Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին – Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի, այն էլ՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու… Հայ-ամերիկյան ներդրումային գործակցություն – Կողմերը վստահ են, որ եղած հարթակներն օգտագործելով՝ կարելի է նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին…

Ռուսական հերթական բլթոց՝ ռազմավարական գործընկերոջ ականջին

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Շնորհավորելով  Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, Վյաչեսլավ Վոլոդինն ասել է. «Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է» եւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն ու կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահը եւս խոսել է մեր երկրների բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է, որ այս տարին «հայ-ռուսական դարավոր հարաբերությունների նորագույն ժամանակներում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ:

Բայց էլ ի՞նչ հայ-ռուսական բարեկամական հանդիպում՝ առանց բլթոցի…

Վերջերս Ռուսաստանում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել այդ երկրում աշխատող հայերի համար:  Այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին:  

Մեր ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը: Ի պատասխան բարձրացրած խնդրի՝ Պետդումայի նախագահը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով ՌԴ-ում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում երկրրում առկա երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից:

Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ Վոլոդինն առաջարկել է Հայաստանում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:

Սա շատ նման է հայտնի ոջիլի մասին անեկդոտի պատմությանը, ինչն արդեն զզվեցնում է ոչ միայն քաղաքականապես… Հայաստանում ռուսական գաղութարարությունը վերականգնելու ամենահեշտ ճանապարհը եղել ու մնում է ռուսական լեզվամտածողության պարտադրանքը (որից դեռ ազատելու ջանքեր ենք անում նոր սերնդի շրջանում անգամ, տան մեծերի խառնալեզվության հետեւանքն է…), ինչը կատարվում է առանց արյունահեղությունների եւ բարեկամության անվան տակ… Եվ ամեն առիթով ավելի քան 98% հայերով բնակեցված Հայաստանին ռուսերենը պետական լեզու պարտադրելն արդեն առկա հակառուսությունը վերջնական ատելության վերածելու ճանապարհն է հարթում մեր երկրում…

Հակադարձելով ռուս պաշտոնյաի առաջարկին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: Մեր խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը: Քննարկումների արդյունքում Վոլոդինը երեւի թե չնահանջելով նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային:

Կարծում եմ՝ լուծումներից մեկը կարող է լինել այն օրինակը, որ Հայաստան այցելող բոլոր ռուսաստանցի զբոսաշրջիկները պիտի հայերեն խոսել իմանան (գրել-կարդալը հետագայի հարց է), որպեսզի Հայաստանն իր փոքր բյուջեից մեծ ծախսեր չանի ռուսախոս զբոսավարներ ունենալու համար: Եվ տրամաբանակա՞ն է, որ այս պահանջից ելնելով՝ հայերենը պիտի Ռուսաստանում դառնա պետական ու պաշտոնական լեզու, որովհետեւ հարյուր հազարավոր ռուսաստանցիներ հայերեն սովորելուց հետո հաստատ կցանկանան պաշտպանել հայերենի իրավունքները Ռուսաստանում…

Երեւի թե՝ Վյաչեսլավ Վոլոդինն էլ այս հարցը կբարձրացնի ՌԴ ԴԺ Պետական դումայում:

Անի Մարության

Հայ-ամերիկյան ներդրումային գործակցություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ:

Վարչապետը նշել է, որ այս տարի մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է, եւ դա լավ առիթ է մեր համատեղ անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու համար: Արժեւորվել է ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը, ինչը համատեղ ջանքերով շարունակական է եւ զարգանալու միտում ունի: ԱՄՆ-ն ՀՀ-ի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, որ համագործակցում է էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Առաջխաղացման համար կան լավ հարթակներ՝ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը եւ Ներդրումների ու առեւտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ:

Կողմերը վստահ են, որ այս հարթակներն օգտագործելով՝ կարելի է նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն դերակատարությունը, որը ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Վարչապետն օգտվելով առիթից՝ շնորհավորել է նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր ավելի քան 1,5 մլն. հայրենակիցներին ու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են մեր երկու երկրների բարեկամության ամրապնդմանը եւ մեծ ավանդ ունեն այդ գործում:

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։