Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում… Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը հռչակվեց չեմպիոն… Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Մեր երիտասարդ ազատ ոճայինների մեդալները… Աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում… Շախմատային խաչմերուկ… Բասկետբոլը Հայաստանում… Մարզական այլ լուրեր…

Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում

«Ալաշկերտ»-ը կրկին հանդիպեց Անդորայի չեմպիոնի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Անդորայի առաջնության այս տարվա հաղթող «Սանտա Կոլոմա»-ի հետ: Ի դեպ, չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Ալաշկերտ»-ը հանդիպել էր հենց «Սանտա Կոլոմա»-ի հետ եւ հաղթել էր 2 խաղերի արդյունքներով՝ 0:0, 3:0: Մեր թիմը առաջին հանդիպումը անցկացրեց սեփական դաշտում: Այժմ հաջորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտ»-ն արդեն ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» առաջին հանդիպումը: Չնայած հայ ֆուտբոլիստներն ավելի շատ հնարավորություններ ունեցան, սական հաղթեցին նվազագույն 1:0 հաշվով, ինչը ամեն դեպքում վտանգավոր վիճակ է ատեղծել պատասխան խաղից առաջ:

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» խաղից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այսպես մեկնաբանեց հանդիպումը: «Կարծում եմ, ինչին պատրաստվում էինք, տեսանք: Այսօր մենք լավ չխաղացինք: Համատարած պաշպանությունը ճեղքելու համար արագություն եւ ագրեսիվություն էր պետք, ինչը ես չտեսա իմ ֆուտբոլիստների մոտ: Զարմանալի է, որ կենտրոնում լավ չգործեցինք: Պատասխան խաղում ավելի լավ հանդես կգանք, քանի որ 6 օրում կարող ենք բարելավել թիմի ֆունկցիոնալ վիճակը»,- նշել է փորձառու մասնագետը: Ֆուտբոլի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը լիովին գոհ է մնացել իր սաների խաղից, չնայած «Ալաշկերտ»-ի հետ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում նրա թիմը պարտվեց: «Հանդիպումն անցավ սպասվածի պես: Մրցակիցը ցանկանում էր արագ վճռել դիմակայության ելքը, բայց մենք կարողացանք լավ պաշտպանվել: Դժգոհ եմ, որ պարտվեցինք, սակայն այս արդյունքը մեզ համար նպաստավոր է: Այն, որ գնդակին քիչ էինք տիրում, չէր նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Պարզապես թիմերի մակարդակների տարբերության հարց էր: Կարեւորն այն է, որ մենք մեծ հույսերով ենք վերադառնում Անդորա»,- հետխաղյա ասուլիսին ասաց անդորացի մասնագետը:

Կխաղան նաեւ «Շիրակ»-ը, «Գանձասար-Կապան»-ը եւ Փյունիկ»-ը

Հայաստանի ֆուտբոլային մյուս ակումբների առաջիկա մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում եւս հայտնի են: Վիճակահանության արդյունքներով հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը որակավորման առաջին փուլում կհանդիպի Սլովենիայի արծաթե մեդալակիր «Գորիցա»-ի հետ: Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապան»-ին մրցակից է բաժին հասել Չեռնոգորիայի բրոնզե մեդալակիր «Մլադոստ» թիմը: Երեւանի «Փյունիկ»-ը, որն անցած առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, այս փուլում կմրցի Սլովակիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ:  

Հ.Գ. - «Գանձասար-Կապան»-ը պարտվեց Չեռնոգորիայում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում Կապանի «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ»-ին: Պոդգորիցայի քաղաքային ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց տանտերերի կիսապաշտպան Միլան Ջուրիշիչը:

«Շիրակ»-ը չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Շիրակ»-ը անհաջող մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2017-18թթ մրցաշարում:

Այսօր Գյումրիում կայացած որակավորման 1-ին փուլի խաղում շիրակցիները սեփական դաշտում ընդունեցին Սլովենիայի «Գորիցա»-ին եւ պարտվեցին 0:2 հաշվով: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռիֆատ Կապիչը հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը, իսկ 69-ին բոսնիացի ֆուտբոլիստը գնդակի անդրադարձի օգնությամբ կրկնապատկեց հաշիվը:

«Փյունիկ»-ը պատրաստ չէր «Սլովան»-ի հետ մրցամարտին

Երեւանի «Փյունիկ»-ը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2017-18թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի մեկնարկա-յին խաղում սեփական դաշտում պարտվեց Սոլվակիայի «Սլովան»-ին: Նախ մեր թիմը 11մ հարվածով բացեց հաշիվը, բայց հետո անպատասխան գոլեր բաց թողեց եւ պարտվեց 1:4 խոշոր հաշվով: Փյունիկցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը նման անհաջողությունը բացատրեց իր սաների ֆիզիկա-կան վատ պատրաստությամբ:

«Առաջին խաղակեսում տղաները շատ էներգիա ծախսեցին, իսկ երկրորդում, երբ մրցակիցը երկրորդ գոլը խփեց, մենք արդեն ֆիզիկապես ի վիճակի չէինք խաղալու սուր հակագրոհների մարտավարությամբ: Իսկ եթե ընտրեինք ավելի հարձակողական մարտավարություն, ապա ավելի խոշոր հաշվով կպարտվեինք»,- եզրակացրեց «Փյունիկ»-ի նորան-շանակ գլխավոր մարզիչը: Նշենք միայն, որ «Փյունիկ»-ը հանդիպման զգալի մասն անցկացրեց իր կիսադաշտում, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան էլ մեծ չէր մեր թիմի համար, պարզապես փյունիկցիները պատրաստ չէին հոգեբանորեն պայքարելու ամեն գնդակի եւ մրցատարածության համար:

Թիմերի պատասխան հանդիպումներըը տեղի կունենան հուլիսի 6-ին:

ՖԻՖԱ-ին չի հաջողվում հարթել Քաթար-2022-ի հետ կապված սկանդալը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում հրապարակել է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով նախկին քննիչ Մայքլ Գարսիայի զեկույցը, որը նվիրված է 2018 եւ 2022թթ. աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունների անցկացմանը:

Պատճառն այն է, որ գերմանական «Բիլդ» թերթը վերջերս հրապարակել է այդ զեկույցի մի քանի հատվածները, որոնց հիման վրա ամերիկյան իրավաբաններից մեկը կաշառք տալու մեղադրանք է ներկայացրել 2022թ. առաջնության կազմակերպիչ երկրի՝ Քաթարի դեմ: Մասնավորապես՝ թերթի տվյալներով, ընտրությունից առաջ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի 10-ամյա աղջկա անունով 2 մլն եվրոյի փոխանցում է կատարվել:

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան հրապարակած զեկույցի մասին ասել է, որ դրանում չկան այնպիսի տվյալներ, որոնք կարող են կասկածի տակ դնել 2018 եւ 2022թթ. աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունների օրինականությունը:

Ելնելով սույն փաստերից, կարելի է ենթադրել, որ ՖԻՖԱ-ն չի հրապարակել Մայքլ Գարսիայի ամբողջական զեկույցը, հակառակ դեպքում չպետք է տարաձայնություններ առաջանային գերմանական թերթի ու միջազգային ֆեդերացիայի տրամադրած տվյալների միջեւ:

Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի Քրիս Յանկու Օսիկյանը: Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից ՀԱՕԿ-ին տեղեկացրել են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը երկար ժամանակ հետեւում էր հայ բասկետբոլիստի խաղին: Մարզիչը մեծ ցանկություն ուներ նրան տեսնել ազգային թիմի կազմում: 22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193 սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016թ. ամռանը տեղափոխվել է «Սակարյա»: Առաջիկայում եւս մի քանի համալրումներ են սպասվում մեր հավաքականի կազմում:

Հովհաննես Բաչկովը հռչակվեց չեմպիոն

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց 1-ին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Մեր 5 բռնցքամարտիկներից հաղթեց միայն նա: 64 կգ քաշային հայ մարզիկը եզրափակիչում մենամարտեց անգլիացի Լյուկ Մաք-Կորմակի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ՝ վստահ հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը:

Այդպիսով, մեր հավաքականը Խարկովում նվաճեց ընդամենը 1 ոսկե մեդալ: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանի բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հրաչիկ Ջավախյանը, 7 տարի առաջ, 2010թ.:

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի վստահ հաղթանակով: Մեր +105 կգ քաշային ծանրոդը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք եւ վստահ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Սամվել Գասպարյանը, մեր 105 կգ քաշային ծանրորդը երկամարտում ցույց տվեց 365 կգ արդյունք (160+205), գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում նա նվաճեց արծաթե փոքր մեդալ: 75 կգ քաշային աղջիկների մրցումներում մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով (98+125) զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Հայաստանի երիտասարդ ծանրորդները նվաճեցին 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ:

Մեր երիտասարդ ազատ ոճայինների մեդալները

Դորտմունդում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին ռւ արժանացել արծաթե մեդալի: Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: նվաճել են բրոնզե մեդալներ:

Հ.Գ. – Մրցավարական հանձնաժողովի նախագահը ներողություն խնդրեց սխալների համար

«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է  Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները: Մեր թիմը հայրենիք է վերադարձել 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով:

«Գոհ եմ տղաների մրցելույթներից: Հիմնականում բոլորն էլ լավ են հանդես եկել` իրենց ուժերի չափով: Նրանցից մի քանիսը նոր են տեղափոխվել երիտասարդական թիմ»,- ասել է նա: Ըստ նրա, առաջնության ընթացքում մրցավարական ակնհայտ սխալներ եղան մեր ըմբիշների նկատմամբ: Այդ պատճառով Գեւորգ Մխեյանն (66 կգ) ու Արամ Ավագյանը (74 կգ) զրկվել են մեդալ նվաճելու հնարավորությունից: «Մխեյանի գոտեմարտից հետո ինձ մոտեցավ մրցավարական հանձնաժողովի նախագահը եւ ներողություն խնդրեց: Նա ինձ ասաց, որ մրցավարական սխալներ լինում են: Այս դեպքում գորգի ղեկավարը ճիշտ որոշում չէր կայացրել և, որ նրան պատժել են:

Բայց այդ ներողությունն էական չէ, քանի որ մեր ըմբիշները զրկվել են մրցանակային տեղից: Բայց տղաները չեն հուսահատվել: Ես նրանց ասել եմ` յուրաքանչյուր պարտություն նոր հաղթանակի սկիզբն է: Նրանք դեռ երիտասարդ են ու էլ ավելի ուժեղ են հանդես գալու հետագայում»,- եզրափակել է Ավետիք Վարդանյանը:

Պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշներըՀրաչյա Պողոսյանը ծնկի բերեց ադրբեջանցի ըմբիշին

Դորտմունդում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 50 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը չնայած պարտվեց քառորդ եզրափակիչում, սակայն հետո հաղթեց սփոփիչ մենամարտում եւ 3-րդ տեղի համար մարտի իրավունք ստացավ: 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 2 հաթանակ տարավ, այդ թվում ադրբեջանցի Քամրան Միրզալիեւի նատմամբ: Բայց կիսաեզրափակիչում նա զգուշացումով զիջեց Վրաստանի ըմբիշին եւ դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Նա նույնպես կանցկացնի 3-րդ տեղի համար մենամարտ: Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ Մալխաս Ամոյանը (74 կգ), որը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին եւ դարձավ բրոնզե մեդալի թեկնածու: 96 կգ քաշային Արթուր Մխոյանն արդեն առաջին մրցամարտում պարտվեց թուրք ըմբիշին եւ ավարտեց ելույթները:

Հ.Գ. – Հրաչյա Պողոսյանը եւ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ – Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 մեդալ նվաճեց Դորտմունդում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը: Ինչպես արդեն նշել էինք, մեր 4 ընբիշներից 3-ը նախնական փուլում իրավունք էին ստացել պայքարելու 3-րդ տեղերի համար: Նրանցից 2-ը՝ Հրաչյա Պողոսյանը (60 կգ քաշային կարգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ) վստահ անցկացրին իրենց գոտեմարտերը, հաղթեցին մրցակիցներին եւ դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Իսկ ահա 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 2:10 հաշվով պարտվեց թուրք ըմբիշին: Ի դեպ, վերջինիս պետք է որակազրկեին կիսաեզրափակիչ փուլի Վրաստանի մարզիկի հետ մարտում ոչ սպորտային արարք թույլ տալու համար (թուրք ըմբիշը վերջում պարզապես ցատկում էր մրցակցի վրա եւ հարվածներ հասցնում ձեռքով ու ոտքով):

Հ.Գ. – Հայաստանի ըմբիշները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում – Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մեդալ չնվաճեց Եվրոպայի առաջնության վերջին օրը: Mրցասպարեզ մտան մեր մնացած 4 ըմբիշները՝ Նորայր Հակոբյանը (55 կգ քաշային կարգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Մեր երիտասարդ ըմբիշներն անհաջող հանդես եկան եւ նախնական փուլերում պարտվեցին իրենց մրցակիցներին: Սփոփման մրցամարտի իրավունք ստացավ միայն Նորայր Հակոբյանը, սակայն նրան էլ չհաջողվեց ընդգրվել առաջին վեցյակում: Այդպիսով, մեր երիտասարդական հավաքականը Դորտմունդից կվերադառնա 2 բրոնզե մեդալներով, որոնք նախօրեին նվաճել էին Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանը արդարացնում է Արթուր Ալեքսանյանին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լիովին արդարացնում է իր սանի՝ Արթուր Ալեքսանյանի պահվածքը Թբիլիսիի միջազգային մրցաշարում: Հիշեցնենք, որ 2016թ. օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ մարտի ժամանակ ինքնակամ լքել էր գորգը, որի համար նրան տեխնիկական պարտություն էին գրանցել եւ զրկել մեդալից: «Եթե Արթուրը տեսներ, որ իր մարզչին, առավել եւս հորը, մեկը քաշքշում է, եւ ինքն անտարբեր կանգներ գորգում, ապա ես չէի հարգի նման մարզիկին», – այսօր կայացած մամուլիս ասուլիսին ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչը:

Արթուր Ալեքսանյանը սադրանքի զոհ է դարձել

Ըմբշամարտի միջազգային մրցավար Սամվել Հարությունյանը կարծում է, որ մեր հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սադրանքի զոհ է դարձել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: «Ելնելով գոտեմարտի տեսագրությունից, կարող եմ ասել, որ սկզբում ամեն ինչ նորմալ էր անցնում, բայց երկրորդ ռաունդից սկսաց մրցավարը սխալ որոշումներ է կայացնում: Մասնավորապես՝ Արթուր Ալեքսանյանը 20 վայրկյանում 3 գրոհ է ձեռնարկում, սակայն այդպես էլ միավոր չի ստանում: Այնպիսի տպավորություն է, որ վրացի ըմբիշին հրահանգ է տրված տեղում կանգնել, իսկ մնացած հարցերի լուծումը նրա գործը չէ: Եթե անաչառ մրցավարություն լիներ, ապա մրցամարտի հաշիվն ընդհատման պահին պետք է լիներ ոչ թե 1:2, այլ 5:1՝ հօգուտ Արթուր Ալեքսանյանի»,- ասել է փորձառու մասնագետը: Սամվել Հարությունյանը միանշանակ համոզված է, որ գոտեմարտի ընթացքում տեղի ունեցած սադրանքը հենց մրցավարական սխալների արդյունք է:

«Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, նրա օգնականները, այդ թվում Գեւորգ Ալեքսանյանը, որը Արթուրի հայրն է, գերազանց գիտեն ըմբշամարտի կանոնները եւ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում մրցագորգի վրա: Այնուամենայնիվ, Արթուր Ալեքսանյանը, անկախ իրավիճակից, որպես մարզիկ, իրավունք չուներ միջամտելու կամ գորգից դուրս գալու: Նա պետք է սպասեր, մինչեւ որ կրքերը հանդարտվեին, եւ շարունակեր մրցամարտը: Համոզված եմ, որ մնացած ժամանակում մեր մարզիկը կհաղթեր վրացի ըմբիշին»,- եզրակացրել է միջազգային մրցավարը: Հավելենք, որ վրացի Ռեւազ Նադարեիշվիլու հետ եզրափակիչ մրցամարտում մրցավարը Արթուր Ալեքսանյանին 1:4 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել, բացի այդ, մեր մարզիկն որակազրկվել է եւ մնացել առանց արծաթե մեդալի:

Արցախում անցկացվելու է սամբոյի միջազգային մրցաշար

Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվելու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում անցկացվում: «Մրցաշարին մասնակցելու են Ռուսաստանի, Աբխազիայի, Հայաստանի եւ Արցախի մարզիկներ»,- հավելել է Աշոտ Դանիելյանը:

Հայաստանը 3 մարզիկ է հայտավորել թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում

Հարավկորեական Մուջու քաղաքում այսօր մեկնարկել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 183 երկրների 971 մարզիկ-մարզուհի:

Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 3 թաեքվոնդոյիստներ: Տղամարդկանց 68 կգ քաշային կարգում հանդես կգա Սերգեյ Վարդազարյանը: Նա պայքարը կսկսի 1/32 եզրափակիչ փուլից: 74 կգ քաշային Դավիթ Վարդումյանը վաղը նշանակված առաջին մենամարտում ուժերը կչափի Բուտանի ներկայացուցչի հետ: Մեր փորձառու թաեքվոնդոիստ Արման Երեմյանը հանդես կգա 87 կգ քաշային կարգում: Նրա առաջին մրցակիցը սենեգալցի Ամադու Գույեն է:

Հավելենք, որ մեր մարզիկները մրցասպարեզ կմտնեն հունիսի 25-ին, 26-ին եւ 28-ին:

Հայաստանի հրաձիգներից լավագույն արդյունք ցույց տվեց Նարեկ Ադամյանը

Հայաստանի հրաձիգներին չհաջողվեց մեդալ նվաճել Գերմանիայի Զուլ քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնության անհատական մրցումներում:

Կրակագիծ ելան մեր 3 հրաձիգները, ովքեր իրենց ուժերը փորձեցին 10 մ օդամղիչ հրացան վարժությունում: Նարեկ Ադամյանը 620.3 միավորով որակավորման փուլն ավարտեց 23-րդ տեղում: Հայկ Բաբայանը ցույց տվեց 33-րդ արդյունքը (618.5 միավոր), իսկ Վրեժ Թորոսյանը՝ 90-րդը (607.6): Նախօրեին 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձեւում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել էր 36-րդ տեղը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդ:

Երվանդ Մկրտչյանը եւ Լեւոն Աղասյանը 1-ինն են իրենց մրցաձեւերում

Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը: Ստուգատեսին մերոնք մասնակցեցին 16 աթլետով: Նրանցից առավել հաջող հանդես եկան Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը, որոնք հաղթեցին համապատախանաբար եռացատկ եւ 3000 մ վազք ձեւերում ու վաստակեցին վարկանիշային 10-ական միավոր:

Երվանդ Մկրտչյանը 2-րդ արդյունքը ցույց տվեց նաեւ 1500 մ վազքում: Կանանց մրցումներում աչքի ընկավ Էլլադա Ալավերդյանը, որը 2-րդ տեղը զբաղեցրեց 3000 մ խոչընդոտավազքում:

Մրցանակային 3-րդ տեղեր զբաղեցրին մեր մի քանի մարզիկ-մարզուհիներ. Էլլադա Ալավերդյան (400մ արգելավազք), Յանա Աբրահամյան (եռացատկ), Լիլիթ Հարությունյան (800 եւ 1500 մ վազք), Տիգրան Մկրտչյան (400 եւ 800 մ վազք), Մելիք Ջանոյան (նիզակի նետում), Գայանե Չիլոյան (200մ արգելավազք), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Երվանդ Մկրտչյան (3000 մ վազք):

Թիմային հաշվարկ.

  1. Լյուքսեմբուրգ՝ 317 միավոր. 2. Բոսնիա՝ 266, 3. Վրաստան՝ 262, 4. Մալթա՝ 261,5, 5. Չեռնոգորիա՝ 243,5, 6. Հայաստան՝ 217, 7. Մակեդոնիա՝ 179, 8. Անդորա՝ 132, 9. Սան Մարինո, Լիխտենշտեյն, Ջիբրալթար (միացյալ հավաքական)՝ 118, 10. Ադրբեջան՝ 90:

Հայաստանի հավաքականն այս մրցումներում հանդես եկավ աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի եւ գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի գլխավորությամբ:

Լեւոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին

Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Լեւոն Արոնյանը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի Լյովենի փուլին: 10 գրոսմայստեր կխաղան արագ շախմատի 1 եւ կայծակնային շախմատի 2 շրջան:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների կազմը. Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Բաադուր Ջոբավա (Վրաստան):

Հ.Գ. - Լեւոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատումԲելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում, որին մասնակցում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: 9 փուլից հետո աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակել է 14 միավոր (այս մրցաշարում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին՝ 1): Լեւոն Արոնյանը 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Առաջիկա 2 օրերին շախմատիստներն ուժերը կփորձեն կայծակնային մրցաշարում: Դրա արդյունքներով էլ կորոշվեն այս փուլի հաղթողն ու 2 մրցանակակիրները:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը նահանջեց 7-րդ հորիզոնական – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի շրջանակում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում: Առաջին օրը կայացած 9 փուլում մեր շախմատիստը վաստակեց 4,5 միավոր՝ տանելով ընդամենը 3 հաղթանակ: 18 տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 13,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 7-րդ տեղը: Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում նա ցույց էր տվել 5-րդ արդյունքը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 18,5-ական միավոր: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Լեւոն Արոնյանին հարկավոր է հաղթել իրենից առաջ գտնվող բոլոր 6 մրցակիցներին, ինչը բարդ խնդիր է շախմատի այս մրցաձեւում:

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լեւոն Արոնյանը 4-րդն է

ՖԻԴԵ-ի պաշտոնական էջում հրապարակվել է հուլիսի  լավագույն 100 շախմատիստների վարկանշային ցանկը: Լեւոն Արոնյանը՝ 1982 միավորով 4-րդ հորիզոնականում է: Հայաստանից լավագույն հարյուրյակում ընդգրկված են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (79-րդ հորիզոնական):
Առաջին եռյակում են նորվեգացի Մագնուս Կառլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ԱՄՆ-ից Սո Վասլեյը:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը գլխավորում են Հայաստանի շախմատիստները

Ջերմուկում ավարտին է մոտենում Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:

Արդեն անցկացրած 7 փուլրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը, ովքեր ունեն 6-ական միավոր: 16-ամյա շախմատիստը հերթական խաղում հաղթեց մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ Իգոր Կովալենկոյին, իսկ Հայաստանի նախկին չեմպիոնը առավելության հասավ Ալեքսանդր Զուբովի նկատմամբ:

8-րդ փուլում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը կմրցեն իրար հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս շախմատիստներին, ապա նրանցից 4-ը՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ վարպետության թեկնածու Հովհաննես Հակոբյանը, 5-ական միավորներով բաժանում են 5-13-րդ տեղերը: Նրանք նույնպես հավակնում են մրցանակային տեղերին, սակայն դրա համար հարկավոր է հաղթանակներ տանել մնացած 2 խաղերում:

Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:

Հ.Գ. – Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող - Միջազգային վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի շախմատի թվով 10-րդ հուշամրցաշարը: Կայացած վերջին՝ 9-րդ փուլում, 16-ամյա շախմատիստը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի արեց Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի հետ եւ նվազագույնն ապահովեց մրցանակային տեղերից մեկը:

Նրա գլխավոր մրցակից, Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը երկարատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կնքեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հետ: Այդպիսով, մեր 2 շախմատիստները, ինչպես նաեւ Անդրեյ Ժիգալկոն վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Հայկ Մ. Մարտիրոսյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Քոթանջյանը, իսկ 3-րդը՝ բելառուսցի գրոսմայստերը:

Կին մասնակիցներից բոլորից հաջող հանդես եկան մեր առաջատար շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք վաստակեցին 5,5-ական միավոր եւ բաժանեցին 26-27-րդ տեղերը:

Ներառական վազքարշավ Երեւանում

«Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երեւանի քաղաքապետարանի եւ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի է ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը։ Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաեւ բոլոր երեխաների մոտ փոքր տարիքից մարդասիրության եւ փոխօգնության գաղափարներ սերմանելը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում մշտապես սատարելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, հնարավորին նպաստելով նրանց խնդիրների լուծմանը: Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս միջոցառման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մանկական բարեգործական ներառական մրցավազքը կդառնա ամենամյա՝ հուլիսի 1-ը վերածելով հատուկ կարիքներով երեխաների խորհրդանշական օրվա:

«Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես եղել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ վստահելի ու անշահախնդիր գործընկերը, ինչի վկայությունը համատեղ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են:

Տարիքային 2 խմբերի համար կազմակերպված վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ընկալել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները և պատրաստակամություն դրսեւորեն աջակցելու նրանց՝ հաղթահարելու դժվարությունները:

Առավոտյան նախավարժանքից հետո, առաջինը մրցատարածությունում ուժերը չափել են 3-7 տարեկան փոքրիկները: Այստեղ հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրել են Մհեր Առաքելյանն ու Արամ Մուրադյանը: Այնուհետ պայքարի են դուրս եկել 7-14 տարեկանները: Այս տարիքային խմբում ուժեղագույնն է ճանաչվել Գեորգի Ավանեսովը, նրան հաջոդրել են Ալեքսանդր Սակունցն ու Գեւորգ Զատիկյանը: Վազքարշավի հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կարող ինքնուրույնաբար հաղթահարել մեկ կիլոմետր վազքատարածությունը, ուղեկցել են Armenian Charity Runners Team-ի վազորդները, ովքեր «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքարշավների ընթացքում։ Վազքարշավը եզրափակվել է համերգով:

Բարեգործական վազքարշավից ստացված միջոցներն ուղղվելու են ուղեղային կաթված ունեցող 8 երեխաների համար հատուկ կանգնակ գնելուն:

Բասկետբոլի Մ 18 տարեկանների ՀՀ հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետ

Բասկետբոլի Հայաստանի Մ 18 տարեկան տղաների եւ  աղջիկների հավաքականները պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տղաները հուլիսի 4-ից 9-ը հանդես կգան Կիպրոսում, իսկ աղջիկները նույն օրերին կմրցեն Մալթայում: Մեր 2 թիմերի առաջին մրցակիցը Կիպրոսի հավաքականներն են: Հայտնում են ՀԱՕԿ-ից: «Մենք պետք է անենք առավելագույնը, ինչին ընդունակ ենք։ Մեզ համար դժվարությունն այն է, որ խաղացողները տարբեր երկրներից են եւ միասին մարզվելու շատ քիչ ժամանակ ունեինք՝ մոտ 10 օր։ Կա դպրոցների տարբերություն։ Բայց, 4-5-րդ օրը հաղթահարեցինք այդ բարդությունները։ Մեր թիմի հիմնական խնդիրն այն է, որ բարձահասակ բասկետբոլիստներ քիչ ունենք։ Սակայն այնպիսի մարտավարություն ենք մշակել, որ օգտագործենք բոլոր խաղացողներին»,- ասել է  մինչև 18 տարեկան տղաների հավաքականի ավագ մարզիչԵղիշ Դավթյանը: «Ներկայումս թիմը բարձունքի վրա է: Բնականաբար, ցանկացած մարզիկ տրամադրված է հաղթելու, այլ դեպքում նա թիմում գործ չունի: Թիմի կորիզը նախորդ տարվանից է, բայց նաեւ չորս համալրում ունենք: Շարունակում ենք նույն ձեռագրով»,- ասել է Մ 18 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:

Նրա խոսքով, տեխնիկական որոշ խնդիրներ կան: Հիմնական 3 խաղացողներ դեռ վիզա չեն ստացել: Թիմերը մրցավայր կժամանեն հուլիսի 3-ին:

Վեսելին Մատիչ. Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ

Փորձառու սերբ մասնագետ Վեսելին Մատիչը մի քանի օր է վերապատրաստում է հայ մարզիչներին: Մատիչը Հայաստանի մասին լսել էր, բայց առաջին անգամ է մեր երկրում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կիսվել է իր առաջին տպավորություններով.«Մարզչական կարիերայիս ընթացքում իմ թիմերում ունեցել եմ հայ բասկետբոլիստներ, հայ օգնականներ եւ նրանցից լսել եմ Հայաստանի մասին: Ես գիտեմ, որ դուք անցկացնում եք Համահայկական խաղեր, ունեցել եք ակումբներ:Չորս օր է ինչ այստեղ եմ: Առաջին տպավորությունս այն է, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, իսկ մարդիկ պարզ են եւ ընկերասեր»:

Խոսելով հայկական բասկետբոլի զարգացման միտումների մասին` Մատիչը նշել է, որ շատ կարեւոր է մեծահասակների ազգային առաջնություն ունենալը. «Բասկետբոլը զարգացնելու համար պետք է մրցակցություն լինի: Հայ մարզիչների հետ խոսակցության ընթացքում հասկացանք, որ հայկական բասկետբոլի ավելի շատ խաղեր են հարկավոր: Պետք է ստեղծվեն ակումբներ, թեկուզ սիրողական մակարդակի, պետք է լինեն կանոնավոր առաջնություններ: ԽՍՀՄ տարիներին ձեր երկիրը մարզաձեւի լավ դպրոց է ունեցել, առաջնություններ են անցկացվել: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան սկսել է այդ ուղղությամբ աշխատել եւ աշնանից կանոնավոր առաջնություններ են անցկացվելու:

Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ: Ձեր հաջորդ քայլը պետք է լինի ազգային առաջնություն անցկացնելը: Լավ կլիներ նաեւ, որ ուժեղ ակումբ ունենայիք եւ խաղայիք օրինակ ՎՏԲ լիգայում: Շատ լավ կլինի, որ Հայաստանի հավաքականում լեգեոներների կողքին հանդես գան տեղացի բասկետբոլիստներ»,- նշեց սերբ մարզիչը:

Վեսելին Մատիչը հայ մարզիչներին կոչ արեց ավելի ակտիվ լինել եւ սեմինարի ավարտից հետո էլ շարունակել բարելավել գիտելիքների պաշարը. «Միայն սեմինարները բավական չեն, որ մարզիչներն ավելի բարձրակարգ դառնան: Մարզիչն ինքն առաջ գնալու եւ որակյալ մասնագետ դառնալու ցանկություն պետք է ունենա: Սեմինարը շուտով կավարտվի, սակայն հայ մարզիչները պետք է շարունակեն աշխատել իրենց վրա»:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։