Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…

Մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զինված խմբավորման ղեկավարները հայտարարեցին, թե իրենք դիմել են «զինված ապստամբության» ճանապարհով «ժողովրդական ընդվզման», քանի որ դա են համարում «ազգի ու երկրի փրկության միակ տարբերակը»… Ապա ժողովրդին կոչ հղեցին միանալ իրենց:

Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, առաջին րոպեներին արդեն զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ով իրեն դրսեւորեց որպես իրական մարտիկ, ոստիկան եւ մինչեւ վերջին փամփուշտը պաշտպանեց պետության կողմից իրեն վստահված տարածքը: Արթուր Վանոյանը ազատամարտիկ էր եղել, նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին էր գնացել օգնության մեր երիտասարդ զինվորներին եւ գիտեր, թե ինչ է նշանակում պաշտպանել իրեն վստահված սահմանը կամ պետական կառույցը…

Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ով նույնպես եկել էր կատարելու իր պարտքը՝ մայրաքաղաքում զինված բախումներ թույլ չտալու համար:  

Ավելի ուշ՝ օգոստոսի 13-ին մահացավ նաեւ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների ու «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ծանր վիրավորում էր ստացել:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո զինված խումբը ոստիկանական բազայում պատանդ էր վերցրել փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երեւանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանին, ովքեր գնացել էին բանակցելու, ինչպես նաեւ բազայում գտնվող  6 ոստիկանի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինված խմբի մոտ պատանդի կարգավիճակում պահվում է 3 բուժաշխատող, ովքեր գնացել էին օգնություն ցուցաբերելու: Խմբավորման անդամները հետո հայտարարեցին, թե բժիշկներից ոչ մեկին պատանդ չեն պահում՝ ընդամենը նպատակն այն է, որ այնտեղ բժշկական ներկայությունը լինի տեւական ու հերթափոխով:

Այս խմբավորման պահանջն էր, որպեսզի գործող իշխանությունները հրաժարական տան, եւ իշխանությունը փոխանցվի «վստահության կառավարությանը» (թե ովքեր էին այդ կառավարության անդամները՝ հայտնի չէր): Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության ուժերի կողմից ՊՊԾ գնդի տարածքը շրջափակելուց հետո ստեղծվեց պատային վիճակ, քանի որ իրավապահները պահանջում էին ցած դնել զենքը ու հանձնվել: Իսկ խմբավորման արարքը պաշտոնական հայտարարություններում որակվեց որպես ահաբեկչություն:

Ի վերջո, բանակցությունների արդյունքում մամուլի կետ բացվեց, եւ ՊՊԾ գնդի տարածքից պատանդառված ոստիկաններն ազատ արձակվեցին: Բանակցությունները վարեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Հուլիսի 17-ից մինչեւ զինված խմբի հանձնվելու մասին որոշումը՝ հուլիսի 31-ը, ՊՊԾ գնդի հարեւանությամբ, մասնավորապես՝ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում իրավիճակը բավականին լարված էր, քանի որ խմբավորմանն աջակցող ցուցարարների, ուղղակի քաղաքացիների, ովքեր պարզապես չէին ուզում արյունահեղություն, եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջեւ մերթընդմերթ բախումներ էին տեղի ունենում: Ամենացավալի բախումը տեղի ունեցավ հուլիսի 29-ի գիշերը: Ոստիկանների գործողությունների արդյունքում եւ կիրառած «հատուկ միջոցների» պատճառով վիրավորվեցին ու վնասվածքներ ստացան հարյուրավոր քաղաքացիներ, բերման ենթարկվեց 165 քաղաքացի: Ոստիկանների կողմից հատուկ ու նպատակաուղղված ծեծի ենթարկվեցին նաեւ լրագրողներ, վիրավորվեցին կիրառած հատուկ միջոցներից: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ լրագրողների ու քաղաքացիների դեմ բռնություն կիրառած մարդկանցից ձերբակալվել են, բայց նրանցից ոչ մեկի անունը չհրապարակվեց:

Իշխանությունների եւ զինված խմբավորման անդամների միջեւ միջնորդական մի շարք փորձերից հետո, ինչպես նաեւ՝ ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված դժվարին իրավիճակով պայմանավորված՝ հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբավորումը որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը: Այժմ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնում է 32 հոգի: Դատավարությունն ընթանում է արտագնա նիստերով՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկ տարի անց ավելի քան 20 հազար մարդ այցելեց ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը:

Սպանված ոտիկանների հիշատակն հավերժացնող «Պատիվ ունեմ» հուշակոթողին  ծաղիկներ դնելու էին եկել ոչ միայն ոստիկանների հարազատները, այլ նաեւ բազմահազար քաղաքացիներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, ոստիկանության համակարգի աշխատակիցներ։

ՊՊԾ գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին ծաղիկներ դրեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ։ Հիշատակի միջոցառմանը ներկա էր նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Նկատենք, որ զուգահեռ Երեւանում ընթանում էր նաեւ զինյալ խմբի աջակիցների հավաքը երթը, որին ներկա էին ընդամենը 200 հոգի, որ պարբերաբար բացականչում էին «Սասնա ծռեր»…

Նման մի քանի խումբ էլ սփյուռքում կա, ինչպես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Իրենց «Հայկական Վերածնունդ» համարող (փաստորեն, փրկիչների մի խումբ էլ սա է) սփյուռքյան կազմակերպության անդամներն այդ օրը ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն մեկ տարի առաջ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների, որի ընթացքում այրել են ՀՀ պաշտոնյաների նկարներ:…

Դատավարությունն ընթացքի մեջ է, ուստի մենք դեռ զերծ կմնանք որակումներ տալուց, իսկ որոշակի դիտարկումներ կանենք, երբ դատավարության ընթացքը կանոնավորվի եւ անիմաստ գոռգոռոցներին փոխարինի հստակ հարց ու պատասխանը…

Իսկ այսօր այն հարցը՝ «Սասնա ծռեր». հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ, իրականում այլ պատասխաններ է ստանում, քան մեկ տարի առաջ: Այդ օրը ազգային անվտանգության ծառայության (ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը համոզված նշեց, որ այսօր իր բազմահազար ներկայությամբ հայ հասարակությունն ապացուցում է, որ չի հանդուժել եւ չի հանդուրժելու զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու վտանգավոր մեթոդը, որը նա ահաբեկչություն անվանեց:

Այն օրը մինչեւ ուշ գիշեր  շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի ՊՊԾ գնդի տարածք: Մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։