Ամենուր նույն խնդիրն է՝ քանակն է որակ արտադրում (քանակն իր միջից առանձնացնում որակը) – Բնակչության քանակական աճը կստիպի բանեցնել տնտեսական բոլոր լծակները… Ինչ են խոստանում կառավարական ծրագրերը – սոցիալական անարդարությունը չշփոթենք սոցիալական հավասարության հետ. Մարդկանց պահանջն արդարությունն է…

Ակնհայտ է, որ պետության համաչափ զարգացումն ապահովելու համար ոչ միայն պետք է հասնել տնտեսության ռիթմիկ ու կայուն աշխատող համակարգի ստեղծմանը, այլեւ այդ համակարգն աշխատացնող մարդկանց քանակական ու որակական ապահովմանը: Հասկանալի է, որ տնտեսական համակարգը մեքենայացվում ու թվայնացվում է, իսկ ռոբոտների ներգավումը տնտեսության մեջ որոշ երկրներում անգամ պետական ծրագիր է դարձել, բայց մենք դեռ մարդկային մտքի ու ձեռքի օժանդակության խիստ կարիք ունենք, ինչն ամեն դեպքում եւ միշտ է պետք գալու: Մնացյալն ընթացիկ հարցեր են:

Աշխատատեղերի ստեղծման մասին խոսելն էլ ավելորդ է, ինքնին հասկանալի է եւ սա ամենացավոտ հարցերից մեկն է մեր երկրում, անգամ այսքան քիչ բնակչության պայմաններում ունենք գործազրկության մեծ ցուցանիշ:

Արտագաղթը եւս գերակշռող տվյալներ ունի, քան՝ ներգաղթը: Սա նույնպես ցավալի խնդիր է: Վերջին ամիսներին Հայաստանից մեկնածների ավելի քան 53%-ը հետ չի գալիս: Սա այսօրվա դրությամբ անդառնալի կորուստ է: Եթե կռահենք, որ պետական թվերը մի քիչ էլ կլորացված են, ապա վտանգն ավելի մեծ է իրականում:

«Լուսանցք»-ն ամեն օր խոսում է պետականամետությունից, հայրենակենտրոն եւ ազգամետ լինելուց, ինչը պիտի դառնա մեր կենսակերպի բաղադրիչ մասը, սակայն հասկանում ենք նաեւ, որ մարդիկ կոտրվում են հատկապես սոցիալական անարդարության անշեղ աճից… Սա չշփոթենք սոցիալական հավասարության հետ, մարդիկ հասկանում են, որ ինչքան աշխատեն, այնքան էլ պիտի վարձատրվեն, այ հե՛նց այդ վարձատրությունը ըստ աշխատածի ստանալու եւ արժանապատվորեն աշխատատեղը պահպանելու մասին է (խոսքը պաշտոնը չարաշահողների, պետբյուջեն տարաբնույթ ձեւերով լափողների, կաշառակերների ու նախկին թալանչի – այսօր բարեգործների կամ նմանների մասին չէ):

Սոցիալական ու իրավական արդարությունները փոխշաղկապված են եւ այս երկուսի համատեղ ու անխափան գործունեությունից է կախված երկիրը լքողներ ու վերադարձողների որոշումը:  

Քաղաքական բազմակարծությունը արտագաղթի զարգացման պատճառ չէ մեզանում, ցայսօր դեռ արտերկրում չունենք քաղաքական հայացքների պատճառով արտագաղթածների: Խոսքը՝ քաղաքականությունն ու փող վաստակելն իրար խառնածների, ավելին՝ ծախուների կամ հայրենիքի դավաճանների մասին չէ, իրապես գաղափարական ընդդիմախոսների մասին է խոսքը:

Հասկանալի է, որ քաղբանտարկյալ հասկացողությունը այլ կերպ ընկալողները այլ կարծիքներ կկազմեն, սակայն այլախոհությունն ու այլամերժությունը (նաեւ ֆիզիկական իմաստով) բոլորովին տարբեր բաներ են…

Բռնաճնշումների զոհերի հիշատակի օրեր եւս չկան Հայաստանում, ինչպես նախկինում էր՝ Խորհրդային Հայաստանում: Այսօր մենք դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, որոնց մեջ նաեւ մեզնից շատերի մայրերը եւ հայրերը, տատիկներն ու պապիկներն են:

Դառնալով Հայաստանի բնակչության թվաքանակին, պիտի նշենք, որ այստեց մտածելու շատ բան ունենք: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնել է, որ «լավատեսական սցենարի դեպքում, Հայաստանի բնակչությունը 2050թ. կկազմի 3,2 միլիոն»: Ըստ նրա՝ 1980-ականների վերջին Հայաստանն ունեցել է լավագույն ժողովրդագրական իրավիճակը, սակայն անկախությունից հետո վիճակը սկսեց վատթարանալ: Անկախության տարիների տնտեսական, սոցիալական  իրավիճակը, իր ազդեցությունն է թողել, եւ ծնելիությունը գրեթե կրկնակի նվազել է՝ 2,5-ից ծնելիության գործակիցը իջել է մինչեւ 1,5:

«Լուսանցք»-ն իր նախորդ թողարկումներում ներկայացրել է ծնելիության եւ մահացության առկա թվերը, նաեւ բազմազավակության հիմնահարցերը եւ խնդիրն իրապես ծայրահեղ վիճակում է, անլուծելի չէ իհարկե, բայց հարցերը կարգավորող քայլերն ազդեցիկ չեն: Հատկապես բազմազավակ ընտանիքների նկատմամբ պետությունը պիտի զգալի հոգսեր ստանձնի եւ ապահովի ընտանիքների կազմավորման եւ սերնդատվության աճը:

Մենք գրել էինք նաեւ, որ 30 տարեկանը բոլորած չամուսնացած կանայք պիտի պետական հովանավորության տակ հայտնվեն, որպեսզի երեխա ունենալու եւ նրան մեծացնելու խնդիրները դուրս մնան անձնական ու հասարակական շահարկումներից: Միայնակ մայր եզրույթը պետք է օրենսդրական աջակցություն ստանա՝ ոչ միայն ֆինանսապես: 

Ուշադրության պետք է արժանանան նաեւ մեր ծնողները, տատիկներն ու պապիկները, ովքեր ծերանոցներում հայտնվելու փոխարեն, պետք է ապրեն իրենց զավակների հետ, ովքեր ապահովված կլինեն աշխատանքով եւ կարիք չի լինի հայ գերդաստանների կործանումը շարունակելու: Իսկ այդ գերդաստանները եւ՛ ազգային կեցության, եւ՛ ինքնության, եւ՛ մշակույթի ու ամեն հայկականի, ավանդույթների ու սովորույթների միջուկը կդառնան վերստին: 

Այսպես է նաեւ քանակն իր միջից առանձնացնում որակը…

Այսպես են ծնվում նաեւ որակյալ գիտնականներն ու բժիշկները, մշակույթի գործիչներն ու ուսուցիչները, արվեստի ու արհեստի մարդիկ… ի վերջո որոշակի զինվորական քանակ է պարտադրում նաեւ մեր տարածաշրջանային իրավիճակը, իսկ որակյալ զինուժը ինքնըստինքյան կձեւավորվի մեծաքանակ բանակից…

«1985-1990թթ.Հայաստանում  գրանցվել է 80 հազարից ավելի ծնունդ, միգրացիան, ծերացումը քիչ էր, բայց անկախությունից ի վեր՝ 1990-ականների սկզբին 400 հազարից ավելի քաղաքացիներ անվերադարձ գնացին երկրից: Դա մութ ու ցուրտ տարիներին էր: Բնականաբար, ծնելիությունն էլ անկում ապրեց՝ 2000-ին կազմելով ընդամենը 35 հազար»,- նշել է Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում նվազել է նաեւ ծնելիության գործակիցը: Ըստ նրա՝ եթե 1980-ականների վերջին ծնելիության գործակիցը 2,2-2,3 էր, ապա 2000-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1,4-1,5, իսկ ներկայումս ծնելիության գործակիցը 1,6-1,7 է:

Նշվել է նաեւ, որ Հայաստանն այսօր կանգնած է ծերացման խնդրի առաջ: Եթե 1980-ականներին բնակչության մոտ 8%ն էր 60+ տարիքի, ներկայումս արդեն 13% 60+ տարիքի  բնակչություն ունենք: «Դա եւս ազդում է բնական հավելաճի վրա: Սա նաեւ նշանակում է որ Հայաստանում մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա:

Ծնունդների անկման, միգրացիայի, մահացության ավելացման պատճառով բնակչության թիվը տարեկան նվազում է 10-12 հազարով, իսկ նախորդ տարի պաշտոնական տվյալներով նվազել է 14 հազարով»,- ընդգծել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, ինչպես վերը նշվեց, լավատեսական սպասումների դեպքում, Հայաստանի բնակչությունը 2050թ. կկազմի 3,2 միլիոն: Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի: Նշեմ, որ սա ընդամենը կանխատեսում է եւ կարող են լինել նաեւ անկանխատեսելի իրավիճակներ, օրինակ՝ քառօրյա պատերազմներ եւ այլն, որոնք միանգամից կարող են փոխել այս կանխատեսումները»:

Ինչ վերաբերում է վատատեսական սպասումներին, եթե որեւէ բան չարվի արտագաղթը նվազեցնելու, ծնելությունը խթանելու համար, ապա Հայաստանում 2 միլիոնից էլ քիչ մարդ կմնա:

Գարիկ Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանում ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030թթ., քանի որ վերարտադրողական տարիք կմտնեն այն երեխաները, որոնք ծնվել են 2000թ., «խոսքը 35 հազար երեխաների մասին է:  Եթե սրան գումարվի սեռի ընտրությունը, որի պատճառով բավականին նվազել է աղջիկ երեխաների՝ այսինքն ապագա մայրերի թիվը, դա եւս ժողովրդագրական վիճակի վրա կունենա իր ազդեցությունը»:

«Լուսանցք»-ը մի շարք հիմնախնդիրների հետ անդրադարձել է նաեւ ներգաղթի մղող համահայկական որոշ քայլերի, ինչը կարող է նպաստել, որ ավելի քան 15 միլիոն բացահատ, իսկ ծպտյալ հայերով՝ ավելի քան կրկնակի անգամ շատ հայերից, մի որոշակի քանակ վերադառնա Հայաստան կամ Արցախ: Այսօր Հայաստանում պիտի առնվազն 5 միլիոն հայ բնակվեր, ինչը լուրջ խնդիրներ կլուծեր ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում:

Իսկ վերջերս ԱԺ-ում ունեցած իր ելույթում, անդրադառնալով դեմոգրաֆիական խնդիրներին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ  ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040թ. պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի, խոսեց դրան հասնելու ուղիներից: Նախագահը նշեց նաեւ, որ Հայաստանում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։ Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ եւ հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու եւ, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Կարեւորվեց եկամուտների բաշխման արդարության եւ համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի ու շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Սա այն է, ինչի մասին նշվեց վերեւում, սոցիալական եւ իրավական արդարության, որը դեռ անհայտ մի կարգավիճակ է Հայաստանում:

Նախագահը նաեւ մեր այն միտքն արծարծեց, որ անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար ու թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար եւ չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում:

Ըստ երկրի ղեկավարի, աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: «Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, եւ այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18%, իսկ 2040-ին՝ 7-8%»:

Նախագահը խորհրդարանում հչնեցրեց նաեւ այն խնդիրը, որ պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Հենց սա է մեր վերը նշած՝ սեփական միջոցներով գերդաստանների պահպանության գրավականը:

Նախատեսվում է, որ այս ամենին հասնելու համար պետք է հետեւողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի եւ աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190% մինչեւ 2022թ. եւ 300%-ի՝ մինչեւ 2040թ.: Միեւնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենլ այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե «նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ

արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են»: Կարծում ենք, այս նշումը պետք է ամեն օր հիշել, որպեսզի հաջորդ համեմատականներում այլեւս բացասական հիշողություններ չլինեն: Իսկ նախագահն ասում է, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»:

Այս ուղղությամբ աշխատանքը նա բաժանել է 3 հարթության՝ 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Այստեղ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր նշված ուղղությամբ, վերլուծությունների հիմամբ, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում լինի, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում՝ դրանից բխող դրական այլաբնույթ սպասումներով, ինչի մասին խոսեցին վերեւում:

Շատերի համար սա հերթական մի խոստում է, մենք չենք կարող հավաստել կամ հերքել, բայց այն իրողությունը, որ մեր երկիրը մենք ենք ոտքի հանելու, այլընտրանք չունի: Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա ու «երկիրը դզի», քանի որ մեր «երկիրը երկիր չի»…

Այո, այն փաստը, որ մեր երկրում ավելի քան 25 տարի նույն միջուկից ծնված իշխանություններն են ղեկավարում, չնայած 3 նախագահներ ունենալու հանգամանքին, եւ այն ընդդիմությունը, որին ամեն անգամ առաջ են մղում «երկիրը երկիր չի» ասողները, պիտի հասկանան, որ իրենց սիրելի կարգախոսը հենց այն ուժերն են ստեղծել, որոնք կրկին ցանկանում են վերադառնալ: Ուստի՝ թե իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն տեղից են առաջ եկել եւ, ցավոք, հնարավոր չեղավ փոխել նրանց երկու քաղաքական դաշտերը վերահսկելու լծակները: Բայց տարիներն անցան եւ, կամա թե ակամա, գալիս են ամեն բան վերափոխելու, նոր իրողություններով սկսելու ժամանակները…

Առանց փոփոխությունների բոլոր ծրագրերը կմնան հարցականի տակ: Իսկ Հայաստանում աշխատունակ 11 քաղաքացուց 2-ը այսօր գործազուրկ է: Ավելի քան 19 հազար երիտասարդ փնտրում եւ չի գտնում աշխատանք։ 2016-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը՝ 227 հազար քաղաքացի, գործազուրկ է:

Կառավարության կողմից հաստատվել է  2014- 2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարություն, ըստ որի նպատակ էր դրվում 2025թ. զբաղվածության ցուցանիշը հասցնել 71%-ի, իսկ գործազրկությունը նվազեցնել մինչեւ 12%: Սակայն ցուցանիշներից երեւում է, որ ռազմավարությամբ նախատեսված մակարդակն առայժմ չի հաջողվում ապահովել։ 2016թ. զբաղվածության մակարդակը պետք է հասներ 60%-ի, սակայն այն կազմել է ընդամենը 50%: Ավելին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2017-ին չի իրականացնի մարզերում նախատեսված սոցիալական ծրագրերը՝ կառավարությունը չի հաստատել սեզոնային, ժամանակավոր, երկարաժամկետ, տարբեր աջակցության ծրագրեր, որոնցով գործազուրկների առնվազն 25%-ը աշխատանք էր գտնում։

Ինչեւէ, նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5%, արտահանման եւ ծառայությունների գծով ՀՆԱ-ի նկատմամբ 40-45% աճ, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%: Ծրագրված է նաեւ 3 մլն. զբոսաշրջիկի այց Հայաստան եւ այլն:

Մարդը կա եւ պիտի իրապես մնա պետության բարձրագույն արժեք: «Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է»,- նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձում, որը հղել էր մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով. «Անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր… Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ եւ հետեւաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ»:

Ինչպես ասում են՝ Հայաստանում բոլոր նախադրյալները կան ազգային, իրավական եւ սոցիալական պետություն ստեղծելու, մնում է համընդհանուր նպատակների շուրջ համախմբել մարդկանց եւ համընդհանուր ցանկությունները կյանքի կոչել փուլ առ փուլ: Եվ ամենակարեւորը՝ իրավունքներին համահունչ պիտի գործի նաեւ պարտականություննների համակարգը, ով ինչքան իրավունք ունի՝ նույնչափ էլ պարտականություն պիտի ստանձնի: Օրենքի առջեւ հավասար են բոլորը, սակայն յուրաքանչյուրն իր հնարավորությունների ու իրավունքների համեմատ…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։