Սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է.- Կառավարման պլանը կկառավարի՞ աղետը – Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը, անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար… Իսկ եթե բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի… Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետներն էլ ասում են, որ սողանքները կանխարգելելը շատ ավելի էժան է, քան հետո դրանց դեմ պայքարելը…

Ընդհանրապես սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է։ Մասնագետները սիրում են կրկնել, որ փոխվել է նաեւ սողանքի «կենսագրությունը». նախկինում դա եղել է բնական երեւույթների՝ երկրաշարժի, հրաբխի հետեւանք, իսկ հետո մարդու գործոնն է սկսել էական դեր խաղալ։ Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը (հաճախ առանց տեղանքի խորը ուսումնասիրության), անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար։ Ու… սկսել է փախչել-սահել՝ բառիս ամենաուղիղ իմաստով։

Հայաստանը բացառություն չեղավ։ Բայց եթե շատ երկրներ կարող են իրենց շռայլություն թույլ տալ՝ ասենք սողանքային տարածքից մարդկանց տարհանելով եւ այլ տարածք տեղափոխելով, մեր պարագայում դա լուծում լինել չի կարող։ Պատճառները ավելի քան հասկանալի են։

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում է պահել սողանքային խնդիրը, ժամանակ առ ժամանակ պատկան մարմինների եւ գիտական հանրույթի կողմից առաջարկվող լուծումներն ենք ներկայացրել։ Սողանքային հարցերի հետ կապված հերթական որոշումը գործադիրը մայիսի վերջին կայացրեց, որն իրականում կառավարման պլան է։ Մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այդ պլանը, ինչ քայլեր է նախանշում, ինչքանով է լուծելու սողանքային խնդիրը, եւ արդյոք այդ կառավարումը լուծում լինելու է, նախ կխոսենք կարեւոր մի հարցի մասին. ինչ պատկեր ունենք այսօր, ինչի առաջ ենք կանգնած։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր երկրի տարածքի մեծ մասը սողանքավտանգ է դառնում, հին օջախներին ավելանում են նորերը, հները վտանգավոր են դառնում։

Տասնամյակներ առաջ հսկայական գումարներ են ծախսվել Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ուսումնասիրելու համար, սակայն արդեն համարյա պատրաստի լուծումները երբեւէ կիրառում չեն գտել։ Հասկանալի է, որ անկախանալուց հետո մեր երկրի կառավարությունը երկար ժամանակ համապատասխան միջոցներ չի կարողացել տրամադրել այս ոլորտին։ Երբեմն էլ երբ որոշակի հնարավորություն եղել է թեկուզ մեկ սողանքավտանգ հատվածի սահքը կանխարգելելու, չի արվել՝ համարելով դա քամուն տրվելիք գումար, քանզի բնության երեւույթի դեմ ոչինչ անել հնարավոր չէ։ Սա կարող է տեղավորվել տրամաբանության շրջանակներում, եթե, իհարկե, աշխարհն այլ փորձ չունենար, եւ մեր մասնագետներն այլ բան չպնդեին։ Ինչեւէ, մենք այս հարցերն էլ չենք մանրամասնի, քանզի «Լուսանցք»-ը ե՛ւ աշխարհի փորձին է անդրադարձել, ե՛ւ մեր մասնագետների տեսակետներն է ներկայացրել։ Եթե պետությունը մեծ ներդրումներ չանի սողանքների կանխարգելման առումով, Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում շատ կտուժի։ Ասել, թե քայլեր չենք արել, սխալ կլինի, մենք դեռ 2001թ. սողանքային երեւույթների կանխարգելման հայեցակարգ ունեինք եւ կարգ, որով հնարավոր է դարձել լուծելու նաեւ բնակչության խնդիրները։ Տարի է եղել, որ վտանգավոր շրջանների բնակիչների տեղահանման եւ նրանց բնակարաններ տրամադրելու նպատակով պետբյուջեից 200 մլն-ից ավելի դրամ է հատկացվել։ Բայց սա էլ լուծում չի եղել կամ այսրոպեական լուծում է եղել։ 2011 եւ 2012 թթ. սողանքները մեզ ստիպեցին խնդրի լուծման եղանակներին կրկին անդրադառնալ։  

Սողանքներն իսկական չարիք են աշխարհի համար։ Օրինակ, ԱՄՆ-ն տարեկան 1 մլրդ դոլար է կորցնում սողանքների պատճառով։ Եվ այս թիվը տարեցտարի ավելանալու միտում ունի։ Բայց ԱՄՆ-ն կարող է խնդրի լուծման տարհանման տարբերակը կիրառել՝ տարածքի խնդիր չունի։ Ինչը չենք կարող ասել մեր պարագայում։ Եվ այստեղ է, որ գուցե կիրառենք ճապոնական եղանակը. սովորենք ապրել աղետների հետ, կամ որ ավելի ճիշտ է՝ սովորենք ապրել աղետները կանխարգելելով, ոչ թե հետեւանքները վերացնելով։ Միայն 2003թ. ՀՀ տարածքում գրանցվեց 18 սողանքային մարմինների ակտիվացում։ Համաշխարհային բանկը տվյալներ ներկայացրեց, ըստ որի ՀՀ-ի տարածքի սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը շուրջ 122 հազար հա է, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 4,1%-ը, բնակավայրերի 35%-ը սողանքավտանգ վայրերում է գտնվում։ Սողանքների հետեւանքով վնասվում են 233 համայնքներ, որը համայնքների ընդհանուր թվի 25%-ն է կազմում։ 100-ից ավելի համայնքներում նկատվում է սողանքների զգալի ակտիվություն, որոնց հետեւանքով վնասվել են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ կենսապահովման օբյեկտներ, որը ներառում է 1744 հա կամ ընդհանուր բնակելի տարածքի 5,2%-ը, 240 կմ  ճանապարհներ կամ մայրուղիներ կամ ընդհանուրի 3,2%-ը, 4,8 կմ երկաթգիծ կամ ընդհանուրի 0,5%-ը։ Բացի այդ՝ ՀՀ-ի կեսից ավելին սելավավտանգ է, հատկապես միջին բարձրության լեռնային շրջաններում. հեղեղները սպառնում են նաեւ Երեւան, Կապան քաղաքներին եւ մերձակա շրջաններին։ ՀԲ-ն Հայաստանը դասել է բազմաթիվ աղետների ենթակա առաջին 60 երկրների շարքը։ Սողանքային երեւույթներից մեր երկրի սոցիալ տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի 2004թ. գույքագրման տվյալների, 43 մլն դոլար է կազմել։

Նկատենք, որ մինչ այդ մենք խոսում էինք այն մասին, որ անտառահատումների մեծ ծավալը մի օր բերելու է սողանքների աշխուժացման (հողերի բնական կցորդման բացակայության պատճառով)։ Չենք հերքում, գիտական հանրույթը մեզ պաշտպանեց, տարիներ հետո ՀԲ-ն թիվ հրապարակեց, ըստ որի 1990-2005թթ. Հայաստանը կորցրել էր իր անտառային ծածկույթի 20%-ը կամ 63 հազ. հա՝ հաստատելով մեր ասածը, բայց աղետի կանխարգելման լուծում չկիրառվեց։ Խնդիրը այսօր էլ կա, ու եթե զարգացած երկրների համար սողանքների հետեւանքների վերացումը ընդամենը ազդում է բյուջեի վրա, մեր պարագայում՝ քայքայում է բյուջեն։ Մասնագետներն ասում են, որ յուրաքանչյուր սողանք յուրահատուկ է, պետք է դիտարկվի որպես այդպիսին։ Ընդհանուր «դեղատոմս» հնարավոր չէ առաջարկել բոլոր սողանքների համար։ Պետությունն առայժմ հնարավորություն չունի ոչ առանձին, ոչ էլ ընդհանուր դեղատոմս դուրս գրելու։ Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետներն էլ ասում են, որ սողանքները կանխարգելելը շատ ավելի էժան է, քան հետո դրանց դեմ պայքարելը։ Ու թեեւ ոլորտում որոշ քայլերի մասին խոսվում էր (օրինակ՝ Գերմանիայի զարգացման ծրագրի հետ համատեղ Տավուշի եւ Լոռու մարզերում սողանքների դեմ պայքարի ծրագիր, ճապոնական մի ծրագրով սողանքների ուսումնասիրություն, սողանքների գույքագրում եւ այլն), իրավիճակն այն է, որ մեր խնդիրն ու ցավը մերն է ու աղետի դեմ պայքարելու ամենասրտացավ վերաբերմունքն էլ հենց մերը կլինի։ 2011 եւ 2012թթ. մեր սողանքային աղետներից հետո արտակարգ իրավիճակների նախարարությունը հստակեցնում էր, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ, առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների, ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն. «Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից»։ Իսկ երբ բնության լեզուն չենք հասկանում, բնությունը պատժում է մեզ։

Սա ճշմարտություն է, որ պետք է ընդունենք՝ հաջորդիվ սխալ քայլեր թույլ չտալու եւ խնդիրն էլ ավելի չբարդացնելու համար։ Ինչ անել այսուհետ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել եւ գործադիրի հաստատմանն է ներկայացրել սողանքային աղետի կառավարման պլանը։ Ու որ դրա անհրաժեշտությունը կա՝ միանշանակ է։

Բանն այն է, որ, ըստ ԱԻՆ-ի, մեր երկրի տարածքում լայն զարգացում ունեցող արտածին երկրաբանական երեւույթներից առանձնահատուկ տեղ են գրավում գրավիտացիոն պրոցեսները (սողանքներ, քարաթափեր, փլուզումներ), որոնց շարքում իրենց զարգացվածությամբ, տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել վտանգավոր են սողանքները։ Սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է սեյսմիկ ակտիվությամբ, լանջերի մեծ թեքությամբ, բարդ երկրաձեւագիտական պայմաններով, երկրաբանական կառուցվածքով, իսկ մեծ ակտիվությունը զգալի չափով պայմանավորված է նաեւ մարդու ակտիվ գործունեությամբ՝ լանջերի ինտենսիվ կառուցապատումով, դրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների երբեմն ոչ ճիշտ կատարումով, զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով ու ոչնչացումով։

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ սողանքային երեւույթներն ունեն լայն տարածում՝ 3000-ից ավելի տեղամաս։ Սողանքների թիրախում են հայտնվել թվով 230-ից ավել բնակավայր, գյուղատնտեսական հողատեսքեր, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ։ Սողանքային աղետը խոչընդոտում է տնտեսության կայուն զարգացումը։ ԱԻՆ-ը շեշտում է, որ «հանրապետությունում սողանքային աղետների դեմ հետեւողական քաղաքականության վարման եւ համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել են մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը եւ դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը։ Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր եւ հետեւողական համապատասխան հետազոտություններ եւ դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»։

ԱԻՆ-ը մտահոգիչ է համարում Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի հետազոտությունների տվյալները։ Այն է՝ երկրի տարածքում օդալուսանկարների վերծանումով բացահայտված են 2504 սողանքային տեղամասեր։ Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառակուսի կիլոմետր է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը։ Հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ այլ կենսապահովման օբյեկտներ։ Ավտոճանապարհների ցանցի 7400 կիլոմետրից 240-ը (3,2%) վնասված է 280 սողանքով։ Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կիլոմետրից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով։ Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004թ. 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ դրամ, իսկ պոտենցիալ վնասը՝ 23,985 մլրդ դրամ։ Վնասի գնահատումն իրականացվել է քանակական սկզբունքով, այսինքն՝ դժբախտ պատահարը, հոգեբանական ցնցումը, հուշարձանները եւ այլն ներառված չեն վնասի գնահատման մեջ։ Եթե այս գործոններն էլ հավելենք, ապա վնասի չափը շատ ավելին կլինի։

Ինչն է փոփոխելու ԱԻՆ-ի ներկայացրած սողանքային աղետի կառավարման պլանը:

Սա հասկանալու համար նախ ասենք, թե ինչ է ենթադրում այդ պլանը։

Ըստ ԱԻՆ-ի ներկայացրած տվյալների, այս պլանն ուղղված է սողանքային աղետի կառավարման համակարգում ընդգրկված մարմինների կարողությունների զարգացմանը, նրանց միջեւ խնդիրների բաշխման եւ համագործակցության կազմակերպման հարցերի կարգավորմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցների (ֆինանսական ռեսուրսների) ու տեղեկատվության կառավարման բարելավմանը։ Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները ունենալու են իրենց հստակ գործառույթները։ Հասկանալի է՝ կառավարության գործառույթը ծրագրեր հաստատելն ու ֆինանսավորումն ապահովելն է։ ԱԻՆ-ը պետք է համակարգի սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառում համապատասխան ոլորտների պետական կառավարման մարմինների գործունեությունը, ստեղծի հանրապետության տարածքի սողանքային աղետների առաջացման եւ զարգացման տեղեկատվական բազան, մշտապես հսկի սողանքային երեւույթների զարգացումները, անհրաժեշտ տվյալների բազայի առկայության դեպքում ոլորտային ծրագրերի ամփոփման հիման վրա մշակի սողանքային աղետի դեմ պայքարի նպատակային համալիր ծրագրի նախագիծ եւ ներկայացնի կառավարության հաստատմանը։

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության գործը կլինի մասնագիտացված, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի ու կապի օբյեկտներին վտանգ սպառնացող սողանքների մոնիթորինգ անելը։ Պատկան այս մարմինը նաեւ պետական կառավարման, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ (ելնելով սողանքավտանգ տարածքի ըստ նշանակության դասակարգումից) առավել վտանգավոր տեղամասերի մասնագիտական ուսումնասիրություններ կանի, կանխարգելիչ միջոցառումների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի փաթեթ կկազմի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ կանի։

Մի խոսքով՝ գործառույթները հստակեցվել են Քաղաքաշինության պետական կոմիտեի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, նաեւ գյուղատնտեսության նախարարության մասով:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունների միջոցով կդիտարկի էլեկտրամատակարարման օբյեկտներին, գազատարներին ու հանքավայրերին վտանգ սպառնացող սողանքները, հաշվի առնելով ակտիվացումների դինամիկան՝ կդասակարգի վտանգավոր տեղամասերն ըստ ռիսկայնության աստիճանի եւ դարձյալ կկազմի կանխարգելիչ միջոցառումների պլան—ժամանակացույց։ Այս նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իր ոլորտի օբյեկտներին վտանգ սպառնացող սողանքների տեղամասերի եւ դրանց ակտիվացումների մասին տեղեկատվությունը կներկայացնի ԱԻՆ։

Գյուղատնտեսության նախարարությունն էլ իր մասով գործ ունի. սա էլ կդիտարկի գետերին եւ սելավատարներին սպառնացող սողանքները, անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ կանի, այդ թվում՝ պարբերաբար կմաքրի գետերի եւ սելավատարների հուներն ու կամրացնի դրանց ափերը։

Նույն՝ մոնիթորինգի գործն իրենց մասով կանեն բնապահպանության եւ մշակույթի նախարարությունները։

Սողանքի սպառնալիքի կամ ակտիվացման դեպքում ազդարարման համար ընդհանուր պատասխանատու եւ իրականացնող մարմին է ԱԻՆ-ն իր տարածքային ստորաբաժանումներով։ Լայնամասշտաբ սողանքի մասին անմիջապես կզեկուցվի վարչապետին։ Այս դեպքում նաեւ պետք է ազդարարվի բնակչությունը։ Հարկ եղած պարագայում նաեւ բնակչության տարհանում կկազմակերպվի։

Հարց է ծագում՝ ինչպես է արվելու դիտարկումը, ինչ գործիքներով՝ որպեսզի հասկանալի լինի սողանքի վնասների կանխարգելման աստիճանը։ Պարզվում է՝ սողանքային տեղամասերում մոնիթորինգն իրականացվում է պարզագույն՝ ձեռնահաս միջոցներից պատրաստած սարքերով կամ ժամանակակից թվային չափիչ սարքերով։ Այդ ձեռնահաս միջոցներով պատրաստված պարզագույն սարքերը լանջերի վրա տեղադրվող ցցային բիմեր են, պատերի ճաքերի եւ կրող կոնստրուկցիաների միացման տեղերում փակցվող ժապավեններ։ Իսկ ժամանակակից ասվածը ճշգրիտ էլեկտրոնային սարքեր են՝ մակերեսային ու խորքային տվիչներով։

Ի դեպ, կարեւոր մի նկատառում անենք. երբ ուսումնասիրում էինք սողանքային մոնիտորինգի ոլորտում միջազգային փորձը, պարզ դարձավ, որ վերլուծություններ անելիս այստեղ գործածում են նաեւ օդերեւութաբանական տվյալներ՝ այն հստակ բացատրությամբ, որ տեղումների քանակը, սպասվող ծավալը, ձյան շերտի հաստությունը կարող են պատկերացում տալ այն մասին, թե, ասենք, սողանքային որոշակի հատվածում դրանք ինչպես կանդրադառնան սողանքի ծավալմանը։ Վտանգի մոտարկման պարագայում արդեն հստակ պատրաստվում են որոնողափրկարարական աշխատանքներին։ Մնացյալը պարզ է՝ անհապաղ բժշկական օգնություն, ջուր, սնունդ, հետո վնասի գնահատում, տների ամրացում եւն։

Սակայն սողանքային աղետի կառավարման պլանն անհաջողության կմատնվի, եթե բնակչությունը պատրաստված չլինի։ «Ֆուկուսիմայի» դեպքը ապշեցրել էր ինձ. մարդկանց շրջանում ոչ մի խուճապ չեղավ, հանրությունը անընդհատ պատկան մարմինների կողմից հրահանգի էր սպասում՝ այս կամ ան քայլն անելու։ Տարերային աղետին դիմագրավելն ու հնարավոր զոհերի թիվը առավելագույնս նվազեցնելը յուրաքանչյուր ճապոնացի սովորում է դպրոցից։ Մեզ մոտ այդպես չէ, թեեւ մենք էլ աղետներից ապահովագրված չենք։ Եվ հաճախ բնակչության պատրաստվածության շատ ցածր մակարդակն է, որ ավելացնում է վնասի չափերը։ Մինչդեռ հայտնի է, որ բնակչության պատրաստվածությունն է օգնում նաեւ մեղմել ռիսկերը։

Ինչ ենք անելու մեր պարագայում։ Բնակչությանն, իհարկե, տեղեկատվություն կտրամադրվի, բայց արդյո՞ք կարող ենք գյուղացուն ասել, որ, օրինակ, թեք լանջերում հողի վարման ու ջրարբիացման ձեւը փոխի։ ԱԻՆ-ը լավատես է՝ գիտելիքը բնակչությանը տրվելու է «Դու պետք է պաշտպանես քո կյանքն ու ունեցվածքը» գաղափարի հենքով։

Ինչեւէ, երբ երկու տարի առաջ սողանքային խնդրին կրկին անդրադարձա («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում), գրեցի, որ այդ աղետի դեմ պայքարն անարդյունավետ է նաեւ այն պատճառով, որ կողմերը համակարգված չեն գործում. երկաթուղու տարածքում սողանքային երեւույթ է, հավատարմագրային կառավարիչն ասում է՝ իմ գործը չէ, քաղշինն ասում է՝ իմ գործը չէ, դե համայնքապետի գործը չէր ու չէր, մինչեւ վրա էր հասնում վտանգը։ Ի դեպ, գործադիրից արձագանքել եւ ընդունել էին մեր դիտարկումը։ Հիմա, երբ այլեւս հստակեցված է, թե ով ինչ գործառույթներ ունի հիշյալ՝ կառավարման պլանի համաձայն, կարծում ենք՝ վտանգը հնարավոր կլինի ավելի վաղ կանխարգելել՝ հնարավորինս խուսափելով բացասական հետեւանքներից։

Եվ արդյունք ունենալու համար պետք է չխուսափել ճշմարտությունից եւ ընդունել մի բան. մեր, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջեւ սողանքային հարցում մի էական տարբերություն կա. եթե ԱՄՆ-ում ու Ճապոնիայում դա առավելապես բնության աղետ է, ապա ՀՀ-ում, ե՛ւ մեր, ե՛ւ արտերկրի մասնագետների հավաստմամբ, սողանքների առաջացման պատճառ է նաեւ անտառահատումների մեծ ծավալը։ ՀԲ-ն գրում է «Ապօրինի անտառահատումները տեղական անտառները վերածել են անտառազուրկ տարածքների» (1990-2005թթ. կտրվածքով)։

«Ցավալիորեն, 2005թ. հետո էլ կանգ չառան»,- սա էլ հավելել էր ՀՀ փրկարար ծառայությունը՝ միաժամանակ հայտնելով, թե անապատացումն սպառնում է մեր երկրի տարածքի 80%-ին, իսկ խիստ անապատացումը՝ 50%-ին։

Սա ենթադրում է, որ մենք կարող ենք կանխարգելել սողանքը, եթե խելամիտ վարվենք։ Այլընտրանք չկա, որովհետեւ եթե զարգացած երկրների բյուջեների վրա մեծապես ազդում են այդ աղետները, ապա ՀՀ-ի բյուջեն, կրկնենք, դրանք պարզապես քայքայում են։ Նաեւ՝ վնասը միայն տնտեսական չէ, մարդկային տառապանքները չենք կարող անտեսել։

Մեզ մնում է համալիր աշխատել, ընդ որում՝ տարակարծիք մասնագետների հետ միասնական խորհրդակցելով, միջոցները գտնելով ու հեռահար նպատակն ունենալով, այն է՝ մենք այնքան հող չունենք, որ մեզ բնակավայրերը տարաբնակեցնելու շռայլությունը թույլ տանք։ Առավել եւս՝ եթե այդ բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի։

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։