ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ, թե՞…- Բազում օրինակներ կան, երբ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն պաշտպանել են ոչ թե դաշնակից Հայաստանի, այլ Հայաստանին թշնամի երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը… ԱՊՀ-ՀԱՊԿ-ական, այնպես էլ ԵՄ-ՆԱՏՕ-ական կողմերի հետ ընթանում է փոխլրացնող քաղաքականություն…

«Լուսանցք»-ը վելուծություններում պարբերաբար անդրադառնում է Հայաստանի անդամակցությանը՝ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցներին, քանի որ այդ անդամակցությունից են կախված նաեւ Հայաստանի ռազմական տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտային զարգացումները: Հատկապես ռազմա-պաշտպանական խնդիրն է առնչվում այս կառույցների հետ, ինչը շոշափում է Հայաստանի ու հայության անվտանգության հարցերը եւս:

Հասկանալի է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ական մյուս հանրապետությունների հետ միասին պոկվելով աշխարհի 1/6-րդ մասը գրաված կայսրության ճիրաններից, չէր կարող միանգամից առանձնանալ կամ ներառվել անծանոթ մեկ այլ կառույցի մեջ, ուստի տրամաբանական էր, որ թեքվեց դեպի ԱՊՀ, ապաեւ՝ ԵԱՏՄ:

Սակայն այժմ, երբ ավելի քան 25 տարի մեր երկիրը վերականգնել է իր անկախությունը եւ համագործակցում է ինչպես ԱՊՀ-ՀԱՊԿ-ական, այնպես էլ ԵՄ-ՆԱՏՕ-ական կողմերի հետ, կարողանում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության երկբեւեռած աշխարհում վարել փոխլրացնող քաղաքականություն, ապա կարող է կա՛մ մնալ իր ընտրած տարբերակում, կա՛մ՝ փոխել ռազմա-քաղաքական առանցքը, կա՛մ էլ՝ շարունակել փոխլրացնող քաղաքականությունը բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ աշխարհի 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի:  

Իսկ մտածելու հարցեր կան: Մենք մեկ անգամ չէ, որ վերլուծել ենք այն փաստը, որ ինչպես ԱՊՀ-ն է ստեղծվել սլավոնա-թյուրքական դաշինքի կողմից, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ն, հետո այն անցել է ԵԱՏՄ ձեւավորման գործին: Պարզապես, ԱՊՀ-ն ստեղծվեց, երբ ռուս-բելառուս-ուկրաինական սլավոնական ամուր եռյակը դեռ չէր սասանվել, իսկ ԵԱՏՄ-ն ձեւավորվեց միայն ռուս-բելառուս սլավոնական կազմով, ռուս-ուկրաինական դաշինքն այլեւս վերածվել էր թշնամանքի… Չնայած մինչ այդ էլ Ուկրաինան Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Մոլդովայի հետ ստեղծել էին ՎՈւՈւԱՄ-ն՝ ընդդեմ ԱՊՀ-ի…

Բայց մի բան հստակ է բոլոր դեպքերում՝ Ղազախստան, Թուրքմենստան եւ Ղրղզստան թյուրքական եռյակը միշտ կա վերոնշյալ բոլոր կազմավորումներում: Ժամանակին՝ ԱՊՀ-ական կազմում նաեւ Ուզբեկստանը կար, որը հետո հայտնվեց ՎՈւՈւԱմ-ում, ապա այնտեղից էլ դուրս եկավ:

«Լուսանցք» բազում օրինակներ է բերել, երբ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն պաշտպանել են ոչ թե դաշնակից Հայաստանի, այլ Հայաստանին թշնամի երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը… 2 սլավոնական եւ 3 թյուրքական երկրները Հայաստանին դիտարկում են Կովկասյան տարածաշրջանի գործիք եւ փորձում են իրենց խնդիրները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի հետ:

Միայն վերջերս, երբ պաշտոնական Երեւանն իր ատամները ցույց տվեց Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին,  հակահայ վիճակը փոքր ինչ կանգ առավ, սակայն դեռ սպասման փուլում է: Երեւի թե սպասում են, որ Հայաստանը կրկին կդառնա բարեկամ ու գործընկեր երկիր, եւ ամեն ինչ առաջվա նման կընթանա…

Ինչեւէ, կարծում ենք, այլեւս առաջվա նման չի կարող լինել: Այլապես կլինի ավելի վատ:

Առավելապես ՀԱՊԿ-ն պիտի կարեւորի Հայաստանի դերը, քանի որ Կովկասում, որը Մերձավոր Արեւելքի հարեւան տարածաշրջանն է, իր միակ դաշնակիցը Հայաստանն է, որտեղ գտնվում է նաեւ տարածաշրջանի միակ ռուսական ռազմաբազան:

Դառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի կեսերին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում՝ Կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների‘ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի եւ միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ: Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Նշված, ինչպես նաեւ նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանը Բելառուսի ու Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիր է ստորագրել, որի հիմնական նպատակն է «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական եւ մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ:

Իսկ ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի եւ Ռուսաստանի ՊՆ-ների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, երկուզինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման եւ պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ ԶՈւ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն էլ Մոսկվայում մասնակցել է ՀՀ եւ ՌԴ ՊՆ-ների միջեւ ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։