Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

Ժամանակին անդրադառնալով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «Ադրբեջանի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլեւ հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը»: Նա նշել է, որ սկզբունքների ոտնահարումը եւ չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում եւ «համագործակցության հետընթացի ու վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով»: Նախարարը այդ առումով հիշատակել է նաեւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետեւանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլեւ խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով: Այսինքն՝ մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրվում է՝ ի վնաս մյուսների եւ ամբողջ կազմակերպության:

Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը՝ փակել տալով նաեւ երեւանյան ԵԱՀԿ գրասենյակը:

Ըստ Է. Նալբանդյանի՝ «զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ եւ հայտնվեց մեկուսացման մեջ»: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու ոչ միայն միջազգային հանրության շահերը, այլեւ այդ հանրության կողմից լիազորված ԵԱՀԿ ՄԽ հասցեական կոչերն անգամ: Իզուր չէ, որ հայկական կողմը բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը:  

Չնայած այս ամենին՝ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հարթել վիճակը եւ կրկին բանակցությունների սեղանի մոտ բերել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: Բայց Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանմական կողմի սադրիչ գործողությունների եւ բոլոր պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին: Իհարկե անիմաստ է, եթե չեն պահպանվում նախորդ պայանավորվածությունները, ապա նորերը եւս կխախտվեն Բաքվի անպատասխանատու քայլերի պատճառով:

Մի անգամ երկար դադարից հետո Սերժ Սարգսյանն ընդառաջեց ՄԽ համանախագահներին, բայց դա երկար չտեւեց, ադրբեջանական կողմը հենց բանակցությունների ընթացքում դիմեց սադրանքների: Պատժիչ միջոցների բացակայությունը անարգել գործել է տալիս Բաքվին, ինչը առաջընթացի փոխարեն հետաճ է արձանագրում արցախյան խնդրում:

Ամեն դեպքում քայլն արված է, եւ Բրյուսելում հանդիպեցին Նալբանդյանն ու Մամեդյարովը, չնայած այդ հանդիպումից անգամ նախաձեռնողները մեծ ակնկալիքներ չունեին:

Հուլիսի 11-ին Բրյուսելում 2 երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), եւ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումը:

Նալբանդյանն ընդգծեց շփման գծում վիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահները ԱԳ նախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Բնական է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա եւ չէր էլ կարող լինել, քանզի հակամարտ կողմերի դիրքորոշումները խիստ, անգամ ընդգծված տարբեր են: Ինչպես քաղաքագետ Սուրեն Զոլյանն է նշել. «Ադրբեջանը պահանջում է ամբողջ Ղարաբաղը, ինչն անընդունելի է անգամ միջազգային հանրության համար: Կողմերը կարող են ամեն օր հանդիպել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան հստակ առաջարկներ: Ադրբեջանի գործելաոճը սա է. սպասել այնքան, մինչեւ ՀՀ-ն այլեւս տարածաշրջանային գործոն չի լինի, կթուլանա, ինչպես նաեւ պարբերաբար հարվածել՝ այսպիսով հյուծելով մեզ»: Ապա հավելել է, որ դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշոնական, քաղաքական միտքը խոսքերից այն կողմ չի անցնում, ավելին, ԱԳՆ շենքը կա, իսկ նախարարությունը չկա, մինչդեռ ավելի համարձակ ԱԳՆ է ցանկանում տեսնել:

Անդրադառնալով Արցախում նախագահական առաջիկա ընտրություններին՝ քաղաքագետը նկատել է, որ ԼՂՀ իշխանությունները, փոխանակ զբաղվեին ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրներով, հետամուտ եղան սահմանադրական փոփոխություններին՝ երկարաձգելու Բակո Սահակյանի իշխանությունը. «Սա նախապես ծրագրված  գործընթաց է, ոչ թե քաղաքական գործընթաց: Եթե որեւէ մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանը չի ընտրվելու, կուզեի տեսնել այդ թարմ ուղեղը»:

Ի դեպ, «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը:

Ոչ բոլոր կարծիքներին համաձայնելով, վստահ ենք, Հայաստանն իսկապես պիտի շրջադարձային քայլեր անի, որպեսզի կա՛մ բանակցություններն ընթանան բնականոն, կա՛մ Արցախի անկախության ճանաչման հարցը դրվի միջազգային օրակարգում, կա՛մ, որ ավելի կարեւոր է՝ պաշտոնապես ամրագրվի հայկական երկու հանրապետությունների վերամիավորման փաստը, հայտարարվի միասնական՝ մեկ հայկական հանրապետության մասին՝ ճանաչվի ԼՂՀ վերամիավորումը ՀՀ-ի հետ:

Միեւնույնն է՝ անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Ադրբեջանի պատճառով, ինչին կարելի է վերջ տալ միայն կտրուկ քայլերով:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ իրենց հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մատնանշել են Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ: Սա եռանախագահների՝ ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր, բայց դա չստիպեց Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից:

Ապա նշվել է, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց՝ ռմբակոծելու ԼՂՀ-ն ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ ՊԲ-ն ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է կանխարգելման մեխանիզմ դառնալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս զարգացումները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։