Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ… Նախագահն ու քաղաքապետը՝ շախմատային դիրքերում… Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն… Հայ մարզիկները՝ Ֆրանկոֆոնիայի խաղերին… Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին…«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը… Հայաստանից 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ֆուտբոլ, բասկետբոլ, սամբո, ըմբշամարտ, լողափնյա վոլեյբոլ, շախմատ եւ մարզական այլ լուրեր…

Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում

Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի նորեկներից մեկը, պարզվում է, կրում է «Ղարաբաղ» անվանումը: Դա Վիեննան ներկայացնող ակումբն է: Ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչպե՞ս է եվրոպական երկրում նման անվանումով թիմ հայտնվել:

Շատ պարզ՝ 2014թ. ադրբեջանցի գործարարները ձեռք են բերել ավստրիական ՍՎ «Օտակրինգ» ֆուտբոլային ակումբը եւ անմիջապես վերանվանել «Ղարաբաղ»: Նրանք մեծ գումարներ են ներդրել թիմի վրա եւ 3 մրցաշրջանի ընթացքում Վիեննայի առաջնությունից հասցրել են Ավստրիայի Ռեգիոնալ լիգա, որն իր նշանակությամբ 3-րդ խումբն է: Եվ նրանց նպատակը Բունդեսլիգա մտնելն է:

Վիեննայի «Ղարաբաղ»-ում հիմնականում հանդես են գալիս ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ: Վերջին խաղացողը, ում ձեռք է բերել ակումբը, Ադրբեջանի քաղաքացի է: Նշենք նաեւ, որ ավստրիական ակումբը սերտորեն համագործակցում է թուրքական «Տրաբզոնսպորտ» ակումբի հետ: Վերջինիս տարբերանշանը անգամ պատկերված է վիեննական ակումբի պաշտոնական կայքէջում:

Այն, որ սույն նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած չի հարուցում: Որոշ երկրներում ֆուտբոլը վերածվել է քաղաքական ուժերի գործիքի: Մասնավորապես՝ մեր հարեւան երկրում տարիներ շարունակ օգնում են Աղդամի «Ղարաբաղ» ակումբին, որպեսզի այն միշտ մրցանակային տեղեր զբաղեցնի եւ եվրոպական մրցաշարերում ներկայանա Ադրբեջան անվան տակ: Հենց սա է հեռուն տանող, այսպես ասած, թուրքական դիվանագիտությունը, ինչը սակայն դեռ պտուղներ չի տալիս այս առումով:

Հայաստանի նախագահն ու Երեւանի քաղաքապետը՝ շախմատային դիրքերում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած 4 տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի եւ Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017թթ. ֆեդերացիայի կատարած աշխատանքները, առաջիկա անելիքներն ու հետագա ծչագրերը::

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ՝ Տարոն Մարգարյանը, Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը: Նիստում հաստատվել են նաեւ ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը եւ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրել է ֆեդերացիայի 2 վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին եւ Ալյոշա Խաչատրյանին:

Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:  

Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան ու Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում: «Նախարարության եւ ՀԱՕԿ-ի կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ 2 տարիների ընթացքում նաեւ մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։

Հայ մարզիկները 3-րդ անգամ կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերին

Հուլիսի 21-30-ը Կոտ դ« Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ մեր մարզիկները կպայքարեն 4 մարզաձեւում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ եւ խճուղային հեծանվավազք: «Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք 3-րդ անգամ: Նախորդ 2-ում հաջող ենք հանդես եկել մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են. Ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) (ձյուդո): Աթլետիկա. Լոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան: Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ): Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:

Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին

Հուլիսի 22-30-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կայանալիք Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում Հայաստանի պատանի մարզիկները հանդես կգան 6 մարզաձեւերում:

Օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (հեծանվասպորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (մարմնամարզություն): Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ի սպորտի եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչում կմրցեն հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ

Հուլիսի 17-ից հուլիսի 22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կանցկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախի Հանրապետությունում, ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված՝ 144 ընտանիքներ ու հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ:

Հայաստանը 3 մասնակից կունենա շախմատի աշխարհի գավաթում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց շախմատի 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների նախնական կազմը: Հայաստանն այդ մրցումներում ներկայացված է 3 շախմատիստներով: Նրանք են գրասմայստերներ Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Գավաթի համար պայքար կմղեն եւս 2 հայազգի շախմատիստներ՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ:

Այս տարվա աշխարհի գավաթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սեպտեմբերի 2-27-ը: Ինչպես հայտնի է, մրցաշարն անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ սկսվում է 1/64 եզրափակիչից:

Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց «Գրան պրիի» 3-րդ փուլը

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» 3-րդ փուլի մրցաշարում կայացավ վերջին՝ 9-րդ փուլը: Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ԱՄԷ-ի ուժեղագույն  շախմատիստ Սալեմ Սալեհի հետ: Մեր գրոսմայստերն իր բարձր կարգի հաշվին վստահ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 4,5 միավոր եւ առաջին տասնյակից ցածր տեղ գրավեց:

Այս փուլի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, ով վաստակեց 6 միավոր եւ կես բալով առաջ անցավ Ալեքսանդր Գրիշչուկից ու Յան Նեպոմնյաշչիից:

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը Բորիսովում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց տեղի ԲԱՏԷ-ի հետ: Հանդիպման 43-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսեյ Ռիասը բացեց հաշիվը, իսկ ահա 2-րդ խաղակեսի 78-րդ րոպեին նույն ֆուտբոլիստը գրավեց սեփական դարպասը:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հաջորդ փուլ մտնելու համար «Ալաշկերտ»-ին հարկավոր պարզապես անառիկ պահել սեփական դարպասը:

Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը կրկին կհանդիպի Լիոնել Մեսիի

Իսպանիայի ֆուտբոլի փոխչեմպիոն «Բարսելոնան» սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում են կատալոնական լրատվամիջոցները, հավաքի առաջին օրը ներկա են եղել 18 ֆուտբոլիստ: Վերջիններիս թվում չեն թիմի ավագ Լիոնել Մեսին, Նեյմարը, Պիկեն եւ Արդա Թուրանը, որոնք այժմ ճանապարհորդում են Ճապոնիայում եւ մասնակցում են ակումբի նոր հովանավորի շնորհանդեսներին:

«Բարսելոնա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի ղեկավարությամբ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իտալական «Յուվենթուս»-ի հետ: 4 օր հետո կատալոնյան ակումբը ընկերական խաղում ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ նախնական տվյալների, Լիոնել Մեսին հնարավոր է բաց թողնի այդ հանդիպումները, քանի որ նա այժմ հարսանեկան ճանապարհորդության է մեկնել: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլիստին, ապա նա Լոս Անջելեսում իր թիմի կազմում շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Անգլիական ակումբն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին, տեղի «Գելաքսի» թիմի հետ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը նախկինում խաղացել է Լիոնել Մեսիի դեմ, երբ դեռեւս հանդես էր գալիս ուկրաինական Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում:

Հենրիխ Մխիթարյանը խփած գոլով մեկնարկեց նոր մրցաշրջանը

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարավ նոր մրցաշրջանի առաջին ստուգողական խաղում: Նրա թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոս Անջելեսում հանդիպեց տեղի «Գալաքսի»-ի հետ: Հյուրերը բավական վստահ հաղթանակ տարան՝ 5:2: Մանչեսթրցիների 4-րդ գոլը խփեց մեր ֆուտբոլիստը, ով խաղադաշտ էր մտել ընդմիջումից հետո: Աչքի ընկան նաեւ Մարկուս Ռեշֆորդը 2 անգամ, Մարուան Ֆելաինին եւ Անտոնի Մարտյալը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին, «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար»…

Բասկետբոլի Մ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում այս տարի Հայաստանի հավաքականը երկրորդն էր: Մեր թիմը զիջել է միայն հիմնական մրցակից Կիպրոսին: Հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով պարտության պատճառը հոգեբանական էր, քանի որ բացակայում էին թիմի առաջատարներից մի քանիսը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է առաջնության արդյունքները: «Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար: Բայց, բացման արարողությունից սկսած մեր բասկետբոլիստների մոտ հոգեբանական լարվարծություն կար: Մրցակիցները կանգնած էին 11-12 բասկետբոլիստով, իսկ մենք` 7: Ինչպես հայտնի է, թիմի կազմում բացակայում էին մեր առաջին համար Վիկտորյա Տոնոյանը եւ առանցքային խաղացողներ:

Առաջին խաղը Կիպրոսի հետ էր: Այն որոշելու էր չեմպիոնության հարցը: Նրանք զգացին, որ մեր բասկետբոլիստները հոգեբանորեն լարված են և երկրորդ խաղակեսից հետո առավելություն ստացան: Մեր ուժերը սպառվել էին, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Գործնականում առանց փոխարինումների ենք խաղացել»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է Վահագն Հարությունյանը: Մարզիչը գիտակցում է, որ իր սաները Կիպրոսի հավաքականից ավելի ուժեղ էին: Նա վստահ է, որ այդ կազմով էլ չէին պարտվի, եթե խաղը լիներ մրցումային գոնե 2-րդ օրը: «Նույնիսկ Մալթայի բնակիչների, երկրպագուների համար առաջինը մենք էինք: Հաջորդ տարի նախատեսում ենք հանդես գալ B դիվիզիոնում, սակայն դեռեւս որոշված չէ Մ 18, թե Մ 20 տարիքային խմբում: C դիվիզիոնում այլևս անելիք չունենք»,- նշել է Վահագն Հարությունյանը:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են եվրոպական 20-ից ավելի երկրներ:

Բասկետբոլի Մ 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մեկնել է Ռումինիայի Օրադեա քաղաք: Այստեղ հուլիսի 14-ին մեկնարկել է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ընտրանին մրցումային առաջին օրը կխաղա Ֆինլանդիայի հետ: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են նաեւ Բելառուսի, Լեհաստանի եւ Բելգիայի ընտրանիները:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ 18 հավաքականը 4-րդ պարտությունը կրեց

Կիպրոսում ավարտվել է բասկետբոլի տղամարդկանց մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականը վերջին խաղում 52-74 հաշվով զիջել է Կոսովոյի ընտրանուն։ Մեր թիմն առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում:

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Հուլիսի 6-9-ը Երեւանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ տղամարդկանց չեմպիոն է դարձել Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան զույգը (ՀՀ պատանեկան հավաքական Մ 18): 2-րդ եւ 3-րդ մրցանակակիներ դարձել են համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հավաքականը եւ Աջափնյակի թիմը: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան, Էդիտա Ղեւոնդյան): 2-րդ տեղը զբաղեցրել է ԵՊԼՀ-ի թիմը, 3-րդը` «Նժդեհը»: Հայաստանի առաջնությանը մասնակցել է տղամարդկանց 12 եւ կանանց 8 թիմ:

«Ունենք մասնակիցներ Արթիկից, Գյումրիից, Երեւանից: Բայց, հիմնական մասը մայրաքաղաքից են: Մրցակցությունն ավելի սուր էր կանանց առաջնությունում: Այստեղ թիմեր կան, որ մեզ զարմացրին»,- ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հուլիսի 12-ին կմեկնարկի Մ 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:

Հայ սամբիստների հերթական մեդալները

Հուլիսի 6-8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց  Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ:

Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր նաեւ Հայաստանը եւ հաճելի է, որ մեր մարզիկներից 2-ը նվաճեցին մեդալներ: Պատվո երրորդ հարթակին կանգնեցին 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրոկոսյանը եւ 82 կգ քաշային Վահագն Չալյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այցելել է Վանք

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այցելել է Արցախի Վանք գյուղ, որտեղ անցկացվել է Լեւոն Հայրապետյանի անվան բռնցքամարտի մրցաշար: Մրցումներին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի մոտ 20 պատանի բռնցքամարտիկ: Մեր հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանն ու Կարեն Տոնականյանը հանդես են եկել ցուցադրական մենամարտով:

Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին

Լոնդոնի «Ուեմբլի Արենա»-ում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի eu բրիտանացի Քրիս Յուբենքի միջeu մենամարտը՝ IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց մրցակցին։ Սա Արթուր Աբրահամի 52-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում։

Չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին 3-դն է UWW-ի վարկանիշային աղյուսակում

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի 6 ըմբիշ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին 3-րդն է 98 կգ քաշային կարգում:

Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է եւ այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանն (երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ եւ 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է:

Ներկայումս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

«Բարի ծառայություն ու բարի վերադարձ» – Արթուր Ալեքսանյանի բարեմաղթանք է հղել նորակոչիկներին

«Զինուժը» հեռուստաշարք է սկսել՝ նվիրված 2017թ. ամառային զորակոչին, որում հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին: Իր բարեմաղթանքն է հղել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը…

«Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել»…

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցել է Ալի Ալիեւի հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից՝ 4 մարզիկ եւ 1 մեդալ: Միայն Գեորգի Կետոեւին էր հաջողվել 3-րդ տեղ զբաղեցնել: «Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու»,- ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է նա:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի խոսքով, այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն եւ ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին:

Նարեկ Սիրունյանը եւս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Նարեկ Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաեւ աշխարհի առաջնությունում:

«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո: Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի եւ Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաեւ մեծահասակների պայքարում»,- ասել է մարզչի պաշտոնակատարը:

Ալի Ալիեւի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոևը (97 կգ): Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կպատրաստվեն Բելառուսում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գալիք առաջնությանը կպատրաստվի Բելառուսում:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մեր թիմը հուլիսի 19-ից մինչեւ օգաստոսի 2-ը մի քանի երկրների ընտրանիների հետ ուսումնամարզումային հավաք կանցկացնի հանրահայտ «Ստայկի» մարզաբազայում: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի 14 ըմբիշ:

Մեր հավաքականի հիմնական անդամներից չեն հրավիրվել 2-ը: Արսեն Ջուլֆալակյանին գլխավոր մարզիչը ազատել է, իսկ ահա օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը դեռեւս վերականգնվում է վնասվածքից:

Ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, օգոստոսի 21-26-ը: Առաջինը մեդալները կխաղարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները, ապա կանայք, իսկ վերջում՝ ազատոճայինները:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝   32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։