Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա – Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները… Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները…

Հայաստանում մեկնարկած մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին «Լուսանցք»-ն անդրադարձել է: Նկատենք նաեւ, որ ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով սահմանափակուններ կան: Մինչդեռ, մշակելի հողակտորները կտրտված են, դրանց չափերը տարբեր են, մշակաբույսերը բազմազան, իսկ սա նշանակում է, որ գյուղտեխնիկայի հավաքակազմի միջոցներն էլ պետք է բազմազան լինեն: Սպասել, մինչեւ հողակտորները կմիավորվեն, որպեսզի տեխնիկան հարմար լինի, անհեթեթ կլիներ՝ մանավանդ հաշվի առնելով մեր գյուղերի առանձնահատկությունները: Բացի այդ՝ հողատարածքների միավորումը կամավոր է սահմանված, ուստի հողերի խոշորանալուն կարող ենք երկար սպասել:

Ինչեւէ, գյուղտեխնիկայի առավել լայն տեսականի էր պետք ունենալ: Լուծումը, ըստ գործադիրի, գտնված է. կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան: Գործը կազմակերպելու համար «Իդաս» ընկերությունը առաջարկ է ներկայացրել, որը դրական եզրակացություն է ստացել: Կայանն արդեն ինքը որակյալ ծառայություններ կմատուցի գյուղացիական տնտեսություններին:

Նաեւ՝ մեր երկրում գյուղտեխնիկայի մասնագիտացված շահագործող կառույցներ չկան, որոնք հնարավորություն կտան գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին ստանալ համեմատաբար մատչելի եւ որակյալ ծառայություններ: Բացի այդ՝ բոլորը չէ, որ կարող են ֆինվարձակալությամբ գյուղտեխնիկա ձեռք բերել:  

Այս խնդիրները լուծելու համար էլ մասնավորը առաջարկ է արել, բայց որի՝ իրագործման նպատակով պետության աջակցությունն է հարկավոր:

Եթե հակիրճ, ապա ըստ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, այս ծրագրի (գյուղտեխնիկայի կայանի ստեղծման) նպատակն է համակարգային մոտեցմամբ հագեցնել գյուղատնտեսական ոլորտը ժամանակակից, արդյունավետ տեխնիկայով ու տեխնոլոգիաներով՝ առանց մշակվող հողատարածքների արհեստական խոշորացումների, առանց հողօգտագործողների կողմից կատարվող որեւէ տեսակի ներդրումների, առանց պետական բյուջեից դոտացիոն հատկացումների:

Ինչպես պարզաբանեց Իգնատի Առաքելյանը, գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման ծրագիրը 6 փուլով կարվի:

Միայն առաջին փուլի ամբողջական եւ հաջորդող երկու փուլերի մասնակի ներդրման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 270 մլն. դոլար: Սա հնարավորություն կտա մինչեւ  450 հազ. հա մշակվող տարածքներում մեքենայացված ծառայությունների կիրառման մակարդակը հասցնել 90%-ի՝ ունենալով ավելի քան 1 մլն. շահառու:

Հաջող մեկնարկի համար փորձնական ծրագիր է մշակվել: Դա, գործադիրի վստահեցմամբ, թույլ է տալիս առանց հետագա լրացուցիչ ներդրումների՝ ապահովել ծրագրի «անխափան ագրեսիվ  ընդլայնումը ինքնուրույն», հենց ծրագրի սկզբից: Այն պահանջում է 1,012 մլրդ.  դրամ ներդրումներ, որոնց մոտ 76%-ը (0,77 մլրդ.  դրամ) կուղղվի համաշխարհային ամենաբարձր որակի ու արդյունավետության տեխնիկայի ուղղակի գնմանը (ներդրմանը), իսկ մնացած մոտ 24%-ը (0,242 մլրդ. դրամ)՝ ծրագրի մեկնարկի ընթացքում անհրաժեշտ‘կառավարման, կադրային, մատակարարումների, տեխնիկական, կրթական, կապի, տեղեկատվական, վերահսկողական ենթակառուցվածքների եւ հենքի ստեղծմանը:

Գործի արագ ընդլայնման համար ցանցային պլան է մշակվել: Ծրագիրը նախատեսվում է սկսել գարնանացան կամ աշնանացան (կախված ծրագրի մեկնարկի ժամկետներից) հացահատիկային մշակաբույսերի ցանքսի մեքենայացված ծառայությունների ամբողջական մատակարարմամբ:

Ծրագրի ֆինանսավորման մեկնարկից մինչեւ ծառայությունների մատակարարման սկիզբը կտեւի 1-2 ամիս: Ի դեպ, համաշխարհային լավագույն ընկերությունների հետ արդեն իսկ տարվել են երկարատեւ բանակցություններ նորագույն տեխնիկայի ձեռքբերման, նրա սպասարկման կազմակերպման, ուսուցման եւ մատակարարումների վերաբերյալ:

Սկզբնական աշխատանքները կնըդգրկեն առնվազն 16000 հա հացահատիկայինների վար ու ցանքս, ինչը կազմում է 2016թ. հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունների շուրջ 8,5%-ը: Մեկնարկի աշխատանքները հիմնականում կկատարվեն Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի համեմատաբար կենտրոնացվածություն ունեցող հողազանգվածներում: Տեղերում արդեն կիրառական ցույց կտրվի աշխատանքի որակն ու արդյունավետությունը:

Սակայն հաշվի առնելով հողօգտագործողների ներկայիս ցածր եկամուտը՝  նախարարը փաստում է, որ որոշիչը լինելու է մատուցվող ծառայությունների ցածր գինը:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի հիմնական բազայից, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, ընկերութունը, ըստ անհրաժեշտության, որպես հենակետ կօգտագործի իր մասնակիցներին պատկանող (այդ թվում եւ օգտագործման իրավունքով) Արարատում,  Սյունիքում, Գեղարքունիքում եւ Շիրակում առկա այլ ենթակառուցվածքներ եւս:

Գյուղնախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ հողօգտագործողների հետ հնարավոր է նախապես կնքվեն ծառայությունների մատուցման նախնական պայմանագրեր՝ անընդհատ կապ պահպանելով նրանց հետ, հստակեցնելով ծառայությունների մատուցման կոնկրետ ժամկետները: Կոնկրետ ծառայության դիմաց վճարը կգանձվի տեխնիկայի՝ դաշտում գտնվելու ընթացքում:

Ծրագրի առաջին փուլի  հաշվարկները կատարելու համար ստեղծվել է մոդել, որը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հնարավորություն է տվել հաշվել 1 հա-ի մշակման ինքնարժեքը տարբեր մակնիշների եւ մոդելների տեխնիկայի կիրառման պարագայում: Ելնելով ինքնարժեքի հաշվարկի արդյունքից՝ ավելի քան 20 լավագույն տեխնիկա արտադրող ընկերությունների մոդելային շարքերից տարբեր տեսակի ծառայությունների մատուցման համար ընտրվել են կոնկրետ մոդելներ (հիմնականում 2013-2016թթ. շուկա մտած մոդելներ):

Բացի այդ, հաշվարկային մոդելը թույլ է տալիս իրականացնել մեծ մակերեսով հողազանգվածների կենտրոնացված մշակման դեպքում անհրաժեշտ տեխնիկայի քանակի հաշվարկը, ինչպես նաեւ պահանջվող ներդրումների ծավալը: Մշակվել է նաեւ կոնկրետ մոդելի տրակտորների եւ դրանց համապատասխան կցորդիչների, կոմբայնների ու այլ տեխնիկայի կիրառման դեպքում տարեկան մուտքային եւ ծախսային հոսքեր, ինչը թույլ է տվել իրականացնել ծրագրի երկարաժամկետ ֆինանսական արդյունավետության հաշվարկ:

Տեխնիկայի յուրաքանչյուր մոդելի համար որպես մուտքային տվյալներ օգտագործվում են շուրջ 30 պարամետրեր, ինչը թույլ է տալիս համակողմանիորեն ուսումնասիրել ծրագրի տեխնիկական, նյութական, կառավարչական եւ ֆինանսական նրբությունները:

Կայանի ստեղծմամբ ինչ կարգի ներդրումների, աշխատատեղերի ու ինչ հեռանկարի մասին է խոսքը եւ ինչ կարժենան այդ ծառայությունները (հասկանալու համար օգտվողների տիրույթը): Այս ամենը հաջորդիվ կներկայացնենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։