդյարով՝ 2800, 6. Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 2795, 7. Լեւոն Արոնյան՝ 2793, 8. Վիշվանաթան Անանդ՝ 2786 9. Հիկարու Նակամուրա՝ 2785, 10. Դին Լիժեն՝ 2783:

- Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» մրցաշարը, նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 1 միավորով առաջ անցավ 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից եւ Հիկարու Նակամուրայից: Մեր շախմատիստը կրկին գերգրոսմայստեր է, նա մրցաշարն անցավ առանց պարտության՝ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ խաղերն ավարտեց հաղթանակով:

Այս հաջողության շնորհիվ Լեւոն Արոնյանը կրկին հատեց գերգրոսմայստերական սահմանագիծը՝ անձնական վարկանիշը բարձրացելով 15,5-ով, նորից հատեց 2800 կետի սահմանը եւ համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդից բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Դառնալով վարկանիշային աղյուսակին, նշենք, որ կանանց ցանկի 1-ին հորիզոնականում է Հոու Յիֆանը: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) 28-րդ հորիզոնականում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2412)՝ 57-րդ:

Լավագույն տասնյակ – 1. Հոու Յիֆան՝ 2666, 2. Ցզյու Վենցզյուն՝ 2583, 3. Աննա Մուզիչուկ՝ 2569, 4. Համփի Կոներու՝ 2557, 5. Մարիա Մուզիչուկ՝ 2546, 6. Վիկտորիա Չմիլիտե՝ 2539, 7. Կատերինա Լահնո՝ 2539, 8. Ալեքսանդրա Կոստենյուկ՝ 2537, 9. Հարիկա Դրոնավալի՝ 2535, 10. Նանա Ձագնիձե՝ 2533:

Մինչեւ 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին: ԱՄՆ-ից հայրենակից Սամուել Սեւյանը 9-րդ հորիզոնականում է: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) 29-րդ հորիզոնականում է, Տիգրան Հարությունյանը (2523)՝ 37-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516)՝ 42-րդ:

Լավագույն տասնյակ – 1. Վեյ Յի՝ 2728, 2. Դուդա Յան-Քշիշտոֆը՝ 2697, 3. Վլադիսլավ Արտեմեւ՝ 2691, 4. Սյուն Ջեֆֆրի՝ 2658, 5. Մաթիաս Բլուբաում՝ 2634, 6. Բենջամին Գլեդուրա՝ 2620, 7. Գրիգորի Օպարին՝ 2613, 8. Յորդեն Վան Ֆորեստ՝ 2607, 9. Սեվյան Սամուել՝ 2601, 10. Վավուլին Մաքսիմ՝ 2595:

Հրապարակվել են նաեւ արագ եւ կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): 2-րդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լեւոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում է նաեւ Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) 33-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը (2710)՝ 41-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)՝ 49-րդ եւ Սերգեյ Մովսեսյանը (2693)՝ 56-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) 2-րդ հորիզոնականում է, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում է Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) 21-րդ հորիզոնականում է, Լեւոն Արոնյանը (2753)՝ 23-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)՝ 36-րդ,  Հրանտ Մելքումյանը (2686)՝ 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) ՝75-րդ, Կարեն Գրիգորյանը (2665)՝ 79-րդ եւ Վլադիմիր Հակոբյանը (2654)՝ 94-րդ:

Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված

Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:

3 փուլից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի 4 մասնակից` Իգոր Կովալենկո (Լատվիա), Փարհամ Մագսուդլու (Իրան), Եվգենի Պոստնի (Իսրայել) եւ Օլեքսանդր Բորտնիկ (Ուկրաինա): Եվս 10 շախմատիստ, այդ թվում Հայաստանի 6 ներկայացուցիչ` Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են  2.5-ական միավոր: Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:

Շախմատի բացառիկ մրցաշար Գյումրիում

Գյումրիում առաջին անգամ տեղի է ունեցել շախմատի մրցաշար Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տարբեր հիմնարկ-հանրույթների շախմատային թիմերի միջեւ՝ կազմված 4 շախմատիստից:

Մրցումները, որը կազմակերպել էր Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիան, անցկացվել են շվեյցարական մրցակարգով, հաջողությունն ուղեկցել է «Արարատ» բանկի թիմին: Մրցումներին ներկա է եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Բացվեց Դուքենդոյի ավանդական մրցաշարը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության մարտիկների եւ պատանի, երիտասարդ երկրապահների անունից ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը  ողջունել է բոլորին՝ դուքենդոյի ավանդական մրցաշարի բացման կապակցությամբ։ Հայտնի ճշմարտություն է՝ առողջ մարմնում է առողջ հոգի։ Հենց այդ գիտակցումով էլ երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում առանձնահատուկ տեղ է հատկացվել սպորտին, առողջ ապրելակերպին՝ գործակցելով տարբեր մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների հետ։

«Այս ֆեդերացիայում ընդգրկված ավելիլ քան 10.000 հայ մարզիկներից շատերը պաշտոնապես ԵԿՄ անդամ են, բայց վստահորեն կարող ենք ասել, որ բոլորդ եք երկրապահ։ Ի դեպ, թե՛ 1989-94-ի Արցախյան պատերազմում, թե՛ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին մեզ հետ առաջնագծում եղել են բազում մարզիկներր».- ասել է ԵԿՄ ղեկավարը, ով հատուկ ողջունել է դուքենդո մարզաձեւի հիմնադիր եւ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին, քանզի «նա կարողացել է մեր ազգային առանձնահատկությունների եւ աշխարհում գոյություն ունեցող մարտարվեստների տարբեր տեսակների լավագույն ավանդույթների համադրմամբ այս ինքնատիպ մարզաձեւն ստանալ, նաեւ այդ կերպ է մեր ազգը մեր հայրենիքը ներկայանում աշխարհին»:

Հայաստանը 3 մարզիկ է հայտավորել թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում

Հարավկորեական Մուջու քաղաքում այսօր մեկնարկել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 183 երկրների 971 մարզիկ-մարզուհի: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 3 թաեքվոնդոյիստներ:

Տղամարդկանց 68 կգ քաշային կարգում հանդես կգա Սերգեյ Վարդազարյանը: Նա պայքարը կսկսի 1/32 եզրափակիչ փուլից: 74 կգ քաշային Դավիթ Վարդումյանը վաղը նշանակված առաջին մենամարտում ուժերը կչափի Բուտանի ներկայացուցչի հետ: Մեր փորձառու թաեքվոնդոիստ Արման Երեմյանը հանդես կգա 87 կգ քաշային կարգում: Նրա առաջին մրցակիցը սենեգալցի Ամադու Գույեն է: Հավելենք, որ մեր մարզիկները մրցասպարեզ կմտնեն հունիսի 25-ին, 26-ին եւ 28-ին:

Արցախում անցկացվելու է սամբոյի միջազգային մրցաշար

Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվելու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշար:

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում  անցկացվում: «Մրցաշարին մասնակցելու են Ռուսաստանի, Աբխազիայի, Հայաստանի եւ Արցախի մարզիկներ»,- հավելել է վարչության պետը:

5 բռնցքամարտիկներից հաղթեց միայն Հովհաննես Բաչկովը

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրն անհաջող ստացվեց Հայաստանի մարզիկների համար: Ռինգ մտած մեր հինգ բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը 3:2 հաշվով առավելության հասավ մոլդովացի Դիմիտրի Գալագոտի նկատմամբ: Նա առաջինը մտավ քառորդ եզրափակիչ եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Իսկ ահա 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը տանուլ տվեցին 1/8 եզրափակիչ մարտերը եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Հունիսի 20-ին, մերոնցից ռինգ կմտնեն 3 հոգի: 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը կմրցի հոլանդացի Մակս Վան դեր Պասի հետ, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը կհանդիպի ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյին, իսկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը կլինի բուլղարացի Էլիան Դիմիտրովը:

* * *

Արման Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին – Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները շարունակում են հաջող հանդես գալ: Մի քանի րոպե առաջ մեր 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց էստոնացի Արթուր Զարվային եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի հոլանդացի Մաքս Պետրուս Մարտինուս Հեն Վան դեր Պասի հետ:

Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին եւ մտավ 1/8 եզրափակիչ – Հայաստանի բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Նախ մեր գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն առաջին մարտում պարտության մատնեց սերբ Վլադան Բաբիչին: Ապա 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն 5:0 հաշվով վստահ հաղթեց շոտլանդացի Ստիֆեն Նյունսին եւ նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Ապա ռինգ մտավ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը թուրք Բուրակ Ակսինն էր: Այս մրցամարտը նույնպես ավարտվեց մեր մարզիկի առավելությամբ:

Վաղը պայքարի մեջ կմտնեն մեր հինգ բռնցքամարտիկները: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի բելառուսցի Եվգենի Կարմիլչուկի հետ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել մոլդովացի Դիմիտրի Գալագոտի արգելքը: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Միհայ Նիստորն է: Երեկոյան հերթափոխին 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ, իսկ Վլադիմիր Մարգարյանը հարաբերությունները կպարզի ռուսաստանցի Սերգեյ Սոբիլինսկու հետ:

Հ.Գ. – Հայաստանի 3 բռնցքամարտիկներից հաղթեց միայն Կարեն Տոնականյանը – Խարկովում տեղի ունեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 պատվիրակներից մրցապայքարում մնացին միայն 2-ը: Մրցումային 5-րդ օրը ռինգ մտած մեր 3 բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով 1/8 եզրափակիչ փուլում մրցեց բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ: Իսկ ահա 75 կգ քաշային Արման Դարչինյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Այդպիսով, եվրոպական մեդալների համար պայքարը կշարունակեն Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը:

Հ.Գ. - Հովհաննես Բաչկովը հաղթեց եզրափակիչում եւ հռչակվեց չեմպիոն – Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Մեր 64 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մենամարտեց անգլիացի Լյուկ Մաք-Կորմակի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ  վստահ հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը:

Այդպիսով, մեր հավաքականը Խարկովում նվաճեց ընդամենը 1 ոսկե մեդալ: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանի բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հրաչիկ Ջավախյանը, 7 տարի առաջ, 2010թ.

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի վստահ հաղթանակով: Մեր +105 կգ քաշային ծանրոդը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք եւ վստահ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Նա 2-րդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխնեիձեին գերազանցեց 20 կիլոգրամով:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ճապոնիայից կվերադառնան 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով:

Հ.Գ. – Սամվել Գասպարյանը Տոկիոյում բավարարվեց բրոնզե մեդալով – Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ մտավ Սամվել Գասպարյանը: Մեր 105 կգ քաշային ծանրորդը երկամարտում ցույց տվեց 365 կգ արդյունք (160+205), գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց արծաթե փոքր մեդալ: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ իրանցի Ռեզա Բեյրալվանդին, որը երկամարտում ցույց տվեց 369 կգ արդյունք (163+206): Առաջնության վերջին օրը Հայաստաից հանդես կգան երկու հոգի՝ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) եւ Արփինե Դալալյանը (+90 կգ):

Հ.Գ. – Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհում – Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առաջինը մրցասպարեզ մտան +90 կգ քաշային աղջիկները: Մեր մարզուհի Արփինե Դալալյանը երկամարտում ցույց տվեց 234 կգ (100+134) արդյունք եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նա 3-րդ տեղը գրաված էկվադորցի ծանրորդից հետ մնաց 12 կիլոգրամով: Աշխարհի չեմպիոն դարձավ չինուհի Յոնչժի Սունը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր 2 վարժություններում՝ 281 կգ (130+151):

Հ.Գ. – Սոնա Պողոսյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր – Հայաստանի ծանրորդները առաջին մեդալը նվաճեցին Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 75 կգ քաշային աղջիկների մրցումներում մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ  արդյունքով (98+125) զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց էկվադորցի Պատրիսիա Նեյսի Դախոմես Բարերան (242 կգ):

Մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը

Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ֆուտբոլի 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են այդ երկրի ընտրանին, աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եւ մնացած 6 աշխարհամասերի չեմպիոնները՝ Պորտուգալիան, Չիլին, Մեքսիկան, Կամերունը, Ավստրրալիան եւ Նոր Զելանդիան: Մրցաշարի մեկնարկային խաղում միմյանց հետ կհանդիպեն Ռուսաստանի եւ Նոր Զելանդիայի ազգային թիմերը:

Բացմանը ներկա կլինի նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպեսեւ՝ ֆուտբոլի արքա Պելեն այժմ գտնվում է եւ հյուրընկալվելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բացման հանդիպմանը: Իսկ ահա արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ընդամենը հատուկ տեսահղում է ուղարկել կազմակերպիչներին, որտեղ նա անդրադարձել է ֆուտբոլում դեռեւս տեղ գտնող ռասսայական եւ գենդերային խտրականությանը:

Հավելենք, որ ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն անցկացվում է 10-րդ անգամ: Նախկինում 4 անգամ հաղթել է Բրազիլիայի հավաքականը, 2 դեպքում Ֆրանսիան, 1-ական՝ Արգենտինան, Դանիան եւ Մեքսիկան:

Հայաստանի վետերան ֆուտբոլիստները կհանդիպեն կալանավորների հետ

Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ եւ մասսայականացմամբ կզբաղվի նաեւ «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» նորաստեղծ հասարակական կազմակերպությունը: Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՀԿ համահիմնադիր Էդիկ Մարգարյանը:

«Մեր կազմակերպությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում: Մասնավորապես՝ պաշտպանել ֆուտբոլիստների, մարզիչների, այլ մասնագետների շահերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նյութական, իրավաբանական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի հավաքականում եւ տարբեր ակումբներում վնասվածք ստացած, ինչպես նաեւ անապահով վետերան ֆուտբոլիստներին եւ նրանց ընտանիքներին»:

Հավելենք, որ նորաստեղծ ՀԿ-ն իր առաջին միջոցառումը կկազմակերպի արդեն հունիսի 22-ին. Սեւանի ուղիչ-աշխատանքային գաղութում ընկերական հանդիպում կանցկացնեն վետերան ֆուտբոլիստները եւ կալանավորները:

«Ալաշկերտ»-ը կրկին կհանդիպի Անդորայի չեմպիոնի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Անդորայի առաջնության այս տարվա հաղթող «Սանտա Կոլոմա»-ի հետ: Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանությունից հետո:

Ի դեպ, չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Ալաշկերտ»-ը հանդիպել էր հենց  «Սանտա Կոլոմա»-ի հետ եւ հաղթել էր 2 խաղերի արդյունքներով՝ 0:0, 3:0: Մեր թիմը առաջին հանդիպումը պետք է անցկացնի սեփական դաշտում: Հաջորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտ»-ն արդեն ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:

«Շիրակ»-ը կհանդիպի Սլովենիայի փոխչեմպիոնի հետ

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլային ակումբների առաջիկա մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում: Վիճակահանության արդյունքներով հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը որակավորման առաջին փուլում կհանդիպի Սլովենիայի արծաթե մեդալակիր «Գորիցա»-ի հետ:

Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապան»-ին մրցակից է բաժին հասել Չեռնոգորիայի բրոնզե մեդալակիր «Մլադոստ» թիմը:

Երեւանի «Փյունիկը», որն անցած առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, այս փուլում կմրցի Սլովակիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ:

Առաջին հանդիպումները տեղի կունենա հունիսի 29-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 6-ին:

Հ.Գ. – ՈՒԵՖԱ-ն փոխել է «Փյունիկ»-«Սլովան» հանդիպման վայրը – Երեւանի «Փյունիկ»-ը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2017-18թթ խաղարկության որակավորման 1-ին փուլը կմեկնարկի սեփական դաշտում: Նման որոշում է կայացրել Եվրոպայի ֆուտբոլային միությունը, չնայած վիճակահանության արդյունքներով փյունիկցիներն առաջին խաղը պետք է անցկացնեին մրցակցի՝ Բրատիսլավայի «Սլովան»-ի հարկի տակ:

Պատճառն այն է, որ եվրոգավաթներին մասնակցող Հայաստանի 4 թիմերից 3-ը որպես սեփական խաղադաշտ հայտավորել են Երեւանի «Հանրապետական» մարզադաշտը: Ծանրաբեռնվածության պատճառով ՈՒԵՖԱ-ն փոխել է «Փյունիկ»-ի եւ «Սլովան»-ի միջեւ կայանալիք առաջին հանդիպման վայրը: Այն տեղի կունենա հունիսի 29-ին, Երեւանում, ժամը 19:00-ին: Պատասխան խաղը նախատեսված է հուլիսի 6-ին, Բրատիսլավայի «Պասիենկա» մարզադաշտում, քանի որ «Սլովան»-ի սեփական ստադիոնը՝ «Տեգելնե Պոլե»-ն, ներկայումս վերանորոգվում է:

Կրկնվենք,, որ նույն օրը «Շիրակ»-ը սեփական դաշտում կընդունի Սլովենիայի «Գորիցա»-ին, իսկ «Գանձասար-Կապանը» Չեռնոգորիայում կհանդիպի տեղի «Մլադոստ»-ի հետ:

Հայաստանի հանդբոլի հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Բուլղարիայում տեղի ունեցող զարգացող երկրների հանդբոլի աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր ընտրանին այսօր 9-16-րդ տեղերի համար մրցաշարում հանդիպեց Ադրբեջանի ազգային թիմի հետ: Հայաստանի հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ պարտվեց 21:39 հաշվով: Այդպիսով, ադրբեջանցիները կպայքարեն 9-րդ, իսկ մերոնք՝ 13-րդ տեղի համար:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա այս փուլի մնացած հանդիպումների ավարտից հետո:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։