Հայկական խոհանոց – Ավանդական պինդ նախաճաշ… Մեր ծիրանից չկշտացան… Մաքուրն էլի մերն է… Կրկնակին կբացառվի… Այս բացառումը չե՞ն ուզում… Չիպավորման բիզնես… «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը… Սեւանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ… «Եվրատեսիլ-2018»-ն անցկացվելու է Լիսաբոնում… Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում… Լեգենդար Լեոնիդ Ենգիբարյան. – Ծաղկաձորը՝ թատերաբեմ… Թառլոյան եղբայրների հագուստներով… Շուշիում՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ավանդական պինդ նախաճաշ

Բաղադրությունը - Սմբուկ – 4 հատ, կարմիր տաքդեղ – 2 հատ, լոլիկ – 1 հատ, ծիծակ – 1 հատ, գլուխ սոխ – 1 հատ, սխտոր – 2 պճեղ, մաղադանոս – 0.5 կապ, համեմ – 0,5 կապ, ձու – 4 հատ, բուսայուղ – 30 գ, աղ, սեւ եւ կարմիր փոշի պղպեղ:

Պատրաստման եղանակը –  Առանձին ձվածեղ անել բուսայուղով: Երբ արդեն քիչ է մնում, որ ձվածեղը եփվի, կտրտած սմբուկը, տաքդեղը, լոլիկը, ծիծակը, սոխն ու սխտորը լցնել ձվածեղի վրա, աղով ու պղպեղով համեմել, կափարիչով փակել:

Հենց եփվի, կանաչեղենը լցնել վրան, 0,5 րոպեից հետո կրակից վերցնել ու մատուցել: Անու՛շ լինի

Մեր ծիրանից չկշտացան

Հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազ. տ պտուղ- բանջարեղեն, իսկ միայն ծիրանի արտահանումը կազմել է 26 հազ. տ: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ ծիրանի արտահանման ցուցանիշը վերջին 7 տարիներին լավագույնն է: Գյուղմթերքը արտահանվել է հիմնականում ՌԴ՝ մոտ 62 հազ. տ, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա եւ արաբական երկրներ:

Ինչ վերաբերում է մթերմանը, ապա այստեղ եղել է մոտ 60% աճ: Մինչեւ այժմ գյուղմթերք վերամշակող ընկերությունները մթերել են 10 500 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 7 100 տոննա պտուղ-բանջարեղեն:

Մաքուրն էլի մերն է

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համատեղ, հուլիսի 24-ից սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 3-րդ անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթում հաղթած ֆերմերները հնարավորություն կստանան բանկի եւ միության համատեղ ֆինանսական աջակցությամբ  ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի ավելացված արժեքը եւ արտահանման հեռանկարները:

Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ հոկտեմբերի 1-ը բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը, լրացնել եւ ուղարկել organic@acba.am էլփոստին:  

Կրկնակին կբացառվի

Հուլիսի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին:

Հանդիպումից հետո երկու նախարարները ստորագրել են հետեւյալ փաստաթղթերը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։

Այս բացառումը չե՞ն ուզում

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե բաց են ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի շուրջ բանակցությունների համար, հայկական կողմից արձագանք չի ստանում:

Այս մասին ֆ/բ իր էջում գրել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Մինչդեռ այս պայմանագրի առկայության պարագայում ՀՀ-ն շոշափելի արդյունք կքաղի:

Նախ՝ ամերիկյան ներդրողների համար դա դրական ազդակ կլինի:

Հարց է ծագում՝ գուցե հայկական կողմը չի արձագանքում, որովհետեւ դա հակասու՞մ է ԵՏՄ համաձայնագրերին: Հազիվ թե, որովհետեւ մենք կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր ունենք ԵՄ երկրների հետ:

Չիպավորման բիզնես

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տեղակայված Three Square Market ընկերությունը միկրոչիպեր է տեղադրելու իր անձնակազմի 50 անդամի մաշկի տակ: Այս մասին հայտնել է BBC հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցներն ուղղված են աշխատակիցների համար ընկերության էլեկտրոնային սարքավորումների հասանելիությունը պարզեցնելուն: Մասնավորապես՝ միկրոչիպերը թույլ կտան միանալ համակարգիչներին եւ օգտվել գրասենյակային տեխնիկայից: Կարծես առանց այդ չիպերի օգտվել չէր լինում:

Ի դեօ, 300 դոլար արժողությամբ միկրոչիպերը կտեղադրվեն անվճար: Հեռուստաալիքն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն ինքնակամ համաձայնել են չիպավորվել:

«Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանընթացքում քննարկվել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման եւ հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաեւ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ընդգծելով ավելի արագ եւ կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ հետեւողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:

Սեւանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ

ՌԴ կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արջագանքման կենտրոնին տրամադրված փրկարարական գույքը, տեխնիկան եւ սարքավորումներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին տրամադրված «Սոլար 555 МК»  եւ «Կորվետ 500 – FISH» մոտորանավակները փորձարկվում են Սեւանա լճում եւ պատրաստ են լողափերում հերթապահություն իրականացնել: Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին եւ բնութագրին: «Կորվետ 500 – FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար: «Սոլար 555 МК»-ն փչովի մոտորանավակ է, որի երկարությունը 550 սմ է, լայնությունը՝ 195 սմ: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:
Սեւանա լճում ամառային լողաշրջանի ընթացքում  շուրջօրյա հերթապահություն իրականացնող Հատուկ ջրափրկարարական ջոկատը նախատեսում է մոտորանավակներով դիտարկումներ եւ պրոֆիլակտիկ շրջայցեր կազմակերպել ափամերձ տարածքներ՝ անհրաժեշտ ցուցումներ եւ հրահանգներ տալ հանգստացողներին: 3 մոտորանավակներն այսուհետ հնարավորություն կտան առավել արագ արձագանքել պատահարներին եւ հնարավորինս շատ տարածքներ ընգդրկել դիտարկումներում:
Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի  նաեւ ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման եւ հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային եւ ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաեւ հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության եւ նկարահանումների համար` մինչեւ 120 մ խորության վրա: Տրամադրված նոր մոտորանավակները  կհամալրեն ջրափրկարարական առաջին անհրաժեշտության եւ կարեւորության գույքերի շարքերը:

Անի Մարության

«Եվրատեսիլ-2018»-ն անցկացվելու է Լիսաբոնում

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Այն կայանալու է մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին: Այս մասին նշված է մրցույթի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթի հաղթողն էր Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն իր «Amar Pelos Dois» երգով: Մրցույթի կանոնների համաձայն, հաղթող երկիրն հյուրընկալում է հաջորդ տարվա մրցույթը:

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում

«Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն մեր մայրաքաղաքին, այլ մեր ամբողջ հանրությանը»,- ասել է ՀՀ նախագահը՝ գտնվելով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում: Երեւանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է մեր քաղաքը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին:

Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա այլեւս հանրահայտ է՝ Մաեստրո, եւ շատերն, ինչպես ՀՀ նախագահն է ասել, երջանիկ են, որ նրա ժամանակակիցն են, որ կարողանում են պարբերաբար վայելել նրա արվեստը, կատարումները:

«Շառլ Ազնավուրը ոչ միայն երգում է, ավելի շուտ՝ ոչ թե երգում է, այլ կատարում է, որովհետեւ նրա յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է»- համոզված է Սերժ Սարգսյանը: Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, եւ այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը, համոզված է մեր երկրի ղեկավարը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին 3 նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ վերջինը՝ 3 անգամ. նախագահի պաշտոնում՝ 2 անգամ: Չի բացառվում, որ նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, ով նույնպես կայցելի Մաեստրոյի տուն-թանգարան:

Նախագահ Սերժ Սարգսյանն այն օրը Հայաստան այցելած Շարլ Ազնավուրին մաղթանքներ հղեց. «Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երեւանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, եւ վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու»:

Մաեստրոն ու նրա ընտանիքը որոշել են երեւանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամենը, ինչ կազմում է նրա համաշխարհային մշակութային ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը կվարի անձամբ Շարլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի է ունեցել 2011թ.հոկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ: Հինգհարկանի շենքը գտնվում է երեւանյան Կասկադի բարձրադիր հատվածում: Այն ներառում է թանգարանը, բացօթյա համերգասրահը, ինչպես նաեւ Ազնավուրի կեցավայրը: 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերելու «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես որպես Շառլ Ազնավուր տուն-թանգարան:

Լեգենդար Լեոնիդ Ենգիբարյան. – Ծաղկաձորը՝ թատերաբեմ

Հուլիսյան վերջին օրերին Ծաղկաձորում անցկացվեց լեգենդար Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը: Այս տարի մասնակցում են թատերախմբեր եւ անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի երեք քաղաքներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Փառատոնի այս տարվա հետաքրքիր նախագծերից է «Դոն Քիշոտ» ներկայացումը, որը Ստեփանակերտի ու Բեռլինի թատրոնների 2 դերասանների համատեղ աշխատանքն է: Նշենք, որ ցուցադրություններ եղան Ծաղակաձորի Ծաղկունյաց եւ Օրբելիների հրապարակներում, տեղի ունեցան նաեւ վարպետության բաց դասընթացներ:

Թառլոյան եղբայրների հագուստներով մանեկենները դիմավորեցին հյուրերին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփեց 2016-2017թթ. համերգաշրջանը. տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով: Հուլիսի 24-ին եւ 26-ին համերգաշրջանի եզրափակիչ համերգներն էին։

Հուլիսի 24-ին օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին (Իտալիա), սոպրանո Անի Յորենցը (Գերմանիա), բաս Վազգեն Գազարյանը (Գերմանիա), տենոր Լիպարիտ Ավետիսյանը եւ տենոր Դավիթ Բաբայանցը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեցին հայտնի արիաներ տարբեր օպերաներից:

Իսկ 2օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին միացան եւս մի քանիսը, այդ թվում՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանը եւ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրեցին Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ:

Մեներգիչները կրում էին ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն էր Սուքիաս Թորոսյանը: Ներկայացումից առաջ նախասրահում տիրում էր բոհեմյան մթնոլորտ. Թառլոյան եղբայրների հագուստներով մանեկենները շրջում էին տարածքում ու դիմավորում հյուրերին:

Շուշիում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան

Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան: Կազմակերպիչների տեղեկացմամբ, ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին եւ Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Սարինե Ավթանդիլյանը, դիրիժորն է Սուրեն Շահիջանյան (Ֆրանսիա), ռեժիսորը` Արմեն Փիրի Մասիհի, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյան (Շվեդիա), խմբավարը՝ Սոնա Հովհաննիսյան, դաշնակահար-կոնցերտմայստերները՝ Զարուհի Թափչյան, Լյուդմիլա Խորոզյան, անիմացիայի ռեժիսորները՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի, ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա, հանդես է գալու Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ բալետային խումբը (թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան), Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար` Սոնա Հավհաննիսյան):

Մեներգիչներն է Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա), Մսրա Մելիք` Հայկ Տիգրանյան, Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան,  Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան, Վերգո՝ Պերճ   Քարազյան, Արտատեր Պառավ՝  Սոֆյա Թումանյան, Խանդութ՝ Սիրանուշ Գասպարյան, Սասնեցի աղջիկ՝ Արցվիկ Դեմուրճյան, Չմշկիկ՝ Նարինե Անանիկյան. Իսմիլ Խաթուն՝ Քրիստինե Սահակյան, Մսրա Մելիքի քույր՝  Թամարա Դադոյան եւ ուրիշներ:

Պրեմիերան տեղի կունենա ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի: «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով եւ ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում:

Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը ծնվել է 1897թ. Ելիզավետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919թ-ից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում Ա. Տեր-Ղևենդյանի դասարանում, իսկ 1923 թ.եւ ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան, այնուհետ սովորել է Լելինգրադի կոնսերվատորիայում Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թթ. ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստաֆոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական եւ քրդական մեղեդիներ։ 1930թ. մշտական բնակություն է հաստատել Երեւանում։ Հեղինակել է 5 օպերա, 3 սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

«Երաժշտական Հայաստանը»՝ ավելի շատ մասնակիցներով ու բարձր որակով

Լավ երաժիշտի համար, պարզվում է, 3 շաբաթը քիչ ժամանակ չէ ոչ միայն վարպետանալու իր մասնագիտական գործիքի վրա, այլև կարելի է նոր գործիքի տիրապետել, ինչպես օրինակ արգենտինաբնակ այս հնդկուհին։  «Հայկական բարեգործական ընդհանուր միության արդեն հինգերորդ տարին անցկացվող «Երաժշտական Հայաստանը» հրաշալի ծրագիր է եի կարծում եմ, որ հրաշալի ապագա պետք է ունենա,- ասում է Սվետլանա Նավասարդյանը։ – Օտարերկրյա մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն իրենց գիտելիքները կատարելագործել եւ հմտանալ մասնագիտական առումով,այլև ծանոթանալ երկրին, պատմությանը։ Իսկ մեր դրսում ապրող հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու իրենց հայրենիքը»։

Բագրատ Վարդանյանը, որ վարպետության դասընթաց է անցկացրել հենց առաջին ծրագրից, նշում է, որ այս տարի մակարդակը բավական բարձր է։ Այս տարվա իր ուսանողներն, օրինակ, շատ պատրաստված ջութակահարներ են, շնորհալի երաժիշտներ են եւ զուտ ստեղծագործական դասընթաց են անցկացրել։ Աշակերտները հիմնականում գոհ են ծրագրից ու դասախոսական կազմից, ոմանց սակայն զարմացրել էր դասավանդման մեթոդը։ Ալեքսանդրա եւ Լիլյա Յարալյան քույրերն առաջին անգամ չեն Հայաստանում, եւ բացի այս ծրագրից, երկրորդ տարին է՝ որպես կամավոր աշխատում են «Օրրան» բարեգործական կազմակերպությունում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դալար Կազանչյանի խոսքով՝ ուրախ են, որ այս տարի ոչ միայն թվով են շատ մասնակիցները, այլեւ որակապես՝ բարձր, եւ որ օտար երկրներից գալիս են ծանոթանալու մեր հարուստ մշակույթին։  Հույն ջութակահարին Հայաստան էր բերել ցանկությունը ծանոթանալու իր առաջին ուսուցչի ու սիրված աղջկա պատմական հայրենիքին։ Երբ իմացավ, որ վարպետության դասեր է ստանալու Բագրատ Վարդանյանից, որը Ժան Տեր-Մերկերյանի սանն է եղել, անակնկալի եկավ։ «Մտքովս նույնիսկ չէր անցնում նման բան։ Ֆանտաստիկ էր»,- ասում է նա։ Դասընթացների մասնակիցները ստացած հմտությունները ցուցադրեցին Գալա-համերգին։

«Ավրորա» մրցանակաբաշխության հաղորդագրությունն է՝ «Դուք պետք է գործեք, եւ մի կողմում չպետք է կանգնեք»…

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Lenta.ru-ի հետ զրույցում անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը եւ դրա խորհրդին։
Աֆեյանն անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նա՝ որպես հայտնի գործարար,  որոշել  դառնալ «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, պատասխանել է. «Ես այնքան էլ հաջողակ ու հայտնի չեմ։ Չնայած, անկասկած ես մի շարք հաջողությունների հասել եմ։ Միգուցե, կարելի է ասել, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը դարձավ մեր՝ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի հետ  տնտեսական եւ սոցիալական զարգացման բազմամյա աշխատանքների արդյունքը։
Մեզ համար մեծ նշանակություն ունի Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանության հիշատակը  հավերժացնելու գործընթացը։  Հայոց ցեղասպանության փաստը մինչեւ հիմա չի ճանաչվել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Արեւմտյան կարեւոր պետությունների կողմից։ Նման անարդարության հետ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ մենք չունենք ոչ միջոց, ոչ էլ որևէ մեկին ստիպելու ցանկություն, որպեսզի ցեղասպանության փաստն ընդունի։
Նրանք, ովքեր պատասխանատու են ցեղասպանության համար, նրանց ժառանգները, հանուն սեփական մեղքից ազատագրվելու համար պետք է ուսումնասիրեն եւ ճանաչեն այն»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, Աֆեյանը նշել է, որ հայ ժողովրդից 100 տարի պահանջվեց, որպեսզի կանգնեն ու հարցնեն. «Սպասեք, ինչպես մենք կարողացանք գոյատևել»։
«Պարզվում է , որ այն ժամանակ, երբ թուրքերը ցեղասպանություն էին իրականացնում, գտնվում էին մարդիկ, իսկական հերոսները, ովքեր փրկում էին հայերի կյանքը։  Այսօր  այդ մարդկանցից ոչ ոք ողջ չէ եւ մնում է միայն նրանց հիշատակը պահել։ Իսկ ի՞նչ կարելի է  անել ողջ մնացած մարդկանց համար։
Չէ՞ որ հիմա էլ նման հերոսներ կան։  Այդ հարցի պատասխանը եղավ «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Դա նրանց համար է, ովքեր օգնել են հայերին։ Իսկ մրցանակաբաշխության հաղորդագրությունը հետեւյալն է ՝ «Դուք պետք է գործեք, եւ մի կողմում չպետք է կանգնեք»»,- նշել է Նուբար Աֆեյանը։

«Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը / Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։