Մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի… Արցախը նախագահ ընտրեց՝ ի հեճուկս Ադրբեջանի – Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի նախագահ… Հայաստանը շարունակում է օգնել Սիրիային – Դամասկոսում տեղի է ունեցել մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը…

Բանաձեւ՝ ընդդեմ Ադրբեջանի

ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն աջակցել է բանաձեւի նախագիծը, որը քննադատում է Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում մարդու իրավունքների եւ ազատությանն առնչվող վիճակը:

Նստաշրջանը տեղի է ունեցել Մինսկում: Հակաադրբեջանական բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 31, դեմ՝ 17 պատվիրակներ, 17-ը ձեռնպահ են մնացել:

Արեւելյան Եվրոպայում իրադրության շուրջ բանաձեւի նախագծում անհանգստություն են հայտնել «ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական խախտման, ինչպես նաեւ քաղաքական, քաղաքացիական հասարակության, լրագրողների, ազատության պաշտպանների եւ Ռուսաստանում, Բելառուսում ու Ադրբեջանում ընդդիմության ծանր դրության հետ կապված»:

Բանաձեւի հեղինակն է շվեդ պատգամավոր Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը: Դեմ են եղել միայն Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները: Քննադատելով փաստաթուղթը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել օբյեկտիվ վերլուծություն անել եւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում ուշադրությունը չկենտրոնացնել մի քանի պետության վրա: Նրան աջակցել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ նշելով, որ Արեւելյան Եվրոպան միայն 3 երկրից բաղկացած չէ:

Քրիստիան Հոլմ-Բարենֆելդն ի պատասխան ասել է, որ խոսքը այդ երկրներում ժողովրդավարության խնդիրներին է առնչվում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:  

Արցախը նախագահ ընտրեց՝ ի հեճուկս Ադրբեջանի

Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ

Արցախի նախագահի ընտրություններում 2 թեկնածու էր առաջադրվել: Արցախի ԱԺ «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել էր խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ Մյուս երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները (միացել է նաեւ խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը) առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: «Վերածնունդ» խմբակցությունը չէր առաջադրել:

Իսկ Ադրբեջանում հիստերիայի հերթական պոռթկումն էր՝ Արցախում նախագահի ընտրության համապատկերին: Այս անգամ իրեն չի զսպել ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: «Ադրբեջանի տարածքներում» նախագահական ընտրությունների անցկացումը հերթական քաղաքական սադրանքն է»,- հայտարարել է նա:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ռեժիմի կողմից 2015-ի մայիսի 3-ին խորհրդարանի ընտրությունների անցկացումը եւ 2017-ի փետրվարի 20-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժված են եւ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվում:

Անօրինական խորհրդարանում անօրինական նախագահական ընտրությունների անցկացումն ինքնախաբեություն է: Բոլորին հայտնի է, անօրինական ռեժիմի քրեական ղեկավարությանը եւ խորհրդարանի անդամներին նշանակում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ միայն խամաճիկի գործառույթ են իրականացնում»,- ասել է այս ադրբեջանական հերթական լամուկը:

Իսկ հուլիսի 19-ին Արցախում կայացան նաեւ նախագահական ընտրությունները: Համաձայն նոր ընդունված Սահմանադրության՝ առաջիկա 3 տարվա համար ԱԺ խմբակցությունների առաջարկով երկրի նախագահ ընտրելու է ԱԺ-ն: Եվ ԱԺ հատուկ նիստում 28 կողմ (ընտրվելու համար բավարար էր՝ 21) ձայնով Բակո Սահակյանն ընտրեց հանրապետության նախագահի պաշտոնում՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:

Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն: 33 պատգամավորներից ներկա էին 32-ը: «Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:

Նշենք, որ Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020թ., որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Վահագն Նանյան

Հ.Գ. - Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի վերընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:

Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն էլ հանդիպումներ կունենան Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:

Հայաստանը շարունակում է օգնել Սիրիային

Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:

Հուլիսի 14-ին Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ Սիրիայում մեր երկրի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը՝ մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:

Այս անգամ եւս պատերազմից տուժած ավելի քան 100 ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ ու գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:

Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր է գնահատել Սիրիա-Հայաստան բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում Հայաստանի դեսպանության եւ հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:

Սիրիա մարդասիրական օգնություն առաքվում է ինչպես սիրիահայերի, այնպես էլ այդ բարեկամ երկրի մյուս բնակիչների համար: Օգնության մի մասը հատկացվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին:

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։