Երբ ցանկալին իրականություն է ներկայացվում – Ադրբեջանի սուտն ու սադրանքը անսպառ է… Սա հավաստում է, որ Ադրբեջանն ի զորու չէ բանակցել խաղաղության շուրջ եւ հայկական կողմը պետք է շարունակի ամրապնդել հայկական բամակը ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ սպառազինության ժամանակակից միջոցներ ձեռք բերելով…

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շարունակելով հերքել ադրբեջանական կողմի տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստ: Հաղորդագրությունում նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմը, իր սովորության  համաձայն, ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:

Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է: ԼՂՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն, ինչն ավելի է կատաղեցնում Բաքվի սադրիչներին:

«Մենք կորուստներ չունենք, հակառակորդի որեւէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նշել է նաեւ, որ հայկական լրատվական դաշտը հետզհետե սկսում է ճշտումներով հրապարակել տեղեկատվությունը սահմանային գոտու իրավիճակի մասին, ինչը թույլ է տալիս ավելի արագ հիմնավորել ադրբեջանական ապատեղեկատվությունը: Նախկինում հայկական լրատվամիջոցների չճշտված լուրերը հիմնվում էին ադրբեջանական կեղծ լուրերին ու կիսամոնտաժած տեսանյութերին եւ որոշակիորեն ակամա աջակցում էին Բաքվի քարոզչությանը:  

Իրոք, այս վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական զինվորականները, պետական ու քաղաքական գործիչները, հանրային ու քաղաքացիական շրջանակները, նաեւ լրատվամիջոցները կարողացան գործել սառը դատողությամբ, ինչը թերեւա առաջին անգամ լիարժեքորեն ապահովեց Հայաստանից դուրս եկող տեղեկատվության ու քարոզչական գործունեությոն առավելությունն ադրբեջանական ապատեղեկատվության նկատմամբ: Այս անգամ Բաքուն տեղեկատվական լուրջ պարտություն կրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Հայաստանում նաեւ մեծ ուշադրություն են դարձնում բանակային կյանքի բարելավմանը, կարգապահության ամրապնդմանը, ինչը պակաս կարեւոր չէ քարոզչական գործունեության ճիշտ կազմակերպումից: Այս համապատկերում, մինչեւ տարեվերջ բնակարանային խնդիր ունեցող զոհված զինծառայողների անտուն ընտանիքներն ու առաջին կարգի հաշմանդամները կապահովվեն բնակարաններով։ Նախարար Վիգեն Սարգսյանը մեկ այլ նորության մասին եւս հայտնեց՝ զորացրվող զինվորների բնակարաններ կայցելեն սոցիոլոգներ։ Հարցման միջոցով ՊՆ-ն փորձելու է ճշտել՝ ինչ խնդիրներ են առկա տվյալ զորամասում, չարաշահումների ինչ ռիսկեր կան։ Նախարարի խոսքով՝ կուտակված տեղեկատվությունը կմշակվի եւ արդյունքների մասին հանրությունը կտեղեկանա սեպտեմբերին։ Վիգեն Սարգսյանը համոզված է՝ այսպիսով կկարողանան լուրջ շտկումներ անել զորամասերում։ Դա շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանում պատերազմի որոշումը կարող է շատ հեշտ կայացվել, ինչին պետք է պատրաստ լինենք ինչպես առաջնագծում, այնպես էկ թիկունքում:

Պաշտպանության նախարարը օրերս խոսեց նաեւ ՊՆ զինվորներ տեղափոխող ավտոմեքենանաերի անսարքությունների եւ վթարների մասին, երբ ցավալիորեն զինծառայողներ են իրավորվում, ավելին՝ կորուստներ ենք ունենում նաեւ: Այս խնդիրները եւ զինվորների առողջական ու սոցիալական վիճակի ապահովման հարցերը նույնպես ուշադրության կենտրոնում են, նշվեց, որ այս պահին ընթացիկ վիճակն այդ ուղղությամբ բարարար է:

Ներքին, ներպետական խնդիրներից բացի կան նաեւ այլ հարցեր, երբեմն առավել բարդ, որոնք եւս ուշադրության կարիք ունեն: Պաշտպանության նախարարը անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հերթական մեծ խմբաքանակով զենքի վաճառքին։ «Որեւէ պաշտոնյայի չի կարող գոհացնել Ադրբեջանին զենքի վաճառքը, որ երկրի կողմից էլ որ լինի։ Հարցն այն է, որ Ադրբեջանում չկա քաղաքացիական վերահսկողություն իշխանության գործողության նկատմամբ, եւ պատերազմի որոշումը կարող է հեշտ կայացվել»։

Յուրի Խաչատուրովի՝  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականություններն  իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ով եղել է ԱԱԽ քարտուղար: Սակայն, կարծում ենք, այս պաշտոնում պետք է լինի մի անձ, ով հստակ զբաղվի ԱԱԽ գործունեությամբ եւ քարոզչությամբ: Չնայած նշվում է, որ կա նախագահի կողմից հաստատված  ծրագիր, եւ 2014թ. հենց այդ ծրագրով  են առաջնորդվել, նաեւ՝  2015-ին, 2015-ի կեսերին, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել:

Հասկանալի է, որ պետությունը այդ ծրագրով է աշխատում. ազգային, միջազգային միջոցառումները խստագույնս կատարվում են ըստ նշված սկզբունքների, սակայն ԱԽՔ-ի առաջնայնությունը պետք է վերանայվի, հատկապես տարածաշրջանային սրացումների այս ընթացքում:

Ի դեպ, Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը եւ հայկական զինուժը շարունակում է համալրվել երիտասարդ զինվորականներով, ովքեր գնում են ծառայության այն հստակ գիտակցումով, որ որպես զինվորական աննահանջ պիտի պաշտպանեն անկախ պետության եւ քաղաքացիական հանրության անդորրն ու շահերը…

Իսկ ահա հարեւան պետության զինվորական պատկերացումներում այլ տեսակետ կա: Քաղաքացիական անձանց կորուստները ոչ թե չեն հետաքրքրում  Բաքվի իշխանություններին, այլեւ՝ ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռազմականացման գնացող ռեժիմին:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է The Associated Press -ի հետ իր զրույցից մի հատված: Ներկայացնում ենք այն ստորեւ. «Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը: Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են իշխող վարչախմբին, նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը… Նման մի բան էլ միջազգային հանրության համար են կազմակերպում՝ կեղծ տեղեկատվության սփռմամբ»:

Իսկ Ադրբեջանի նախագահը «կամ չի հասկանում, կամ էլ ձեւացնում է, թե չի հասկանում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարեւորությունը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը հաշվի առնելով:  Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից այս կողմ, նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո, օրերս Բրյուսելում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը, որ ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումն էր: Ինչպես եւ նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր,  ինչպես ասում են, ոչ ավել, ոչ պակաս, ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. «Ակնհայտ է, որ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»,- նշել է փոխարտգործնախարարը:

Այս ամենը հավաստում է, որ Ադրբեջանը ի զորու չէ բանակցել խաղաղության շուրջ եւ հայկական կողմը պետք է շարունակի ամրապնդել հայկական բամակը ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ սպառազինության ժամանակակից միջոցներ ձեռք բերելով:

Այս ամենը տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ Բաքուն երբեք արժանի պատասխան ու հակահարված չի ստանում այսպես կոչված միջազգային հանրության կողմից: ԵԱՀԿ ՄԽ եւ ՄԱԿ-ի վերջին հայտարարությունները եւս անհասցե էին եւ որեւիցէ պատժիչ քայլ չի արվել ադրբեջանական կողմին սանձահարելու եւ ռազմատենչ քաղաքականությունից կտրելու ուղղությամբ…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյաը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, նշել է, որ համանախագահներն իրենց գործիքակազմը վերանայելու խնդիր ունեն։ Հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, առանձնակի արդյունքներ չգրանցեց։ Եվ նա կարծում է, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, ինչը կատարվեց Բաքվի հակահայ քաղաքականության հետեւանքով, պետք է գոնե լուրջ քայլերի դրդեր եվրոպական կողմին, սակայն… Իսկ «եթե օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահությունը խնդիր հետապնդեր Ստեփանակերտում իր գրասենյակն ունենալ եւ առաջին  հերթին ծանոթանալ ամեն ինչին, առավել քան տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով իրենց կողմից հակամարտության կարգավորման գործընթացում ստանձնած առաքելությունը,- նշել է պատգամավորը, հավելելով,- արդյո՞ք այդ պարագայում Ադրբեջանն իրեն թույլ կտար պայքար մղելու՝ կոնսենսուս խախտելով, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու համար»։

Այս եւ նմանատիպ հարցերը վերանայման, այլ մոտեցման կարիք ունեն հենց ՄԽ համանախագահների կողմից, ինչը կարող է խթանել, նոր թափ հաղորդել համանախագահների աշխատանքին եւ հակամարտության կարգավորման գործընթացին:

Այլապես, ամեն ինչում հավասարության սկզբունքը կիրառելով՝ մի օր կկանգնենք նոր պատերազմական վիճակի առաջ, քանի որ մեղավորը անպատիժ մնալով, իսկ անմեղը արդարություն չնկատելով՝ կհանգեն բախման գաղափարի հանգուցալուծմանը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։