Ալիեւյան խրախճանք՝ երկամյա ադրբեջանցու զոհաբերությամբ – Չնայած հայկական կողմի դիվանագիտական մոտեցումներին, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտիներիում… Ադրբեջանը երբեք չի խորշել ու այսօր էլ չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան… Բակո Սահակյանը՝ Արցախի նախագահի թեկնածու…

Նախորդ ամիս ՀՀ ԱԳՆ-ում կայացան հերթական խորհրդակցությունները Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, հայաստանյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի եւ համատեղ քայլերի, որի ընթացքում պետք է արագ եւ համակողմանի արձագանքներ լինեն ադրբեջանական սադրանքների նկատմամբ:

Արցախյան հիմնախնդրի արծարծումներ են եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավա այցի ժամանակ՝ Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Չնայած հայկական կողմի դիվանագիտական ակտիվացմանը, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը, ինչը նաեւ ԵԱՀԿ ՄԽ ոչ համարժեք արձագանքն է ադրբեջանական սադրանքների նկատմամբ: Վերջերս հակամարտությանն անդրադարձել էր նաեւ ՄԱԿ-ը, որը նույնպես երկակի եվրաստանդարտներից դուրս չէր եկել իր հայտարարության մեջ:  

Բայց ԵԱՀԿ միջնորդները չեն նահանջում եւ շարունակում են պնդել, թե ամեն բան անում են խնդրի խաղաղ կարգավորումն ապահովելու համար: «Մեր հայտարարությունները եղել են հասցեական, դրանք ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխենք լարվածությունը»,- «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին, Արցախի նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերի վրա ոչ միայն կրակահերթեր է բացել, այլեւ հրթիռակոծել է տարածքներ, ինչը վտանգավոր է եղել հայ դիրքապահների համար, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Եվ ինչպես հայտարարել էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, պատասխան հարվածը լինելու է համարժեք եւ անգամ ավելի կտրուկ: Այդպես էլ եղավ:

Այդ ընթացքում ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Տեսանյութը ձայնագրված է 2017թ. հուլիսի 4-ին՝ 20:34-ին: Դրանում ակնհայտ երեւում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հրթիռ է արձակում դեպի հայկական դիրքեր: Եվ միայն ի պատասխան այդ կրակի՝ հայկական կողմը դիմում է պատասխան պատժիչ գործողության:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: «Վերջում հավելենք, որ կատարվածի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:

Մինչ այս՝ Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել էր եւս մեկ հաղորդագրություն, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ, ինչի մասին նշվեց վերեւում: Արցախի ՊՆ-ն միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել կատարվածի հանդեպ եւ ադրբեջանական կողմին նախազգուշացրել, որ պատասխանն այլեւս լինելու է անհամարժեք…

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետեւանքները: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, «Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչամեքենայի ցինիկ եւ անմարդկային բնույթը»: Նա մեկ անգամ եւս հիշեցրել է, որ Բաքուն պետք է կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

«Սահմանին բոլոր զարգացումները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ կա եւ գործում է 2014թ. ամռան ամիսներից սկսած»,- ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը:  Ըստ նրա՝ իրավիճակն այն ժամանակներից սրվել է, եւ «պարբերաբար ականատես ենք լինում էսկալացիաների, որից հերթականն էլ երեկ էր»:

Բոլոր վերլուծաբաններն էլ պնդում են, որ ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակչության հետեւում, փորձում է խուսափել հայկական կողմի անհամաչափ պատասխանից: Բայց այս անգամ մեր զինուժը շատ վճռական գործեց՝ ավելի մեծ ռազմական ծավալումները կանխելու նպատակով: Ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը սա են հուշում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանի վերջին այցից հետո եղած հայտարարությունն արդեն հուշում էր, որ Ադրբեջանը հերթական հնարավորություն է ստանում շարունակել իր սադրիչ մարտավարությունը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի ակտիվության ոչ պակաս պատճառ համարեց նաեւ նախօրեին եվրոպական մամուլի աղաղակող հրապարակումները, համաձայն որոնց՝ «Ադրբեջանը սպասարկում է «Իսլամական պետությանը»՝ գործին ներգրավելով նաեւ իր ավիաուղիները: Այդ ամենը թաքցնելու, ծածկելու նպատակով նրանք նորից գնում են իրավիճակի սրման»…

Բայց մինչեւ երբ:

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով հայկական կողմի պատասխաններից Ադրբեջանում զոհված երեխայի դեպքին, ասել է. «Թշնամի երեխա չի լինում, առավել եւս… 2 տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց 2 տարեկան աղջնակին… Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարեւանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը եւ ափսոսանք հայտնել: Ասածներս ընդունեք որպես անձնական կարծիք»:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու հերթական մի կոչ են արել, որն էլի անհասցե է եւ անատամ: «Բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում: Վաղեմի հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու եւ մարդասիրական միջոցն այն է, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու բարի կամք դրսեւորեն»,- ասված է հայտարարությունում, սակայն անհասկանալի է, թե ում են հղել «բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում» խոսքը համանախագահները…

Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Սա Բաքվի՝ հարեւան ժողովրդի հանդեպ ատելության ու սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից եւ շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի ու Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից»,- նշել է նա:

Ադրբեջանը երբեք չի խորշել ու այսօր էլ չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան:

Մեկնաբանելով իրադրության առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը՝ մեր փոխնախարարն ասել է. «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների՝ ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլեւ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները: Մյուս կողմից, Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը՝ չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի՝ իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է: Ստացվում է՝ Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելությամբ, ինչը որեւէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է»:

Մինսկում կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի, նրա տեղակալ Ազայ Գուլիեւի եւ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության միջեւ հեռակա «ռմբակոծություն» է տեղի ունեցել: Ադրբեջանցիներն անդրադարձել են հուլիսի 4-ին տեղի ունեցած սահմանային սրացումներին՝ ներկայացնելով, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակչությանն է ռմբակոծել. զոհեր կան: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկերները սովորույթի համաձայն‘իրավիճակի միայն այն կողմն են ներկայացրել, որն իրենց շահերից է բխում եւ փորձել են մտցնել լարվածություն եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տպավորություն ստեղծել:

Հերմինե Նաղդալյանն ասել է, թե համարժեք հակահարված է տվել. «Անմիջապես ձայն վերցրի ու պատասխանը տվեցի՝ անդրադառնալով եւ՛ նախորդ միջադեպերին՝ սկսած ապրիլյան պատերազմից, եւ՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին այն մասին, որ շփման գծում վաղուց պետք է տեղադրված լինեին հսկման միջոցները, որոնք Ադրբեջանի պատճառով չեն տեղադրվում, իսկ Հայաստանը միակողմանիորեն դրանք տեղադրել է եւ ամբողջ աշխարհին որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն կարող է ներկայացնել՝ ով սկսեց, ով առաջինը կրակեց, որտեղից է գալիս»:

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն  Մնացականյանը եւս մեկնաբանություն է տվել շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ: «Սկզբից եւեթ նշեմ, որ Արցախի բանակը երբեւէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը եւ դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ»,- ասել է նախարարը եւ հավելել, որ Արցախի ՊԲ-ն երբեւէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչը հատուկ է մեր հակառակորդին, «հայկական կողմի հարվածի թիրախը եղել եւ, այսուհետ եւս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»…

Նախարարը նաեւ նշել է, որ ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու եւ այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու գործելաոճը: «Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում եւ վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը»,- ամփոփել է խոսքը Լեւոն Մնացականյանը:

Հայկ Թորգոմյան

* * *

Բակո Սահակյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Արցախի իշխող քաղաքական ուժը նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը: Հուլիսի 5-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը: ԱՀԿ նախագահ, երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես 10 տարի առաջ գործող նախագահի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

Ըստ վարչապետի՝ նախագահի գլխավորությամբ հաջողվել է երկրում առաջընթաց ապահովել, ինչը նպատակ ունեն շարունակելու՝ Բակո Սահակյանի վերընտրությամբ…

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։