Միջազգային երկակի օրենքներ, որ գործում են «դոլարային ներքին ենթաօրենսդրությամբ» – Կամայականության հետեւանքով Հայաստանի ու Արցախի բնակիչներն ընդգրկված են Ադրբեջանի «սեւ ցուցակում». կարո՞ղ են նրանք այս կամ այն երկրում ձերբակալվել, եթե Իլհամ Ալիեւը պահանջի…

Միջազգային երկակի օրենքներ, որ գործում են «դոլարային ներքին ենթաօրենսդրությամբ»

«Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, ապա Ադրբեջանին հանձնելու գործի վերաբերյալ միջազգային հանրության պատճաշ արձագանքների բացակայությունը ոգեշնչեց Բաքվին»,- նման կարծիք է հայտնել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով վերջերս Վրաստանում ադրբեջանցի ըննդիմադիր լրագրողի՝ Ադրբեջանին հանձնելու դեպքին:

Այո, շատ նման դեպքեր են՝ տարբեր բովանդակությամբ: Ալեքսանդր Լապշինին, ով նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Բելառուսի իշխանությունները արտահանձնում են Ադրբեջանին՝ Արցախ այցելելու համար, իսկ Վրաստանում ադրբեջանցի վտարանդի եւ ընդդիմադիր լրագրող  Աֆղան Մուխթարլիի արտահանձնում են՝ ալիեւական կլանին ընդդիմադիր լինելու համար: Երկու դեպքում էլ վստահաբար կաշառատվությունն է գործել, եւ Բելառուսի ու Վրաստանի նախագահները կատարել են Ադրբեջանի նախագահի դոլարականչ հրամանը…  

Ադրբեջանցի լրագրողի կամայական ձերբակալումը ավելի բուռն վրդովմունք է առաջացնում միջազգային հանրություն ասվածի մեջ, անգամ եվրոպական կառույցները որոշումներ են կայացրել լրագրողի ազատությունը պահանջելով: Այս միջադեպը զարմանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում:

ԱՄՆ պետքարտուղարությունը եւ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները եւս մեկ անգամ ընդգծեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը  որպես վառ եւ տեսանելի իրականություն։

Փաստորեն, կամայականության հետեւանքով Հայաստանի ու Արցախի բնակիչները, որ գրեթե ամբողջությամբ ընդգրկված են Ադրբեջանի կողմից ստեղծված «սեւ ցուցակում», կարող են այս կամ այն երկրում կալանավորվե՞լ, եթե Իլհամ Ալիեւը պահանջի…

Իհարկե, դա այդպես չէ, բայց պաշտոնական Բաքուն հենց այդպիսի տպավորություն է փորձում ստեղծել ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար: Սա շատ ծիծաղելի վիճակ է ստեղծում, հատկապես մեր եւ այլ երկրների քաղաքացիների՝ հիմնարար ազատությունները եւ իրավունքները երաշխավորելու առումով: Իսկ այն երաշխավորված է միջազգային որոշումներով: Նշանակում է այդ միջազգային արձագանքը համարժեք չի լինում, որ Բաքուն երբեմն կարողանում է մարդաորս կազմակերպել...

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Թբիլիսիի կենտրոնից մայիսի 29-ին: Նա անձնագիր չի ունեցել իր մոտ: Ավելի ուշ պարզվել է, որ լրագրողը Բաքվում է, ավելին՝ մեկուսարանում: Լրագրողն Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել 2014-ին, քանի որ լրագրողական գործունեության պատճառով Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվել:

Իսկ Բաքվում 3 տարի պատժաժամկետով դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով մինչ դատը հայտարարել էր, որ Արցախ այցելել է իր՝ լրագրողի կամքով, եւ դա իր գործն է, նաեւ նորից կարող է այցելել, եթե դրա կարիքը լինի… հանկարծ դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ «Ղարաբաղը ադրբեջանական տարածք է» եւ «Լեռնային Ղարաբաղ այցելել է որպես զբոսաշրջիկ եւ ոչ թե չճանաչված ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպելու նպատակով»: «Ես բլոգեր եմ եւ որպես զբոսաշրջիկ 2 անգամ այցելել եմ Ղարաբաղ: Բոլոր ծախսերը ինքս եմ հոգացել: Երբ գնացել եմ Ղարաբաղ, ուղերձ չեմ ուղղել ադրբեջանական կողմին: Գիշերել եմ հյուրանոցներումում, հիմա դրանց անունները չեմ հիշում: Գտնվելով այնտեղ՝ չեմ հանդիպել հայկական կողմի ղեկավարությունից որեւէ մեկի հետ, հոդվածները գրել եմ ինտերնետի միջոցով»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են իրենց պետության շահերի դեմ ուղղված կոչի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար:

Մոսկվան հայտնել է, որ պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանից Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը: Իսկ դատապարտյալը նշել է, որ ցանկանում է գնալ Իսրայել:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։