Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում.- Սա ավելի է սրել տարածաշրջանի աղդեցության լծակներին տիրանալու միջազգային պայքարը – Աշխարհի վերաբաժանումն այս անգամ չի կարող ընթանալ միա՛յն երկրային որոշմամբ՝ առանց մարդկության փրկության վերհառնող ծրագրի… ՄԱԿ-ը՝ Արցախյան հակամարտության շուրջ…

Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում

Հայտարարված հակաահաբեկչական համաշխարհային պայքարը կարծես մտնում է ավարտական փուլ: Սա ցույց է տալիս նաեւ այն հանգամանքը, որ հերթով հայտարարվում է «Իսլամական պետության» այս կամ այն կարեւորության ահաբեկչի ոչնչացման մասին: Իհարկե, սա կարող է եւ ճշմարիտ լինել եւ ապատեղեկատվություն, հատկապես վերջինի ժամանակ դա կարող են անել հենց ահաբեկիչները, որոնք զգալով պարտության վտանգը՝ սպանվելու հայտարարությամբ կփորձեն ապահովել իրենց փախուստը…

Հիշեցնենք, երբ ամերիկյան զինուժը ոչնչացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի ղեկավար, մոլորակի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, շատերն անգամ տեսագրությունը նայելով, թե ինչպես են ջրասույյզ անում նրա անկենդան մարմինը, դեռ կասկածներ ունեին… Երկար ժամանակ տեսա եւ ֆոտո ապացույցները շարունակում էին ցուցադրվել ամբողջ աշխարհում, մինչեւ հաստատվեց վերջնական համոզումը:

Հիմա արդյո՞ք վերացվել է «Իսլամական պետության» թիվ 1 ահաբեկիչը: Այս մասին պնդում են ռուսական բարձրաստիճան այրերը, որ Դաեշ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Վստահեցնում են նաեւ Ռուսաստանի օրենսդիրները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռաքքայի հրթիռակոծման ժամանակ սպանվել է Դաեշ-ի ղեկավարը, սակայն առայժմ չկա որեւէ ապացույց այս պնդումը հաստատելու համար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեռեւս չի կարող հաստատել այս տեղեկությունը: Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին տեղեկությունը չեն հաստատում նաեւ տարածաշրջանային մյուս երկրների ներկայացուցիչները:

2014թ. ի վեր բազմաթիվ անգամ է հայտարարվել այս ահաբեկչի ոչնչացման մասին (ինչպես Ուսամա բեն Լադենի դեպքում էր դա լինում), սակայն ամեն անգամ այդ տեղեկությունները հերքվել են: Նրա վերացումը զգալի կորուստ կլինի Դաեշ-ի համար եւ կթուլացնի ահաբեկչական խմբավորումը, որն արդեն տարածքային կորուստներ է գրանցում Իրաքում ու Սիրիայում:

Վերջերս պայթյուն է գրանցվել այն մզկիթում, ուր Աբու Բաքր ալ Բաղդադին հռչակել էր Դաեշ-ը: Իրաքյան զորքերը դրանում մեղադրում են խմբավորման զինյալներին, որը տեղի է ունեցել Մոսուլի ավերման ժամանակ՝ քաղաքի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում: Սակայն մեկ այլ տեսակետ էլ կա, որ դա արել են «Իսլամական պետության» ահաբեկիչները, որովհետեւ արդեն հաշտվել են սպասվող պարտության հետ ու չեն ցանկացել, որ Դաեշ-ի հռչակման մզկիթը մնա իրենց թշնամիների ձեռքում… Սա եւս դիտարկվում է հակաահաբեկչական պայքարի ավարտական փուլի համապատկերում:

Նշենք, որ ամիսներ առաջ էլ հայտարարվել էր, թե ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետության» առաջնորդից հետո իր կարեւորությամբ 2-րդ մարդն է սպանվել Իրաքում, առաջնորդի մերձավոր Այադ ալ-Ջումաիլին: Այս ահաբեկիչ եղել է Դաեշ-ի անվտանգության հարցերով ղեկավարը:  

Իմիջիայլոց, Իրաքի նախկին նախագահ (ում կախաղան բարձրացրեցին ամերիկացիները) Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին Այադ ալ-Ջումաիլին աշխատել է հետախուզական կառույցներում: Ամերիկյան զորքերի՝ Իրաք մուտք գործելուց հետո, նա միացել է հակահուսեյնական ապստամբերին:

Իսկ դեռ մարտի 29-ին հայտարարվել էր Մոսուլի Հին քաղաքում «Իսլամական պետության» առողջապահության նախարարին սպանելու մասին: Այսպես հայտարարվում է Դաեշ-ի պարագլուխների ոչնչացման մասին, ինչն էլ ենթադրել է տալիս, որ առանց գլխի ահաբեկչական կառույցի մարմինն այլեւս չի գործի:

Իսկ երբ մի բան մոտենում է ավարտին, ապա այդ ավարտական գործի մասնակիցները սկսում են աշխուժանալ՝ ավելի շատ ազդեցություն ձեռք բերելու եւ որոշիչ դիրքեր ստանձնելու համար: Անգամ կարող են թշնամանալ հակաահաբեկչական պայքարում կողք-կողքի կանգնած երկրները…

Առաջինը միմյանց հետ հարաբերություններ սկսեցին պարզել Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը, հատկապես Սիրիայի հարցում, ապա եվրոպական առաջատար երկրները սկսեցին այդ ուղղությամբ քայլեր անել: Նրանցից հետ չեն մնում Թուրքիան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան, ինչը շարունակվում է նաեւ այսօր:

Անկարան փորձում է տեղավորվել արաբական աշխարհի հաշտարարի դերում, դրա համար ռազմական հենակետ բացեց Քաթարում, ինչը նաեւ արաբա-իրանական խնդիրների ժամանակ կարող է միջնորդի կարգավիճակ տալ Թուրքիային: Բացի այդ, Թուրքիան որպես ՆԱՏՕ-ական հենակետ տարածաշրջանում, փորձում է Պարսից ծոցում հաստատվել, ինչը մեծ առավելություններ կտա Անկարային՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Իսկ այն վերջին ժամանակներս այնքան էլ բարեհաջող չի ընթանում: Գերմանիան արդեն «Ինջիրլիք»-ի ռազմաբազայից հանում է իր զորքերը՝ տեղափոխում Հորդանան: Սա միաժամանակ նոր հնարավորություններ է տալիս Բեռլինին՝ արաբական աշխարհում: Հատկապես այն հատվածում, որտեղ նաեւ Իսրայելն է:

Վաշինգտոնը եւս խնդիրներ ունի «Ինջիրլիք»-ի ռազմաբազայի հետ կապված եւ կարող է իր զինուժը Սիրիա տեղափոխել, նաեւ ի հակակշիռ Մոսկվայի, որ արդեն ռազմաբազա է ստեղծել Սիրիայում:

Թուրքիան եւս պատրաստվում է զորք տեղակայել Սիրիայում, Իդլիբում՝ քաղաք մտնելով 3 տարբեր կետերից: Թուրքական զինուժի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի անվտանգության ապահովմանը կմասնակցի նաեւ հակակառավարական «Սիրիայի ազատ բանակը», որի 1500-2000 մարտիկներին «պատրաստ» հրահանգն է տրվել: Տեղեկություն կա, որ թուրքական զորքի հետ Իդլիբում կտեղակայվեն նաեւ ռուսական ուժեր. սա, սակայն, միայն խորհրդանշական քայլ է: Որոշումը վերջնական քննարկման կդրվի հուլիսի սկզբին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Իսկ հաստատվելու դեպքում նախագծի իրագործումը կսկսվի հուլիսի ընթացքում:

Սիրիական ընդդիմության ձեւավորած ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Վեջիհ Ջուման կարեւորել է Իդլիբում թուրքական զորքերի ներկայությունը՝ համարելով, որ դա անվտանգության երաշխիք կստեղծի Իդլիբի ավելի քան 2 մլն-ի հասնող բնակչության համար: Սա շատ նման է Քաթար զորք մտցնելու թուրքական նախաբանին ու այլ հոխորտանքներին, ինչը միանշանակ չի ընկալվելու մյուս շահագրգիռ երկրների կողմից:

Իսկ Քաթարի հարցով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է թուրքական ռազմաբազան փակելու մասին Ծոցի երկրների կողմից հնչեցվող կոչերին: Նա նշել է, որ Թուրքիան եւ Քաթարը՝ որպես երկու ինքնիշխան երկիր, համաձայնագիր են ստորագրել ռազմաբազա ստեղծելու մասին: «Ինքնիշխան երկրների միջեւ առկա խնդիրը մյուս երկրներին չի վերաբերում, սակայն անհրաժեշտ է, որ նրանք հարգեն այդ որոշումը: Խոսել եմ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլի հետ՝ այս մասին նրանց բացեիբաց ասելով: Նա փորձեց պարզաբանումներ անել, սակայն դա ճիշտ չէ: Հուսով եմ, որ սխալական մոտեցումները կվերանայվեն եւ մեր եղբայրներ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը, Միացյալ Արաբական Էմիրությունները կնստեն եւ եղբայրական ոգով կհարթեն բոլոր տարաձայնությունները»: Սա է այն միջնորդական դերի ստանձնումը, ինչին դերասանական խաղով ձգտում է Անկարան: Սակայն, արաբական մի շարք երկրներ, որ պահանջների մի խումբ է ներկայացրել Քաթարին, որոնցում ներառված էր նաեւ թուրքական ռազմաբազան փակելու հարցը, շարունակում է պնդել իրենց պահանջը:

Ֆրանսիան եւ եվրոպական երկրները ուշադիր հետեւում են թուրքական քայլերին եւ դեռ չեն արձագանքել Իրաքյան Քուրդիստանի անկախանալու հայտարարությանը, որին դեմ են արտահայտվել Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները:

Իրանի խորհրդարանում, Թեհրանում ահաբեկչական դեպքերից հետո, Իրանի անվտանգության ուժերը հայտարարել էին, որ պատժելու են Դաեշ-ին: Օրերս անվռանգության ուժերի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման 41 անդամ է ձերբակալվել: Երկրի տեղեկատվության (հետախուզություն) նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Քերմանշահ, Արեւմտյան Ատրպատական, Քրդստան նահանգներում եւ մայրաքաղաք Թեհրանում իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում են ձերբակալվել ահաբեկչական խմբավորման վահաբիական մի քանի տասնյակ անդամները: Հայտնի է, որ վահաբականները սնվում են Սաուդյան Արաբիայից:

Իրանը նաեւ հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին, որից հետո նշվել է, որ հրթիռները անցել են Իրաքի օդային տարածքը եւ հարվածել Սիրիայում գտնվող ահաբեկիչներին: Սա, կարծում ենք հենց այն է, ինչի մասին խոսեցինք վերեւում: Թեհրանը ոչ միայն պատժում է ահաբեկիչներին, այլեւ հավաստում, որ ինքը անմասն չի մնա տարածաշրջանային իրադարձություններից, որը կծավալվի Դաեշ-ի վերջը տալուց հետո… Ավելին՝ չի հանդուրժի իր տարածքային մասնատման որեւէ քայլ:

Իրանն ու Չինաստանը Պարսից ծոցում համատեղ զորավարժություն են անցկացւել: Չինաստանի ԶՈւ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերի ստորաբաժանումներից մեկը  Հորմոզի նեղուցում՝ Իրանի ջրային տարածքում, ԻԻՀ ԶՈւ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություն է անցկացրել: Չինաստանի ԶՈւ ռազմանավերի ստորաբաժանումը բաղկացած է եղել «Chang Chung» մոդելի նավ խոցող ռազմանավից, «Chao Hu» եւ «Jin Zhou» ռազմանավերից ու 1 ուղղաթիռից:  Հայտարարվել է, որ չին-իրանական համատեղ զորավարժության նպատակը փորձի փոխանակումն է:

Հայտնի է, որ վաղուց Չինաստանը փորձում է դառնալ համաշխարհային 3-րդ բեւեռը եւ այս իրավիճակը հարմար է համարում այդ քայլին գնալու համար: Վերջերս Հայաստան էր ժամանել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ է ունեցել մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ, Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի եւ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ:

Վերջին ամիսներին շատ ակտիվ է նաեւ Հյուսիսային Կորեան, որը միայն Չինաստանի հետ է երկխոսում իր հարցերի մասին: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է նաեւ ԱՄՆ-ին դիմակայելու գործում Սիրիայի նախագահի հետ համերաշխության մասին։ Իմիջիայլոց, Հյուսիսային Կորեայի առաջնորդը շատ ագրեսիվ է արտահայտվել նաեւ թուրքական ծավալապաշտական նկրտումների մասին (նշելով, որ հետեւում է ռուս-ամերիկյան հակահայ խաղերին): Պատմությունից հայտնի են թյուրքական թափառականների վայրագությունները նաեւ կորեական տարածքներում… Որտեղ հայտնվել են քոչվոր թյուրքերը, այնտեղ մահ ու ավեր է սփռվել:

Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել ԱՄՆ միջուկային հարձակումներին նմանատիպ հարվածներով. այս մասին հայտարարել է բանակի փոխմարշալ Չխվե Ռյոն Հեն: «Մենք պատրաստ ենք պատասխանել լայնածավալ պատերազմին՝ լայնածավալ պատերազմով, միջուկային պատերազմին՝ միջուկային պատերազմով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիր Իր Սենի 105-ամյակին նվիրված միջոցառմանը: Պետական շքերթին առաջին անգամ ներկայացվել են նաեւ բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվում են սուզանավից:

Ռուսաստանն էլ փորձում է սիրիական զարգացումներին զուգահեռ, բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ, քանի որ վերջինս խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչը կարող է անակնկալ ավարտ ունենալ, քանզի Գերմանիայի զինուժի՝ Թուրքիայից դուրս բերումից հետո, չի բացառվում, որ նույնն անեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան…

Իսկ Անկարան «Ինջիրլիք»-ի ռազմաբազա է հրավիրել նաեւ ռուսական զինուժին՝ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար, ինչը եւս զայրացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը:

Թուրքիան եւ Ռուսաստանը վերջերս շատ են փորձում համատեղ քայլերի գնալ, սակայն ինչ-ինչ պատճառներ անընդհատ խոչընդոտում են՝ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թուրքական զինուժի կողմից, ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում եւ այլ հարցեր որոշակիորեն սառեցրել են այդ հարաբերությունները, սակայն Եվրոպային գազ մատակարարելու ռուս-թուրքական ձգտումը կարծես թե կրկին մոռացնել է տալիս ամեն ինչ……

Եթե զոհված ռուս օդաչուի ընտանիքին Անկարան արագորեն ապահովեց փողով, բնակարանով եւ այլնով, ապա ռուսական դեսպանի հարցը նոր է պարզաբանվել եւ դա ներկայացվել է Մոսկվային: «Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է անցած տարվա դեկտեմբերին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից, ում նաեւ կասկածում են 2016թ. հունվարին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման եւ «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» ցանց ստեղծելու մեջ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի դատախազությունը: Քննիչները պնդում են, որ դեսպանին սպանողը՝ նախկին ոստիկան Մեւլութ Ալթինթաշը, FETO-ի 5 անդամի հետ կապ է պահպանել եւ նրանցից ոմանց հետ հանդիպել է Կիպրոսում՝ հինգաստղանի հյուրանոցում: Դատախազության հայտարարության համաձայն, հենց այնտեղ էլ նրան տրվել են հրահանգներ, թե ինչպես սպանել դեսպանին:

Հիշեցնենք, որ մինչեւ այդ հարաբերությունների լարվածության հասնելը, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմական նավերի ստորաբաժանումները Սեւ ծովում զորավարժություններից հետո մտել էին ռուսական Նովոռոսիյսկի նավահանգիստ: «Նովոռոսիյսկ ոչ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի ստորաբաժանումը։ Նավերը ռուսական նավահանգիստ են մուտք գործել Թուրքիայի ռազմածովային ուժերի՝ «Ծովաստղ» անվամբ ամենամյա զորավարժություններից հետո»,- հայտնել էր ՌԴ Սեւծովյան նավատորմի առաջին ռանգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովը։ Պաշտոնական միջոցառումներից հետո թուրք եւ ռուս ծովայինների միջեւ անգամ տեղի են ունեցել մինի ֆուտբոլի մրցումներ։

Ի տարբերություն ռուս-թուրքական մերձեցմանը, վատանում են թուրք-ամերիկյանը եւ ռուս-ամերիկյանը: Վլադիմիր Պուտինը նույնիսկ մատնանշել է Դոնալդ Թրամփի՝ քաղաքական գործչին ոչ բնորոշ որակները: Ռուսաստանի նախագահը դեռ զգուշորեն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ առաջնորդը անկեղծ է, ինչը քաղաքական գործիչներին տիպիկ չէ։ Նա, միաժամանակ, հայտարարել է ամերիկյան նախագահի հետ երկխոսելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ իր գործընկերը «այն մարդը չէ, որ խորհրդի կարիք ունի»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւս զերծ չի մնացել ահաբեկչական գործողություններից եւ չի կարելի ասել, որ այն արդեն հաղթահարված է: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության հետքերը դեռ թարմ են: Հայտնաբերվել են մի շարք ահաբեկիչներ նաեւ Մոսկվայում, բայց վտանգը մեծ է, համատարած՝ Ստավրոպոլի մարզում վերջերս ոչնչացվել է «Իսլամական պետության» 2 ահաբեկիչ։ «Անվտանգության մարմինները տվյալներ ունեն, որ ահաբեկիչները մտադիր են եղել մի շարք ահաբեկչական հանցանքներ գործել, այդ թվում՝ սպանել հոգեւորականների ու շարքային քաղաքացիների»,- հայտնել են իրավապահ մարմինները:

Իսկ Դոնալդ Թրամփը ոչ միայն Ռուսաստանի հետ է փչացնում հարաբերությունները, այլեւ՝ Եվրոպայի: Դեռ նախագահ ընտրվելուց առաջ էլ նա Եվրոպային մեղադրում էր մի շարք պարտավորություններ չկատարելու մեջ, բայց այդ ժամանակ գովաբանում էր Ռուսաստանին եւ հայտարարում, թե այդ երկրի հետ նոր հարաբերություններ են լինելու՝ հատկապես ահաբեկչության դեմ միասնական պայքարի ընթացքում: Թրամփը Պուտինին համարյա իր ընկերն էր հռչակել… Ինչեւէ, ԵՄ-ին քննադատող ԱՄՆ-ի նախագահը օրերս հայտարարեց, թե գերադասում է առեւտրային համաձայնագիր կնքել Եվրամիության, ոչ թե Լոնդոնի հետ: Իսկ Մեծ Բիտանիան, որ գրեթե ամեն բան անում է ԱՄՆ-ի սրտով, ցանկանում է լքել Եվրամիությունը……

ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիային հետ է մղել այն երկրների ու կազմակերպությունների շարքից, որոնց հետ Վաշինգտոնը պատրաստվում է ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել։ Նա նախապատվությունը տվել է Եվրամիությանը: Ամերիկացի անանուն չինովնիկները պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը մեղմել է Բրյուսելի հետ բանակցությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։ Ավելին, գերմանացի բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով, Թրամփը Անգելա Մերկելի հետ մասնավոր զրույցներում հարց է ուղղել նրան՝ կարող է ազատ առեւտրի բանակցություններ վարել անմիջապես Բեռլինի հետ։ Գերմանիայի կանցլերը մի քանի անգամ պատասխանել է, որ այդ հացը գտնվում է բացառապես դաշինքի իշխանությունների ենթակայության տակ։ Երբ պատասխանը հնչել է 11-րդ անգամ, ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ դեպքում իր երկիրը գործարք կկնքի Եվրամիության հետ։

Անսպասելի քայլ է արել Փարիզը: Ռուսաստանի դեմ ոչ այնքան խիստ հանդես եկող Ֆրանսիան, իր նոր նախագահ Էմանուել Մակրոնի բերանով ասել է. «Ագրեսիան գալիս է Ռուսաստանից, այսինքն՝ ագրեսորն Ուկրաինան չէ։ Մենք նաեւ խոստովանում ենք, որ Ղրիմի բռնակցումն ապօրինի է, նշանակում է՝ գիտենք, ով է պատերազմ սկսել եւ ով է այս իրավիճակը ստեղծել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, Ֆրանսիայի նախագահի ընտրության օրերին, նախագահի թեկնածուներից «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել էր, թե Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ օրինական է եւ այդ հանրաքվեն չի կարող կասկածի տակ դրվել: Իսկ գերմանական գործարարները Ղրիմ էին այցելել՝ տնտեսական գործարքներ կնքելու համար…

Բայց ահա, Վաշինգտնոի տոնայնության փոփոխությունից հետո եվրոպական առաջատար երկրները այլ բան են ասում Ղրիմի առումով՝ Ռուսաստանին հռչակելով զավթարար… Նման հայտարարություն Ֆրանսիայի նապագահն արել է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո։ Իսկ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպես նախկինում, հերքել է, որ Արեւմուտքի եւ Կիեւի այն հայտարարությունները, թե Ուկրաինայի արեւելքում ռուական զորքեր կան։

Մոսկվայի արձագանքը Վաշինգտոնի անորոշ քաղաքականության վերաբերյալ տարաբնույթ է լինում, վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ԱՄՆ-ն այժմ ամենաանկանխատեսելի երկիրն է արտաքին քաղաքականության ոլորտում: Նա ասել է. «Այն, ինչ կատարվում է հիմա ԱՄՆ-ում, եւս մեկ անգամ ընդգծում է ցավալի փաստը, որ ԱՄՆ-ն ամենաանկանխատեսելի երկիրն է: Եվ եթե այդ երկրում կանխատեսելի որեւէ բան կա, դա հենց նրանց անկանխատեսելիությունն է արտաքին քաղաքականության մեջ»:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում եւս իրենց նախագահի դեմ խիստ խոսացողներ կան, ովքեր համարում են, որ երկիրը անկանխատեսելի է դարձել… Օրինակ՝ ամերիկացի դերասան Ջոնի Դեփը մի կերպ է ազատվել պատասխանատվությունից, երբ կատակելով ասել է այն, ինչ մտածում է:

«Ես ներողություն եմ խնդրում վատ կատակի համար։ Իմ մտածածի պես չստացվեց, ես ոչ մի չար մտադրութուն չունեի, միայն փորձում էի ուրախանալ, ոչ թե որեւէ մեկին վնասել»,- հայտարարել է դերասանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեփը Թրամփի սպանության մասին կատակել է «Գլաստոնբերի» երաժշտական փառատոնի ժամանակ։ «Կարելի՞ է այստեղ բերել Թրամփին: Ինձ թվում է՝ նրան օգնություն է պետք: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը սպանել նախագահին։ Ես խաբում եմ, որ դերասան եմ, ես դա անում եմ ապրուստ աշխատելու համար»,- ասել է նա։

Տեսակետ կա, որ նախագահի սպանության մասին խոսելով ակնարկել  է այն, որ 1865թ. ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանել է ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բուտը: Սրան հաջորդել է դերասանի խոսքերի վերաբերյալ Սպիտակ տան մեկնաբանությունը. «Նախագահ Թրամփը դատապարտում է բռնությունը եւ շատ վշտացած է, որ Դեփը չի հետեւում այդ օրինակին»:

Ահաբեկչությունները պարուրել են ամբողջ աշխարհը, անգամ գերտերություններն ի վիճակի չեն պաշտպանվել իրենց ծնած ու սնած ուժերի ոտնձգություններից: Անարդար աշխարհի դեմ միշտ էլ պայքար է լինում, սակայն, ցավոք, անարդարության դեմ ցայսօր համախմբված պայքար չի գնում, իսկ տեղային ըմբոստացումները, եթե անգամ արդար հիմքով են սկսվում, հետզհետե վերաճում են ահաբեկչության, ավելի ճիշտ՝ նրանց դրդում են դրան, երբ քաղաքակիրթ պայքարի այլ ձեւ չեն թողնում…

Եվ այսօր եվրոպական այնպիսի երկրներում, որտեղ թվում է խնդիր չկա ըմբոստության, ավելին՝ ազգայնամոլության, ինչպես Շվեդիայում, Նորվեգիայում կամ Դանիայում, այլեւս այդպես չէ:

Այս աշխարհակարգը իրապես փոփոխության կարիք ունի…

Ով կպատկերացներ, որ Շվեդիայում ազգայնամոլների սպառնալիքների պատճառով փակվել է հրեական կենտրոնը: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում եւս ահաբեկչական գործողություններ են լինում, ինչպես եղան Նորվեգիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլուր:

Նույնն է Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Եգիպտոսում, իսկ Աֆղանստանում եւ Պակիստանում այն շարունակվում է նույն թափով… Աֆղանստանի արեւելյան Ղազնի նահանգում ոչնչացվել են «Թալիբան» շարժման 2 առանցքային ղեկավարներ, սակայն դա ոչինչ չի փոխում, Պակիստանում վերջերս պայթյունների պատճառով 15 մարդ է զոհվել եւ այսպես շարունակ, արաբական աշխարհում եւ աշխարհի տարբեր երկրներում…

Ուստի՝ մենք՝ հայերս, պիտի անչափ զգոն լինենք, հատկապես թյուրքական եւ թուրքամետ խաղերի դեմ: Նրանք աշխարհին նորովի երեւալու եւ թուրքական պետության վտանգավորությունն ու ավելորդությունը չտեսնել տալու համար հիմա էլ նոր բան են մտածել… «Թուրքիայում ազգային փոքրամասնություններ իրականում գոյություն չունեն»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, երբ խոսելիս է եղել Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների համայնքներին պատկանող հիմնադրամների գործունեության մասին: «Մեր հայ, ասորի, հրեա եղբայրներին մենք փոքրամասնություն չենք համարում, դա Լոզանի պայմանագրից բխող ձեւական ձեւակերպում է»,- ասել է փոխվարչապետը:

Լոզանի պայմանագրով հայերը Թուրքիայում կրոնական փոքրամասնություն են համարվում եւ դրա շնորհիվ իրավունք ունեն, օրինակ, հայկական դպրոցներում հայերեն դասավանդել: Նման իրավունք չունեն Թուրքիայի շատ այլ ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ քրդերը: Բայց մի բան հստակ է, ցայսօր Թուրքիայում հայերին վախենում են ազգ կոչել՝ դրանից բխող բոլոր ազգային հիմնահարցերից խուսափելու համար…

Սակայն, շուտով կպարզաբանվի ծպտյալ հայերի խնդիրը եւ Հայոց պահանջատիրությունը, Հայոց պետականության ամբողջական վերականգնումը Հայկական լեռնաշխարհում (որ նաեւ Աստվածների բնակատեղին է Երկրում) կվերափոխի շատ բան, այդ թվում պատմական ու բնական, մարդկային ու աստվածային արդարությունը ամբողջ մոլորակում…

Խոսքս կեզրափակեմ Հայ Արիական Միաբանության՝ Նոյան տապանի փրկության եւ այն փրկողների տեսությունից մի հատված բերելով. «Եվ այս անգամ Նոյան տապանն իր բոլոր մարդկանցով, կենդանական ու բուսական տեսակներով Մեծ Ջրհեղեղից Արարատյան Աշխարհում փրկածները՝ տեղաբնիկները՝ հայերն իրենք կասեն մարդկության վերածննդի մասին: Ոչ թե Նոյը կհայտարարի, որ փրկվեցին՝ մոռացության տալով իրենց փրկող բնիկներին, որ զերծ էին մնացել Ջրհեղեղից որպես Արարչակնիք տարածքի տերեր, այլ՝ հենց Հայը կհայտարարի Տիեզերական Գարնան Վերազարթոնքի մասին, երբ ամեն ինչ եւ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր…

Արամ Ավետյան եւ Վահագն Նանյան

ՄԱԿ-ը՝ Արցախյան հակամարտության շուրջ

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) կիսում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների անհանգստությունը շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչությամբ, որոնք հանգեցրել են ցավալի մարդկային կորուստների։ Այս մասին նշվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ՝ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ։

«Միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին խուսափելու իրավիճակի հետագա լարումից եւ ձեռնարկել լարվածությունը թուլացնող միջոցներ» – ասված է հայտարարության մեջ, որում նաեւ կողմերին կոչ է արվում բովանդակային բանակցություններ սկսել‘ ցուցաբերելով անհրաժեշտ քաղաքական կամք ու բարեխղճություն։ ՄԱԿ-ը նաեւ պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում աջակցել այդ  ջանքերին։

Երեւի ՄԱԿ-ին եւս մի քիչ ժամանակ է պետք, որ անհասցե հայտարարությունները փոխարինի Ադրբեջանին մատնանշող հայտարարությամբ, որպես պայմանավորվածությունները խախտող կողմի:

Եվրամիությունը, հենվելով Մինսկի խմբի դիրքորոծումներին, նույնպես «ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է» համարել: Իսկ համանախագահներն կրկին անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ:

Արցախի նախագահը համանախագահների ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, քանի որ հայկական զինուժը այլեւս դիմելու է պատժիչ գործողությունների ցանկացած սադրանքից հետո…

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։