Ինչ են ուզում ամերիկացիներն ու ռուսաստանցիները – Որ զարգացման համար Հայաստանը փոխզիջմա՞ն գնա… Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ Արցախի հարցի ամերիկյան եւ ռուսաստանյան վերաբերմունքների մասին…

Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է նորովի վերականգնվել: Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը:

Նրա խոսքով, Վաշինգտոնում կայացած Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ լիովին վերականգնվել է:  Նույնը կարող է վերաբերել տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին. «1990-ականներին ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, որն այնուհետեւ սկսեց նվազել»:

Նշենք, որ վերջերս նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանին համարել է ժողովրդավարության կենտրոն տարածաշրջանում:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբանի խոսքով, Հայաստանը, որը Խորհրդային Միության առաջատարների շարքում էր գտնվում, ունի իրականում զարգացման մեծ ներուժ. «Խորհրդային Միության օրերին Հայաստանն ամենաստեղծագործ, տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկն էր: Այնտեղ կար, եթե ոչ ժողովրդավարություն, ապա՝ գոնե ազատ կյանք, որքանով դա հնարավոր էր խորհրդային պայմաններում»:

Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներից, համոզված է վերլուծաբանը. «Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի: Ապագա զարգացման համար պետք է որեւէ փոխզիջման գալ Ադրբեջանի հետ»:  

Կարելի է ասել, մեծ հաշվով շատ բան չի փոխվել Վաշինգտոնի կարծիքում, գոնե Հայաստանի նկատմամբ: Իսկ այն, որ «1990-ականներին ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, որն այնուհետեւ սկսեց նվազել», արդեն ոչ թե հայության մեղքով եղավ, այլ՝ ամերիկացիների…

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի տեսակետների մասին դիմեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով նախ անդրադարձավ վերոհիշյալ 1990-ականներին: «Քանիցս ասել եմ, որ 1988-1990թթ.՝ ԽՍՀՄ-ը կազմաքանդելու ժամանակ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ ամբողջ Եվրոպան, թե՛ Արեւմտյան, թե՛ Արեւելյան, սատարում ու գովաբանում էին Արցախյան շարժումն ու հայության պայքարը, որպես ազատագրական, անկախության եւ ազատության տանող ճանապարհ: Արցախյան պայքարը օրինակի էր դարձել ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համար եւս, քանի դեռ ԽՍՀՄ-ը կարողանում էր կանգուն մնալ…»:

Ըստ Արմեն Ավետիսյանի, Արեւմուտքը մի քանի փուլ անցավ, մինչեւ հասկացավ, թե ինչպես քանդել խորհրդային երկիրը: Սոցիալական ընդվզումները Ռուսաստանում եւ Ղազախստանում, քաղաքական ընդվզումները Հյուսիսկովկասյան եւ Մերձբալթյան որոշ հանրապետություններում չկարողացան համամիութենական ազդեցություն ունենալ, իսկ չեչենական ռազմական դիմակայությունը հակառակ ազդեցությունը թողեց ու իմաստազրկվեց, եւ միայն ընդգծված ազգային-ազատագրական շարժումը վերածվեց անհաշտ ու իրական պայքարի… Հայությունը շատ երկար էր սպասել այդ օրվան եւ նվիրումով անցավ հայրենատիրության սրբազան գործին: Այս աննահանջ պայքարն էլ սասանեց արդեն խարխլված ԽՍՀՄ հիմքերը եւ Արեւմուտքը հասավ իր նպատակին:

Բայց իր նպատակին հասավ նաեւ հայությունը, ստանալով ավելին, քան նախատեսել էին խորհրդային երկիրը քանդողները…

Նրանք միայն ԼՂԻՄ-ի տարածքի (անկլավ տարածքի՝ Հայաստանի հետ սահման չունեցող) վերամիավորումն էին նախատեսել որպես պարգեւ՝ խորհրդային կայսրության փլուզման համար, սակայն ազատագրական պայքարի ելած հայը բոլորովին այլ նպատակներ ուներ արդեն եւ Արցախը ազատագրելուց հետո անցավ մյուս հայկական տարածքների ազատագրմանը:

Իսկ սա ԱՄՆ-ի ու Եվրոպայի ծրագրերի մեջ չէր մտնում: Հատկապես ՆԱՏՕ-ական Թուրքիան էր ընդվզում ամեն օր:

1990թ. Հայաստանն արդեն սեփական բանակի նախատիպն ուներ՝ «Հայոց ազգային բանակ»՝ ՀԱԲ-ը, որ շուրջ 100-հազարանոց կամավորական ու ցեղակրոն գաղափարակիր բանակ էր եւ արդեն ռազմական ճամբարներ ուներ Հայաստանի բոլոր սահմանային հատվածներում: ՀԱԲ-ը անգամ փորձ արեց ազատագրել Նախիջեւանը եւ խորհրդային զորքերը միայն խոչընդոտեցին դրան: Իսկ Արցախում արդեն ձեւավորվում էր ազատագրական ոգին, որը մինչեւ զինադադարը հասավ Արեւմուտքի համար անսպասելի արդյունքների՝ հայկական հողերի մի հատվածի ազատագրմանը:

«Ահա այստեղ է, որ 1990-ականներից հոտո ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազեց՝ «այնուհետեւ սկսեց նվազել», ինչպես նշված է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքում:

Այդ պահին ինչպես Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային (առավել եւս նրանց դաշնակից Թուրքիային) եւ արեւմտյան նախագծով ստեղծվող ԱՊՀ-ական առաջատար Ռուսաստանի Դաշնությանը հզորացող Հայաստան պետք չէր: Դեռ շահերի վերաբաժանման ընթացք կար Կովկասում: Ու Հայաստանին զինադադար պարտադրվեց»,- ամփոփեց իր կարծիքը Արմեն Ավետիսյանը՝ հավելելով, որ դրանից հետո եղավ ինչպես միշտ՝ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ դարձավ, Վրաստանն էլ՝ ԱՄՆ-ի, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայի… Նաեւ միջեվրոպական բաժանումներ եղան՝ Հայաստանը Ֆրանսիայի հետաքրքրությունների շրջանակում հայտնվեց, Վրաստանը՝ Գերմանիայի, իսկ Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի…

Ըստ այս վերլուծության, Վաշինգտոնը վերասկսել է իր քայլերը Կովկասում հենց Վրաստանից, սակայն աշխարհաքաղաքական փոփոխությունները ենթադրում են, որ այդքանով չի բավարարվի: Եվ ոչ ոք՝ կլինի Ռուսաստանը, թե Եվրոպան, եղածով չեն բավարարվի:

Եվ դա կարծես հաստատվում է Ջոն Հերբսթի խոսքերով. ըստ նրա նույն ուղերձը կարելի է հասցեագրել ադրբեջանական կողմին. «Բաքվում կան շրջանակներ, որոնք նույնպես հետաքրքրված չեն լուրջ փոխզիջման մեջ»: Բայց, փաստորեն, Վաշինգտոնը մտածում է, որ այտեղ էլ կգտնի համախոհներ, եւ Հայաստանն ու Ադրբեջանը կգնան փոխզիջումների… Իսկ ի՞նչ փոխզիջումների՝ հայտնի չէ: Մի բան հստակ է, որ Արցախյան նոր պատերազմը ձեռնտու չէ աշխարհի գերտերություններին, քանի դեռ աշխարհի վերաբաժանման պատկերը չի հստակեցվել Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում:

Իսկ մեկ այլ վերլուծաբան, Ռուսաստանի եւ Եվրասիայի անվանի մասնագետ Ֆրեդերիք Սթարը, ով մեծապես տպավորվել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ հանդիպումից, նշել է, որ հիմնական հեռանկարային խնդիրը Հայաստանի մասնակցությունն է Արեւելքն Արեւմուտքի հետ կապող գլոբալ հաղորդակցման մայրուղիներում. «Այսօր աշխարհում տեղի են ունենում կարեւոր, լուրջ, արմատական փոփոխություններ եւ դրանցից մեկն անցնում է հենց Կովկասի միջով»:

Եթե այսօր խոսքը Եվրոպան Չինաստանին կապելու մասին է, ապա մեկ-երկու տասնամյակ անց ասպարեզ դուրս կգա նաեւ Հնդկաստանը. «Ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ Արեւելք-Արեւմուտք միջանցքին եւ կարեւոր դեր խաղալ դրա աշխատանքում»: Ֆրեդերիք Սթարի խոսքով, գլոբալ ծրագրերին Հարավային Կովկասի բոլոր երկրների ներգրավումն այն գաղտնի հաղթաթուղթն է, որը միգուցե օգնի նաեւ խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Այսինքն՝ ամերիկյան վերլուծաբանների մի մասը դեռ վստահ է, որ մի քանի միջազգային նշանակության խողովակ Հայաստանի տարածքով անցկացնելը բավարար է լինելու, որպեսզի հայերը հրաժարվեն իրենց հայրենիքից, որի զգալի մասը ներկայիս Թուրքիայի եւ ադրբեջանի բռնազավթված տարածքներն են…

Դե աշխարհում փորձված ձեւ է՝ ստամոքսով ազդում են ուղեղի վրա… Սակայն՝ ոչ հայի դեպքում, ով ոչ միայն ուղեղով է ձգտում հողահավաքի ու ազգահավաքի, այլեւ՝ սրտով է դա կամենում…

Իսկ Մոսկվայում այլեւս համոզված են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնահերթությունները: «Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը, որպեսզի այնտեղ այլեւս մարդիկ չմահանան, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական հարաբերությունները»,- Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» թերթում հրապարակված հոդվածում գրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Միջնորդների համագործակցության շնորհիվ Բաքուն եւ Երեւանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Սակայն Ադրբեջանը եւ Հայաստանը տարբեր տեսանկյուններից են նայում դրանց իրականացման հաջորդականությոանը: Այս կապակցությամբ՝ մեր խնդիրն այն է, որ օգնենք կողմերին՝ ունեցած հիմքի վրա գտնել հավասարակշռված լուծում»,- ասված է այդ հոդվածում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը կկարողանան փոխադարձ զիջումների քաղաքական կամք ու պատրաստակամություն դրսեւորել: Նույն բառապաշարը եւ նույն մտածելակերպը նաեւ ռուսական կողմն ունի, ինչը հավաստում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները Կովկասում դեռ ծայրահեղ լարված չեն, ինչպես սիրիական հարցում:

«Դա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացը լինի արդյունավետ: Իհարկե, առաջխաղացման կարեւոր պայման են մնում հակամարտության գոտում լարվածության ընդհանուր նվազեցումը եւ դրա լուծման ուժային մեթոդների փորձերից հրաժարումը: Մոսկվան, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման տարբերակին, որն ընդունելի կլինի ներգրավված բոլոր կողմերի համար, իսկ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ մյուս միջնորդների հետ միասին հանդես գալ կարգավորման երաշխավոր»,- գրել է Սերգեյ Լավրովը, ով տակավին վերջերս հայտարարել էր, թե Ռուսաստանը կարող է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան օգտագործել Մերձավոր Արեւելքի իրադարձությունների կարգավորման համար: Իսկ այդ կարգավորումը՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հարվածելն է…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս առումով նշեց, որ ինքն արձագանքել է Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի մասնատման ծրագիրն իրագործելիս կարող է նման հայտարարություն արվել Ռուսաստանի կողմից: «Եթե մեր թշնամիների արհեստածին պետությունները մասնատելու ծրագիր ունենան ԱՄՆ-ն կամ եվրոպական երկրները, ոչ միայն Ռուսաստանը, ապա նրանք եւս կարող են ապավինել Հայաստանի ու հայության ամբողջական կարողություններին»:

Այլապես, ինչպես նշել է հայ արիների առաջնորդը, ոչ ոք այլեւս չպիտի կարողանա օգտվել կամ ապավինել մեր ուժին կամ աջակցությանը տարածաշրջանում, եթե նրանց ծրագրերում բացակա է հայկական նպատակների իրականացումը:

«Այսօր դեռ պիտի կողմնորոշվել՝ մնա՞լ ԱՊՀ-ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ոչ հայանպաստ շրջանակներում, թե՞ անցնել ԵՄ եւ ՆԱՏՕ տարբերակին: Կամ գուցե լողա՞լ այդ երկուսի արանքում, ինչպես այժմ՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի բեւեռներում…  Ի վերջո Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը դեռ պտուղներ տալիս է».- ամփոփել է խոսքը Արմեն Ավետիսյանը:

Համամիտ ենք այս տեսակետներին, քանի որ առաջին հերթին այլոց հարցերի լուծմանը լծվելով՝ հետագայում միշտ զրկվել ենք մեր խնդիրները միջազգային օրակարգում առաջնային դարձնելու հնարավորոությունից: Ուժասպառվել ենք այլոց հարցերը կարգավորելով ու մնացել ենք կոտրած տաշտակի առջեւ…

Այլեւս այդպես չպիտի՛ լինի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։