… Խաղաղ պայմաններում

Վերջին ժամանակներս կրկին հրատապ է դարձել առանց այն էլ մշտառկա՝ բանակում զոհված զինվորների սպանությունների դեպքերի բացահայտմանն ուղղված հանրային պահանջը: Կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զինվորների հարազատների պարբերաբար ցույցերը վկայում են, որ զինդատախազության վճիռները հավատ չեն ներշնչում: Եվ իրապես, երբ ծանոթանում ենք սպանված զինվորների մասով զինդատախազության վճիռներին, այնքան անհեթեթությունների կարելի է հանդիպել, որ միանգամայն հասկանալի է դառնում բողոքող հարազատների ցասումն ու պահանջը: Խնդիրն այնքան է փակուղային դարձել, որ մարդիկ դիմում են ԵԱՀԿ-ի միջամտությանը: Չնայած օրերս ԵԱՀԿ-ի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների միջեւ կնքվել է պայմանագիր՝ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկում իրականացնելու նպատակով, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հայտնել է, որ այս հարցերով «ԵԱՀԿ-ն չի կարող հետաքննություն անցկացնել, դա տեղական իշխանությունների, հատկապես՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության խնդիրն է ու վեր է մեր մանդատից»: Նա նշել է, որ պայմանագիրը նախատեսում է «ցուցաբերել մասնագիտական աջակցություն, որը թույլ կտա վերլուծել առկա օրենսդրությունը բանակի կարգապահական վարույթների վերաբերյալ, ճշտել առկա խնդիրները եւ պարզել, թե արդյոք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կարող է դիտարկել բանակի կարգուկանոնի հետ կապված բողոք-դիմումները»:

Բռնության տարիներինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք այլ օրինագծերի հետ ստորագրել է նաեւ ԱԺ կողմից ընդունած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հայաստանում դեռեւս առկա է խորհրդային տարիների բռնադատվածների խնդիրը, ուստի պարբերաբար օրենսդրական փոփոխություններով փորձ է արվում լուծել այս կարեւոր հիմնահարցը: Սակայն, ցավալին այն է, որ շատ բռնադատվածներ կամ նրանց ժառանգները հնարավորություն չունեն ձեռք բերել այս կամ այն անհրաժեշտ փաստաթուղթը, որը կամ չեն պահել՝ անիմաստ համարելով այլեւս, կամ չեն էլ ստացել խորհրդային իշխանությունների կողմից:

Այնպես որ, այս խնդիրը դեռ դժվար թե վերջնականապես լուծում ստանա մեզանում:

Գոհար Վանեսյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։