Աշխարհի մարզական հեւքից.– Հայկական բասկետբոլային խաչմերուկ… Հայկական ֆուտբոլը եվրախաղերում… Գերմանիան հաղթեց Չիլիին եւ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը… Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում բաժանել է 5-6-րդ տեղերը… Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան… Մառա Բաղդասարյանը՝ Վլադիմիր Պուտինի մոտ… Դպրոցական ֆիզկուլտուրան՝ ուշադրության կենտրոնում… Մարզական այլ լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մի քանի օր է Երեւանում է: Նոր մարզչի գլխավորւթյամբ ազգային թիմը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներն են` Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան եւ Սլովակիան:

Նիկշա Բավցեւիչը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում խոսել է իր առաջին տպավորությունների եւ աշխարհի առաջնությունում մեր շանսերի մասին:

- Պարո՛ն Բավցեւիչ, բարի գալուստ Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մեր երկրից:

– Առաջին անգամ եմ Հայաստանում: Հասցրել եմ մի փոքր ծանոթանալ քաղաքին: Հայաստանի մասին ունեցածս տեղեկությունը համացանցից է: Ես գիտեմ, որ շատ հին երկիր է` հայրենասեր մարդկանցով, ինչը շատ լավ է: Մարդիկ շփվող են, ընկերասեր եւ օգնելու պատրաստակամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ուտելը ձեզ մոտ ազգային հոբի է: Դա շատ համեղ հոբի է (ծիծաղում է,- խմբ):

Երեւանը հակասություներով լի քաղաք է: Կարծես, այստեղ հին ավանդույթների եւ ժամանակակից կյանքի պայքար լինի: եւս մեկ առանձնահատկություն եմ նկատել. շատ եմ ճամփորդել, բայց երբեք ոչ մի քաղաքում այդքան վարդեր չեմ տեսել: Ինձ գրավել են նաեւ որմնանախշերը: Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, հետեւաբար՝ այստեղ ուսումնասիրելու բազմաթիվ վայրեր կան:

- Ինչո՞ւ որոշեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:

– Իմ գործակալ Սեւակ Կեւուչյանը հայ է եւ նա է ինձ ասել այս շանսի մասին: Ինձ համար նոր մարտահրավեր էր գլխավորել ազգային հավաքական: Հետո, հայրս աշխարհագրագետ է, նա ինձ պատմել էր Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին, ինչը խթանեց, որ ես ընդունեմ առաջարկը: Ցանկացած մարզչի համար պատիվ է գլխավորել ազգային հավաքական:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է այս մարզաձեւը վերադարձնել եվրոպական նախկին մակարդակին: Վերջին 3 ամիսների ընթացքում ամեն օր կապի մեջ եմ եղել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նրանք մեծ խանդավառությամբ են վերաբերում բասկետբոլը զարգացնելու գործին:

Մ 20 տարեկանների հավաքականը մեծ ներուժ ունի: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա խաղացողների, որոնք կարող են խաղալ եվրոպական մակարդակով: Ֆեդերացիան անհավատալի էներգիա եւ գումար է ներդնում, որոնք փոխկապակցված են:

Դուք ունեք կանանց եւ տղամարդկանց տարիքային հավաքականներ: Ինձ ասացին, որ սա զարգացման եւ ուժեղ թիմ ունենալու առաջին քայլն է: Առաջիկայում ֆեդերացիան պատրաստվում է նաեւ ներքին առաջնություն ստեղծել: Ինձ համար մեծ հաճույք է լինել այս ամենի մասնիկը:

- Արդեն ծանոթացե՞լ եք բասկետբոլիստների հետ:  

– Շատերի հետ խոսել եմ հեռախոսով, ներկայացրել եմ ինձ եւ իմ ծրագրերը: Այժմ սպասում եմ, որ նրանք ժամանեն Հայաստան:

- Հետեւե՞լ եք մեր մրցակիցների խաղերին: Ի՞նչ կասեք նրանց մասին:

– Շատ բարդ խմբում ենք հայտնվել: Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն. այժմ շատ ավելի բարդ առաջնությունում ենք խաղալու, լուրջ մրցակիցներ ունենք: Չենք կարող Մալթային համեմատել Բոսնիա եւ Հերցեգովինայի կամ Շվեդիայի հետ: Նրանք միջազգային մակարդակի շատ բասկետբոլիստներ ունեն: Մեր մրցակիցները մեզնից մի փոքր ուժեղ են: Սա մեր թիմի ու ֆեդերացիայի համար լավ հնարավորություն է` սովորելու, տեսնելու, թե ինչ աշխատանք է անհրաժեշտ, ինչպիսին է մեր ապագան:

Հայաստանի բասկետբոլի ապագան կկերտվի Միջերկրական ծովի կղզիներում

Հայաստանի բասկետբոլի 2 հավաքականները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի համար:

Մեր մինչեւ 18 տարեկան աղջիկների թիմը Մալթայում հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի ընտրանին կհանդիպի Կիպրոսի այդ տարիքային հավաքականի հետ: Հուլիսի 5-ին մերոնք կմրցեն տանտիրուհիների, 6-ին՝ Ջիբրալթարի թիմի հետ, իսկ հունիսի 8-ին մրցաշարը կավարտեն Կոսովոյի դեմ հանդիպումով: Հայաստանի մինչեւ 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը նույնպես հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում, որի մրցաշարը կկայանա Կիպրոսում: Այստեղ ելույթ կունենան 8 թիմ: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Կիպրոսի, Կոսովոյի եւ Նորվեգիայի այդ տարիքային հավաքականները: Հենց այս հերթականությամբ էլ մերոնք կհանդիպեն մրցակիցների հետ:

Հ.Գ. - Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը երրորդ պարտությունը կրեցՀայաստանի միչեւ 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականն ավարտեց ելույթները Կիպրոսում ընթացող բասկետբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության C դիվիզիոնի խմբային մրցաշարում:

Կայացած 3-րդ փուլի խաղում մեր պատանի բասկետբոլիստները 52:76 հաշվով պարտվեցին  A խմբի առաջատար Նորվեգիայի այդ տարիքային հավաքականին: Այդպիսով, Հայաստանի ընտրանին եզրափակեց աղյուսակը՝ կրելով 3 անընդմեջ պարտություն:

Այժմ մեր հավաքականը կպայքարի 5-8-րդ տեղերի համար: Այս մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով. հաղթող թիմերը կպայքարեն բարձր, իսկ պարտվողները՝ ցածր տեղերի համար:

- Մալթայում ընթացող մինչեւ 18 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության շրջանակներում Հայաստանի ընտրանին 83։53 հաշվով հաղթեց տանտերերի՝ Մալթայի ընտրանուն: Հիշեցնենք, որ Հայաստանն ընդամենը 7 խաղացող ուներ հայտացուցակում, քանի որ Իտալիայի դեսպանատունը վիզա չէր տրամադրել մեր ընտրանու 4 առաջատար խաղացողների:

Բասկետբոլիստուհիները կարող են հեջաբ կրել

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան չեղյալ է համարել այն օրենքը, ըստ որի բասկետբոլիստուհիներին արգելվում է խաղի ժամանակ կրել գլխաշոր: Բանն այն է, որ արաբական մի շարք երկրներ հրաժարվել են մասնակցելու Ասիական խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարին՝ պատճառաբանելով կանոնակարգի հենց այդ կետը:

Միջազգային ֆեդերացիան ընդառաջելով դրան, այս տարվա հոկտեմբերի 1-ից ոչ մի արգելք չի դնի այդ հարցում:

Հավելենք, որ մասնագետները գլխաշորի կրումը խաղի ժամանակ համարում են վտանգավոր բասկետբոլիստուհիների առաղջության համար:

«Ալաշկերտ»-ը Բելառուս մեկնեց 19 ֆուտբոլիստով

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի պատվիրակությունն ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ մեկնեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ կհանգրվանի Marriott Hotel 5 աստղանի հյուրանոցում: Հուլիսի 10-ին «Ալաշկերտ»-ը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային պարապմունք կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում: Հուլիսի 12-ին այդտեղ «Ալաշկերտ»-ն առաջին հանդիպումը կանցկացնի ԲԱՏԷ-ի հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Ալաշկերտ»-ը Բելառուս կմեկնի հետեւյալ ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով: Պաշտպաններ՝ Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան: Կիսապաշտպաններ՝ Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան: Հարձակվողներ՝ Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

«Ալաշկերտ»-ը մտավ չեմպիոնների լիգայի 2-րդ փուլ

Երեւանի «Ալաշկերտ»-ը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան մրցավեճում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Սանտա Կոլոմա»-ի հետ: Անդորայում կայացած հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց մեր թիմի հարձակվող Ուրոշ Նենադովիչը: 2-րդ խաղակեսի 63-րդ րոպեին տանտերերը անկյունայինի խաղարկման ժամանակ վերականգնեցին հավասարակշռությունը: Մնացած ժամանակում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ը պահպանեց ոչ-ոքի արդյունքը եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ էր տարել: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մեր թիմը կհանդիպի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, որը սույն մրցաշարում խաղալու մեծ փորձ ունի: Այս փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին եւ 18-ին:

«Փյունիկ»-ը պատրաստ չէր «Սլովան»-ի հետ պատասխան մրցամարտինԵրեւանի «Փյունիկ»-ը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2017-18թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում սեփական դաշտում պարտվեց Սոլվակիայի «Սլովան»-ին: Նախ մեր թիմը 11մ հարվածով բացեց հաշիվը, բայց հետո անպատասխան գոլեր բաց թողեց եւ պարտվեց 1:4 խոշոր հաշվով: Փյունիկցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը նման անհաջողությունը բացատրեց իր սաների ֆիզիկական վատ պատրաստությամբ: «Առաջին խաղակեսում տղաները շատ էներգիա ծախսեցին, իսկ երկրորդում, երբ մրցակիցը երկրորդ գոլը խփեց, մենք արդեն ֆիզիկապես ի վիճակի չէինք խաղալու սուր հակագրոհների մարտավարությամբ: Իսկ եթե ընտրեինք ավելի հարձակողական մարտավարություն, ապա ավելի խոշոր հաշվով կպարտվեինք»,- եզրակացրեց «Փյունիկ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչը: Նշենք միայն, որ «Փյունիկ»-ը հանդիպման զգալի մասն անցկացրեց իր կիսադաշտում, ուստի ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան էլ մեծ չէր մեր թիմի համար, պարզապես փյունիկցիները պատրաստ չէին հոգեբանորեն պայքարելու ամեն գնդակի եւ մրցատարածության համար:

«Փյունիկ»-ը 2 օր առաջ մեկնեց ՍլովակիաԹիմը նախ կուղեւորվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, այնտեղից էլ ավտոբուսով՝ ԲրատիսլավաՓյունիկցիները Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 2 մարզում կանցկացնեն Բրատիսլավայում՝ հուլիսի 4-ին եւ 5-ին։ Հաջորդ օրը «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կրկին կհանդիպի «Սլովան»-ի հետ:

«Փյունիկ»-ն ավելի խոշոր հաշվով պարտվեց ՍլովակիայումԵրեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում էլ ավելի խոշոր հաշվով պարտություն կրեց: Մեր թիմը Բրատիսլավայում հանդիպեց տեղի «Սլովան»-ի հետ: Սլովակցի ֆուտբոլիստներն արդեն խաղասկզբում 2 գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը: Ընդմիջումից հետո նրանք ուժեղացրին ճնշումը եւ 62-ից մինչեւ 66-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածում եւս 3 գոլ խփեցին:

Այդպիսով, «Սլովան»-ը պատասխան խաղում էլ ավելի խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 5:0: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ սլովակցիների:

«Գանձասար-Կապան»-ը պարտվեց Չեռնոգորիայում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում Կապանի «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ»-ին:

Պոդգորիցայի քաղաքային ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց տանտերերի կիսապաշտպան Միլան Ջուրիշիչը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին, Երեւանում:

- «Մլադոստ»-ը Երեւանում ֆուտբոլային դաս տվեց «Գանձասար-Կապան»-ին – Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Կապանի «Գանձասար-Կապան»-ը սեփական դաշտում ընդունեց Չեռնոգորիայի «Մլադոստ»-ին: Մեր թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը զգուշավոր մարտավարություն ընտրեց խաղի սկզբից, չնայած առաջնորդվելով առաջին հանդիպման արդյունքից (0:1), հարկավոր էր ակտիվ գործել եւ գոլ խփել: Արդյունքում, «Մլադոստ»-ն օգտվելով «Գանձասար-Կապան»-ի պասիվությունից, 2-րդ խաղակեսի վերջնամասում արագ հակագրոհներ ձեռնարկեց եւ 3 գնդակ խփեց:

Ճիշտ է, կապանցիներն առաջին գոլը բաց թողնելուց հետո հեռահար հարվածով գրավեցին մրցակցի դարպասը, սակայն շվեյցարացի մրցավարները չարձանագրեցին այն: Ինչեւէ, «Մլադոստ»-ը 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ եւ վստահ մտավ հաջորդ փուլ, իսկ «Գանձասար-Կապան»-ը պետք է կրկին 1 տարի պայքար մղի, որպեսզի կրկին իրավունք ստանա մասնակցելու եվրոպական խաղերին:

«Շիրակ»-ը չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Շիրակ»-ը անհաջող մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2017-18թթ մրցաշարում:

Այսօր Գյումրիում կայացած որակավորման 1-ին փուլի խաղում շիրակցիները սեփական դաշտում ընդունեցին Սլովենիայի «Գորիցա»-յին եւ պարտվեցին 0:2 հաշվով:

Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռիֆատ Կապիչը հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը, իսկ 69-ին բոսնիացի ֆուտբոլիստը գնդակի անդրադարձի օգնությամբ կրկնապատկեց հաշիվը:

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 6-ին, Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում:

«Շիրակ»-ը ոչ-ոքի խաղաց «Գորիցա»-ի դաշտումԳյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չնայած ավելի լավ հանդես եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, սակայն չկարողացավ հաղթահարել այդ արգելքը: Մեր թիմը Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում ուժերը չափեց տեղի «Գորիցա»-ի հետ: Շիրակցիները չնայած առաջինը գոլ բաց թողեցին, սակայն հետո ոչ միայն վերականգնեցին հավասարակշռությունը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: Ցավոք, խաղի վերջում մեր ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին, որի արդյունքում 2 հոգի կարմիր քարտ ստացան եւ սլովենացիները կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 2:2:

Այդպիսով, «Շիրակ»-ը պարտվեց 2:4 ընհանուր հաշվով եւ նույնպես դուրս մնաց պայքարից:

Ալեքսանդր Կարապետյանի թիմը մտել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն իր թիմի՝ «Պրոգրես Նիդերկորնի» հետ, հաղթահարել է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է շոտլանդական «Ռեյնջերսի» հետ 2 հանդիպումներին: Առաջին խաղում «Պրոգրես Նիդերկորնը» 0:1 հաշվով պարտվել էր Գլազգոյում, սակայն պատասխան մրցավեճում այն իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց անվանի մրցակցին եւ մտավ 2-րդ փուլ: Այստեղ լյուքսեմբուրգյան թիմը ուժերը կչափի Կիպրոսի ԱԵԼ-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, Լյուքսեմբուրգում, իսկ պատասխանը՝  հուլիսի 20-ին, Լիմասոլում:

Վարազդատ Հարոյանը հանդես կգա «Ուրալ»-ում՝ կմիանա Էդգար Մանուչարյանին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ելույթները կշարունակի Ռուսաստանում: 24-ամյա ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հետ: Նա մինչ այդ հանդես էր գալիս Իրանի «Փադիդե» թիմում:

Վարազդատ Հարոյանը մասնակցել է նոր մրցաշրջանի՝ «Ուրալ»ի առաջին ուսումնամարզական հավաքին եւ ստուգողական խաղերին: Նա բաց էր թողել Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումը, քանի որ որակազրկված էր:

Նշենք, որ «Ուրալ»-ում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը:

Գերմանիան հաղթեց Չիլիին եւ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթեց Չիլիի ազգային թիմին: Միակ գոլը հանդիպման 20-րդ րոպեին խփեց գերմանացիների կիսապաշտպան Լարս Շտինդլը:

Այդպիսով, Գերմանիայի հավաքականը, որը 5 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, առաջին անգամ տիրեց Կոնֆեդերացիաների գավաթին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Պորտուգալիայի ընտրանին, որը կամային հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ՝ 2:1:

Հիշեցնենք, որ 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը կայացավ Ռուսաստանում, որտեղ 2018թ. պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի հերթական  առաջնությունը:

Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվել է «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարում հիանալի հաջողության է հասել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում բաժանել է 5-6-րդ տեղերը

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվել է Grand Chess Tour-ի 2-րդ փուլը: 10 գրոսմայստերներ մրցել են արագ եւ կայծակնային շախմատում: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում բաժանել է 4-5-րդ, ընդհանուր հաշվարկում` 5-6-րդ հորիզոնականները: Ավելի վաղ արագ շախմատում հայ շախմատիստը բաժանել էր 5-7-րդ տեղերը: Ցավոք, նա մեկնարկում 2 անընդմեջ պարտություն կրեց, հակառակ դեպքում Լեւոն Արոնյանը կարող էր պայքարել մրցանակային 3-րդ տեղի համար: Ինչեւէ, մեր շախմատիստը 36 հնարավորից վաստակեց 18,5 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Նա կստանա 11 հազար եվրո պարգեւավճար:

Հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով վաստակեց 25,5 միավոր, իսկ իր կարողաությունը հարստացրեց եւս 37.500 եվրոյով: Ներկայացնենք ընդհանուր հաշվարկը (արագ+կայծակնային). 1. Կարլսեն` 25,5 միավոր, 2. Սո` 22,5, 3. Վաշյե-Լագրավ` 22, 4. Գիրի` 20, 5-6. Արոնյան, Կրամնիկ` 18,5-ական, 7. Նեպոմնյաշչի` 18, 8. Անանդ` 16, 9. Իվանչուկ` 15,5, 10. Ջոբովա` 3,5:

Լեւոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին

Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի 3-րդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` Ռուսաստան), Պավել Էյլանովը (Ուկրաինա) եւ ուրիշներ:

- Լեւոն Արոնյանը հաղթեց Դմիտրի Յակովենկոյին – Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» 3-րդ փուլի 2-րդ խաղում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Դմիտրի Յակովենկոյին: Խաղի միջնամասում մեր շախմատիստը բավական բարդ կոմբինացիա ձեռնարկեց եւ մրցակցին ստիպեց սխալվել: Ռուսաստանցի գրոսմայստերը փորձեց հավասարեցնել դիրքը, սակայն՝ ապարդյուն: Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 1,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), որը տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 2 միավոր:

Հ.Գ. – 3-րդ փուլի 3-րդ՝ կենտրոնական խաղում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովի հետ: Երկարատեւ տակտիկական պայքարից հետո կողմերը մի քանի փոխանակումներ կատարեցին, որից ընթացքում սեւերը թեթեւակի դիրքային առավելություն ստացան: Սակայն ադրբեջանցի շախմատիստը գնահատելով դիրքը, 25-րդ քայլից հետո համաձայնեց խաղաղ դաշն կնքել, քանի որ սպիտակների պաշտպանությունում խոցելի տեղեր չկար: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովին, ով կես բալ ավելին ունի: Վերջինիս կարող են հավասարվել 3 շախմատիստներ, որոնք 1,5-ական միավոր ունեն եւ այժմ շարունակում են իրենց խաղերը:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ – 4-րդ փուլում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մեր գրոսմայստերը շատ վստահ անցկացրեց խաղը եւ մի քանի հավասարազոր փոխանակումներից հետո սպիտակներին պարտադրեց գրոսմայստերական ոչ-ոքի անել: Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ շարունակում է հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովին, որը դեռեւս կես միավոր ավելին ունի:

Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան եւ կմասնակցի Sinquefield Cup-ին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, 54-ամյա Գարի Կասպարովը պլանավորում է վերսկսել կարիերան: Նա  կմասնակցի Սենթ Լուիսում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին: Կմասնակցի արագ եւ կայծակնային խաղի մրցաշարին:  Աշխարհի նախկին չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից հատուկ հրավեր է ստացել: «Sinquefield Cup»-ին  կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դավիդ Նավարան, Լե Կուանգ Լյեմը եւ Լենյեր Դոմինգեսը, ովքեր նույնպես հրավեր են ստացել:

«Պաշտոնապես վերադառնալ սպորտ՝ շատ հուզիչ է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ դա կիրագործվի 12 տարի հետո »,- հայտարարել է Գարի Կասպարովը: Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը կարիերան ավարտել է 2005թ., նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահել է 1985-ից մինչեւ 1993թթ:

Մրցաշարը կկայանա օգոստոսի 14-ից 19-ը:

Կիրսան Իլյումժինովը դեմ է Գարի Կասպարովի վերադարձին

«ՖԻԴԵ»-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն անմիջապես արձագանքել է այն լուրին, որ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը երկարատեւ ընդմիջումից հետո ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ:

«Այն, որ Կասպարովը վերադառնում է շախմատ, շատ լավ է: Նա մեծ հաջողությունների է հասել շախմատում եւ դարձել է աշխարհի չեմպիոն: Սակայն նա չի կարող մասնակցել ոչ մի մրցաշարի մինչեւ այս տարվա հոկտեմբերի վերջը, քանի որ ՖԻԴԵ-ի Էթիկայի հանձնաժողովը նրան 2 տարով հեռացրել է շախմատից՝ ֆեդերացիայի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու համար: Այդ մարմինն անկախ է եւ չի ենթարկվում ՖԻԴԵ-ի նախագահին: Առաջիկայում հանձնաժողովը պետք է արձագանքի Կասպարովի որոշմանը», – Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերում է «РИА Новости» կայքը: Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը ընդունել է Grand Chess Tour-ի 3-րդ փուլի կազմակերպիչների հրավերքը եւ որոշել է մասնակցել դրա շրջանակում անցկացվող արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերին, որը տեղի կունենա օգոստոսի 14-19-ը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում:

Հայաստանի աթլետները վերջինն են Բալկանյան երկրների մեջ

Հայաստանի աթլետիկայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել Ռումինիայի Պիտեշտի քաղաքում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների 2017թ ամառային առաջնությունում:

Մեր մարզիկներից համեմատաբար հաջող է հանդես եկել եռացատկորդ Արամայիս Սարգսյանը, ցույց է տվել 6-րդ արդյունքը: Ռազմիկ Մկրտչյանը 200 մետր վազքում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է վերջին՝ 15-րդ տեղը՝ վաստակելով ընդամենը 6 միավոր: Մեդալների հաշվարկով մեր թիմը վերջին տեղը կիսել է Մակեդոնիայի հետ, որի ներկայացուցիչները նույնպես չեն կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել:

Այժմ մեր պատանի աթլետները պատրաստվում են հուլիսի 12-16-ը Նայրոբիում (Քենիա) կայանալիք մինչեւ 18 տարեկանների աշխարհի եւ հուլիսի 13-16-ը Բիդգոշչում (Լեհաստան) նախատեսված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններին:

Ի դեպ, աթլետիկայի առաջատար երկրները ելնելով անվտանգությունից,  հրաժարվել են մեկնել աֆրիկյան երկիր: Դրանք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Շվեյցարիա:

Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան

Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցել է աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չեն արդարացել` ոչ մի մասնակից եզրափակչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսել է հայ հրաձիգների մրցելույթների մասին.

«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:

Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:

Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարեւոր է, քանի որ առջեւում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի եւ Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:

Մարզիչը նշել է, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում եւ կմասնակցեն ներքին մրցաշարերին:

Բռնցքամարտի կանանց հավաքականն անհաջող է հանդես եկել Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է բռնցքամարտի Մ-18 տարեկան կանանց Եվրոպայի առաջնությունը:  Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Անժելիկա Ստեփանյանը (51 կգ քաշային կարգ), Անահիտ Արոյանը (54 կգ) եւ Լիանա Մանուկյանը (+81 կգ): Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ 3 բռնցքամարտիկներն էլ պարտվել են մեկնարկային մենամարտերում:

Եվրոպայի առաջնությունը կավարտի հուլիսի 9-ին:

Հրապարակվել է աշխարհի առաջնություն մեկնող երիտասարդական հավաքականի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է թիմի կազմը։
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն՝ Կարեն Զուրաբյանը (50 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (55 կգ),  Ղազար Համբարձումյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ),  Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխեյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ) և  Հովհաննես Մաղաքյանը (120 կգ)։ 60 եւ 74 կգ քաշային կարգերում նոր ըմբիշներ են հայտավորված։ Նրանք Հայաստանի հավաքականի երկրորդ համարներն են։

Հավաքականը հուլիսի 19-ից ուսումնամարզական հավաք կսկսի  Ուկրաինայում, որտեղից էլ  հուլիսի 30-ին կմեկնի Տամպերե։ Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներն աշխարհի առաջնությունում կմրցեն օգոստոսի 1-ին եւ 2-ին։

Մառա Բաղդասարյանը Վլադիմիր Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին

Փողոցի ավտոարշավորդ  Մառա Բաղդասրյանն իր փաստաբանի հետ եկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։

Իրավաբան Դավիթ Կեմուլարիայի խոսքով, այցի նպատակը պետության ղեկավարին տեղեկացնլն է՝ «ինչ կամայականություններ են տիրում Սավյոլովսկի դատարանում»։ Փաստաբանը կարծում է, որ դատավորը ճնշում է գործադրում Մառայի դատական կատարածուների եւ դատախազի վրա։ Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, իրավաբանը հունիսի 27-ին հայտնել էր նախագահի ընդունարան գնալու մտադրության մասին, որպեսզի նա «միջամտի ստեղծված իրավիճակին»։

Հիշեցնենք, որ փողոցի ավտոարշավորդ Մառա Բաղդասրյանը խախտումների համար  քանիցս դատապարտվել է հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել, դատապարտվել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների, դատարանի կողմիցտուգանել է մի քանի տասնյակ հազար ռուբլիով… Իսկ մեկ անգամ էլ ազատ արձակվելուց հետո դատարան չի ներկայացել՝ պարզաբանումների համար…

Վերջերս Մառա Բաղդասարյանի փաստաբանն անդրադառնալով իր պաշտպանյալի խախտումներին, բացատրել է, որ խոչընդոտ չկա եւ նա կարող է վարորդական իրավունք ստանալ:

Ֆիզկուլտուրա ոչ թե դահլիճում, այլ հարմարեցված պայմաններում

Կրթության ոլորտը միշտ պիտի լինի կառավարության ուշադրության կենտրոնում: Մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով գոնե մասնակի վերանորոգման աշխատանքներ պիտի կատարվեն դպրոցներում:

Այժմ նման ածխատանքներ կիրականացվեն Գյումրու թիվ 7, 8, 15 և 27 հանրակրթական դպրոցներում:

7-ում, 8-ում և 27-ում նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմված են, սակայն շինաշխատանքները դեռ չեն մեկնարկել: Իսկ թիվ 15 դպրոցում մայիս ամսվա վերջերից արդեն իրականացվում են մարզադահլիճի մասնակի վերանորոգման աշխատանքները:

Դպրոցական մարմնամարզությունը, ֆիզկուլտուրան պեըտք է իր տեղն ու դերը ունենք մեր սերնդի դաստիարակության եւ ֆիզիկական ամրապնդման կարեւոր գործում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։