Երբ թուրքը նաեւ ներքին է.- Մեղադրանք՝ ադրբեջանական խնձորի գործով – Սահմաններում մարտնչող մեր տղաները գիտեն, որ իրենց վրա արձակված այս կամ այն փոմփուշտը կամ արկը նա՛եւ մեր փողերով է հասել թշնամու՝ թուրք-ադրբեջանական բանակներին… Մեր՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարները անհասկանալի տրամաբանությամբ աչք են փակում այս ամենի վրա…

Ինչպես տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 4 պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը: ՀԾՔ-ն նշել է, որ «կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձեւակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում՝ ադրբեջանական ծագման խնձոր»:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լեւոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առեւտրային քանակի ապրանքի ներկրումը՝ այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու եւ նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը՝ այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները: Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաեւ Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, ով մեկ այլ տնտեսվարող Գեւորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար, պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը՝ թույլատրելով առանց մաքսային ձեւակերպումների գյուղատնտեսական ապրանք ներկրել ՀՀ: Ավելին, մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչը՝ Խաչիկ Հակոբյանը, Գեւորգ Ալեքսանյանից գումար ստանալու շահադիտական նկատառումով, վերջինիս բեռը չի ենթարկել լաբորատոր հետազոտությունների եւ թույլատրելի չափաքանակը գերազանցող ապրանքի համար մաքսատուրքի վճարման պահանջ չի ներկայացրել:  

ՊԵԿ-ի հիշյալ մաքսային տեսուչների ապօրինի գործողությունների հետեւանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի բնականոն գործունեությունը եւ հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Այսպիսով, ՊԵԿ մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանին, Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին եւ Խաչիկ Հակոբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ նախապես ադրբեջանական խնձորի գործով կալանավորել էին 8 անձի, բայց քննության ընթացքը հանգեցրել է 4 անձի մեղադրանք առաջադրելուն:

Այս քննությունը նաեւ պիտի ցույց տա, որ ներկրողնեը պետք է ոչ միայն օրինական ներկրման մասին մտածեն, այլեւ՝ թե որտեղից եւ ինչ են ներկրում: Զարմանալի է նաեւ այն սպառողների անտարբերությունը, որ հասկանալով գնել են ադրբեջանական խնձորներ եւ չեն արձագանքել: Իսկ դրա պատճառը մեկն է՝ թուրքական ապրանքները խեղդում են հայկական շուկան եւ թուրքական ապրանքներ գնողի համար արդեն տարբերություն չկա՝ թուրքական է, թե ադրբեջանական...

Չենք դադարի կրկնել, որ թուրքական եւ ադրբեջանական ապրանքների սպառումը Հայաստանում նշանակում է՝ նպաստել այդ թշնամական երկրների պետական բյուջեի հարստացմանը:

Իսկ մեր՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարները անհասկանալի տրամաբանությամբ աչք են փակում այս ամենի վրա եւ հատկապես թուրքական գյուղատնտեսական սնունդը, հագուստեղենն ու կենցաղային իրերը վխտում են մեր խանութներում: Որոշ «սուպերմարկետ» կոչվածներում, որտեղ երաժշտություն է հնչում, նաեւ թուրքական երգեր են երբեմն լսվում…

Անգամ Թուրքիայում հանգստանալը, զբոսաշրջության գնալը, մարզական եւ այլ պարապմունքներ անցկացնելը եւ էլի նման բաները նույնպես նպաստում են մեր թշնամի երկրների հարստացմանը: Ի վերջո, պիտի հասկանալ, որ Թուրքիան միշտ էլ ռազմական սպառազինություն է մատակարարելու Ադրբեջանին եւ դա արվելու է նաեւ մեր՝ հայերիս փողերով… Եվ սահմաններում մարտնչող մեր տղաները գիտեն, որ իրենց վրա արձակված այս կամ այն փամփուշտը եւ արկը նաեւ մեր փողերով է հասել ադրբեջանական բանակին…

Արդյո՞ք այս ամենը գիտակցելը այդքան բարդ է: Նշանակում է՝ չգիտակցողը պիտի իր գենեստիկ ծառը լուրջ վերաքննության ենթարկի եւ ի վերջո հանդես գա որպես ոչ հայ, ինչը գոնե հասկանալի կդարձնի նմանների վարքագիծը…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։