Հայաստանը կայացած պետություն է, կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին – Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք… Թերությունները չկոծկելը՝ բանակը զորացնելու միջոց… Հայկական բանակն է խաղաղության կարեւոր գործոնը… Իսկ բանակի վարկաբեկումը՝ անիմաստ զբաղմունք… Երբ դաշնակիցն է զենք վաճառողը թշնամուդ… ՀԱՊԿ-ն երբեւէ չի՞ հակասել մեր շահերին… Ալիեւի հետ՝ անիմաստ ու անաշխատանք հանդիպում… Ցածր նշաձողը տեղաշարժի չի բերի… Խորհրդարանականը կա, բայց անձն է շատ բան որոշում…

Պատմական փորձը՝ ազգային ծրագրահենք

Համաշխարհային քաղաքականության վայրիվերումների կամ տարածաշրջանային իրավիճակի սրացումների ժամանակ, տարբեր երկրների ղեկավարները կամ այլ պատասխանատու անձինք, հիմնականում  հարցազրույցների ձեւով ներկայացնում են իրենց պետության տեսակետները առաջնային հարցերի մասին, միաժամանակ ասում են բաներ, որոնք ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունեն, քան տվյալ պահից են թելադրված: Նույնն է անում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով արդեն քանիցս նշված ձեւով ներկայացրել է ոչ միայն մեր երկրի տեսակետները, այլեւ՝ կտրուկ հասկացրել է միջազգային հանրությանը կամ մեր հակառակորդներին, որ Հայաստանն այլեւս կայացած պետություն է, որ կանգնած է իր ազգային եւ պետական շահերի թիկունքին:

Հաճախ են մեր նախագահները կարեւորագույն ազգային ու միջազգային ասելիքն ասել՝ մարզային իբր հերթական այցի ժամանակ, սա էլ ընդունված ձեւ է… Օրերս Սերժ Սարգսյանը կրկին ընդգրկուն մի հարցազրույց տվեց, որտեղ բազմաթիվ հարցեր ստացան ազդեցիկ ու վերջնական պատասխաններ: Իսկ դրանք անչափ կարեւոր են մեր ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը ապահովելու եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:

Գոտեպնդող է, որ Սերժ Սարգսյանը կարողանում է կարեւոր արտաքին հարցերի նկատմամբ հետեւողականություն դրսեւորել ու մեր հակառակորդներին, որոշ առումներով՝ նաեւ թշնամիներին հասկացնել, որ Հայաստանի հետ սադրանքներն ու ընդհարումները առանց պատասխանի չեն մնալու, ավելին՝ մեր զինուժը ոչ միայն համարաժեք, այլեւ անիրավաչափ պատասխաններ կտա՝ ըստ իրավիճակի թելադրման:  

Հայկական բանակը կայացած եւ համաչափ զարգացող կառույց է, որի վրա էլ հիմնվում է Հայաստանի պաշտպանական համակարգը: Եվ մեր նախագահը նույնպես նշում է, որ ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Մենք համոզվել ենք, որ Ռուսաստանը երբեք չի կարող վստահելի գործընկեր ու դաշնակից լինել, առավել եւս երբ խոսքը մեր թշնամիների՝ թուրքերի ու ադրբեջանցիների շահերին է վերաբերում: Ռուս-թուրքական դաշինքը, անկախ տվյալ իրավիճակից, թե որ երկիրը որ համաշխարհային բեւեռում է գտնվում, միշտ կարողանում է միատեղվել, երբ խոսքը Հայաստանի ու հայության դեմ գործելն է լինում… Հատկապես Լենին-Աթաթուրք կապից (բոլշեւիկա-թուրքա-մասոնական) դա  հետո դարձել է գործող նորմ… 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, որտեղ Հայաստանի ու հայության շահերն են ոտնահարված նաեւ, վերջերս վերահաստատվեց Մոսկվայում, մինչդեռ անգամ Ռուսաստանում շատերն էին կարծում, թե եկել է պահը հայ-ռուսական բարեկամության ցուցադրության եւ չերկարացնելով պայմանագիրը՝ Մոսկվան զարկ կտա Սեւրի դաշնագրի արծարծմանը, արդիական կդառնա նաեւ այդ ժամանակների ԱՄՆ-ի նախագահ Ուիլսոնի քարտեզը, որտեղ Հայաստանը տարածքային իրավական պահանջներ ունի ներկայիս Թուրքիայից:

Մի խոսքով՝ Թուրքիայի (նաեւ Ադրբեջանի) մասնատման մասին էին խոսում արդեն, ինչը Արեւմտյան Հայաստանի տարածքում կդադարեցներ նաեւ երբեւէ չգոյ Քուրդիստան ստեղծելու մարմաջը… Արցախի խնդրին զուգահեռ կարող էր քննարկվել նաեւ՝ Նախիջեւանի հայապատկան լինելու հարցը, հատկապես, որ այդ հակահայ ռուս-թուրքական պայմանագրի համաձայն անգամ, Նախիջեւանը չի կարող լինել Ադրբեջանի կազմում…

Բայց ինչպես տեսանք՝ Մոսկվան Անկարայի հետ պայմանագիրը երկարաձգեց, ու ռուս-թուրքական բարեկամությունը շարունակեց հարյուրամյակների հակահայ քաղաքական գիծը:

ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ռուս (կամ՝ սլավոնա (Ռուսաստան, Բելառուս)) -թուրքական (Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան) կառույցները, ինչպես «Լուսանցք»-ն է ներկայացրել վերլուծություններում, նույնպես շարունակում են իրենց բարեկամ եւ գործընկեր Հայաստանի նկատմամբ կիրառել լենինա-աթաթուրքյան քաղաքականությունը: Եվ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունների կամ հակասությունների ժամանակ ՀԱՊԿ-ն, որ հավաքական անվտանգության եւ պաշտպանության պայմանագրային կազմակերպություն է, պաշտպանում է ոչ թե հայկական կողմի շահերը, այլ՝ թուրքական կամ ադրբեջանական… Եթե սրանց էլ չի պաշտպանում, ապա գոնե հավասարության նշան է դնում գործընկեր Հայաստանի եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու հակառուս Ադրբեջանի միջեւ… Սա մեկ անգամ չէ, որ նկատվել է եւ միանշանակ օրինաչափություն է, ոչ թե պատահականություն:

Դառնալով երկրի նախագահի խոսքին՝ նշենք, որ ըստ նրա՝ «Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է (բացելով փակագծերը՝ հասկանանք, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ Արցախը (իմա՝ Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհը ի վերուստ հայերի բնօրրան է նշել, ինչը հանգեցնելու է մեր արարչական բնօրրանի եւ աստվածային հայրենիքի մասին հնչեցմանը), միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է եւ այն պետք է իրացվի»: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ինչ երաշխիք կարող է լինել, որ ԼՂ խնդրի քաղաքական լուծման պարագայում պայմանները պահպանվելու են. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»:

Եվ նախագահի խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: «Ով որ կարծում է, որ «Իսկանդեր»-ը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է «Իսկանդեր»-ը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Վերոնշյալ հարցազրույցի ընթացքում այն հարցին, թե ի՞նչ գործոնների դեպքում եւ ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը, նախագահը պատասխանեց. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները: Պարտադրված եմ պատասխանել մի հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում»…

Այն, որ ոմանք պնդում են, թե Հայաստանի ղեկավարը չի կարող «Իսկանդեր»-ը արձակելու հրաման տալ, եթե Ռուսաստանի նախագահը թույլ չտա, պարզապես ծիծաղելի տեսակետ է:

Եթե Հայաստանին վտանգ սպառնա կործանարար, ապա Հայաստանը ոչ միայն «Իսկանդեր»-ը Բաքվի վրա արձակելու հրաման կտա…

Ամենավատ ծավալումների դեպքում (հեռու մեզանից իհարկե) ազգն այլեւս որոշել է՝ երբե՛ք չի ցեղասպանվելու՝ մենք այլ զենքեր էլ ունենք, օրինակ՝ ատոմակայանը, որ նաեւ մեր քաղաքական անկախության երաշխավորն է… Եթե աշխարհն այս անգամ էլ որոշի աչքերը փակել եւ մեզ անդունդը գլորել, ապա պիտի քաջ գիտակցի, որ հուսահատ կործանվողը իր հետեւից շատերին է այդ նույն անդունդը քարշ տալու: Սա, իհարկե, համարենք հոռետեսական սցենար եւ վերջին ելք՝ իբրեւ պատասխան Հայաստանը կործանված տեսնողների երազանքի: Իսկ իրատեսական սցենարով մենք այլեւս նախանշել ենք մեր ուղին, եւ դա Հաղթանակի ուղին է:

Թերությունները չկոծկելը՝ բանակը զորացնելու միջոց

Ինչ մնում է մեր բանակին, ապա կասենք, որ այն բավարար զենք ու զինամթերք ունի, որպեսզի լուծի իր առջեւ դրված խնդիրները, նաեւ առանց «Իսկանդեր»-ի գործածման, հայ զինվորների աննկուն նվիրվածության ու անձնազոհության շնորհիվ: Իզուր չէ, որ համազգային սերը բանակին ուղղված՝ առաջադրել է ազգ-բանակի գաղափարը:…

«Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է եւ որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը»,- պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում «Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանն ասել է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: «Առաջ քաշված ծրագրերը եւ դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետեւողականորեն իրականացնում ենք Հայաստանի զինված ուժերի զարգացման ու ամրապնդման քաղաքականությունը: «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք վաղուց կային, բայց կարծում եմ՝ նոր են եւ տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը»,-նշել է նախագահը:

Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարեւոր խթան: Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ: Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, եւ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ու շատ երկրների: Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է: Հատկապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով այժմ նոր հնարավորություններ են ստեղծում մեր երիտասարդության համար: Առաջարկված լուծումները ճկուն են ու երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կրթական աճը խրախուսելը եւ նրանց ապագան Հայաստանի հետ կապելը: Առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու:

Փաստորեն, մեր բանակի միջոցով ստեղծվում են նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, մեր հանրության նվիրյալներ: Եվ այդ նոր սերունդը ծնվում ու կոփվում է հենց ծառայության մեջ: Նրանք մշտապես մնալու են պետության ուշադրության կենտրոնում եւ արժանանալու են մեր հատուկ հոգատարությանը:

Իրոք, մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաեւ փա՛ռք մեր ժողովրդին, որ, իր բերանից կտրելով, հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը: «Մեր կառույցները՝ այսպես կոչված «ուժային» կառույցները մշտապես կարող են գայթակղություն ունենալ, որ իրենց բոլոր աշխատանքները, իրենց գործունեությունը գաղտնագրեն, գաղտնիության շղարշով պատվեն: Իհարկե, զուտ ռազմավարական ծրագրերի առումով միգուցե անհրաժեշտություն կա այս կառույցներում ունենալ գաղտնապահության այդպիսի ռեժիմ, սակայն ամեն ինչ գաղտնիության շղարշով պատելը հաճախ կարող է թերությունները կոծկելու եւ լայն հասարակությունից խնդիրներն ու թերությունները թաքցնելու հարմար պատրվակ լինել: Ես կարծում եմ, որ մենք այդ գայթակղությունը հաղթահարել ենք եւ մերժել ենք վաղուց ու փորձում ենք մեր բանակի խնդիրները, հարցերը հասու դարձնել մեր հասարակությանը, որովհետեւ ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը, իսկ նման ստերի բացահայտումը միշտ կարող է հիասթափության մեծ աղբյուր դառնալ հասարակության համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Այո, ողջունելի է, երբ պետությունը որդեգրել է բոլոր հարցերը բարձրաձայնելու եւ անկեղծորեն քննարկելու քաղաքականությունը: Քննարկումն այս պարագայում, իհարկե, ինքնանպատակ չէ՝ այդ խնդիրները բացահայտելու եւ լուծելու միջոց է: Փորձն ապացուցում է, որ քննարկումները, որպես կանոն, հանգեցնում են արդյունավետ լուծումների: Այս ոճն ամբողջությամբ արտացոլում է մեր ազգի ու ժողովրդի ազատության ոգին, եւ, որ այդ ոգին ու համարձակությունը հայրենիքի պաշտպանությանը նպաստող ամենակարեւոր խթաններից են: «Իհարկե, որեւէ կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է,- շեշտել է նախագահը, ինչպես մեր, այնպես էլ օտարների համար, ապա հավելել,-  ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, եւ բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջեւ»:

Հետո երկրի ղեկավարն անդրադարձել է Գերմանիայում տված իր հացարզույցին, որում նա ասել էր, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով: «Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, եւ երկրորդ՝ որովհետեւ աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական եւ ոչ էլ որեւէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետեւ որեւէ բանակ, որեւէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք ու զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները, եւ դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները»:

Ըստ մեր երկրի ղեկավարի, այսօր մեր բանակն ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, այլ ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք ու զինամթերք, որպեսզի լուծի իր առջեւ դրված խնդիրները: «Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ եւ խիզախությամբ,- շարունակել է նա,- Բազմիցս շատ մարդիկ ասել են, եւ հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են եւ հիմա էլ կարող են դա պնդել: Բավականաչափ քանակի եւ որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում»:

Հայկական բանակն է խաղաղության կարեւոր գործոնը

«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ, թե հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես եւ հետեւություններ անես։ Որովհետեւ հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսեւորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում եւ ինչ ձեւով է օգտագործում, եւ փորձես գտնել դրա հակաթույնը»,- խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը խորհուրդ է տվել իրենց քաղաքագետ կոչողներին, որ պետք է շատ լավ հասկանան, թե իր խոսքը որ լսարանում է հնչում եւ ինչ նպատակով է հնչում։ Երբ ասվում է, որ կար ժամանակ, որ մենք չունեինք որոշ զինատեսակներ, իսկ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել, դա եւս պետք է պարզ հասկանալ։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա եւ այլն։

Իհարկե, գաղտնիք չէ։ Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ ինքը 2 տարում կամ 5 տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետեւ դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տեւական ժամանակ է պետք։  Մենք եւ այն ժամանակ եւ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:

Իսկ Սերժ Սարգսյանի խոսքի, այդ թվում նաեւ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հատվածն ուներ իր հստակ շեշտադրումները՝ անվտանգային բաղադրիչի, Հայաստանի արտաքին գերակա ուղղությունների եւ համագործակցային հնարավորությունների վերաբերյալ։ «Երկրի ղեկավարի խոսքի մյուս հատվածը, որի վրա կարելի է ուշադրություն դարձնել, Հայաստանի ներքին անվտանգային տարրի ուժեղացմանը վերաբերող հատվածն է։ Խոսքը, մասնավորապես, հանրության եւ բանակի միջեւ առկա կապի մասին է։ Բնականաբար, երկրի ղեկավարի խոսքում շեշտադրում կար հայ-ռուսական համագործակցության, ներքաղաքական, տնտեսական զարգացումներին մասով»,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Նախագահի ելույթն ուղղված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին, սակայն հատկապես մի քանի շեշտադրումներ միանշանակորեն ուղղված էին արտաքին լսարանին՝ այն ակնկալիքով, որ արտաքին լսարանը կարձագանքի խնդիրներին ու հարցադրումներին, որոնք շարադրված էին վերոնշյալ ելույթում։ Խոսքը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մի շարք այլ դերակատարներին հասցեագրված ուղերձների մասին է:

Շեշտադրումներ կան նաեւ հայկական բանակի դերն ու նշանակությունը իրապես գնահատելու եւ արժեւորելու առումով: Հայական բանակն է կարեւոր գործոն այսօր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար: Սա պետք է ընկալեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում:

Իսկ բանակի վարկաբեկումը՝ անիմաստ զբաղմունք

Տարբեր երկրներում դեռ փորձեր կլինեն հայկական զինուժի վարկաբեկմանն ուղղված, իսկ դիցուկ՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության առջեւ ադրբեջանցիների կազմակերպած ցույցը ձախողվեց միանշանակ: Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորել են հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով,  ամբողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաեւ «Մարդկային վահանի ետեւում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիեւին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը՝ «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրեւ մարդկային վահան» եւ այլն։

Ըստ աղբյուրի, ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարին ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաեւ Արամ Խաչատրյան ու System of a Down:

Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ասել է. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի մեր դեսպանատան առջեւ։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների՝ միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձեւավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի՝ սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ, ըստ էության, ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Իսկ այն, որ մեր բանակը շարունակում է մնալ պատրաստվածության բարձր մակարդակի վրա, հավաստում է երկրի ղեկավարը: «Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը… Որեւէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում  էին 20 տարի առաջ՝ եւ՛ քանակական առումով, եւ՛ որակական առումով»:

Խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին՝ նախագահը նշել է. «Մենք  քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լինեն ապահով ու անվտանգ, անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից, պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ:

Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաեւ հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարեւորվի: Ուզում ենք, որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն եւ ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»:

Երբ դաշնակիցն է զենք վաճառողը թշնամուդ

«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է,- ասել է Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին,- այդ հարցն, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, եւ միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռեւս որեւէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետեւանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետեւանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ տեսակետներին, ապա նա նշել է, որ  «դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։

«Երբ ասում են՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ են ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք թշնամանում ենք, ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, եւ մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,- հարցին հարցով է պատասխանել Հայաստանի նախագահը՝ այդ մոտեցնումն անհեռատեսական համարելով։

Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաեւ համագործակցելով գործընկերների հետ։ Եվ տեղին է կրկնել նախագահի այն խոսքը, որ ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է:

ՀԱՊԿ-ն երբեւէ չի՞ հակասել մեր շահերին

«ՀԱՊԿ-ը եւ նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձագանքել են շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետեւ, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է եւ ոչ թե հայկական բանակը»,- արձագանքելով այն դիտարկմանը, թե ընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ասել է նախագահը:

Նրա գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ, պիտի ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները: «Անցյալ տարի Երեւանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք եւ նայեք, թե ինչպիսիս բանաձեւ է ընդունել այդ գագաթաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարեւոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարեւորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբեւէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Կարծում ենք՝ արտաքին լսարանին ուղղված այս խոսքերը թերեւս մի փոքրիկ բաց ունեն, քանի որ, նույն արտաքին լսարանում շատ լավ նկատում են, որ համաթուրքական դաշինքի անդամները՝ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը առավելապես Ադրբեջանի շահերն են պաշտպանում, երբեմն էլ հավասարության նշան են դնում ՀԱՊԿ-ական Հայաստանի եւ ոչ ՀԱՊԿ-ական Ադրբեջանի վրա, երբեմն էլ անգամ ՆԱՏՕ-ական Թուրքիայի… Վերջին ժամանակներս այդպիսի գործելաոճ էին ընդունել նաեւ Բելառուսի ղեկավարները:

Օրերս էլ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳՆ-ների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։ Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկել են ՀԱՊԿ խորհրդի 2016թ. երեւանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Այս հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին ու դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետեւանքով իրավիճակի սրմանը։

Ներկայացվել է նաեւ Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, մեր երկրում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջեւ համագործակցության շուրջ։

Ալիեւի հետ՝ անիմաստ ու անաշխատանք հանդիպում

Հայաստանի նախագահը նշել է, որ իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնակական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ ՄԽ համանախագահների այցի ընթացքում. «Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետեւյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետեւ այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկների մասին դիրքորոշում: Այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որեւէ հանդիպման եւ մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, ու այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»:

Չնայած վերջին բարձր մակարդակի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, որ անիմաստ է այլեւս հանդիպել մի մարդու հետ, ով պատասխանատու հանդիպումներից առաջ եւ հետո միանգամից խախախտում է պայմանավորվածությունները, անգամ դա անում է հենց հանդիպման ընթացքում…

Ցածր նշաձողը տեղաշարժի չի բերի

Հայկական զինուժի զարգացումն անհնար է առանց տնտեսական զարգացման եւ, իհարկե, պետք է խոսել նաեւ տնտեսական առաջընթացի եւ հեռակա ծրագրերի մասին եւս: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը: Նա լավատես է. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է ու այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, գործընթացների հետ, չենք կարող կանխատեսել բոլորի ընթացքը, սակայն կարվի ամեն բան դրանց իրականացմանն ուղղված»:

Ըստ նախագահի, այսօր մենք եւ շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում է՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող գործընթացների ու թվերի վրա: Նախագահը համաձայն է, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իր ասածն ուրիշ է՝ նա տեսնում է դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Տեսնում է ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման:

Այս համապատկերում նախագահը խոսել է նաեւ նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականություն դարձրած ցուցանիշների մասին:

Իսկ թե ո՞րն է երաշխիքը, որ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է.  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որեւէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք լսել եք ուրիշներից, չեք ուսումնասիրել, զետեղված են կառավարության՝ 2013թ. ծրագրում, որը հաստատել է ԱԺ-ն: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են…»: Իսկ այն, որ 6-7% տնտեսական աճ էր խոստացվել, 3.5% է ստացվել, նախագահը մտածում է այսպես. «Իրականում խոստացվել է 5-7%, բայց եղել է 3%: Դրա համար էլ կառավարություններ են նաեւ փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2% ենք աճելու, աճեինք 3% եւ ուսներս ծեծելով ասեինք՝ տեսեք, ավելին արեցինք: Հաջորդը՝ իմ ելույթը հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչեւ ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջեւ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե՞ պետք է նշաձող դնել, որին ձգտել հասնել է պետք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2%-ը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել ու հասնել»:

Խորհրդարանականը կա, բայց անձն է շատ բան որոշում

Բոլորն են հասկանում, որ խորհրդարանական երկրում առաջին դեմքն այլեւս վարչապետն է: Վարչապետն է որոշելու տնտեսության եւ, հետեւաբար, երկրի զարգացման ուղին: Այդ իսկ պատճառով է հույժ կարեւոր՝ ով է լինելու մեր վարչապետը 2018թ. հետո:

«Ես բազաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռեւս շատ ժամանակ կա..,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով,- մեր երկրում եղել է քաղաքական գործընթաց՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին ու չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է… Մի՞թե էական է, ես կլինեմ վարչապետը, թե՞ ոչ»…

Էականն այն է, որ անձից է, այո, շատ բան է կախված…

Արման Դավթյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։