Անհամարժե՞ք, թե՞ զոռբայությամբ փոխանակում – Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը վերջապես  տեղափոխվել է Հայաստան – Նրան ոչ թե արտահանձնում էին, այլ փոխանակում՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինվոր, 7 հոգանոց հայ ընտանիքը սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովի հետ…

Անհամարժե՞ք, թե՞ զոռբայությամբ փոխանակում

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը, ում խնդիրներին շատ ենք անդրադարձել, տեղափոխվել է Հայաստան «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը: ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը որոշում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ  Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի  բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթեւեկության կանոնների խախտում եւ տրանսպորտային միջոցների շահագործում) եւ 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում եւ իրացում) հոդվածներով: Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով:  

Ռուսաստանի Դաշնության Տամբովի քրեակատարողական հիմնարկից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է այլեւս, եւ նրան վերջապես այցելել են հարազատները, ովքեր տեսել ու զրուցել են Հրաչյաի առողջական խնդիրների մասին: «Նուբարաշեն» են այցելել նաեւ քաղաքական ու հասարակական գործիչներ, ովքեր նշել են, որ դատապարտյալի վիճակը հոգեբանորեն ծանր է եղել եւ շատ հուզական, անգամ դժվարացել է բառեր գտնել խոսելու ժամանակ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում: Նրա պահման պայմանների վերաբերյալ ահազանգելու որեւէ դեպք չեն արձանագրել: Հրաչյան բուժզննում է անցնում: Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն»՝ տեսակցել բուժօգնության կարիք ունեցող դատապարտյալին: Նրանք առանձնազրույց են ունեցել, ծանոթացել առողջական վիճակին, ուսումնասիրել պահման վայրի պայմանները:

Նշենք, որ «Լուսանցք»-ը անդրադարձել էր Հրաչյա Հարությունյանի արտահանձնման խնդրին՝ նշելով. «Հայ դատապարտյալին արտահանձնելո՞ւ են, թե՞ փոխանակելու»: Ռուսական կողմը չընդառաջեց Հայաստանին, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի Հրաչյա Հարությունյանը, բայց մինչ այդ, որոշ տեղեկություններով, նրան ոչ թե արտահանձնում էին, այլ փոխանակում՝ Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ… Եվ այդ լրատվությունը հավաստում է, որ այդ ՌԴ քաղաքացին լինելու է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինվոր Վալերի Պերմյակովի հետ, ով կատարել է սարսափելի ոճրագործություն՝ սառնասրտորեն զենք կիրառելով՝ սպանել է 7 հոգանոց հայ ընտանիքի բոլոր անդամներին, անգամ մանկահասակ երեխաներին՝ քնած ժամանակ հարձակվելով նրանց տան վրա:

Հայկական կողմը պնդում է, որ այս ոճրագործը պիտի պատիժը կրի Հայաստանում, բայց պաշտոնական Մոսկվան ամեն բան արեց, որ հանցագործին Ռուսաստան տեղափոխի, ընդհուպ փոխանակություն առաջարկեց մի հայ բանտարկյալի հետ, ում համար հայությունը եւս ցավում էր: Ահա Հրաչյա Հարությունյանը Հայաստանում է, երեւի սպասենք, թե հայասպան Վալերի Պերմյակովը երբ է տեղափոխվում Ռուսաստան, եթե իհարկե արդեն չեն տեղափոխել առանց հայտարարության:

Փաստորեն, հայասպանին, ով աչքի է ընկել հատուկ դաժանությամբ, ռուսական կողմը շատ հանգիստ փոխանակում է արել մի հայի հետ (ինչին ընդդիմանալ հայկական կողմը չէր կարող, քանզի ռուս հանցագործը ռազմաբազայում է մնացել մինչեւ վերջ), ով հանցագործ է դարձել ակամա, մեքենայի անսարքության պատճառով…

Սա հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ հարցերից է, որտեղ առավելապես մարդկային խնդիր կար, ռուսական կողմը լիովին խայտառակեց իրեն եւ ոչ մի հայանպաստ քայլ չարեց Հայաստանի բնակիչների հակառուսական տրամադրվածությունը էլ ավելի չբորբոքելու համար…

Այլեւս զարմանալի չէ այս անմարդկային կեցվածքը. մեր «դարավոր բարեկամ» Ռուսաստանը քանիցս ռազմա-քաղաքական քայլեր է արել ինչպես Հայաստանի, այնպես էլ հայության դեմ, իսկ հակամարդկայինը՝ դրա մի չնչին մասն է կազմում մե՜ծ Ռուսաստանի հակահայկական չափաբաժնում…

Անի Մարության

Հ.Գ. – Իմիջիայլոց, 102- րդ ռազմաբազան գլխացավանք է դարձել նաեւ սպասարկման ոլորտում ներգրավված հայ աշխատակիցները համար, ովքեր 3-րդ ամիսն է աշխատավարձ չեն ստացել:

Մոտ 150 աշխատակիցներ, ովքեր հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, հրաժարվում են աշխատել ու պահանջում են իրենց աշխատավարձերը: Անմիջական ղեկավարները տեղեկացրել են, որ պետք է գումարները փոխանցվեն, որ իրենք էլ աշխատավարձ վճարեն, սակայն դեռ աշխատակիցներին տեղեկացնում են, որ Մոսկվայից փոխանցումներ չեն կատարվել, հետեւաբար հարկավոր է դարձյալ սպասել…

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։