Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես կարգախոս հնչի, այլ լինի առարկայական (ինչպեսեւ՝ երեխաների պաշտպանությունն ու տարեցների խնամքը)… «Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին… ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ… Զոհվածների հերթական հուշարձանը… Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը… Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները… Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ… Այլ լուրեր…

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական

«Ապաինստիտուցիոնալացումը եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական, ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացած այլընտրանքային ծառայություններ, ընտանիքներին աջակցության փաթեթներ»,- այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում:  Նա վստահություն հայտնեց, որ  այս առումով գործընկեր կազմակերպությունները կանգնելու են բարփոխումների կողքին:

«Քանի որ դուք հասարակության լայն շերտերի կարծիք եք ներկայացնում, մենք շատ ավելի շահագրգիռ ենք, որպեսզի դուք՝ որպես խորհրդի անդամներ, առավել ակտիվ մասնակցություն ունենալով այն հիմնական բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում, ձեր անմիջական ու առարկայական ներդրումն ունենաք»,- նշել է  նախարարը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Խորհրդի երկամյա գործունեության ծրագիրը, որը խորհրդի աշխատանքները դարձնելու է կանոնակարգված եւ հնարավորինս մոբիլ ու աշխատունակ: Անդրադառնալով օրակարգում ներառված երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ այսօր այդ աշխատանքները լայն թափով ընթանում են եւ յուրաքանչյուրի ներդրումը, առաջարկություններն ու առարկությունները չափազանց կարեւոր են այդ փուլում:

Այնուհետեւ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը, ներկայացնելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առկա իրավիճակը, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունը մշակելիս նախարարությունն աշխատել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ հնարավորինս բոլոր կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել ռազմավարության մեջ:

«Ամրագրված տեսլականը շրջադարձային փոփոխություն է բերելու երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես որդեգրվել է մարզ առ մարզ մոտեցումը, այս պահին սկսել ենք Լոռու մարզից»,- նշել է նախարարի տեղակալը:  

Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանն իր հերթին ներկայացրել է տարեցների խնամքի տուն-ինտերնատներում առկա խնդիրները, իրականացված աշխատանքներն ու սպասվելիք բարեփոխումները: Նա նշել է, որ հավանության է արժանացել «Ծերացման հետեւանքների հաղթահարման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ եւ առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:

«Ինչպես երեխաների, այնպես էլ ծերերի ամեն մի օրը պետք է դարձնենք լիարժեք, նրանք պետք է հնարավորություն ունենան զբոսնելու, մշակութային կյանքով ապրելու, իրացնելու իրենց կարողությունները եւ զգալու իրենց կարեւորությունը հասարակության համար»,- նշել է Սոնա Հարությունյանը:

«Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին

Հուլիսի 6-ին «Բարեկամություն» պետական պարախումբը կմեկնի Լիբանան՝ մասնակցելու Բեյրութում եւ Ութերֆրոնթ Սիթիում հուլիսի 6-9-ն անցկացվելիք Dbayeh միջազգային փառատոնին (պարախմբի ելույթը՝ հուլիսի 7-ին): ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, հյուրախաղերին աջակցում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

Մինչ այդ՝ հուլիսի 5-ին, Երեւանի Օպերային թատրոնի դահլիճում նախատեսված է պարախմբի հիմնադրման 30-րդ տարեդարձին նվիրված համերգը, որի ընթացում համատեղ ելույթ են ունենալու «Բարեկամություն» խումբը եւ Եվրոպայից հրավիրված առաջատար բալետային արտիստներ Մարիկո Կիդան, Վահե Մարտիրոսյանը (Շվեդիա) համատեղ ելույթը եւ  կայանալու է «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերան։

Պուտինն ու Մեդվեդեւը շնորհավորել են Կարեն Շահնազարովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Մոսֆիլմի» գործադիր տնօրեն  Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: «Վիթխարի ստեղծագործական ներուժը եւ կազմակերպչական ունակությունները թույլ են տալիս ձեզ հաջողությամբ զբաղվել սիրելի գործով, անձնական ներդրում ունենալ հայրենական մշակույթի հրաշալի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում»,- նշված է շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է Կրեմլիկայքում:

Կինոռեժիսորին շնորհավորել է նաեւ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Առանց ձեզ՝ մեծ տաղանդի տեր մարդ, անհնար է պատկերացնել հայրենական կինեմատոգրաֆիան: Ձեզանից լավ ոչ ոք չգիտի, ինչպես ստեղել իսկական կինոհիթ»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում: Վարչապետը նշել է, որ Կարեն Շահնազարովի ֆիլմերը հետաքրքիր պատմում են ընկերության եւ սիրո, կյանքի ու երջանկության, նաեւ այն մասին, թե ինչու է անհանգստանում եւ մոտ յուրաքնաչյուր մարդուն, այդ պատճառով  դրանք արժանանում են հանդիսատեսի մեծ սիրուն:

Կարեն Շահնազարովը ծնվել է Կրասնոդարում: Նա ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից: Հայրը՝ Գեորգի Շահնազարովը (1924-2001 թթ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Միխայիլ Գորբաչովի օգնականը եւ «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։ 

05/07/2017 – ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթը։ Մինչ այդ՝ Ազատության հրապարակում ցուցադրական ելույթներով հանդես եկան Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի, ԱԻՆ եւ ոստիկանության նվագախմբերը եւ պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երեւանյան թմբուկներ» թմբկահարների խումբը եւ «Վահագն» դհոլահարների խումբը:

Այնուհետ կայացավ տոնական քայլերթը։ Այն անցավ  Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով։ Հանրապետության հրապարակում՝ գորգի կենտրոնում, պարզվել է ՀՀ եռագույն դրոշը։

Տակատարության ավարտից հետո, փոխադարձ շփումների համար, քայլերթի մասնակիցները կրկին վերադարձան Ազատության հրապարակ։

ՋԱՀ-ի եւ ՍՈՒԽ-ի երիտասարդները մասնակցեցին ՀՀ պետական խորհրդանիշների տոնին

Հուլիսի 5-ին, հանրապետությունում կրկնակի տոն էր. «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանիշների օրը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում էր նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը: Տոնական քայլերթի ընթացքում գլխավոր դրոշը տանելու պատվավոր գործը ստանձնել էին Ջավախքի եւ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի երիտասարդները:

Մայրաքաղաքում տիրում էր բարձր տրամադրություն, մեծ թե փոքր, հպարտությամբ կրելով եռագույն շապիկները եւ բարձրացնելով դրոշները, քայլում էին շքախմբին հավասար: Արդեն մի քանի տարի շարունակ իրականացվող այս միջոցառման նպատակը հայկական պետականության կարևորագույն խորհրդանիշների նկատմամբ խորը ակնածանք ձևավորելն է, մեր պետական խորհրդանիշները հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը նորովի ներկայացնելը:

ՋԱՀ-ը ողջունում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավոր են դարձնում Հայաստանի տարբեր մարզերից եւ հայաբնակ վայրերից ժամանած երիտասարդների շփումը:

Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հերթական հուշարձանը՝ Վանքում

Հայաստանում եւ արցախում շարունակվում են կառուցվել հուշարձաններ՝ մերօրյա հերոսների փառքը անմահացնելու համար… Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր ելույթում Նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպությանը եւ ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանին՝ հայրենանվեր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Սա կարծես մի նոր կոչ լիներ՝ հետագա նման եւ այլ բարեգործությունների խթանման: Աշխարհի բոլոր անկյուններում սփռված գործարար հայերը կարող են դիմել նման քայլերի, եւ դա շատ անհրաժքշտ ու մնայուն գործ է, երբ ազգային եւ պետական հերոսները հետմահու իրենց կյանքը նորովի են վերագտնում մեր  մեջ, մեր երկրում

Նախագահ Բակո Սահակյանը 2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Վանք գյուղի մի խումբ ազատամարտիկների պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Մշակույթով ապրողը»՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում շարունակվում է օրեր առաջ բացված ՆԱՄ-ի լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի՝ «Մշակույթով ապրողը» խորագիրը կրող ցուցահանդեսը: ՆԱՄ-ի հաղորդմամբ, այս ցուցահանդեսի միջոցով հեղինակը ներկայացրել էր միության ամենահավատարիմ հանդիսատեսի՝ Մաշայի դիմանկարներն ու միօրինակ օրերի համապատկերին նրա հետաքրքրությունը մշակութային կյանքի եւ անցուդարձի հանդեպ:

«Հաճելի եւ հետաքրքիր է, երբ մեր օրերում կարողանում ես հանդիպել այնպիսի մեկին, ով փորձում է ամեն կերպ տեղեկացված լինել մեր քաղաքում տեղի ունեցող բոլոր մշակութային իրադարձություններին: Սա ավելի շատ նվեր է Մաշային, այլ ոչ թե իմ վարպետության ցուցադրությունը»,- ասել է Գարեգին Աղաբեկյանը:
«Չենք կարող բառերով ներկայացնել այն զարմանքն ու հիացմունքը, որ ապրեց Մաշան…
Գալով հերթական ցուցահանդեսին՝ նա հասկացել է, որ օրվա հերոսն է: Սկզբում չէր ուզում իրականությանը հավատալ. շրջեց ցուցասրահով, հավատաց տեսածին, իսկ հետո ցուցադրված նկարներից ընտրեց իր սիրելի նկարը, որտեղ ինքն ազատ թևածում էր… Ազատություն. այն իր սիրելի զգացողությունն է…»,- նշում են արվեստի միությունից: «Մշակույթով ապրողը» ցուցահանդեսը գործելու է մինչեւ հուլիս 16-ը:

«Արի տուն» .- Նման միջոցառումների ելակետը մեկն է

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը, ուրախություն հայտնելով միջոցառմանը մասնակցության համար, նշել է. «Նման միջոցառումների ելակետը մեկն է՝ Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին, քան առանձին-առանձին, որովհետեւ Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով։ Այստեղ անցկացրած օրերին դուք հնարավորություն եք ունենում անմիջականորեն ճանաչել հայրենիքը, որի մասին ձեզանից ոմանք, միգուցե, գիտեին ընդամենը ծնողների, բարեկամների պատմածներից կամ հեռուստացույցից ու համացանցից»,- նշել է Արա Բաբլոյանը՝ կարեւորելով, որ այս այցով, հայրենիքը ճանաչելով՝ նրանք դառնում են Հայրենիք-Սփյուռք կամրջի հուսալի հենասյուներից մեկը. հետեւաբար, «Արի տուն»-ն իսկապես հայրենանպաստ ու հայամետ ծրագիր է:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արիտունցիների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ նրանք կլինեն Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում եւ Սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում:
Համերգի ավարտից հետո խորհրդարանի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարի հետ մասնակցել է նաեւ հրաժեշտի խարույկի վառման արարողությանը, շուրջպար բռնել ու լուսանկարվել արիտունցիների հետ:

Եւրոպահայերու 4-րդ համագումարը տեղի կունենայ հոկտեմբեր 16-17-ին 

Հոկտեմբեր 16-17, 2017-ին, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի կազմակերպութեամբ, պիտի գումարուի եւրոպահայութեան 4-րդ համագումարը։ Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններուն կողքին, Հայաստանէն, Արցախէն, Եւրոպայէն, Միացեալ նահանգներէն եւ այլ շրջաններէ հասարակական գործիչներ, քաղաքագէտներ եւ գիտնականներ պիտի համատեղէ Պրիւքսէլի մէջ:

Ողջոյնի խօսքերով ելոյթ պիտի ունենան՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններու բարձրագոյն մակարդակի քաղաքական ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ եւ Ս. Էջմիածնի Կաթողիկոսութիւններէն բարձրագոյն ներկայացուցիչներ, Եւրոխորհրդարանէն ներս Եւրոմիութիւն-Հայաստան եւ Եւրոմիութիւն-Արցախ բարեկամութեան խումբերու նախագահներ եւ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան:

Համագումարին ներկայ պիտի ըլլան նաեւ Եւրոմիութեան բարձր մակարդակի աշխատակիցներ, Եւրոխորհրդարանի քաղաքական խումբերու ներկայացուցիչներ, Եւրոխորհրդարանի անդամներ, խորհրդարանական պատուիրակութիւններու եւ կուսակցութիւններու անդամներ, ղեկավարներ՝ քաղաքական ոլորտի բոլոր խաւերէն՝ թէ Եւրոմիութենէն եւ թէ Հայաստանէն։

Երկուշաբթի հոկտեմբեր 16-ին տեղի ունենալիք երեք նիստերը պիտի գումարուին Պրիւքսէլի Հայ տան սրահէն ներս, եւրոպահայ կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն մասնակցութեամբ, եւ պիտի կեդրոնանան Եւրոպայի տարածքին բնակող հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն վրայ: Պիտի քննարկուին՝ Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան եւ հատուցման գործընթացները, Եւրոպայի մէջ թուրքեւատրպէյճանական լոպիինկը եւ Հայապահպանումը Եւրոպայի մէջ:

Առաջին այս օրուայ աշխատանքային լեզուն պիտի ըլլայ հայերէնը, իսկ պատգամաբերները պիտի ըլլան Հայ Դատի, գաղութային եւ հայապահպանման գործերով առնչուած զանազան մասնագէտներ՝ Հայաստանէն եւ Եւրոպայէն:

Յաջորդ օրուան՝ հոկտեմբեր 17-ի երկու նիստերը տեղի պիտի ունենան Եւրոխորհրդարանէն ներս։ Առաջին օրակարգին նիւթը պիտի ըլլայ «Հայոց Ցեղասպանութեան ճանաչում՝ հանգրուաններ եւ մարտահրաւէրներ» (Armenian Genocide Recognition: Milestones and Challenges), որուն ընթացքին բացի Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման նիւթերէն, պիտի քննարկուին նաեւ պահանջատիրութիւնը իրաւական դաշտ փոխադրելու գործընթացին հոլովոյթը եւ Թուրքիոյ հայ գաղութի դժուարութիւնները:

Օրուայ երկրորդ օրակարգին ընթացքին պիտի քննարկուի «Հարաւային Կովկաս՝ Լուսանցքայնացում եւ նոր հեռանկարներ» (South Caucasus: Marginalization & New Perspectives) նիւթը, որուն ընթացքին տարածաշրջանին զարգացման, խաղաղութեան, Եւրոմիութիւն-Հայաստան յարաբերութիւններու եւ Արցախի հիմնահարցի կարգաւորման նիւթերը պիտի արծարծուին: Երկրորդ օրուայ աշխատանքային լեզուն պիտի ըլլայ անգլերէնը եւ ֆրանսերէնը:

Համագումարին մասնակցելու համար կը խնդրուի արձանագրուիլ մինչեւ սեպտեմբեր 29 contact@eafjd.eu հասցէին, ուղարկելով հետեւեալ տեղեկութիւնները՝ անուն, ազգանուն, ծննդեան թուական, քաղաքացիութիւն եւ անցագրի թիւ: Վիզայի կարիք ունեցող մասնակիցները, արձանագրութեան ընթացքին պէտք է տեղեակ պահեն մեզ, եւ ուղարկեն նաեւ իրենց անցագրի պատճէնը: ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակ 5 յուլիս 2017, Պրիւքսէլ

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

5 Յուլիս, 2017, Պրիւքսէլ, Պելճիքա.

Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, կոնվենցիայի տեքստը մշակվել եւ ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի խեղաթյուրում եւ շահույթների տեղաշարժ (արտահանում) ծրագրի (BEPS) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից եւ հանդիսանում է այդ ծրագրի 15-րդ գործողությունը:

«Կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն հարկեր չվճարելու դեմ պայքարը:

Այն նաեւ ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում»,- հայտնում են նախարարությունից:

Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները

Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11-ի հրամանով սահմանափակում է  մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականների ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը։

Այս որոշումն արդեն  իսկ դժգոհություն է  առաջացրել որոշ գիտական կենտրոններում ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով. գրել է «Փաստ» օրաթերթը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական  հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն իր որոշմամբ՝ «խիստ վնասակար է համարել Հայաստանի գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականների ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը:

Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ

Ոստիկանությունը տեսանյութ-պարզաբանում է տարածել, հունիսի 28-ին Խորենացի փողոցում միրգ վաճառող կնոջ հետ կապված միջադեպի առնչությամբ, որով կոչ է անում դիմել ոստիկանություն եւ ստանալ հավաստի տեղեկատվություն կատարվածի մասին։

«Համացանցում «Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ» վերնագրով հոդված էր տարածվել, որում ասված էր. «Հունիսի 28-ին քաղաքացիական եւ ոստիկանական համազգեստով անձինք հարվածում եւ տշում էին փողոցում 2 կգ ծիրան եւ բալ վաճառող տատիկների դույլերն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»։

Հունիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների եւ ոստիկանության համատեղ միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը ֆիքսել է փողոցի տեսանկարահանող սարքը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել եւ միրգ վաճառող կնոջ հայտնածով հավաստվել է, որ անձամբ կնոջը որևէ ոստիկան չի մոտեցել, առավել եւս` հարվածել կամ «միրգը թափել փողոցով մեկ»։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները միջադեպին ներկա գտնվելիս որեւէ ակտիվ գործողություն չեն կատարել, առավել եւս` միրգ վաճառող կնոջ դույլերին ու արկղերին ոտքով չեն հարվածել, եւ կարգապահական կամ այլ բնույթի խախտում թույլ չեն տվել:

Հարգելի քաղաքացիներ, հարգելի օգտատերեր, կոչ ենք անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ: Դիմեք ոստիկանություն եւ ստացեք հավաստի տեղեկատվություն կատարվածի մասին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին»,-ասված է պարզաբանման մեջ։

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։