ՀՀԿ-ականները խախտում են ՀՀ նախագահի 1-ին պատվիրանը

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հայության համար ՀԱՅ տեսակի կարեւորությունն ընդգծել, դա միանշանակ չընկալվեց: Հայության մի մասը ողջունեց այդ միտքը, մի մասն էլ թերահավատություն դրսեւորեց կամ տարօրինակորեն վտանգ տեսավ: Առայժմ թողնենք, թե ով ինչ տեսավ ու ինչ կարծեց ու անդրադառնանք ՀՀ եւ ՀՀԿ նախագահի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ի ավագ եւ երիտասարդ կարկառուն գործիչների (Հովիկ Աբրահամյան եւ Արմեն Աշոտյան)՝ իրենց ղեկավարի գլխավոր պատվիրանից շեղվելու ՀԱՅ-ամերժ դրսեւորմանը:

Բայց մինչ այդ հիշեցնենք նախագահ Սարգսյանի՝ ՀԱՅ-ի ձեւակերպման թիվ 1 պատվիրանը. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է…»: Այսինքն՝ մեր պետության 1-ին դեմքի համար պարզից էլ պարզ է, որ ՀԱՅ-ը գենետիկ արարած է՝ բնազդական-բանական-բնական, ավելի հստակ՝ մարմին-միտք-հոգի եռամիասնությամբ օժտված տիեզերածին արարած եւ ո՛չ՝ կրոնական, կուսակցական կամ դասակարգային պատկանելությամբ անձ: Կրոնական, կուսակցական կամ դասակարգային տարանջատումները պարզապես երկրային գաղափարաբանական դրսեւորումներ են, որոնք եւ որոնց կրողները միշտ փոփոխական են իրենց ձեւով ու բովանդակությամբ: Բայց որքան հասկացել ենք, ՀՀ նախագահի պոռթկումնալից ՀԱՅ-ամեկնությունը, նա ՀԱՅ-ին դիտարկել է ո՛չ փոփոխական արարած, այլ՝ էությամբ, ձեւով ու բովանդակությամբ մնայուն արարչածին (ուրեմնեւ՝ ազգային) արժեք, որն իր բազմահազարամյա կյանքի վայրիվերումներում բազմազանություն է ձեռք բերել (ունենք սփյուռքահայի տարատեսակներ, տարբեր հավատքների ու բարբառների, կուսակցական եւ այլ պատկանելության հայեր), սակայն, գենետիկ-աստվածածին ՀԱՅ է մնացել:

Բայց պարզ ջուրը պղտորողներ միշտ էլ գտնվում են, իսկ ՀՀԿ-ում դրանց պակասը չի զգացվել երբեք, եւ դա գերազանց կերպով է իրականացվում: Խոսքը բնավ այդ կուսակցության քաղաքական գծի շեղումների մասին չէ, ինչի ոտնահարմանն ամեն ժամ ականատես ենք լինում (հատկապես՝ թե ինչպես է վարկաբեկվում Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը) եւ ո՛չ էլ այս քաղաքական բեւեռից այն քաղաքական բեւեռ փախչելու տխուր ավանդույթի մասին է, պարզապես հետաքրքիր է՝ հիմա ՀԱՅ-ը պարզապես ՀԱ՞Յ է, թե՞ անպայման մակդիրով պետք է լինի, ասենք՝ հանրապետական կամ քրիստոնյա, բարձրաշխարհիկ կամ ռամիկ… Գուցե առանց մակդիրի այս մարդիկ չե՞ն կարողանում այլեւս ապրել, չէ՞ որ գողական կամ հեղինակավոր մակդիրներն այսօր «պռախոդ» են ամենուր: Ահա, հիմա էլ բարեպաշտ երեւալու համար հարկավոր է քրիստոնյա հայ լինել……

Հիմա ՀԱՅ-ը հայադավա՞ն է, թե՞ հուդայադավան, ավելի պարզ՝ հիմա ՀԱՅ-ը ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐ-ից է սերվե՞լ, թե՞ հրեա ԱՍՏՎԱԾՆԵՐ-ից, հիմա մենք՝ հայերս, Հայր Արայի ժառանգներն ե՞նք, թե՞ Հայր Եհովայի, հիմա մենք հուդայածի՞ն Քրիստոսի գառներն ենք, թե՞ հրածին Վահագնի կորյունները…

Իսկ հիմա հասանք բուն թեմային. ի՞նչ է նշանակում ՀՀ Ազգային Ժողովի տարածքում մատուռ, ավելին՝ եկեղեցի կառուցելու գաղափարը: ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, իսկ ավելի վաղ (ուրեմնեւ՝ ավելի «շուստռի») ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը նախաձեռնել են նման «աստվածահաճո» գործ: Հերիք չէ ամեն գործարար իր անձնական օգտագործման եկեղեցին է կառուցել ու իր «փրկության» ուղին հարթել, հիմա էլ այս պատգամավորները զանգվածային «փրկության» գաղափարն են առաջ քաշում (շուտով մի նոր աղանդի ստեղծման ականատեսը կլինենք)… Հիմա՝ ՀԱՅ-ի ինքնությունն իր տասնյակ հազարամյակների ԳԵՆ-ը՝ ԾԻՆՆ է՞, թե՞ 1700-ամյա օտարածին-օտարահպատակ կրոնը……

Եվ հիմա մի հարց Հովիկ Աբրահամյանին եւ Արմեն Աշոտյանին. եթե ԱԺ տարածքում եկեղեցի կառուցեք, ապա այլեւս չե՞ք գռփելու, անօրինականություններ չե՞ք անելու եւ ձեր ապօրինի ու թալանած ունեցվածքը աղքատների՞ն եք բաժանելու… թե՞ շարունակելու եք նույնն անել ու ժամը մեկ եկեղեցի մտնել-աղոթել-փրկվել (Երեւանը ԱԺ-ից ախր շա՜տ է հեռու, էլ չենք ասում՝ Էջմիածնի համար): Ի՞նչ է՝ կարծում եք Աստվածները կամ Ամենայն Ստեղծին՝ Տիեզերքի Արարիչը, ձեզ նմաններին աղոթքի պահին են սկսում ճանաչե՞լ… Լա՜վ, ձեզ խաբեցիք, հո Նրանց էլ չե՞ք խաբի: Բա՜յց, եթե վերոնշյալ արատները կվերացնեք ու կմիանաք աղքատ
ներին, ինչպես Հիսուս Քրիստոսը, ապա կառուցե՛ք այդ եկեղեցին՝ նույնիսկ ձեր ղեկավարի թիվ 1 պատվիրանը ոտնահարելով……

Բայց միեւնույնն է՝ ՀԱՅ-ը պարզապես ՀԱՅ է, այլ բան մի՛ փնտրեք:

Հա՜, եթե այս գլխավոր պատվիրանը վերջնականապես խախտվի, ապա մեր՝ իբր ԱԶԳԱՅԻՆ ժողովը կվերածվի իբր ԱԶԳԱՅԻՆ եկեղեցու, եւ հաջորդիվ կխախտվեն նաեւ նախագահական մյուս պատվիրանները: Կխախտվի նաեւ ՀՀ Սահմանադրությունը, եւ աշխարհիկ ու հոգեւոր մեր «պայծառ» վերնախավը մի նոր «որակով» կճառագի այլեւս…

Կարծում ենք՝ նախեւառաջ կխախտվի ՀՀ նախագահի՝ արտերկրի զլմ-ներին տված այն մեկնաբանություն-պատվիրանը, թե ինքը հայամետ նախագահ է: Իսկ հարցն այսպիսին էր՝ «ռուսամե՞տ եք, թե՞ արեւմտամետ»:

Հիմա ՀՀԿ-ական «հականախագահական» եւ «պատվիրանախախտ» գործիչները կասկածի տակ կառնե՞ն Սերժ Սարգսյանի՝ նաեւ հայամետության տեսակետը, թե՞…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 36 (75), 2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։