Հարձակում ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ – Կամ՝ չեն ցանկանում խոսել իսլամոֆաշիզմ ստեղծողի հետ… Թուրքիայի նախագահ Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել – Նա սեփական երկրում պատրաստվում է դառնալ գլխավոր ֆաշիստը…

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը միաձայն դատապարտել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակումն ու ծեծը եւ պահանջել իշխանություններից պատժել մեղավորներին: Թուրքիայի նախագահին կոչ էին արել, որ նաեւ եւս քայլեր ձեռնարկի մեղավորներին պատժելու համար:

Իսկ 12 թիկնապահների նկատմամբ, ովքեր ԱՄՆ-ի քաքաղացիներ են՝ գործեր են հարուցվել:

Այս հարցը շարունակում է մնալ ամերիկացիների ուշադրության կենտրոնում, քանի որ աննախադեպ մի երեւույթ է, երբ օտարները ծեծի են ենթարկում ԱՄՆ-ի քաղաքացիներին ԱՄՆ-ում, այն էլ՝ այլախոհությունը ճնշելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան անդամներ Լինդսի Գրեհեմն ու Պատրիկ Լիհին, անդրադառնալով Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանն ու ծեծին, սպառնացել են վերջ տալ ԱՄՆ-ի կողմից Անկարային տրամադրվող օգնությանը, եթե Թուրքիայի կառավարությունը հավուր պատշաճի չզբաղվի այդ հարցի քննությամբ:  

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված նամակում սեենատորները հիշեցրել են, որ խաղաղ ցույց անցկացնելու ու ազատ խոսքի իրավունքները հիմնարար արժեքներ են համարվում Միացյալ Նահանգներում: «Մինչդեռ թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների ցուցաբերած ագրեսիան ու դաժանությունը մեր կողմից ընկալվում են որպես վերը թվարկված իրավունքների ոտնահարում: Մենք կոչ ենք անում, որպեսզի Թուրքիայի իշխանություններն օրենքի ամբողջ ուժով պատժեն հարձակման պատասխանատուներին, ինչպես նաեւ աջակցեն ԱՄՆ-ից միջադեպում ներգրավված անձանց արտաքսման գործընթացին»,- նշված է սենատորների նամակում:

Հայտնի է, որ նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ՝ այդ թվում նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեերոլայն Մալոնին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։

The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետեւանքով 9 մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական եւ ասորական համայնքեերի ներկայացուցիչներ: Ցուցարարների վրա հարձակված էրդողանամետ խումբը, պարզապես այլ ցուցարարներ չէին, նրանք հատուկ պատրաստություն անցած անձինք էին, որոնք աշխատել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունում:

Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Սա Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները: «Ձեր նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլեւս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում», – Էրդողանին ուղղված այս խոսքերով է բացել Կոնգրեսի լսումները ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը:

Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկել են մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած հանցագործությունը, որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա. «Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, եւ դառնալ գլխավոր ֆաշիստ»,- նշել են կոնգրեսականները:

Իսկ Կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլեւս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի. «Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»:

Ընդգծվել է, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ որոշ կոնգրեսականների կարծիքով՝ տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում է:

– Մինչեւ չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները,- նման եզրահանգման եկան շատ կոնգրեսականներ:

Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրեցին տեղի ունեցածի պատկերը: Մասնավորապես, Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, հարձակումը սկսվեց անսպասելի, կարծես՝ հրամանով. «Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրամանները բացարձակապես, մի բան որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»:

Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդը խորհուրդ է տվել արդեն հիմա հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը, ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով:

Ամփոփելով լսումները՝ կոնգրեսական Թեդ Փոն նշել է, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ եւ միանշանակ. «Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի վնասեք Ամերիկայի քաղաքացիներին եւ նրանց սահմանադրական իրավունքներին, հակառակ դեպքում կզղջաք այն օրվա մասին, երբ դա արեցիք»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։