Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան… Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին… «Թումո»-ն հասավ ԱՄՆ… 5 կմ գունազարդ վազք՝ հանուն մարզական մշակույթի… ՀՀ նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները… Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում… Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ջրացատկի, հեծանվասպորտի, ձյուդոյի, շախմատի եւ այլ մարզական լուրեր…

Հայկական ակումբային ֆուտբոլի անհեռանկար ապագան

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը հիանալի հնարավորություն ուներ Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար, ինչը նոր հաջողություն կարձանագրեր հայկական ակումբային ֆուտբոլում:

ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:

Որակավորման1-ին փուլում Անդորայի չեմպիոնին հաղթահարելուց հետո, «Ալաշկերտ»-ը հայկական 4 թիմերից միակն էր անցել որակավորման 2-րդ փուլ: Եվ շատ հաջող էր անցկացրել առաջին խաղը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ՝  հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղալով:

Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, եւ շատերի կարծիքով «Ալաշկերտ»-ն անցնելու էր որակավորման 3-րդ փուլ, քանի որ միայն դարպասն անառիկ պահելով, արդեն կհաղթեր երկու խաղերում:

Անգամ նշվեց, թե ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուց հետո թիմն ուժերը կչափի Չեխիայի ուժեղ թիմերից մեկի՝ Պրահայի  «Սլավիա»-ի հետ:

Բայց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման այս փուլի պատասխան խաղն ավարտվեց «Ալաշկերտ»-ի անսպասելի պարտությամբ՝ 1:3։

Մխիթարյանը գոլ խփեց Մովսիսյանի թիմին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին աչքի ընկավ ստուգողական խաղում:

Ամերիկյան Սոլթ Լեյքում կայացած հերթական ստուգատեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց տեղի «Ռեալ»-ի հետ եւ 2:1 հաշվով առավելության հասավ:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆուտբոլիստ Լուիս Սիլվան: Հանդիպման 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ առաջին խաղակեսի վերջում մանչեսթրցիների նորեկ Ռոմելու Լուկակուն խփեց 2-րդ հաղթական գոլը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլտ Լեյք»-ում, այդ հանդիպմանը չէր հայտավորվել եւ հայ ֆուտբոլիստների հանդիպումը խաղադաշտում չկայացավ:

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին:

Հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում: «Կարմիր սատանաները» 2 գոլերն էլ հեղինակեցին 1-ին խաղակեսում: Աչքի ընկան թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն եւ Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում եւ աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ (2-րդ գոլի փոխանցման հեղինակն էր): Երկրորդ կեսի 63-րդ րոպեին նա փոխարինվեց:

Սույն խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ի հետ:  

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Սոչի

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 24-28-ը Սոչիում կմասնակցի միջազգային մրցաշարի: Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 20-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստ, որոնցից 10-ը Հայաստանի 1-ին խմբում հանդես եկող «Ավան Ակադեմիա» թիմից են, մյուս 10-ը՝ «Բանանց»-ից, 2-ը՝ «Շիրակ»-ից:

Հուլիսի 24-ին Հայաստանը կհանդիպի Տաջիկստանի, 25-ին՝ Ղազախստանի, իսկ 27-ին՝ Կրասնոդարի երկրամասի այդ տարիքային հավաքականների հետ:

Մեր նվազագույն խնդիրը եռյակ մտնելն է

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշել է, որ Ջիբրալթար մեկնելու են 8 խաղացողով.

«Ցավոք, 2 բասկետբոլիստ մեզ չեն օգնի Եվրոպայի առաջնությունում: Ռիտա Ալնահին վնասվածք ունի, իսկ Ալեքսանդրա Անտոնյանին վիզա չեն տրամադրել, քանի որ մենք մի քանի օր ուշացրել էինք փաստաթղթերը: Իհարկե, սա ինչ որ չափով կազդի խաղի վրա` փոխարինումներ շատ կատարել չենք կարողանա: Բայց մեր նվազագույն խնդիրը լավագույն եռյակ մտնելն է»,- նշել է Վահագն Հարությունյանը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են Ջիբրալթարը, Մոնակոն եւ Ուելսը.

«Մրցակիցներին ծանոթ ենք, բացի Մոնակոյից: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Միասին մարզվելու քիչ ժամանակ ունենք, երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել: Հիմնականում կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրները: Թիմը խաղային ձեռագիր ունի: Աղջիկները շատ լավ կարողանում են համագործակցել խաղադաշտում, թիմային ոգին բարձր է»,- ասել է մարզիչը:

Մ 16 տարեկանների հավաքականում ընդգրկվել են`Ասլանյան Աննա, Հովհաննիսյան Անի, Գոմցյան Տաթեւ, Մելիքյան Քրիստինա, Պողոսյան Շաքե, Շահինյան Էլեն, Օհանյան Քրիստինա, Մկրտչյան Էմմա: Մի քանի բասկետբոլիստներ հանդես են եկել նաև Մ 18 տարեկանների թիմում:

«Թումո»-ն հասավ ԱՄՆ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգտոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերին։

Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լեւոն Բալագյոզյանը, Լիլիթ եւ Աշոտ Թարումյանները եւ նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների տրամադրած ստանդարտ մասերից, որոնք կիրառելով էլ պատանիները նախագծել եւ ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։

Թումոյի մեր խումբը բրոնզե մեդալ է շահել եւ այսօր կվերադառնա Հայաստան:

5 կմ գունազարդ վազք՝ հանուն մարզական մշակույթի

Հուլիսի 16-ին Հանրապետության հրապարակից սկսելով՝ Yerevan Color Run-ի մասնակիցները հաղթահարեցին 5 կմ երկարություն ունեցող վազքուղին՝ անցնելով Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտան եւ Իսահակյան, Նալբանդյան փողոցներով կրկին վերդառնալով Հանրապետության հրապարակ: Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեցին գունավոր խորհրդանշական փոշեներկեր: «Երեւանյան գունազարդ վազք 2017»-ի մասնակիցների շարքում կային բազմաթիվ զբոսաշրջիկներ արտասահմանից՝ այդ թվում՝ Կորեայից, ԱՄՆ-ից եւ այլն: Վազքուղու ավարտին հաջորդեց երաժշտական գունազարդ «հրավառություն» եւ Color Party, որի ընթացքում մասնակիցներին իր կատարումներով ողջունեց Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սեւակ Խանաղյանը:

Երեւանյան գունազարդ վազք 2017-ի մասնակիցներից 1-ին տեղի հաղթող աղջիկը Նյու Յորքից էր՝ Սոնա Ֆաունթեյնը, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Էլեն Հովհաննիսյանը եւ Կարինե Ավետիսյանը, իսկ տղաներից 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները գրավեցին Մհեր Մաշումյանը, Անդրանիկ Մարգարյանը եւ Մելիքասեթ Կարապետյանը: Երեւանյան գունազարդ վազք 2017-ի 1-ին տեղի 2 հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից որպես մրցանակ տրվեց Հայաստանում եռօրյա էքստրեմալ տուր անցկացնելու հնարավորություն:

Միջոցառումը այս տարի եւս բարեգործական էր, եւ ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երեւանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի եւ «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջեւան-Բերդ 34 կմ ճանապարհի կառուցմանը:

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի ու Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում:

Ի դեպ, գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձեւաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նախագիծը Հայաստանում է 2015թ. եւ արդեն 3-րդ անգամ անցկացվեց Երեւանում:

Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով վազքի մարաթոնների միջոցով Երեւանի բնակիչների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի եւ զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական ու երջանիկ զգացողություններով:

2 մեդալ` ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Հունգարիայում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում:

55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը եւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը զբաղեցրին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55կգ քաշային Էրիկ Հարությունյանը, սակայն նա 3-րդ տեղի համար պայքարում պարտություն կրեց եւ ստիպված բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մնացած 3 մարզիկները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ:

Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

ՀԱՕԿ -ի հաղորդմամբ, ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով եւ 2 ձյուդոիստով:

Հայաստանի մարմնամարզիկները 10 մեդալ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) եւ մեծահասակների տարիքային խմբերում: 2 խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջեւ թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին: Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:

Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) եւ Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է արդյունքներից. «Մրցաշարը ցույց տվեց, որ լավ սերունդ է աճում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարզիչը:

Հայ շախմատիստները «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարում աղյուսակի 2-րդ հատվածում են

Սևանում ընթացող «Սևանա լիճ 2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարում (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ) 3 փուլերից հետո 2,5 միավորով առաջատար է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը:

Մրցաշարային աղյուսակ. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա)` 2.5 միավոր, Թամիր Նաբաթի (Իսրայել), Իգոր Կովալենկո (Լատվիա), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 2-ական, Դարիուշ Շվերց (Լեհաստան), Մանուէլ Պետրոսյան` 1,5-ական, Տիգրան Հարությունյան, Հովհաննես Գաբուզյան, Հայկ Մարտիրոսյան` 1-ական, Սամվել Տեր-Սահակյան` կես միավոր:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հետեւել է 2 առաջատարների մրցախաղինՍեւանում ավարտված շախմատի «Սեւանա լիճ-2017» մրցաշարում հաղթեց Ամին Բասեմը: Վերջին՝ 9-րդ փուլում, եգիպտացի գրոսմայստերը հաղթեց Իգոր Կովալենկոյին, վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա գրավեց 1-ին տեղը: Նրա հետ հավասար ընթացող ուկրաինացի Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանի հետ եւ 6 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի 3-րդ առաջատարը՝ իսրայելցի Թամիր Նաբաթին, պարտվեց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին եւ եզրափակեց առաջին եռյակը:

Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ լեհ Դարիուշ Շվարցի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը:

Ի դեպ, ինչպես նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդ փուլում հետեւել է մրցաշարի 2 առաջատարների մրցախաղին:

Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում

Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով 2 բրոնզե մեդալ եւ 1 գովասանագիր:

ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը եւ Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երեւանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:

ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը եւ Հրաչյա Խաչատրյանը։

«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից, հուլիսի 12-23-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։

Հայ ջրացատկորդներն 9-րդն են սինքրոն ցատկում

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնությունում նախօրեին տղամարդիկ մրցել են 10 մ սինքրոն աշտարակացատկում։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Վլադիմիր Հարությունյան – Լեւ Սարգսյան զույգը եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է մեր երկիրն աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկի եզրափակիչ անցել։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները: Հայ ջրացատկորդները եզրափակիչ անցել էին 11-րդ տեղով։

Հեծանվորդ Ռոբերտ Խաչատրյանը մեկնարկեց 25-րդ տեղով

Պորտուգալիայի Անադիա քաղաքում շարունակվում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ հաղորդմամբ, երեկ, անհատական վազք հետապնդումով մրցաձևում մեկնարկել է Ռոբերտ Խաչատրյանը (Մ 19): Հայ հեծանվորդը 25-րդ տեղն է զբաղեցրել:

Այսօր Էդգար Ստեփանյանը (Մ 23) հանդես կգա խմբակային վազք միավորներով մրցաձևում, իսկ Ռոբերտ Խաչատրյանը` օմնիումում:

Հրաչյա Ռոստոմյանն այցելել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի մասնակիցներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելել է «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի մասնակիցներին, որոնք 2-րդ օրն է՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայքարում են ՀՀ նախագահի մրցանակի համար:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ներկա է գտնվել պարանի ձգում մրցաձեւի մրցումներին, որտեղ մասնակիցները ուժերն են չափել 4 տարիքային խմբերում: Մրցումային օր էր նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, որոնք մրցել են բասկետբոլ մարզաձեւում:

Տեղի են ունեցել մրցույթի հանդիսավոր բացման եւ 2-րդ փուլի հաղթող դարձած ու մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների պարգեւատրման արարողությունները: Պարգեւները հանձնել է մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Նշենք, որ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ նախագահի մրցանակի համար ուժերն են չափում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճած 144 եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակից 23 ընտանիքներ:

Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ 14-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է 3 փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձեւերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից եւ Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաեւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երեւան քաղաքից եւ Արցախից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ՝ Երեւանի, Արցախի եւ Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը Հանրապետության նախագահի հոբելյանական 10-րդ այցի եւ միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:

Ս.թ. փետրվար ամսից մինչեւ դեկտեմբեր ամիս Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթներին, ինչպես նաև 7 մարզական մասսայական նոր միջոցառումներին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու են 81.192-ից ավելի երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ: «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի հարգելի՛ մասնակիցներ,

Ես մեծ սիրով շնորհավորում եմ այս մրցույթում մրցանակների արժանացած ընտանիքներին ու նաեւ, իհարկե, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, որովհետև ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է: Եվ այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաեւ լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն եւ ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, եւ մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մեր՝ այստեղ ներկա գտնվող Երեւանի քաղաքապետին, մարզպետներին, օլիմպիական կոմիտեի նախագահին, որ կազմակերպել եւ անցկացրել են այս միջոցառումը: Բոլորիդ շնորհավորում եմ եւ շատ շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության նախագահը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն

Ծաղկաձորում ավարտվել է ՀՀ  Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, եւ հայտնի են դարձել 4 տարիքային խմբերի 6 մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, հուլիսի 22-ին, կկայանա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաղթած եւ մրցանակակիր դարձած բոլոր ընտանիքներին կպարգեւատրի մեդալներով, դրամական խոշոր մրցանակներով և գավաթներով: Իսկ այսօր՝ երեկոյան, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 23 ընտանիքների երեխաներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը նախագահ Սերժ Սարգսյանի անունից կհանձնի մարզահագուստ ու նվերներ:

Ավանդույթի համաձայն «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 5 տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցները խրախուսական դրամական պարգեւներ կստանան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։