Անարգանքը հենց միջազգայի՛ն հանրությանն է վերաբերում.- Սա ահաբեկչություն է եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում – Հայկական պատժիչ գործողություններից մի քանի տասնյակ ադրբեջանական զինվոր է ոչնչացվել…

Բաքվի հերթական սադրանքը արցախա-ադրբեջանական սահմանային գոտում հանգեցրել է նոր զոհերի, սրել է առանց այն էլ լարված վիճակը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունից հետո անգամ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության կարծիքը: Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներով պայմանավորված, համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) կոչ էին արել ադրբեջանական կողմին պահպանել զինադադարի պայմանները: Համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի այցը Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան, փաստորեն չփոխեց իրավիճակը:

Գուցե սա համոզի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ առանց պատժի կիրառման հնարավոր չէ Ադրբեջանին կարգի հրավիրել: Ի վերջո, անարգանքը հենց միջազգային հանրությանն է վերաբերում, Հայաստանում գիտեն եւ ճամաչում են թուրք-ադրբեջանական խոստման արժեքը եւ միշտ պատրաստ են հարվածելու ուխտադրուժ թշնամուն:

Հայկական կողմն արդեն վճռական է հայտարարել, որ հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: «Հերթական կանխամտածված սադրանքը Ադրբեջանի կողմից: Զինված խումբը  սպանել է Արցախի ՊԲ 3 զինծառայողների»,- թվիթերյան իր էջում գրել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ապա ավելացրել է. «Բաքուն կրելու է հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հաջորդ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ Արցախից Երեւան է տեղափոխվել 2 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը եւս ծանր է գնահատվում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  

Իրենց մարտական դիրքում հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգեւատրվել են, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:

Հակառակորդը այսօր էլ շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը։ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ներկայացրել էր, թե ինչպես է տեղի ունեցել սադրանքը եւ ինչ իրավիճակ է սահմանին։ Նա նշել է, որ ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան համարժեք գործողությունների եւ շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից. այս մասին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ գտնվում էր Արցախում: «Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող ազդել մեր նպատակների իրագործման  վրա։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը», – ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ամեն նման սադրանքից հետո հայկական զինուժի պատժիչ գործողություններից տասնյակ ադրբեջանցի զինվորականներ են զոհվում ու վիրավորվում, սակայն սա չի կանգնեցնում Բաքվի իշխանություններին, որ սեփական ժողովրդին խաբելով պատերազմի վերսկսմամբ, վախեցնելով են շարունակում մնալ իշխանության վերնախավում:

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, այնուամենայնիվ, նորից դիմել է նման քայլի: «Լուսանցք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 3 տասնյակ ադրբեջանցի զինվորականներ են ոչնչացվել, կան նաեւ շատ վիրավորներ:

Մինչդեռ հայտարարվում է ընդամենը 5 զոհի մասին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել իրավիճակին եւ ծառայության ընթացքին: Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ Արցախի նախագահին ամբողջ ընթացքում ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար անձինք:

Երեւանի եւ Ստեփանակերտի պնդմամբ խնդիրը ոչ Երեւանում, ոչ Ստեփանակերտում է, ոչ էլ անգամ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում է, խնդիրը բացառապես Բաքվում է:

«Քանի դեռ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները մերժվում են Ադրբեջանի կողմից, բնականաբար, մեծ հույս տածել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում կունենանք լուրջ առաջընթաց, պետք չէ»,- ասել է ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքերով՝ հայկական կողմը դրական է վերաբերվում խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ խնդրի կարգավորմանը: «Հուսով եմ, որ մենք միջազգային հանրության հետ կարող ենք միասնական ուժերով հասնել այն բանին, որ այս խնդիրը լուծվի ոչ թե պատերազմական կամ ուժի սպառնալիքի միջոցով, այլ բացառապես խաղաղ կարգավորմամբ: Բայց քանի դեռ մենք ունենք մի հակառակորդ, որը օրը մի քանի անգամ պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է խնդրի ռազմական լուծման մասին, հայկական կողմը պետք է մի կողմից ուժեղացնի դիվանագիտական աշխատանքերը, մյուս կողմից՝ ուժեղացնի անվտանգության համակարգը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Մեր կողմից կրկին հավելենք, որ մեր հաջողությունը վերջնականապես կարող ենք հաստատել միա՛յն Բաքվում: Ի դեպ, ռազմատենչությունը վատ բան չէ: Համենայնդեպս՝ այսօրվա աշխարհում եւ մեր վիճակում:

Հայկ Թորգոմյան

* – Հունիսի 16-ին ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցով hայկական կուսակցությունների 3-րդ համաժողովի բացումը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ-ում ներկայացված դաշինքների եւ վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, նաեւ խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ինչպեսեւ ԼՂՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

Բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայկական կուսակցությունների հերթական համաժողովը փաստում է, որ հաջողվել է պարբերաբար Արցախում քաղաքական ուժերի հանդիպում հրավիրելու 5 տարի առաջ դրված նպատակը:

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։