Որակով արվեստի հետ պիտի մատուցել նաեւ բարոյա-հոգեբանական որակներ – Ովքեր են փորձում ապականել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը – Ընդ որում, 2 ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն՝ դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք՝ անչափահասները՝ սա ինչպես սահմանադրական, այնպես էլ պարզ մարդկային օրենքի՝ իրավունքի ու պարտականության ոտնահարում է.- «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց… Եվ մեկնարկեց բողոքի ցույցով… «Դժբախտ» միասեռականների «դժվարին» օրերի կուտը… Ձեր պատկերացրած եւ մեր իրական Հայաստանը տարբեր են… Հայի բարոյականության դեմ բողոքավորները… Չդիմացան ՓԻՆՔ-երը… Շուրջ 100 հասարակական կազմակերպություններ դեմ են անբարոյականության ցուցադրական քարոզչությանը…

«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց

Երեւանում 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպես բոլոր տարիներին, այս անգամ եւս փառատոնի մեկնարկն ազդարարվեց ծիրանօրհնեքով: Ապա փառատոնի շրջանակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաեւ պաշտոնյաներ, կինոգործիչներ:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը, որի 90-ամյակը լրանում է այս տարի: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նախապես տեղեկացրել էր այս մասին: «Մենք ուզում ենք անպայման պատճաշ ներկայացնել մեր հայկական կինոն մեր փառատոնի հյուրերին, ովքեր  գալիս են Հայաստան՝ ճանաչելու նաեւ հայկական մշակույթն ու կինոն: Մեր ընտրած ձեւաչափն է՝ համր ֆիլմը ներկայացնել կենդանի  երաժշտությամբ»,- ասել է նա: Կինոնկարը պատմում է Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին, որը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Այն ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ կինոնկարի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի՝ ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին ու կինոսեր հանրությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները զուգորդվում են վարպետության դասերով:

Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին: Կփակվի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017թ.) ֆիլմով: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Այս ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը  խորանա այդ թեմայի մեջ, վերծանի եւ էկրան բարձրացնի բոլոր վերապրածների  դոկումենտալ կադրերը, խոսի այն մարդկանց, ռեժիսորների հետ, ովքեր արդեն նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր, եւ ոչ միայն հայ ռեժիսորների: Իսկապես, այս ֆիլմը միջազգային կինոհանրության կողմից Ցեղասպանության թեման վեր բարձրացնելու եւ տարածելու շատ յուրահատուկ նմուշ է»,- նշել է Սուսաննա Հարությունյանը:  

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ներկայացնելով «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերը, շեշտել է, որ փորձում են լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Մեր փառատոնի շրջանակում փորձում ենք աշխարհի լավագույն ֆիլմերը բերել, 8 լավագույն ֆիլմ ենք բերել Կաննի փառատոնից,  Բեռլինի եւ Վենետիկի հաղթանակած ֆիլմերը, Ռոտերդամի լավագույն 3 ֆիլմը»: Նրա խոսքով, կինոսիրողների, կինոդիտողների համար փառատոնային օրերին «աչքի եւ հոգու խրախճանք» է սպասվում:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ նշեց, որ փառատոների մակարդակը մեծ չափով կախված է ժյուրիների հեղինակությունից եւ ծրագրերի գեղարվեստական որակից: «Սա ընդունելով՝ մենք ամեն տարի աշխատում ենք, որ ժյուրիի կազմում հեղինակավոր կինոգործիչներ ընդգրկվեն, որովհետեւ մասնակցի համար շատ կարեւոր է, թե ով է իրեն դատում, ում ձեռքից է ինքն այդ մրցանակը ստանում»,- նշել է նա:

Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորում է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, վավերագրական մրցույթի ժյուրին՝ ԱՄՆ-ից վավերագրող Յուջին Քորը: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթը, փառատոնի ծրագրերի տնօրենի խոսքով, ցանկացել են, որ ղեկավարի հայ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

…Եվ մեկնարկեց բողոքի ցույցով

Մի խումբ մարդիկ դժգոհեցին, որ միասեռականության քարոզի մասին 2 ֆիլմեր կան փառատոնի շրջանակներում: Ճիշտ է, չեն ցուցադրվելու, սակայն ցանկից այդպես էլ չեն հանվել: Փաստորեն, տեղի տալով հանրային ճնշմանը եւ հնարավոր բացահայտ պարսավանքին, ինչը իրականում նաեւ կինոփառատոնը կվարկաբեկեր, այդ ֆիլմերը չեն ցուցադրվել, բայց պաշտոնապես մնացել են ցանկում…

Մինչ ցույց անելը, մեծ բողոքի ալիք էր բարձրացել համացանցի հայկական տիրույթում, որտեղ օգտատերերը պարզապես զարմացած էին, թե ինչպես կարող է «Ոսկե ծիրան» հայկական անունը կրող այս փառատոնը ապազգային եւ հակամարդկային քարոզչություն ցուցադրել: «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով մարդիկ եկել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղ էլ կայացել էր փառատոնի պաշտոնական բացումը: Բողոքի մասնակցիներն իրենց կոչում մասնավորապես հայտնել են. «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ 2 ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։

Նախատեսվում էր ցուցադրել այլասերվածների ու այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր՝ Փուրիա Հեյդարի)՝ հայ դերասանների մասնակցությամբ: Ավելին՝ դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում էր ցուցադրել եւս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր՝ Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է եւ պատրաստվել է այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեքսուալ տրանսգենդեր – ԼԳԲՏ) իրավունքների պաշտպանությամբ եւ այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված 2 ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն՝ դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք՝ անչափահասները: Սա ինչպես սահմանադրական, այնպես էլ պարզ մարդկային օրենքի՝ իրավունքի ու պարտականության ոտնահարում է, եւ ՀՀ պատկան մարմինները պարտավոր են հետաքննել եւ օրենքի սահմաններում պատժի ենթարկել մեղավորներին, որ փորձել են այդ ֆիլմերը զոռբայությամբ եւ դրսի դրամաշնորհային (դրամակերային) պատվերով ցուցադրել հայության 12 տարեկանից բարձր հատվածին…

2017թ. հուլիսի 7-ին հայտարարվեց, որ ֆիլմերը Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում ցույց չեն տրվելու, սակայն չհայտարարվեց, որ փառատոնի ծրագրից դրանք ընդանրապես հանված են, եւ առ այս պահը նշված ֆիլմերի անվանումները առկա են փառատոնի պաշտոնական ծրագրի էլեկտրոնային տարբերակում։

Այստեղ շատերը մեղադրում են, թե քաղաքապետարանը մինչեւ վերջ չի պնդել իր կամքը, որպեսզի «փառատոնի պաշտոնական ծրագրի էլեկտրոնային տարբերակում» եւս չմնան այդ ֆիլմերը, ինչը տրամաբանական է, եթե այլեւս չեն ցուցադրվելու: Բայց գուցե քաղաքապետ Տարոն Մարգարյանը փորձել է ամեն բան անել անաղմուկ, որպեսզի բավարարի եւ՛ մեր հանրության արդար պահանջը եւ՛ փառատոնը զերծ պահի արտաքին ցնցումներից:

Պարզապես փառատոնի՝ այսպես ասենք «արվեստի մասի» կազմակերպիչները նախապես պիտի արգելեին նման ֆիլմերի հայտագրումը, քանի որ «Ոսկե ծիրանը» այլեւս կայացած միջազգային փառատոն է եւ որակով արվեստի հետ միասին պիտի մատուցի նաեւ բարոյա-հոգեբանական որակներ:

«Դժբախտ» միասեռականների «դժվարին» օրերի կուտը

Փառատոնի մեկնարկի օրերին համացանցում քրիստոնյաների խումբը բողոքել էր. «Սիրելի՛ քրիստոնյաներ, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում, հուլիսի 13-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում նախատեսվել է ցուցադրել 2 «գեյական» գեղֆիլմ: Մեկը պարսակական ռեժիսիորի «Ծիրանի այգիները», ցավոք, հայ դերասանների մասնակցությամբ, իսկ մյուսը Փինկ Արմենիայի «Լսիր ինձ» ֆիլմն է»:

Քրիստոնյա օգտատերերը նշել էին, որ թատրոնը խնդրի հետ կապ չունի, նախաձեռնությունը Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությանն է, իսկ շենքն ու թատրոնի դահլիճը նրանցն է: Նրանք հիշեցրել են, որ կինոփառատոնի հովանավորը մեր մշակույթի նախարարն է:

Հայ քրիստոնյաների խումբը նաեւ զգուշացրել է, որ եթե չարգելեն այդ ցուցադրությունները, ապա կարող է հետեւել ժողովրդական դատաստան.‘մի բան, որ Աստծո Օրենքն է ո՛չ միայն թույլատրում, այլեւ թելադրում. «Վերացրե՛ք չարը ձեր միջից»: Ղեւտաց, ԺԸ-22-30:

Ֆ/բ օգտատերերից շատերն են միացել ամենատարբեր նմանատիպ կոչերին, եւ օգտատեր Գեւորգ Դանիելյանը նշել է. «Սահմանին ընթացող պատերազմական գործողությունները, երիտասարդ զինվորների մահն ու բազում աղետալի հիմնախնդիրները ոմանց կարծես առանձնակի չեն էլ հուզում, իրենց համար թիվ մեկ խնդիրը «դժբախտ» միասեռականներն են, եւ ահա նրանց ամուսնության «դժվարին» օրերը պատմող 2 ֆիլմերը: Քաղաքացիական նախաձեռնության, լրագրողների ազնիվ հատվածի ջանքերով հանվեցին «Ոսկե Ծիրան-2017» փառատոնի շրջանակներում ցուցադրումից (ի դեպ, ֆիլմերը նախատեսված էին նաեւ 12 տարեկանից բարձր երեխաների համար)՝ առայժմ: Դժգոհողները, որոնք ճարահատյալ էին գնացել զիջման, բավարարվեցին կշտամբանքով, թե իբր չնչին առիթով մեծ աղմուկ էր բարձրացվել: Ի դեպ, հատկացվող գումարներն էլ են «չնչին». միայն «Սորոս» հիմնադրամի պաշտոնական տվյալներով 2016թ. հայկական մի շարք կազմակերպությունների տրվել է 1 մլն. 752 հազ. դոլար: Կխնդրեի արձագանքողներին՝ չտարվել վերը նշված նախաձեռնության հեղինակներին հայհոյելով, սա այդ հարթակը չէ. իմ նպատակը մարդկանց անկեղծ դիրքորոշմանը ու խելամիտ առաջարկություններին ծանոթանալն է»:…

Օգտատեր Սանասար Կարապետյանն այսպես է արձագանքել. « Մարդիկ կան, էնքան են մթագնել. որ մարդկային լավ փոխհարաբերություններն անգամ կարող են ստորադասել սորոսապաշտությանը եւ նրանից գրանտ ստացողներին համարում են երկրին փրկության ափ հանող ազնիվ առագաստներ՝ չպատկերացնելով. որ անկախությունը եթե նշանակում է ուժային կենտրոններից մեկի անվերապահ ազդեցության ուղեծիրից ազատում, ու դրանում անկասկած ճիշտ է, ապա ըստ իրենց՝ նույն անկախությունը ասոցացվում է ոչ թե երկրի ինքնիշխանության մեծացման հետ. այլ հակադիր բեւեռի ուղեծիում հայտնվելը՝ հպատակի կամ գաղութի կարգավիճակով:

Նմանների համար պետք է ուղղակի սորոսների արձաններ վեր խոյացնել մի քանի վայրերում. որպեսզի ամեն աստծո առավոտ թարմ ծաղիկներով այցելեն սորոսներին՝ ի նշան ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ Հայափրկիչ գործունեության. իսկ նրանից գրանտ ստանալու դիմաց էլի փրկչական գործունեություն ծավալող քաղ. հասարակության կարկառուն դեմքերին հռչակեն մեր օրերի սրբեր եւ վերջիններիս հարգն ու պատիվը նշանավորելու գործում երեւի բավարարվեն ամենօրյա մոմավառություններ կազմակերպելով… (շատ բառերի չակերտները բացակայում են տեխնիկական պատճառներով)»:

Օգտատեր Լիլիթ Հարությունյանն էլ այս կարծիքն ունի. «Սորոս» ՀԴ գործունեության հիմնական ուղղությունը ազգային պետությունների արժեքային համակարգը քանդելն է. այդպես նրանք հեշտ կառավարելի են դառնում: Դրա համար պարարտ հող Հայաստանում եւս կա. օտարալեզու կրթություն ստացած, ազգային արժեքներից ու ազգային կենսադաշտից խորթացած, օտար մշակութային արժեքների կրող դարձած, փաստացի որպես 5-րդ շարասյուն գործող անհատներ ու կազմակերպություններ:

Նման հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որպես կանոն, չունեն հայկական կրթություն (վերաբերում է հանրակրթությանը): Ընդհանրապես, այս խնդիրն առնչվում է մեր ազգային ու պետական անվտանգությանը, քանզի այդ հիմնադրամներն ու կազմակերպություններն իրականում քաղաքական նպատակներ են հետապնդում: Իմ կարծիքով՝ օտարերկրյա հիմնադրամների գործունեությունը պետք է դիտարկվի այս տեսանկյունից: Եթե նրանց գործունեությունը հակասում է մեր ազգային ու պետական շահին՝ սպառնալով մեր անվտանգությանը, ապա այդ հիմնադրամների ու նրանցից սնվող կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է արգելվի: Ժողովրդավարությունը չի կարող մեկնաբանվել ամենաթողություն ու այլասերվածություն»:

Այսօրինակ բազմաթիվ արձագանքներ կան, ինչը հավաստում է, որ հայությունը եղել ու մնում է իր բարոյական արմատներին մոտ եւ անգամ սոցիալ-տնտեսական այս դժվարին օրերում, ինչպես վերը նշվեց՝ սահմանային հատվածներում լարված այս իրավիճակում:

Ձեր պատկերացրած եւ մեր իրական Հայաստանը տարբեր են

«Ոսկե ծիրան»-ից հեռացված «Ծիրանի այգիներ» ֆիլմի ռեժիսոր Փուրիա Հեյդարը հայտարարություն է արել. «Այս ֆիլմը ես նկարահանել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որն այն պետական կառույցն է, որ օտար երկրների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարելու հարցում պատասխանատուն է ձեր երկրում։ Նրանք վերցրին մեր փողերն ու խոստացան օգնել մեզ, իսկ հիմա ոչ ոք չի պատասխանում մեզ, ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը։ Եվ հիմա ձեր փառատոնը, որը ֆիլմի եւ մշակութային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է Հայաստանում, չի ցուցադրում մեր ֆիլմը, որի մեջ մենք ներդրել ենք մեր սերը, մեր ժամանակը եւ մեր արվեստը, որպեսզի սեր, ընկերություն, հոգատարություն եւ երկու հարեւանների միջեւ սեր հաղորդեինք, մեզ ստիպում է մտածել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը։

Իմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 43 փառատոնում, որոնցից 3-ը 1-ին կարգի փառատոններ էին, 4-ը՝ Օսկարի մակարդակի փառատոն էր, 1-ը՝ BAFTA-ի (Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն)։ Մենք ֆիլմը ցուցադրել ենք ամենահեղինակավոր ԼԳԲՏ փառատոններում, այն առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է 2 աֆրիկյան պետությունում, Հայաստանի անվան տակ մենք 5 մրցանակ ենք ստացել, մենք աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու մարդկանց լսելի ենք դարձրել ձեր լեզուն ավելի շատ, քան որեւէ 15 տարվա Հայաստանի կինոպատմության մեջ որեւէ այլ ֆիլմ, իսկ փոխարենը ստանում ենք միայն ատելություն»։

Ընդամենը կասենք՝ մտածեք, թե ինչու: Այն Հայաստանը, որ ձեր աչքերով եք ներկայացրել ու մեզ երեսով եք տալիս, տեղին չէ, նշանակում է՝ մեր Հայաստանը ընդհանրապես չեք ճանաչել… Իսկ թե ինչ Հայաստան եւ ում համար եք ներկայացրել՝ պարզեք ինքներդ:

Հայի բարոյականության դեմ բողոքավորները

Ինչպես այլ դեպքերում, այս անգամ եւս իրենց բողոքող կողմ դարձրեցին դերասան Արսինե Խանջյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Բանից պարզվում է՝ խիստ անհանգստացած են Կինոմատոգրաֆիստների միության իրականացրած գրաքննության եւ դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի մի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Այս մտքերն արտահայտել են Facebook սոցիալական ցանցում:

«Մենք շատ անհանգստացած ենք, Ատոմը փառատոնի նախագահն է եղել շուրջ 10 տարի, եւ մտահոգիչ է տեսնել, որ փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն ջատագովել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն ֆիլմերի ու ֆիլմարտադրողների, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների կարեւոր խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն ու երեւան բերվեն: Նրանք կոչ են անում «Ոսկե ծիրան»-ին վերանայե՛լ այս տարօրինակ որոշումը… «ներկայացնե՛լ մտածելու դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում ձայների իրական բազմազանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արսինե Խանջյանը:

Այստեղ ասելու բան էլ չկա:

Իրենց սուպերզարգացած մարդկանց (գուցե նաեւ սուպերհայերի) տեղ դրած այսօրինակ անձնավորությունները, որոնք իրականում եթե ոչ ապազգային, ապա հաստատ անազգային սուբյեկտներ են, կարծում են՝ այն ինչ իրենք են կարծում, միայն դա է իրականությունը…

Չդիմացան ՓԻՆՔ-երը

«14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով 2 ֆիլմ՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը եւ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը…  Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ հայտնեցին, որ իրենք սգի մեջ են (հունիսի 23-ին մահացել է կինեմատոգրաֆստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը) եւ իրենք ոչ մի ֆիլմ ցույց չեն տալու: Արդյունքում, «Ոսկե Ծիրան»-ը որոշեց հեռացնել ամբողջ ծրագիրը, որտեղ առկա էին մոտ 40 ֆիլմ, որոնք ԼԳԲՏ հարցերից զատ անդրադառնում էին սոցիալական ոլորտին վերաբերող այլ խնդիրների, Ցեղասպանության հարցին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը եւ այլն»…

Այսպես՝ սահուն անցում կատարելով ազգասիրական թեմաներից (Ցեղասպանության հարց, Ղարաբաղյան հակամարտություն եւ այլն), նաեւ հասկանալով, որ սա ոչ միայն «խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, այլ նաեւ ստեղծագործական եւ արտահայտման ազատությունների ոտնահարում է, հարված նաեւ հայկական կինոարտադրությանը», ԼԳԲՏ-ն կոչ է անում Հայաստանի կինոարտադրողներին իրենց դիրքորոշումն արտահայտել հարցի շուրջ։ Մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, կոչ է անում դատապարտել տեղի ունեցածը՝ «բացառելու հետագա գրաքննությունները, եւ միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար»։

Իհարկե, նաեւ հատուկ հորդորանք է ուղղվել կինոփառատոնին մասնակցող թե՛ տեղի եւ թե՛ արտասահմանյան հյուրերին՝ արտահայտել իրենց դիրքորոշումը…

Հետաքրքիր կլիներ, որ իմանայինք բոլորի տեսակետները՝ հետագայում դրանք «Լուսանցք»-ի՝ ազգային արժեքների պաշտպան շաբաթաթերթի վերլուծություններում ներառելու համար:

* * *

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել օրենսդրական մակարդակով արգելել այլասերության քարոզը, մասնավորապես, անչափահասների շրջանում միասեռ հարաբերությունները։ «Համահայկական ծնողական կոմիտեի» Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նշեց, որ առաջարկը ստացել է շուրջ 100 հասարակական կազմակերպության աջակցությունը։ «3 տարի առաջ մենք ՀՀ կառավարությանն ու ԱԺ–ին առաջարկեցինք ընդունել նախագիծ, որը կարգելի երկրում այլասերության քարոզը։ Այն ժամանակ մեզ ասացին, որ ոչ ոք մտադիր չէ Հայաստանում անել դա եւ այլ, սակայն վերջին տարիներին իրավիճակը կտրուկ սրվել է։ Կենտրոնում գովազդային վահանակներ են հայտնվում, հեռուստատեսությամբ ֆիլմեր են ցուցադրում այլասերության տարրերով, մշակույթը լի է նման դրսեւորումներով»,– ասել է նա, ապա հավելել, որ «Հոդված 3» ակումբը ֆիլմեր է ցուցադրում միասեռ ամուսնությունների մասին, բրիտանական դեսպանատունը բարձրացրել է դրոշը եւ այլն։

«Այլ քաղաքացիների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն, երկրում պետք է առողջ մթնոլորտ պահպանվի։ Շատ տհաճ է, երբ այդ թեման անընդհատ շոշափվում է Հայաստանում»,– ասել է Արման Բոշյանը։

Այդ քարոզը վտանգավոր է, մասնավորապես, երեխաների համար։ Հենց այդ պատճառով նոր կառավարությունն ու ԱԺ–ն, ի վերջո, պետք է անդրադառնան այդ հարցին։

«Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանն էլ նշել է, որ թեեւ քիչ է հետեւում ԶԼՄ–ներին՝ հանդիպում է համասեռականության քարոզչությանը։ «Հատկապես երեխաների հոգեբանությունն է փխրուն, եւ այդպիսի քարոզչությունը ագրեսիայի դրսեւորում է նրանց նկատմամբ»,– ասել է նա: «Թող ապրեն ինչպես ցանկանում են, բայց չի կարելի դա քարոզել։ Ես ինքս 4 երեխաների հայր եմ, ինչպե՞ս պաշտպանեմ նրանց այդ քարոզչությունից»,- նշել է հայտնի դիրիժորը եւ հավելել, եթե մի բան անընդհատ ցույց են տալիս, քարոզում են, ապա այն նորմա է դառնում, ապա հիշեցրեց Եվրատեսիլի ու Կոնչիտա Վուրստի մասին, որի անունով երեխաներն իրար կատակով դիմում են։

Ինչպես նշել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, հայերը հարգում են ավանդույթները, նրանք կայացած բարոյական կերպար ունեն։ «Դա ազգային անվտանգության հարց է։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ առաջնահերթ է միջազգային իրավունքը, բայց դա պետք է հաստատված լինի Սահմանադրական դատարանի կողմից, այնպես որ պաշտպանության մեխանիզմներ կան»,- ասել է նա։ Ժողովուրդը պիտի միավորվի եւ իշխանություններից պահանջի օրենք մտցնել, որը կպաշտպանի մարդկանց այլասերության քարոզչությունից։

Նարե Մշեցյան եւ Անի Մարության

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։