Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի… «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են… Հայտնի են նաեւ «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները… Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել… Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում… «Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում… «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը – Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին… Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում… Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ…

Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս եւ օգոստոս ամիսներին կշարունակվեն ներկայացումները: Հուլիսի 13-ին կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) եւ «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային բեմադրությունները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաեւ օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի եւ ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն:

«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, եւ որեւէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջեւ։ Եվ ոչ միայն թատրոնները, որեւէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»,- ասել է նա:

«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են

Կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաեւ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ«Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ«Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը եւ ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)

ԺՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Խաղարկային

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)

Վավերագրական

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ.  «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)

Կարճամետրաժ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ»,ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)

Օրակարգը սպառվել է. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտտվեց մայրաքաղաքին

Երեւանի կինոտոնի տարեգրությունն ավելացավ եւս մեկ տարով:  

Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ եւ բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրան»-ը հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված կինոտոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով:

Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ այլեւ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) եւ այլք:

* * *

«Ցանկացած ծրագիր, մինչեւ կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաեւ կարեւոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն եւ մտել հասունության փուլ: 14 տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս  կինոտոնը նաեւ ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհ ընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ եւ ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստեղծված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաեւ:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը:

14-րդ «Ոսկե ծիրան»-ը  ներկայացրեց նաեւ «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երեւանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

Մեկ շաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ-«Ոսկե ծիրան»-ը ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

Հայտնի են դարձել «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։ Ինչպես հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լրատվական ծառայությունից, 1-ին մրցանակի է արժանացռլ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), 2-րդ մրցանակակիր է դարձել Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), 3-րդ մրցանակը շնորհվել է Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաեւ՝ հատուկ մրցանակ է շնորհվել Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, եւս 2 դաշնակահար իրավունք են ստացելմասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշել է, որ իրենց բոլոր ակնկալիքները արդարացան։ «Ես շատ գոհ եմ արդյունքից։ Ես շատ եմ եղել տարբեր ժյուրիների կազմում, բայց այս ժյուրիի կազմը, աշխատանքը, մոտեցումը յուրաքանչյուր մասնակցին առանձնահատուկ էր։ Մեր բոլորի գնահատականները մոտ 95%-ով համընկնում էին, ընտրությունը գրեթե միաձայն էր, եւ դա ֆանտաստիկ արդյունք էր»,- ասել է Արմեն Բաբախանյանը։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի կարծիքով՝ մրցույթ-փառատոնն անցել է շատ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ այդքան մեծանուն երաժիշտներ եկան Հայաստան եւ ելույթ ունեցան այստեղ։ Մրցույթի լավագույն 5 մասնակիցները կկարողանան գնալ Մալթա և 2018-ին մասնակցել այնտեղ կայանալիք դաշնակահարների մրցույթին եւ պայքարել շատ մեծ մրցանակի՝ 100 հազար եվրոյի համար։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է։ Եվ ես հուսով եմ, որ հայաստանյան մրցույթի մասնակիցներն իրենց լավագույնս կդրսեւորեն Մալթայի մրցույթի ընթացքում»։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ու Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգով եզրափակվել է «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։

Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում երեկ  բացվել է «Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագրով ֆիլմերի փառատոնը, որը մեկնարկել է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» հեղինակայի ֆիլմի ցուցադրությամբ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Ջիվան Ավետիսյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և նշել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, դիտելով այս յուրօրինակ ֆիլմը, նորից իրենց ձայնը կբարձրացնեն Արցախի անկախության ճանաչման հարցով:

«Մեզ համար շատ հաճելի է դիտել մեր համագյուղացի, տաղանդաշատ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը»,-իր խոսքի մեջ նշել է Սերոբ Մնացականյանը: «Արցախպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով նաեւ փառատոնի նախաձեռնողներից է, իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մեր նպատակն Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է: Կինոն քարոզչական ամենահզոր զենքերից մեկն է, եւ այն մենք պետք է ճիշտ օգտագործենք: Ջիվանը, լինելով արցախցի, կարողացել է արցախցու տեսանկյունից աշխարհին ճիշտ ներկայացնել արցախյան հարցը: Ե՛վ «Թևանիկը», եւ՛ «Վերջին բնակիչը» ֆիլմերում, որոնք նկարահանվել են Արցախում, այդ հիմնախնդրի ներկայացման հաջողված փորձն է»:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ իրենք ընկերներով նախաձեռնել են հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, որի մեկնարկը տրվել է հենց է իր պապենական Խաչմաչ գյուղից:

«Ցուցադրելու եմ իմ նկարահանած վերջին 3 ֆիլմերը՝ «Թեւանիկ», «Ընդհատված մանկություն» եւ «Վերջին բնակիչը»: Նպատակ ունենք ցուցադրությունները դարձնել ամենամյա եւ միջազգային:

Ամեն տարի ես կհրավիրեմ նաև իմ գործընկերներին, ովքեր նույնպես իրենց հեղինակային ֆիլմերը կցուցադրեն մեր գյուղում: Այսպիսով, մենք նրանց ուշադրությունը կբևեռենք Արցախի վրա. գալով այստեղ՝ նրանք կծանոթանան Արցախի աշխարհագրությանն ու պատմական անցյալին ու ներկային, մեր մշակույթին, կենցաղին եւ որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրին: Այդ ամենն օտարերկրացիները հետագայում կօգտագործեն Արցախի մասին նկարահանվելիք իրենց ֆիլմերում: 12 տարի առաջ ես իմ հեղինակային ֆիլմով մասնակցել եմ միջազգային կինոփառատոների: Մարդիկ այն ժամանակ չգիտեն ո՛չ Արցախի, ո՛չ էլ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Կինոյով ղարաբաղյան հարցը միջազգայնացնելու վառ օրինակ է «Վերջին բնակիչը» ֆիլմը. այն ունի միջազգային համարտադրողներ եւ օտարազգի դերասանական կազմ: Գլխավոր դերում հանդես եկող պարսիկ դերասանուհին եղել էր Արցախում, անձամբ շփվել մարդկանց հետ, լսել պատմություններ, հանդիպել մշակութային գործիչներին, քայլել փողոցներով, ապրել մեր առօրյայով, մոտիկից ճանաչել Արցախն ու արցախցիներին: Ի դեպ, նա հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»»:»,- ասել է Ջիվան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ եթե առաջարկներ լինեն, ինքը պատրաստ է իր ֆիլմերը ցուցադրել նաեւ Արցախի այլ գյուղերում եւս:

«Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում

«Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները» համաժողով-փառատոնի ընթացքում։ Այս մասին իմանում ենք Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

«Ուդուլի» տոլման հայկական հնագույն ազգային ուտեստներից մեկն է։ Նրա բաղադրատոմսը պահպանվել է Մատենադարանի ձեռագրերում ավելի քան 1000 տարի։

Հիշեցնենք, «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները» համաժողով-փառատոնին Հայաստանն ու հայկական խոհանոցը ներկայացրել է գաստրոզբոսաշրջության փորձագետ, «Hartak Food» ուտեստների փառատոնի ղեկավար, խոհանոցային բլոգեր Աննա Մազմանյանը ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Երեւանում անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը – «Երեւանյան ամառ 2017». 

Երևանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը: Երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երեւանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով եւ ներկայացնում էր ձմերուկի ձեւավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձեւավորումներն էլ հետաքրքիր էին ու յուրօրինակ: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաեւ ձմերուկի անվճար հյուրասիրություն:

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաեւ բազմապիսի խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երեւանի քաղաքապետարանի ու գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի: Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ ու հետեւել խաղ-մրցույթների ընթացքին: Ձմերուկի 5-րդ փառատոնն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար ելույթ են ունեցել հայկական հանրաճանաչ ու սիրված երաժշտական խմբեր:

Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում

Նախորդ շաբաթվա վերջին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ջավախքում մասնակցեց մի շարք միջոցառումների: Հիմնադրամի պատվիրակության ուղեկցությամբ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ մեկնեցին ՋԱՀ-ի բարերար եւ համակիր, Պերմի երկրամասի հայկական համայնքի փոխնախագահ Արմեն Ղարսլյանը եւ Ռուսաստանից ժամանած հյուրեր: Լինելով աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար՝ Արմեն Ղարսլյանը առաջին անգամ այցելեց թանգարանի ցուցասրահ՝ ծանոթանալու մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաեւ հուշային հատվածում տարվող շինարարական աշխատանքներին: Հյուրերին թանգարանի բակում «աղ ու հացով» դիմավորեցին կարծախցի փոքրիկները եւ գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը:

Ջավախքի՝ շաբաթվա կարևոր միջոցառումներից էր նաև Նինոծմինդայում արդեն 21-րդ անգամ անցկացվող Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարը՝ Արմեն եւ Թաթուլ Ղարսլյանների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից է վերականգնվել նաեւ քաղաքային մարզադաշտը:

Մրցաշարին ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Վանցյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ջավախքի ղեկավար մարմինների եւ հոգեւոր կառույցների ներկայացուցիչներ: Ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը եւ երիտասարդների համախմբմանը:

Շաբաթը ջավախքցիների համար կարեւոր էր նաեւ կրթության տեսանկյունից: Նինոծմինդա էր այցելել Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը, որտեղ ՋԱՀ-ը հանդիպում էր կազմակերպել կրթության ոլորտի մասնագետների հետ: Համալսարանի ներկայացուցիչները մասնագետներին ներկայացրեցին ջավախքցի ուսանողների համար իրենց մոտ առաջարկվող գրավիչ պայմանները՝ վրացերենի դասավանդում, անվճար ուսում, նոր վերանորոգված հանրակացարան եւ այլն:

«Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Հայտնում են IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժնից:

«Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ: Միջոցառումները կամփոփվեն 3-րդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու եւ մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել եւ նպաստել են իր գործունեությանը»,-մանրամասնում են հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին եւ հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգեւատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով, Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների եւ գործունեության համաշխարահային կենտրոն: Մյուս տարի եւս անցկացնելով այս կարեւոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին:

2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների եւ փորձագետների համար՝ ուսումնասիրելու եւ քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների եւ «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը եւ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը այս  հասցեով:

- Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին

Մայիսի 28-ին Երեւանում երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը հայտարարեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի՝ բժիշկ Թոմ Քաթինայի անունը: Որպես «Ավրորա» մրցանակի 2-րդ դափնեկիր բժիշկ Քաթինան արժանացավ 100,000 դոլար պարգեւի այն նվիրված աշխատանքի համար, որն իրականացնում է Սուդանի՝ պատերազմից եւ սովից քայքայված Նուբա լեռներում որպես տեղի միակ վիրաբույժ: Պարգեւից բացի բժիշկ Քաթինան հնարավորություն ստացավ՝ 1 միլիոն դոլար դրամաշնորհի առաջադրելու կազմակերպությունների: Դրանք են Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) եւ Aktion Canchanabury-ն: Այս կազմակերպությունները շարունակելու են աջակցել կարիքավոր եւ տառապանքի մեջ գտնվող համայնքներին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:

Բարձր է գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում Հայաստանի ձեռքբերումները

«Առողջապահության ֆրանսիական օրերի» շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական Դանիել Մաթյոն այցելել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախքան կենտրոն այցելելը Դանիել Մաթյոն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում, որտեղ տեղում ծանոթացել է ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում տրամադրվող ծառայություններին:

Խորհրդականը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում շրջել է տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի եւ համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանի ուղեկցությամբ, ծանոթացել բաժինների կողմից կատարվող աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից Ֆրեդերիկ Ռայնբոլդը եւ ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկները: Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, համաճարակի զարգացման առանձնահատկությունները, խոսել է ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի նկատմամբ առավել խոցելի խմբի՝ միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում հիվանդության կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ապա նշել ոլորտում երկրի ձեռքբերումներն ու դրանցում ՁԻԱՀ-ի կենտրոնի ունեցած ներդրումը:

Արշակ Պապոյանն իր խոսքում կարեւորել է այդ ձեռքբերումների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում դոնորների եւ տեխնիկական գործընկերների դերը` անդրադառնալով ֆրանսիական 5% նախաձեռնության շրջանակում վերջին տարիներին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Դանիել Մաթյոն ներկայացրել է Ֆրանսիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը եւ միգրանտների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքները: Հանդիպման ավարտին խորհրդականը պատասխանել է հայ գործընկերների հարցերին: Նա բարձր է գնահատել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում երկրի ձեռքբերումները, հատկապես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում, եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է ԻԻՀ Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին եւ «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը եւ դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,- ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։

Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։ «Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,- ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաեւ կենտրոնի 6 մասնագետ Իրանում վերապատրաստվել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով ՀՀ քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու եւ իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով խնդրի սոցիալական  կարևորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։