Շվեդիա այցելելու դեպքում Էրդողանն ու իր որոշ կուսակիցներ կձերբակալվեն  – Թուրքիայի նախագահ Էրդողանին ու նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել… Բելգիայում թուրքական Ֆաթիհ մզկիթն այլեւս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա – Մզկիթը զրկում է նաեւ տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից…

Շվեդիա այցելելու դեպքում Էրդողանն ու իր որոշ կուսակիցներ կձերբակալվեն

Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: Պատգամավորները նախագահ Էրդողանին ու որոշ այլ կուսակցական առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների եւ ռազմական հանցագործությունների մեջ:

Ներկայացված հայցում նշվել է, որ 2015թ. հուլիսից մինչեւ 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը Շըրնաք, Սիլոպի, Ջիզրե եւ Սուր բնակավայրերի մի շարք շրջանները գետնին է հավասարեցրել՝ սարսափ տարածելով ժողովրդի շրջանում եւ նրանց իրենց բնակավայրերից տեղահանելով: Որպես ապացույց ներկայացվել են ՄԱԿ-ի, «Amnesty International» եւ «Mazlum Der»  իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կողմից հրապարակված զեկույցները եւ նշված վայրերում ավերածություններից ու կոտորածներից հետո արված լուսանկարներ:

Շվեդիայի 2014:406 օրենքի սահմաններում նախագահ Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում՝ ցեղասպանության, 6 տարվա ազատազրկում՝ անմարդկային միջոցների կիրառման եւ 6 տարվա ազատազրկում՝ ռազմական հանցագործությունների համար:  

Շվեդ պատգամավորների պնդմամբ՝ Քուրդիստանում տեղի ունեցած ցեղասպանության հիմնական պատասխանատուն հենց Թուրքիայի նախագահն է: Սակայն նրա հետ որպես հանցակիցներ են մատնանշվել այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ներքին գործերի նախկին նախարար Էֆկան Ալան, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը եւ պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը:

Շվեդիայի օրենքների համաձայն՝ ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցանքների վերաբերյալ 2014:406 օրենքը կարող է կիրառվել այդ հանցանքը կատարած ցանկացած մեկի դեմ՝ անկախ հանցանքի կատարման երկրից: Այդ իսկ պատճառով վերոնշյալ անձիք Շվեդիա այցելելու դեպքում ներկայացված հայցի հիման վրա կարող են դատարանի առաջ կանգնել:

Շվեդական մամուլը լայնորեն անդրադարձել է պատգամավորների այս քայլին: Թեման քննարկման է դրվել երկրում ամենից շատ հանդիսատես ունեցող TV4 հեռուստաալիքի եթերում: Հաղորդմանը մասնակցած իրավաբանները նշել են, որ նախագահ Էրդողանին ու նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել եւ Շվեդիա այցելելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:

Կարեն Բալյան

* * *

Բելգիայի Ֆլամանդական մասի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ թուրքական Ֆաթիհ մզկիթն այլեւս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա:

Նա նշել է, որ նման որոշման պաճառը մզկիթի ղեկավարության կողմից տարբեր որոշ մուսուլմանական խմբերին կրոնական արարողություն անցկացնելու թույլտվություն չտալն ու համայնքներն իրար դեմ լարելն է:

«Հատկապես թիրախավորվում է գյուլենական շարժումը, որը մեր երկրում որեւէ խռովարար ու ծայրահեղական գործունեություն չի իրականացրել»,- ասել է նախարարը:

Պաշտոնապես ճանաչված լինելու կարգավիճակից զրկվելը մզկիթին զրկում է նաեւ տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից:

Մզկիթին կարգավիճակից զրկելու գործընթացը սկսվել էր ապրիլից: Մզկիթի ղեկավարությունը նամակ էր գրել Բելգիայի իշխանություններին, որում իր կամայականությունները հիմնավորելու համար շեշտել էր, թե իբր Թուրքիայում հեղաշրջման փորձ գյուլենականներն էին նախաձեռնել, նրանք Բելգիայի համար նույնպես սպառնալիք են:

Մզկիթի ղեկավարության նամակն անընդունելի է համարվել Բրյուսելի կողմից:

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։