ԱՄՆ-ն նոր զենք է փորձարկել
CNN-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում հաջողությամբ փորձարկել է նոր լազերային զենք, որի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:
Նավապետ Քրիսթոֆեր Ուելսը հայտարարել է, որ այս զենքը փամփուշտից ավելի հստակ է նշանակետին խփում: Այն նեղ մասնագիտացված զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով:
Նորագույն զենքն ունակ է խոցել նույնիսկ լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50 հազար անգամ ավելի հզոր է միջմայրցմաքային բալիստիկ հրթիռից:
Ի դեպ փորձարկման ընթացքում որպես թիրախ օգտագործվել է անօդաչու ինքնաթիռ: Սա հարվածից հետո ընկել է ծովը:
CNN-ը նկատում է, որ զենքը գործել է ամբողջովին անձայն եւ աներեւակայելիորեն արդյունավետ:
Նավթը գնանկում է ապրում
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթեւ տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,32%-ով: Դրանից հետո կազմել են 46,25 դոլար՝ 1 բարելի դիմաց։
Տեղեկացնենք, որ 1 բարելը կազմում է 158,988 լիտր:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,27%-ով՝ հասնելով բարելի համար 48,71 դոլարի:
Այս տվյալները հաղորդում է Գազետա.ռու-ն:
Որին, ի դեպ, հղում անելով, տրամագծորեն հակառակ տվյալներ է փոխանցում ադրբեջանական մամուլը: Իբր թանկացումները եղել են 49.20 դոլար (Նյու Յորքի բորսա) եւ 52.04 դոլար (Լոնդոնի բորսա):
Բոլոր ոլորտներում ձեռագիրն անփոփոխ է:
Արտահանման մասնաբաժինը՝ 45 տոկոս
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, ներկայացնելով կառավարության 2017-2022թթ. ծրագրով իրականացվելիք միջոցառումները եւ անդրադառնալով արտահանման եւ ներդրումների ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին՝ նշեց, որ արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում նախատեսվում է ավելացնել մինչեւ 42-45%. «Այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է մեր արտահանման ներկայիս ծավալները կրկնապատկել: Եթե 2016թ-ին ունեցել ենք 3,5 մլրդ դոլարի արտահանում, ապա պետք է մինչեւ 2022թ-ն ապահովենք 6,5-7 մլրդ դոլարի արտահանում: Մեր կարծիքով դա հավակնոտ, բայց իրատեսական ցուցանիշ է, որն ապահովելու համար նախատեսված է հստակ միջոցառումների ծրագիր»:
Մասնավորապես, 2018թ. հունվարի 1-ից կներդրվի ինքնահայտարարագրման համակարգը:
Արցախի թոթը, մեկ էլ՝ գինին ու ձկնկիթը
Ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017թ. հունվար-մայիսին Արցախում արտադրվել է 60,7 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 23,4%-ով: Նշված ժամանակահատվածում ավելացել է նաեւ կոնյակի արտադրությունը. եթե 2016-ի հունվար-մայիսին Արցախում արտադրվել է 3,3 հազար լիտր կոնյակ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 11,1 հազար լիտր կոնյակ:
Արցախը կդառնա նաեւ սեւ խավիար արտադրող եւ արտահանող երկիր, դրանում ընդամենը 5-6 տարի անց կհամոզվեն նույնիսկ ամենաթերահավատները:
artsakhtimes.am-ը գրում է, որ 2022-2023թթ. «Արտադրված է Արցախում» մակնշմամբ ձկնկիթը կլինի շուկայում:
Ի դեպ, Արցախը մի քանի անգամ ավելի շատ խավիար կարտադրի քան Ադրբեջանը:
Նաեւ՝ մանրատախտակն ու գորգերը
Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հետազոտություն: Այդ շրջանակում ընդգրկվել է 423 գործատու: Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանն ասաց, որ ընտրանքը շատ ներկայացուցչական էր, որովհետեւ Արցախում 3614 իրավաբանական անձ կա: Գործատուներն էապես կենտրոնացված են առեւտրի ոլորտում: Նրանց 72,3%-ի համար հիմնական շուկան Արցախն է, 14,8%-ի համար՝ նաեւ Հայաստանը: Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, Իրան արտահանվում է մանրատախտակ: Գործատուների 24%-ը տվել է դրական կանխատեսում՝ նշելով, որ առաջիկայում կընդլայնեն սպառման շուկաները, 16%-ը կարծում է, որ փոփոխություն չի լինի, 8%-ը նվազում է արձանագրել:
«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



