Ագոպյան երաժշտության դրոշմը – Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված – Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես՝ Ֆրեդ Ազիլազյանին հաջողվեց… Նա պատրաստվում է մեծ ազգային մենահամերգի՝ հստակ նախանշված ծրագրեր էլ ունի (Լիանա Դավթյան, Հայաստան-Ֆրանսիա)…

Էլեկտրո երաժշտություն գումարած դուդուկ, եւ առավելագույնը կես ժամից երգն արդեն պատրաստ է: Մի գդալ երաժշտությունը նրան մինչեւ յոթերորդ երկինք կհասցնի:

Նա երաժիշտ Ֆրեդ Ազիլազյանն է, նույն ինքը՝ Ագոպը, ով ծնվել եւ մեծացել է Մարսելում՝ Ֆրանսիայի հարավում, ֆրանսահայերի ընտանիքում: Մասնագիտությամբ լրագրող 36-ամյա Ագոպը միայն հոդվածների չէ որ հետաքրքիր ծնունդ է տալիս, այլեւ՝ կյանքով լիառատ երաժշտություն է ստեղծում: Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված: Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես, որ Ագոպին հաջողվեց դա անել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ասելիք ունեցող մարդը ամենալավ մոտիվացիան է:

Ագոպը արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետեւ France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ Ագոպի առաջին՝ «You Light Up My Way» սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն փոփ վաճառքի թոփ երեսնյակում:  

Ինչի՞ մասին է երգում Ագոպը: Եթե հակիրճ, ապա՝ դրականի մասին, ինչը մեր կյանքում շատ է պակասում: Նա փորձում է դուրս գալ միօրինակության եւ միատարրության «ճիրաններից» եւ նոր թափով է շարժվում առաջ: Աշխարհում արդեն շատ են օգտագործել դուդուկը տարբեր երաժշտական ոճերի համադրմամբ, բայց ոչ մեկին չի հաջողվել կատարել այսպիսի համադրություն: Ագոպը չխուսափեց նորույթից. թող մի քիչ էլ երաժշտությունը զարթոնք ապրի:

Խենթ երաժիշտ ու խելառ լրագրող լինելուց զատ՝ Ագոպը «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի մոլի երկրապագու է: Անվերջ թվացող ձայնագրություններ, համերգներ, սպորտային հոդվածներ. ահա սա է նրա առօրյան:

«Հայը իմ մի մասնիկն է, ինչպես նաեւ իմ մշակույթի, եւ ես հպարտ եմ դրանով: Դուդուկը, որ լսում ենք իմ երգերում, գալիս է այդտեղից»,- ասում է նա:

Ագոպի երգացանկում կարող ենք տեսնել ամենատարբեր տրամադրության երգեր, ինչպես օրինակ Merenda, You Light up my Way, Always On:

Always On-ը, որ Ագոպի վերջին սինգլն է, ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Համադրել դուդուկը փոփ երաժշտության հետ, առօրյա ինչ-որ բան չէ, այլ երաժշտության դրոշմն է, իմ անձնական մոտեցումն է»,- Ագոպի խոսքերն են:

Այժմ նա պատրաստվում է մեծ ազգային մենահամերգի: Հստակ նախանշված ծրագրեր էլ ունի: Այնպես որ, չենք դադարի նրա մասին կարդալ:

Լիանա Դավթյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։