Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Մարզախաղեր՝ ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին… Հայ մարզիկների մեդալները՝ սուրդլիմպիկ խաղերում… Հայ պատանիները՝ Օլիմպիական փառատոնում… Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում… Մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը… 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ռուսների «երկաթե մարդը». Ռոբերտ Քոչարյանի որդին… «Պելեն»՝ Հայաստանից… Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստը կխաղան նույն թիմում…Ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի, շաշկիի, աթլետիկայի, մարմնամարզության, բազմամարտի եւ այլ մարզական լուրեր…

Մարզախաղեր՝ ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ներկայացուցիչներին՝ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:

Նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ Հայաստանում կազմակերպվող համահայկական մարզական միջոցառումների շարքում հաստատուն տեղ ունեն նաեւ Համա-ՀՄԸՄ-ական մարզական խաղերը: «Այժմ Երեւանում են հավաքվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնց համար հայրենիքում անցկացրած ժամանակը ոչ միայն մարզական ստուգատես է լինելու, այլ նաեւ կարող է հայրենիքի ճանաչողության եւ հայ հասակակիցների հետ ընկերանալու լավ հնարավորություն դառնալ»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը ու ավելացրել, որ նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ցուցաբերած աջակցության համար: Նա հավելել է, որ նաեւ հայրենի կառավարության աջակցության շնորհիվ է հնարավոր եղել հայրենիքում հավաքել մարզախաղերի շուրջ 1300 մասնակիցներին: «Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, մարզակառույցների ղեկավարները, բոլորը առանց որեւէ խոչընդոտ ստեղծելու օգնում են 10-րդ հոբելյանական մարզախաղերը Հայաստանում հաջողությամբ անցկացնելուն»,- ասել է նա եւ տեղեկացրել, որ այս մարզախաղերը նվիրված են ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին:

Նշենք, որ ՀՄԸՄ.-ական 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրների 21 մասնաճյուղերից: Մասնակիցների տարիքը 14-35 է: Նրանք կմրցեն 9 մարզաձեւերում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, աթլետիկա, սեղանի թենիս, լող եւ շախմատ: Մարզախաղերը, որոնց պաշտոնական մեկնարկը տրվել է հուլիսի 22-ին, կտեւեն մինչեւ հուլիսի 29-ը:

Հայ մարզիկների մեդալները՝ սուրդլիմպիկ խաղերում

Հայաստանի խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում է դարձել բրոնզե մեդալակիր: Մեր միակ ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում էին 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել Է 21-րդ տեղը:

Կայացել է օլիմպիական փառատոնի բացումը – Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացել է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, շքեղ շոուի ընթացքում ներկայացվել են փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը։ Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձեւում:

Հայ պատանիները՝ Օլիմպիական փառատոնում - Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթանում է Եվրոպական օլիմպիական փառատոնը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։ Մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 6 մարզաձեւում։

Հ.Գ. - Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները։ – Մրցումային վերջին օրը թենիսիստ Արթուր Սողոյանին չի հաջողվել քառորդ եզրափակչում հաղթել Լեհաստանի ներկայացուցչին։ Ձյուդոյիստ Սամվել Գեւորգյանն առաջին գոտեմարտում հաղթել է լիտվացի Էդվարդաս Սագալեսին, սակայն երկրորդում զիջել է թուրք Մուհամետ Կոսին եւ դուրս է մնացել հետագա պայքարից։ Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում 52.07 արդյունքով 9-րդն էր։ Նա չի անցել եզրափակիչ, սակայն Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է սահմանել։ Լողի աղջիկների 50 մ ազատ ոճ մրցաձևում Վարսենիկ Մանուչարյանը 28.15 արդյունքով չի հաղթահարել որակավորման փուլը։ Խմբակային մրցավազքում հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես և Հենրիկ Երանոսյաններն անհաջող են հանդես եկել:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում

Աֆրիկյան Կոտ դը Իվուարում ընթացող այս խաղերին մեր մարզական պատվիրակության կազմում հանդես կգան 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ եւ 6 ազատ ոճի ըմբիշ:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) եւ Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ) եւ Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Եվս մեկ՝ արծաթե մեդալ է նվաճել արդեն ազատ ոճի ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը՝ դառնալով խաղերի փոխչեմպիոն:

Հ.Գ. – Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները Ֆրանկոֆոնյան խաղերումԱվարտվեցին Ֆրանկոֆոն 8-րդ խաղերը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Կոտ դ’Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով: Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրեց 8-րդ տեղը: Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց 1 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ, որոնցից 6-ը՝ ազատ ոճի ըմբշամարտում:

Հայաստանը 3 մասնակից կունենա շախմատի աշխարհի գավաթում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց շախմատի 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակիցների նախնական կազմը: Հայաստանն այդ մրցումներում ներկայացված է 3 շախմատիստներով: Նրանք են գրասմայստերներ Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Գավաթի համար պայքար կմղեն եւս 2 հայազգի շախմատիստներ՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը, ովքեր հանդես են գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ:

Այս տարվա աշխարհի գավաթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սեպտեմբերի 2-27-ը: Ինչպես հայտնի է, մրցաշարն անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ սկսվում է 1/64 եզրափակիչից: Աշխարհի գավաթի այս խաղարկությունը ուժեղագույնն է գավաթի խաղարկության պատմության մեջ՝ կմասնակցեն գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:

Ռաֆայել Վահանյանը՝ կրկին Բիլի մրցաշարում

Շվեյցարիայում մեկնարկել է Բիլի շախմատային փառատոնը: Մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (2562): Դասական շախմատի մրցաշարում նրա մրցակիցներն են Պենտալա Հարիկրիշնան (2737), Դավիդ Նավարան (2737), Էթիեն Բաքրոն (2715), Ռուսլան Պոնոմարյովը (2699), Պետեր Լեկոն (2678), Ալեքսանդր Մորոզեվիչը (2675), Հոու Յիֆանը (2666), Նիկո Գեորգիադիսը (2496) եւ Նոել Շտուդերը (2493): 1-ին փուլում հայ վետերանը ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Հ.Գ.-1 – Բիլի շախմատային փառատոնի 4-րդ փուլն անհաջող էր Ռաֆայել Վահանյանի համար, ով Նիկո Գեորգիադիսի հետ մրցախաղում 39-րդ քայլին պարտություն կրեց: Դա մրցաշարում հայկական շախմատի վետերանի 2-րդ պարտությունն էր: 4 փուլից հետո մեր շախմատիստը վաստակել է 1 միավոր եւ Նոյել Շտուդերի հետ բաժանում է 9-10-րդ տեղերը: 5-րդ փուլում հայ գրոսմայստերը կմրցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: 3 միավորով աղյուսակը գլխավորում է Էթյեն Բաքրոն:

Հ.Գ.-2 – Ռաֆայել Վահանյանը գեղեցիկ ոճով հաղթեց – Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային փառատոնում առաջին հաղթանակը տարավ Ռաֆայել Վահանյանy: Մեր վետերան շախմատիստը 6-րդ տուրի պարտիայում մրցեց միջազգային վարպետ Նոել Շտուդերի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր վետերանը պայքարի ընթացքում չնայած որակ կորցրեց, սակայն անցողիկ զինվորի օգնությամբ 55-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է ֆրանսիացի Էթիեն Բաքրոն: Նրան հաջորդում են ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, որոնք առաջատարին զիջում են կես բալով: Մեր շախմատիստը վաստակած 2 միավորով բաժանում է 8-9-րդ հորիզոնակաները: 7-րդ փուլում Ռաֆայել Վահանյանը սեւերով կհանդիպի հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ, ով 2,5 միավորով 7-րդ տեղում է:

Հ.Գ. – Ռաֆայել Վահանյանը 32 տարի անց կրկին պայքարում է գլխավոր մրցանակի համար – Շվեյցարիայում մեկնարկած Բիլի խոշոր շախմատային փառատոնում մասնակիցների թվում է մեր ամենափորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ով այդ մրցումներում հաղթել էր հեռավոր 1985 թվականին

1-ին հորիզոնականը՝ մինչեւ 18 տարեկանների պայքարում

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացած գերմրցաշարին կից կայացավ նաեւ օփեն B միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 126 շախմատիստ: Մրցաշարում երիտասարդ շախմատիստ Վահան Նալբանդյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ մինչեւ 18 տարեկանների պայքարում գրավեց 1-ին հորիզոնականը:

Մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը

Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն եւ ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը կանցկացվի հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 եւ մինչեւ 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչեւ 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչեւ17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչեւ 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի եւ 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչեւ 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), Արյան Չոպրան (Հնդկաստան) եւ Ալեքսեյ Սարանան (Ռուսաստան): Մինչեւ 14 տարեկանների հավաքականում ընգրկված են Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Բիբիսարա Ասաուբաեւան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա): ԱՄՆ մինչեւ 17 տարեկանների հավաքականում հանդես են գալու ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը, Ջեֆֆրի Սյունը, Լի Ժուֆենը, Ջոն Բուրկեն եւ Նիկոլաս Չեկան: ԱՄՆ մինչեւ 14 տարեկանների հավաքականում ընդգրկված են Լյան Ավոնդերը, Էնդրյու Հունը, Յիփ Կարիսսան եւ Մարթա Սամադաշվիլին:

Հ.Գ. – 1.- Գարի Կասպարովը հայ պատանուն օգնեց կատարել առաջին քայլը – Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի շախմատի ակումբում մեկնարկել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պատանեկան հավաքականների մրցախաղը: Մինչեւ 17 տարեկան շախմատիստների աշխարհի հավաքականում ընդգրկվել է աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: 1-ին փուլում մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպեց Ջեֆրի Սյունի հետ եւ ոչ-ոքի խաղաց: Ընդհանուր հաշվարկով առաջին օրվա մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով: 2-րդ փուլում Հայկ Մարտիրոսյանը սեւերով ուժերը չափեց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար, մեր հայրենակից Սամուել Սեւյանի հետ: Երկարատեւ պայքարից հետո մեր շախմատիստը 54-րդ քայլից հետո ստիպված անձնատուր եղավ: Ընդհանուր հաշվարկով կրկին գրանցվեց 2:2 արդյունք:

Ի դեպ, մրցամարտի առաջին քայլը կատարել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Նա այդ հարցում օգնել է հենց Հայկ Մարտիրոսյանին:

Հ.Գ. – 2.- Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում հաղթեց ԱՄՆ-ի թիմին – Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի «ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Կայացած 7-8-րդ փուլերում գրանցվեցին մարտական ոչ-ոքիներ՝ 2:2: Աշխարհի հավաքականում հանդես եկող մեր հայրենակից Հայկ Մարտիրոսյանը նախ ոչ-ոքի խաղաց Ռուֆենգ Լիի հետ, ապա հաղթեց Նիկոլաս Չեկային: Ընդհանուր հաշվարկով աշխարհի ընտրանին հաղթեց 20:13 հաշվով եւ տիրեց գլխավոր մրցանակին: Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը մասնակցեց 7 տուրերի եւ վաստակեց 4 միավոր: ԱՄՆ-ի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ մեր հայրենակից Սամուել Սեւյանը, որն իր թիմին բերեց 4,5 միավոր:

Շաշկու բակային մրցաշարում հաղթել է Շենգավիթի ներկայացուցիչը

«Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական մրցաշարում Երեւանի վարչական շրջանների միջեւ «շաշկի» մարզաձեւում ծավալված պայքարում հաղթել է Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան վարչական շրջանները ներկայացնող երեխաները: Առաջին3 տեղերն զբաղեցրած մարզիկները պարգեւատրվել են պատվոգրերով ու մեդալներով:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձեւերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Արամայիս Սարգսյանը նախ բարելավել է արդյունքը, հետո՝ զրո ստացել

Իտալիայի Գրոսետո քաղաքում կայացած աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանից մասնակցել է 1 մարզիկ: Դա 18-ամյա եռացատկորդ Արամայիս Սարգսյանն է, որը այս տարվա տարբեր մրցումներում լրացրել է պահանջվող նորման եւ նվաճել առաջնության միակ ուղեգիրը Հայաստանի համար: Կապանցի մարզիկը նախնական ցատկերում ցույց է տվել 15,56 մ արդյունք եւ մտել եզրափակիչ փուլ: Ցավոք, վերջին 3 մոտեցումներն էլ անհաջող են ավարտվել պատանի աթլետի համար եւ նա զրո է ստացել:

Ինչպես նշել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը, Արամայիս Սարգսյանն այս մրցումներում 55 սմ-ով գերազանցել է սեփական արդյունքը, ինչը վկայում է նրա մեծ ներուժի մասին: «Ճիշտ եւ նպատակասլաց աշխատանք տանելու դեպքում Արամայիս Սարգսյանը 2020թ. օլիմպիական խաղերին մասնակցելու լավ հնարավորություն ունի: Նույնպիսի նպատակ է դրել իր առջեւ նաեւ ինքը՝ մարզիկը: Հուսանք, որ նա կշարունակի բարելավել արդյունքները եւ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կնվաճի»,- ասաց նա:

Հայաստանցի 3 մարմնամարզիկներ Մոնրեալում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ նշված երեք մարզիկները, մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի Գավաթի խաղարկության փուլը, այնուհետեւ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:

«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ եւս 2-ը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը,Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

«Շատ լավ կամ գերազանց չեմ կարող ասել, որովհետեւ չունենք չեմպիոններ»…

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն վերադարձել է Երեւան: մփոփելով Եվրոպայի առաջնությունում մեր պատանի ըմբիշների մրցելույթները՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասել է. «Մասնակցությունն ընդհանուր առմամբ գոհացնող է: Շատ լավ կամ գերազանց չեմ կարող ասել, որովհետեւ չունենք չեմպիոններ: Այս պատանիները, որոնցից շատերն առաջին անգամ մտան եվրոպական մրցագորգ, մեր վաղվա երիտասարդներն են, հետո համալրելու են մեծահասակների հավաքականը:

Ուրախացնում է, որ այս 16, 17 տարեկան մարզիկները տպավորիչ հաղթանակներ տարան: Տղաները բացթողումներից էլ զերծ չէին՝ մի քանի գոտեմարտերում տակտիկական սխալներ թույլ տվեցին, բայց հակառակն էլ եղավ,  երբ պարտություն կրելուց հետո կարողացան հավաքվել ու մեդալի համար գոտեմարտերում փայլուն հաղթանակներ տարան, այդ թվում նաեւ ժամկետից շուտ: Հատկապես ուրախացնում է, որ վերջին տարիներին պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների մեջ ծանր քաշային կարգում մեդալներ ենք ունենում, ինչը հույս է տալիս, որ 3-4 տարի հետո այդ քաշային կարգի ազգային հավաքականը կհամալրվի տեղի կադրերով:

Պիտի նշեմ նաեւ անձնական ու հավաքականների մեր մարզիչների աշխատանքը, որոնք կարողացել են իրենց սաների մեջ բացի ֆիզիկական, տեխնիկական ու տակտիկական որակներից նաեւ մինչեւ վերջ պայքարելու ոգի ներարկել»:

Արայիկ Բաղդադյանը նշել է, որ հայկական ըմբշամարտը վերջին 8 տարիներին խնդիրներ չի ունեցել եւ մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Իսկ երբ այս տարի ֆեդերացիան կանգնեց փաստի առջեւ, սակայն ՀԱՕԿ նախագահը կանգնել է իրենց թիկունքին՝ հոգալով ըմբիշների բոլոր հոգսերը:

Պատանի հունահռոմեականները Եվրոպայի առաջնությունում երկու բրոնզե մեդալ նվաճեցին

Սարաևոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր 2 բրոնզե մեդալ նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

3-րդ տեղի համար գոտեմարտում 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը պարտության մատնեց հունգարացի Դավիդ Կեչկեմետին, իսկ Սարգիս Թադեւոսյանն (69 կգ) առավելության հասավ շվեդ Ռասմուս Աաստրոմի նկատմամբ:

Ռուսների «երկաթե մարդը». Ռոբերտ Քոչարյանի որդին

Օրերս մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ 36-ամյա Սեդրակ Քոչարյանը մասնակցում է բազմամարտի մրցումներին: Նա մի քանի տարի է՝ Ironman («Երկաթե մարդ») միջազգային մրցույթում լավ ցուցանիշներ է արձանագրում, անգամ մրցանակային տեղեր զբաղեցնում։

Համացանցում կան բազմաթիվ նյութեր, որոնք հաստատում են տարածված տեղեկատվությունը: Սեդրակ Քոչարյանը իսկապես նշված սպորտի սիրահար է: Նա այս սպորտով զբաղվում է 2012թ.: Այդ թվականին նա ռուս մարզիկ Յուրի Բելոնոշենկոյի ստեղծած SKOLKOVO Triathlon team խմբի անդամներից մեկն է եղել:

Փաստորեն Սեդրակ Քոչարյանը ռուսների «երկաթե մարդ»-ն է եղել Հայաստանում: Հիմա նա կարծես միայն Հայաստանի անունից է հանդես գալիս:

Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու կամային հաղթանակով՝  88:76 հաշվով: Եզրափակչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 36 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ16 հավաքականը Ա ենթախմբում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը՝ հաղթելով բոլոր հանդիպումներում:

Հ.Գ. - Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում - Անդորրայում ավարտվել բասկետբոլի  մինչեւ 16 տարեկան տղաների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականը եզրափակչում հանդիպել է Ջիբրալթարի ընտրանու հետ: Վճռորոշ խաղում մեր տղաները 88:70 հաշվով առավելության են հասել՝ նվաճելով հաղթողի կոչումը:

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 3-րդ հաղթանակը տարավ՝ 65:44 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր աղջիկներն ուժերը կչափեն Վրաստանի ընտրանու հետ:

Խաղային մարզաձեւերը հնարավոր է Հայաստանում զարգացնել

Բասկետբոլի Հայաստանի հավաքականների հաջողությունները պետք է կարեւորել ոչ միայն սպորտային առումով, նաեւ ապացուցում են, որ Հայաստանում հնարավոր է եւ խաղարային մարզաձևերը զարգացնել եւ հաջողություններ գրանցել,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Հիշեցնենք, բասկետբոլի Հայաստանի  մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները Անդորրայում եւ Ջիբրալթարում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում նվաճել են ոսկե մեդալներ«Մեզ մոտ թյուր կարծիք է, որ մենք մենակ ուժեղ ենք մենապայքարային մարզաձեւերում, թիմային խաղերը չի ստացում, չենք կարողանում համախմբվել: Խաղային մարզաձևերը հնարավոր է Հայաստանում զարգացնել: Պետք են մասնագետներ, ովքեր հասկանում են գործից, սրտացավ են, ամենակարևորը՝ նաեւ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի վրա»,- նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:

Աննա Ասլանյանը եւ Գեորգի Շախնազարովը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացողներ

Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի մինչեւ 16 տարեկան տղաների (Անդորրա) եւ աղջիկների (Ջիբրալթար) առաջնություններում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականների առաջատար բասկետբոլիստներ Աննա Ասլանյանը եւ Գեորգի Շախնազարովը ճանաչվեցին լավագույն խաղացողներ:

Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ

Հուլիսի 24-28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միխայիլ Մուրադյանը եւ Արմեն Հովհաննիսյանը: 2-րդ փուլում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Տաջիկստանի Մ-20 ընտրանու հետ:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետեւյալն էր՝ 12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան, 5. Միխաիլ Մուրադյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 22. Աբրահամ Պորտուգալյան, 9. Ռաֆիկ Մելիքյան: Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 8. Միհրան Պետրոսյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լեւոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան:

Ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ եւ հայերի

Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է ֆուտբոլային տոնն ի դեմս ամենամյա Չեմպիոների միջազգային գավաթի խաղարկությանը:Մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբներ, ներառյալ «Ռեալ Մադրիդ»-ը, «Փարիզ Սեն Ժերմենը», «Բարսելոնա»-ն, «Տոտենհեմ»-ը, «Յուվենտուս»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն, «Ռոման» և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է, որ վերջին թիմի խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը: «Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր եւս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ եւ դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»,- ասել է նա: Հենրիխ Մխիթարյանը երախտապարտ է բոլոր եւ մասնավորապես հայ ֆոտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին: «Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, եւ ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ եւ հայերի: Ես շնորհակալ եմ բոլոր հայերին եւ բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ եւ աջակցել մեզ»,- նշել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Սկանդինավիային

Նորվեգական «Վալերենգայի» հետ ընկերական խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ ասելով. «Շնորհակալություն Սկանդինավիա, ջերմ ընդունելության համար»։

Նշենք, որ Նորվեգիայի մայրաքաղաքում անգլիական ակումբը ընկերական խաղ էր անցկացրել նորվեգական «Վոլերենգայի» հետ ևհաղթել 3:0 հաշվով: Խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Մոսկվայի «Արարատ»-ը ակտիվացնում է գործունեությունը

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ խմբում հանդես եկող Մոսկվայի «Արարատ»-ը վերջերս բավականին ակտիվ տրանսֆերային գործունեություն է ծավալել: Ակումբն անցած մեկ շաբաթվա մեջ պայմանագիր է կնքել տասնյակ ֆուտբոլիստների հետ: Նրանք են Ռուսաստանի հավաքականի նախկին անդամներ Ռոման Պավլյուչենկոն եւ Ալեքսանդր Ռեբկոն,, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին խաղացողներ Դմիտրի Ռիժովը եւ Սերգեյ Ռեւյակինը, մոսկվայի տորպեդոյական Վիկտոր Զեմչեմկովը, Միխայիլ Պոպովը, Հայաստանի տարբեր թիմերում հանդես եկած Արտակ Ալեքսանյանը, Իվան Մամախանովը, Սերգեյ Ավագիկմյանը, Թեյմուրազ Օզդոեւը, Կոնստանտին Մորոզովը: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 45-ամյա մասնագետ Սերգեյ Բուլատովը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի «Արարատ»-ի նման ակտիվությունը տրանսֆերային շուկայում: Պատճառն այն է, որ գալիք 2017-18թթ մրցաշրջանից թիմը հանդես է գալու Ռուսաստանի առաջնության 2-րդ խմբում, որն արդեն համարվում է արհեստավարժ մրցաշար: Նշենք, որ ակումբը հայկական արմատներ ունի եւ ստեղծվել է այս տարի: Այն հայտարարել է նոր տարբերանշանի եւ մարզազգեստի մրցույթ:

«Պելեն»՝ Հայաստանից

Այս անվանումը ստացած փոքրիկը հայը 6 րոպեում 600 անգամ «21» է խաղացել: 8-ամյա գյումրեցի Գեւորգ Հայրապետյանը  «Պելե» մականունը իրավամբ է ստացել՝ հրաշալի տիրապետելով ոտքով գնդակախաղին:

Գեւորգը երազում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ: «RUSARMINFO»-ն արդեն ռեպորտաժ է պատրաստել նրա մասին:

Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստը կխաղան նույն թիմում

Գյումրիի «Շիրակի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանը ելույթները կշարունակի «Ժիլինայում»:

Ինչպես հայտնում է սլովակյան ակումբի պաշտոնական կայքէջը, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Մեր ֆուտբոլիստն արդեն գտնվում է Սլովակիայում եւ պատրաստվում է իր առաջին մարզմանը:

Ի դեպ, «Ժիլինայում» հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականի հարձակվող Ռամիլ Շեյդաեւը, որը սլովակյան թիմ է տեղափոխվել 2016 թվականին, թուրքական «Տրաբզոնսպորից»:

Սաուդյան Արաբիայի հավաքականը չի հարգել զոհերի հիշատակը

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն չեն մասնակցել լռության րոպեին, որը հայտարարվել էր աշխարհի առաջնության ընտրական փուլի Ավստրալիայի հետ խաղից առաջ: Այն նվիրված է եղել ահաբեկչության պատճառով վերջերս Լոնդոնում զոհ դարձած մարդկանց հիշատակին:

Նշենք, որ Անգլիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը սկսվել էր հունիսի 3-ին, երբ փոքր ավտոբուսը վրաերթի էր ենթարկել տասնյակ անցորդների: Ապա 3 ահաբեկիչներ դանակներով հարձակվել էին խաղաղ բնակիչների վրա: Արդյունքում՝ 7 մարդ զոհվել է, իսկ 48-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նշենք, որ Ավստրալիա-Սաուդյան Արաբիա հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:2:

ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13.000 շվեցարական ֆրանկով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների եւ տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ համատեքստում ՖԻՖԱ-ն Թուրքիային 13.000 շվեցարական ֆրանկով (շուրջ 48.000 թուրքական լիրա կամ 13.500 ԱՄՆ դոլար) տուգանելու որոշում է կայացրել: Պատճառը ՖԻՖԱ-ի 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլում Ուկրաինայի, Կոսովոյի եւ Ֆինլանդիայի թիմերի մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հանդիպումների ժամանակ գրանցված անկարգություններն են:

Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերի 6-ին կայացած Թուրքիա-Ուկրաինա խաղի ընթացքում տրիբունաներից նետված շշերի եւ երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու համար Թուրքիան կտուգանվի 3000 ֆրանկով, 2016թ. նոյեմբերի 12-ին կայացած Թուրքիա-Կոսովո խաղի ընթացքում տրիբունաներում հայտնված անհարիր պաստառների համար՝ 5000 ֆրանկով, իսկ 2017թ. մարտի 24-ին կայացած Թուրքիա-Ֆինալանդիա խաղի ընթացքում երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու, տրիբունաներից նետված պայթուցիկների եւ 2 խաղակեսերի՝ նախատեսվածից ուշ սկսվելու համար՝ 5000 շվեցարական ֆրանկով:

Ռուսաստանի 191 քաղաքացու արգելված է հաճախել ֆուտբոլային խաղերի

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջազգային եւ սպորտային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման վարչության պետի տեղակալ Անտոն Գուսեւը տեղեկացրել է, թե ինչպես է կազմակերպվելու ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության անվտանգությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում կա մի ցուցակ, որտեղ նշված են այն քաղաքացիների անուն-ազգանունները, որոնց արգելված է այցելել հանդիպումները: Նրանք թվով 191-ն են: Կեսից շատն այդ ցուցակում հայտնվել են մարզադաշտերում պայթուցիկ նյութեր օգտագործելու համար: Բացի այդ մի մասը խախտել են խաղերի ժամանակ պահանջվող կանոնները՝ դրսեւորելով ռասսայական խտրականություն, հրահրելով ծեծկռտուքներ, վնասելով մարզադաշտի գույքը եւ այլն: Այդ քաղաքացիները գտնվում են մեր մշտական հսկողության տակ»,- ասել է ՆԳՆ պատասխանատուներից մեկը:

Նշենք, որ ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ռուսաստանի 4 քաղաքներում, հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 2-ը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։