Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը՝ Էրդողանից անկա՞խ – Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով,հիմնականում թուրքական կողմի խոչընդոտությամբ, պարբերաբար հետաձգվում էր… Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ստամբուլում կհանդիպի ու կծանոթանա թուրքական իշխանությունների հետ…

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան:

«Ակոս»-ը գրել է, որ դիմումում նշված է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները:

Նշվում է նաեւ, որ ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների ցանկը կներկայացվի նահանգապետարան:

Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ:  

Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով պատրիարքին փոխարինում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա, ինչպես «Լուսանցք»-ն է նշել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրածոն էր եւ դարձել էր թուրքական սուլթանացած բռնակալ նախագահի անձնական տերտերը…

Եթե ստամբուլահայությունը կարողանա Թուրքիայի նախագահի միջամտությունից անկախ հասնել իր նպատակին, ապա սա փոքրիկ, բայց հաստատուն առաջ գնալու մի հաղթանակ կդիտարկվի մեր պահանջատիրության ճանապարհին… Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով,հիմնականում թուրքական կողմի խոչընդոտությամբ, պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի էր ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություն, ընտրվել էր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն էր հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, ով հետո այցելել էր Էջմիածին եւ հանդիպել Գարեգին Բ կաթողիկոսին՝ ստանալով նրա օրհնությունը: Ապա մեկնել էր Գերմանիա եւ ավարտական տեսքի բերել իր գործերը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նկատմամբ հայ ստամբուլահայ համայնքի հակակրանքն այնքան մեծ էր, ինչը նաեւ հայության բոլոր հատվածներում էր առկա, այդ թվում՝ Հայաստանում, որ նա պարտադրված էր հրաժարական ներկայացնել, բայց այդպես էլ դա չէր անում:

Սակայն, ինչպես հունիսի 28-ին հաղորդեց Պոլսո Հայոց պատրիարքարանի կայքը, ընդհանուր ժողովում կարգալույծ արվեց արքեպիսկոպոս Աթեշյանը:

Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ստամբուլում կհանդիպի ու կծանոթանա թուրքական իշխանությունների հետ: «Ակոս»-ը գրում է, որ «Մայր Աթոռը հետեւում է Պոլսում ընթացող բոլոր զարգացումներին»:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։