Բաքուն գիտի, որ կորցրել է Արցախը – Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած այլ համապետական միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում… Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի բոլոր առումներով զարգացումները…

Հուլիսի 19-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում։ Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի իրավական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մնացյալ բոլոր զարգացումները:

Հիմա էլ օրինակ են բերում, թե միջազգային հանրությունը չի ճանարել Արցախի խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական բարեփոխումները, ուրեմնեւ՝ չի ճանաչելու նախագահի ընտրությունը… Էհ, դե լավ ձեզ համար, էլ ինչու՞ եք խառնվել, ինչու՞ եք Ստեփանակերտի ամեն մի համապետական կարեւոր քայլից հետո Բաքվում դեմ գնում դրան, ապա հղում անում միջազգային հանրությանը:

Պարզից էլ պարզ է՝ Արցախը չճանաչված պետություն է, բայց եվրոպական ու այլ դիտորդների գնահատմամբ՝ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը: Այսինքն՝ դե ֆակտո չճանաչված Արցախը դե յուրե գործում է որպես ինքնուրույն պետություն, եւ անգամ գնահատականներ են տրվում այդ նույն միջազգային հանրության կողմից այնտեղ կատարվող իրավական ու քաղաքական գործընթացներին: Եվ ավելի ժողովրդավարական են ճանաչվում, իսկ Ադրբեջանը հետզհետե համեմատվում է սուլթանական մի երկրի, որի գլխավոր սուլթան Իլհամ Ալիեւը իր տեղակալ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային: Իսկ նրանց որդին եւ դուստրը արդեն նախապատրաստական դասընթացներ են անցնում ներպալատական խարդավանքներին լավագույնս տիրապետելու համար:  

Ադրբեջանի նախագահը միաժամանակ ամեն ջանք գործադրում է, որ իր ավագ եղբայր եւ գերագույն սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանից հնարավորինս հետ չմնա, բարեկամական կապեր է հաստատում իսրայելական ու սաուդական բարձրաստիճան շրջանակների հետ, եւ Ադրբեջանն էլ տանում է Թուրքիայի նախագծած համաթուրանականության եւ համաիսլամականության ճանապարհով…

Դառնալով Արցախի խնդրին՝ նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրություններն անվանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը խափանելու փորձ, ինչը եւս չի դիմանում այն համեմատությանը, թե ինչպես են խոչընդոտում համանախագահներին Բաքվից:

Յուրաքանչյուր փորձ, որ համանախագահները ձեռնարկում են խաղաղությունը երկարաձգելու եւ բանակցությունները վերջնական կետին մոտեցնելու համար, միանգամից ձախողվում է ադրբեջանական սահմանային սադրանքներով: Այդպես են վարվում նաեւ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն են հանդիպում կամ՝ որ ավելի վատ է՝ նախագահները… Ինչպես կարող է Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը շարունակել հանդիպումը հարեւան համարվող երկրի գործընկեր կոչվածի հետ, երբ դիրքերում վիրավորվում կամ զոհվում են հայ զինվորները՝ հենց այդ նույն պահին…

Եթե սրան էլ հավելենք Բաքվի դավադիր համագործակցությունը «Իսլամական պետության» հետ, ադրբեջանական միջազգային կաշառակերության անասանելի չափերը եւ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները սեփական երկրում՝ սեփական ժողովրդի դեմ, ապա խիստ հարցական է մնում՝ թե ով է մեղավոր համանախագահների աշխատանքները խոչընդոտելու մեջ: Էլ չասենք, որ քանիցս մերժվել է ԵԱՀԿ ՄԽ մշտադիտարկումների անցկացումն ադրբեջանական կողմից...

Իսկ միջազգային դիտորդների կողմից ճանաչված (թե արեւմտյան, թե ռուսաստանյան) ազատ, արդար, թափանցիկ ու մրցունակ ընտրությունները Արցախում երբեք չեն կարող խանգարող լինել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներն իրականացնելու համար: Ավելին՝ ընտրություններն Արցախում միջազգային քաղաքական գործընթացների անբաժան մաս են կազմում: Միտված են ժողովրդավարական ճանապարհով հանրապետության հանրային կյանքի կազմակերպմանն ու իշխանության մարմինների ձեւավորմանը։ Իսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը միայն դրական արձագանքներ են ստանում պաշտոնական Ստեփանակերտի կողմից:

Ուրեմն՝ Արցախի քաղաքական գործընթացներին Ադրբեջանի բացասական արձագանքը պայմանավորված է ոչ թե այն մտահոգությամբ, թե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խոչընդոտվում են, այլ այն բանով, որ Բաքուն ավելի ու ավելի է հեռանում Արցախից, արդեն ոչ միայն պատմական ու իրավական տեսանկյունից, այլեւ միջազգային հանրության ընդունած ժողովրդավարական արժեքների համեմատական

տեսանկյունից: Այն միջազգային հանրության, որին Բաքուն օրինակ է բերում, թե չի ճանաչել Արցախի անխակությունը…

Ակնհայտ է, որ Արցախի պետականության անշրջելիությունը նյարդայնացնում է թյուրքական բոլոր շերտերին, ինչը ջղաձգումները կհասցնի այնպիսի հիստերիայի, որ կմնա միայն իրացնել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վավերացումը, քանի որ Արցախի անկախության ճանաչումն արդեն թույլ կդիտարկվի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։